HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջադա՞րձ Քարվաճառի դիվերսանտների գործում

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Սկիզբը

Ստեփանակերտի դատարանում քարվաճառյան դիվերսանտների գործով ընթացող դատաքննության հետապնդած նպատակը, այն է՝ հիմնավոր ու փաստարկված ապացուցելը, որ նրանց կողմից Արցախի տարածքում կատարվել են քրեորեն պատժելի մի շարք հանցագործություներ, միանգամայն տեսանելի ու հասկանալի է:

Դա Բաքվի առջեւ փակում է այդ խմբի երկու կենդանի մնացած անդամների՝ իբրեւ ռազմագերի ետ վերադարձնելու կամ փոխանակելու բոլոր հնարավորությունները. սա մի նպատակ է, որը Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են նրանց ձերբակալության պահից ի վեր, ու անձնապես դա խոստացել են ոչ միայն սեփական հասարակությանը, այլ նաեւ խմբի անդամների ընտանիքներին:

Մինչդեռ միջազգային օրենքն ու իրավունքը որեւէ երկրի չեն պարտադրում եւ չեն կարող պարտադրել հանցագործություն կատարած անձանց պարտադիր հանձնել իրենց քաղաքացիության երկրին: Հանցագործություն կատարած անձանց պարագայում թերեւս այդպիսի միակ հնարավորությունը արտահանձնման (էքստրադիցիայի) ընթացակարգն է, որը գործում է այն դեպքերում, երբ պետությունները միջեւ կնքված է նման հնարավորություն ընձեռող պայմանագիր:

Նման մեխանիզմից օգտվելու համար Ադրբեջանը նախ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մեծ շահագրգռություն դրսեւորի ու հասնի նրան, որ ԼՂՀ-ի ու իր միջեւ կնքվի նման պայմանագիր: Հասկանալի է, որ Ալիեւի վարչախումբը դրան չի գնա:  

Իսկ դիվերսանտների «արժեքը» նաեւ այլ բանում է՝ Ադրբեջանի ռազմա-քաղաքական իշխանությունների ու այդ երկրի հատուկ ծառայությունների հետ նրանց կապի մեջ: Թվում էր, թե մինչեւ վերջերս Ստեփանակերտի դատաքնությունը «քչախոս» է Ադրբեջանի հետախուզական մարմինների հետ դիվերսանտների առնչակցությանը վերաբերող փաստեր հրապարակելու առումով:

Սակայն, վերջին դատական նիստերում մի փաստի հրապարակումը, այն է՝ Ադրբեջանում շուջ մեկ տարի գերության մեջ պահված Հակոբ Ինջիղուլյանից հրապարակային հայտարարություններ կորզելու նպատակով նրա նկատմամբ կիրառված խոշտանգումները պատկերող տեսանյութի՝ դիվերսիոն խմբի մոտ հայտնաբերվելը, կարծեք թե, ազդարարում է դատաքննության երկրորդ փուլի մասին: Համենայն դեպս, դա ունակ է շրջադարձ ապահովել դատաքննության մեջ՝ ավելի մեծ փակուղու առջեւ կանգնեցնելով երկու կենդանի մնացած դիվերսանտներին ու նրանց հարկադրելով խոսել ավելիի մասին, քան ասել են:

Տհաճ անկանկալ Ալիեւի համար

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հատուկ հայտարարությամբ հաստատեց «լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ»:

Առավել ուշագրավ էր նրա այն բացահայտումը, որ «առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաեւ իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրեւ թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները»:

ՀՀ պաշտպանության նախարությունը պատրաստակամություն հայտնեց այդ տեսանյութը կոնֆիդենցիալության պահպանման պայմանով ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, այն զանգվածային տարածման չտրամադրելով անձին վերաբերող զգայուն տեղեկատվության տրամադրման  էթիկական անթույլատրելիության հիմնավորումով: 

Ի դեպ, ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը երրորդ երկրից Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին կտանքների ենթարկելու փաստը հաստատել էր նաեւ նրա եղբայրը՝ Հարութը, հղում կատարելով Հակոբի պատմածներին. «Հակոբը պատմում է, որ ցանկացած վայրում, որտեղ գտնվել է` թե այն տանը, որտեղ նրան պահել են,  թե ռազմագաղութում, որտեղ գտնվել է, իրեն կտտանքների են ենթարկել: Ըստ Հակոբի` եղել են վայրեր, որտեղ նկարել են, թե իրեն ինչպես են ծեծում: Իսկ ծեծողները զինվորականներ են եղել»: 

Կադր ադրբեջանական լրատվամիջոցներով Հակոբ
Ինջիղուլյանի հարցազրույցից, որի ժամանակ նա
խոշտանգումների արդյունքում «խոսում» է Հայաստանի դեմ

Այս պատմության մեջ առավել ցնցող է այն, որ նոյեմբերի 30-ին ԼՂՀ առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում դիվերսանտների գործով ընթացող դատավարության ժամանակ հայտարարվեց, որ «Հակոբ Ինջիղուլյանի՝ Բաքվում տեղի ունեցած հարցաքննությանը մասնակցել է նաեւ այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովը, որը սպանվել էր հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծելու ժամանակ»:

Ըստ այդմ, դատական նիստի ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է հարցաքննել Ինջիղուլյանին, քանի որ դիվերսանտների մոտ առկա է նրա հարցաքննության մանրամասներ: Դատավորը բավարարել է միջնորդությունն ու առաջիկա օրերին նրան հարցաքննելու որոշում ընդունել:

Այդպիսով, ոչ միայն խոսուն է այն փաստը, որ Բաքվում զինվորականների, հատուկ ծառայությունների «յոթ կողպեքի տակ պահված» Հակոբ Ինջիղուլյանի խոշտանգման տեսանյութը հայտնվել է քարվաճառյան դիվերսանտների մոտ, ինչը ուղղակի չի կարող պատահել, եթե խումբը կապ չունի այդ երկրի հատուկ ծառայությունների հետ, այլեւ, որ սահմռկեցուցիչն է, խմբի սպանված անդամը՝ Հասան Հասանովը մասնակցել է Ինջիղուլյանի «հարցաքննությանը»:


Հասան Հասանովը «Քարվաճառյան պիկնիկի» ժամանակ
գոտուն ամրացված ատրճանակով

 Իհարկե, Իլհամ Ալիեւի ու նրա վարչախմբի մտքով չէր կարող անցնել, որ այդ տեսանյութը դիվերսանտների միջոցով կհայտնվի հայկական կողմի ձեռքերում: Ադրբեջանի իշխանությունները վստահ էին, որ Հակոբ Ինջիղուլյանը կնախընտրի մնալ երրորդ երկրում, ինչպես «խոստացել եւ հայտարարել էր» եւ կխուսափի խոսել իր հանդեպ կիրառված խոշտանգումներից: Սակայն Հակոբի որոշումը՝ վերադառնալ Հայաստան եւ շարունակել կիսատ մնացած զինվորական ծառայությունը, ինչը հնարավոր էր դառնում իր վերաբերյալ քրեական գործ չհարուցելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունից հետո, Ալիեւի համար հերթական տհաճ անակնկալը դարձավ:

 

Հակոբ Ինջիղուլյանի դիմավորումը օդանավակայանում

Նախկինում քարվաճառյան դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ու նրա առաքելության տապալման լուրից, կենդանի մնացած անդամներին ետ վերադարձնելու բազում հուսահատ փորձերից հետո պակասում էր սոսկ այս մեկը՝ Ինջիղուլյանին կտտանքների ու խոշտանգման ենթարկելու հետ Հասան Հասանովի կապն ապացուցող տեսագրությունը, որը վերջնահաշվում հաստատում է խմբի եւ Ադրբեջանի հատուկ/զինվորական ծառայությունների սերտ կապը: Այդքանից հետո դա, իսկապես, Ալիեւի համար ամենատհաճ անակնկալն է այս պահին:  

Պրոֆեսիոնալ դիվերսիոն-հետախուզական խո՞ւմբ, թե՞ խմբին կցված պրոֆեսիոնալ

Եթե չլինեին այլ փաստեր ու հանգամանքներ, միայն Հասան Հասանովի անձն արդեն միանշանակ է դարձնում, որ խումբը կապ է ունեցել Ադրբեջանի հատուկ/պաշտպանական ծառայությունների հետ, սահմանը հատել է նրանց օժանդակությամբ ու գիտությամբ, ունեցել է Ադրբեջանի հետախուզության առաջադրանք, ինչին դեռ կանդրադառնանք:

Այս կարեւոր հանգամանքը երկու վարկած առաջադրելու հիմք է տալիս.

Առաջինը, խմբի մյուս երկու անդամները՝ Շահբազ Գուլիեն ու Դիլհամ Ասկերովը, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունն էր առաջին իսկ օրերին արձագանքել, նախկինում կատարած տարբեր հանցագործությունների համար ժամանակին ձերբակալված ու պատիժ կրած անձինք են, ովքեր տեղանքը լավ գիտեն, նախկինում քանիցս այցելել էին Արցախ (ինչի ապացույցները շատ են) եւ այժմ Ադրբեջանի իշխանություններն օգտագործելով օրենքի առջեւ նրանց խոցելիությունը, այդ երկուսին ներգրավվել է դիվերսիոն-հետախուզական գործունեության մեջ:

Հասան Հասանովի ֆեյսբուքայան էջի
նկարը եւ ետնանկարը

Այս վարկածի համատեքստում տրամաբանական ու հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ պետք է խմբին կցվեր արհեստավարժ, կադրային զինվորական՝ հետախուզական-դիվերսիոն գործողություններում հմուտ Հասան Հասանովը: Այս վարկածը լրացնելու է գալիս նաեւ այն հանգամանքը, որ խմբի վնասազերծումից հետո Ադրբեջանում տարածվեց մի տեսանյութ, որտեղ Դիլհամ Ասկերովը մի քանի այլ անձանց հետ ժամանակին գտնվել է ոստիկանության բաժանմունքում ու մեղադրվում է թմրանյութերի առեւտրի մեջ: Խմբի մյուս անդամն էլ՝ Շահբազ Գուլիեւը նույնպես նախկինում դատվածություն ունի: Արաքուստ ստացվում է իսկապես հանցավոր խումբ, որին կցվել է պրոֆեսիոնալ զինվորական նոր հանձնարարությունը կատարելու համար:

Սույն վարկածը լրացնելու է գալիս նաեւ խմբի անդամների «տեսակային տարբերությունը». Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը արտաքուստ միանգամայն «քաղաքացիական անձի» տեսք ունեն, նախկինում նրանց բազում «ճամփորդությունները», որ տեսագրված ու տարածված են համացանցում, կարծես թե լրացնելու են գալիս այս վարկածը՝ «հայրենի եզերքներում ճամփորդել, զմայլվել ու վայելել սիրող հայրենադարձներ»:

Դիլհամ Ասկերովը Քարվաճառում՝ նախկին
այցելություններից մեկի ժամանակ
Շահբազ Գուլիեւ Քարվաճառում տեղացիներից գողացված հագուստով

 

Դրան էլ հավելենք այն, որ այս երկուսի վկայությունները դատաքննության ընթացքում ժամանակ-առ ժամանակ բացի իրար հակասելուց, նաեւ կարծես թե ընդդեմ երրրոդի են՝ Հասան Հասանովի: Նրանք ակնարկում են, որ Հասան Հասանովը միգուցեեւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապված է եղել, իրենք դրա մասին չեն իմացել ու չգիտեն,  բայցեւ փորձում են բացառել հենց իրենց կապը նույն այդ ծառայությունների հետ:

Սակայն, առաջ անցնելով ասենք, որ այս վարկածը փշրվում է, երբ հրապարակ են գալիս նույն Շահբազ Գուլիեւին ու Դիլհամ Ասկերովին վերաբերող բազում փաստեր, որոնց կանդրադառնանք նրանց բոլորի կենսագրությանն ու դիմագծին վերաբերող հոդվածներում: Ըստ այդմ, պարզ է դառնում, որ ի տարբերություն Հասան Հասանովի, ով պրոֆեսիոնալ զինվորական կրթություն է ստացել եւ միշտ է եղել զինվորական ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, ապա այս երկուսը բավական ուշագրավ նախապատմությամբ են հավաքագրվել, պատրաստվել ու գործուղվել Արցախ:

Ուստի առավել համոզիչ է դառնում երկրորդ վարկածը, որի համաձայն էլ խմբի բոլոր անդամները Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ են, ովքեր տարբեր ժամանակներում են հավաքագրվել այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Ըստ այդմ, նրանցով ձեւավորվել է խումբ, որը շարունակաբար լրտեսական-հետախուզական գործունեություն է ծավալել Հայաստանում ու Արցախում, այժմ էլ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու հետախուզության մարմինների որոշած ժամկետում ու օժանդակությամբ ներթափանցել է Արցախ, այս անգամ՝ ոչ միայն լրտեսական ու հետախուզական, այլ նաեւ դիվերսիոն գործունեություն ծավալելու առաջադրանքով:

Այս վարկածի լույսի ներքո են իմաստ ստանում մի շարք հարակից փաստեր, որոնք հայտնի դարձան խմբի վնասազերծումից հետո: Մասնավորապես, պատահականություն չէ, որ Շահբազ Գուլիեւի նկարի հրապարակումից հետո Կոտայքի մարզի որոշ բնակիչներ նրան ճանաչել էին իբրեւ մի առեւտրականի, ով խուլ ու համր ձեւանալով տարբեր ժամանակներում իբրեւ թե գուլպաներ է «վաճառել» տեղի բնակչությանը: Սոցիալական ցանցերում անգամ տարատեսակ լուրեր էին շրջանառվում վերջինիս՝ Հայաստանում ընդհուպ սիրուհի ունենալու մասին: Ի վերջո, դժվար թե նախնիների գերազմանը այցելելուց զատ (եթե հավատանք իրենց ու Բաքվի պատմած հեքիաթներին) Կոտայքի կամ Գեղարքունիքի մարզում գուլպաներ վաճառելու ցանկություն առաջանա:

Ուշագրավ է, որ ադրբեջանցի դիվերսանտների կողմից խուլ ու համր ձեւանալու ու գուլպա վաճառելու հնարքը միայն այս դեպքին չէ, որ բնորոշ է եղել, եթե իհարկե, Կոտայքի մարզի բնակիչները ճիշտ են նույնականացրել Շահբազ Գուլիեւին: Տարիներ առաջ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի Կոթի-Ոսկեւան միջահամայնքային սահմանային հատվածում դիվերսիոն փորձ կատարած մեկ այլ խմբի վնասազերծման ժամանակ դրա որոշ անդամներ կրկին ոչնչացվել էին, որոշներին հաջողվել էր ետ փախչել Ադրբեջան, իսկ մեկն էլ հասցրել էր մինչեւ վնասազերծվելը, փախուստի օրերին, կրկին խուլ-համր մանրավաճառ առեւտրական ձեւանալ ու Ոսկեւանում ուտելիք ու հաց խնդրել գյուղում... Ուշագրավ է, որ այդ փախուստի օրերին նրա հայտնվելը գյուղում առաջին դեպքը չէր, եւ կրկին, տեղացիները նրան նույնականացրել էին նախկինում գյուղ այցելած խուլ-համր մանրավաճառի հետ... Այսպիսով, նշված ձեւանալը կարծեք թե ադրբեջանական հետախուզությանը բնորոշ գործելակերպ է:

Էլ ավելի կարեւոր է դառնում այն, որ ինչպես համացանցում առկա տարբեր տեսանյութերից է պարզ դառնում (դրանք դեռ հանգամանորեն կվերլուծենք), խմբի բոլոր անդամները տարբեր տարիների Հայաստան ու Արցախ են ներթափանցել ավտոմեքենաներով, բավական ազատ ու անկաշկանդ ճամփորդել ու նկարահանումներ կատարել (օրինակ, 2007թ. տեսագրությունները


մաս 1


մաս 2 

2009-ի տեսագրությունը


Մասնավորապես, այդպիսի տեսանյութեր առկա են Դիլհամ Ասկերովի (որպես կանոն, Շահբազ Գուլիեւը նրան մշտապես ուղեկցել եւ տեսանկարահանել է) եւ Հասան Հասանովի պարագայում:

Համաձայնեք, անհնար է ավտոմեքենայով անցնել Մռավի լեռները կամ հայ-ադրբեջանական սահմանի որեւէ, որպես կանոն, ականապատված հատված:

Հարցականներ է ծագում, թե ինչպես են նրանք այդ պարագայում՝ ավտոմեքենայով անցկացրել զենք-զինամթերքը: Սա նշանակում է, որ նրանք Արցախ են ներթափանցել Հայաստանի սահմանային՝ Բագրատաշեն, Բավրա կամ Ագարակ, անցակետերից որեւէ մեկով, որտեղից էլ ավտոմեքենաներով հասել են մինչեւ Քարվաճառ ու Մեխակավան (Ջաբրայիլ):

Եթե ընդհուպ հավատանք ադրբեջանական կողմի այն հավաստիացումներին, թե նրանք սոսկ կրել են հրացաններ ու ինքնաձիգեր՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու, որս անելու ու սնվելու համար, միեւնույնն է, պարզաբանման ենթակա է, թե ինչպես են նրանք անգամ այդ «թեթեւ զինատեսակները» անցկացրել մաքսակետով (կրած զենքերը, օրինակ, այստեղ): Այս ամենն էլ նշանակում է, որ նրանք ընդհուպ կարող են կոնտակտ-անձեր ունենալ Հայաստանում...

Առայժմ պարզ չէ, թե նշվածներով ի՞նչ է պարզել հետաքննությունն ու դեռեւս ի՞նչ շրջադարձեր կլինեն դատաքննության ժամանակ: Մի բան հստակ է, որ խմբի անդամները ամենեւին այն չեն, ինչ ներկայացնում են իրենք եւ Բաքուն՝ Շահբազ Գուլիեւը՝ «կամազի վարորդ», Դիլհամ Ասկերովը՝ «Ռուսաստան կամ Թուրքիա խոպան գնացող», իսկ Ադրբեջանում էլ՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող մեկը, եւ վերջապես՝ Հասան Հասանովը՝ «Թուրքիա առեւտրի գնացող, խանութպան ու տաքսու վարորդ...»:

Նրանց կենսագրությունը, շրջապատի վկայությունները, սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում լեզվի անզգույշ սայթաքումները արդեն բավական բան են ասում նրանց ու առաջ քաշված երկրորդ վարկածի մասին: Ու նաեւ՝ այդ ամենը բացատրելու է գալիս, թե ինչու Ալիեւի վարչախումբը մի կողմից պետք է հեռավորություն վերցներ խմբից, բայց նաեւ աներեւակայելի քայլերի գնար նրանց ետ վերադարձնելու համար, ըստ այդմ՝ մատնելով իր համար խմբի կարեւորությունը:

Ի վերջո, վերջերս Ալիեւը հենց այնպես բնակարաններ չնվիրեց քարվաճառյան դիվերսանտների ընտանիքներին:

Ովքե՞ր են ի վերջո դիվերսանտները. նրանցից յուրաքանչյուրի մասնագիտական դիմագծին կանդրադառնանք հաջորդիվ:  

Առաջին լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter