HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

750-1500 դրամ աշխատավարձ և 10 հատ լավաշ

Լուսանկարում պատկերված կանայք ամեն օր 1-2 պարկ ալյուրից լավաշ են թխում և ստացած աշխատավարձով ընտանիք պահում: Նրանցից Ալվարդ Բունիաթյանը թոնրից լավաշ հանողն է: Թեև աշխատավարձը քիչ է՝ օրական 750-1500 դրամ, սակայն չի դժգոհում: 

«Եթե պատվեր է լինում, ասենք՝  50 կիլոգրամ ալյուրից ենք հաց թխում, աշխատավարձս 1500 դրամ է կազմում, դրանից քիչ՝ 750 դրամ: Դրան գումարած օրը 10 հատ լավաշ եմ տուն տանում»,-պատմում է Ալվարդը:

Նրա 11 հոգանոց ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում: Հենց գյուղում էլ Ալվարդն աշխատում է: Ընտանիքում միայն նա կայուն աշխատանք ունի:

«Բա որ սա չլիներ, ի՞նչ էինք անելու, էլի գոհ եմ»,-ասում է Ալվարդը:

Ամառվա սեզոնին որդին վարձու աշխատանք է կատարում, սակայն ձմռանը պարապ է, գյուղում աշխատանք չկա: Ընտանիքի միակ եկամուտը Ալվարդի 750-1500 դրամ աշխատավարձն է և նրա սկեսրոջ՝ 82-ամյա Նազիկ Գասպարյանի 32 հազար դրամ թոշակը:

Երբ թոշակի մասին խոսք եղավ, Նազիկ տատը սկսեց բարկանալ, թե պետությունը չի կարողանում թոշակառուներին պահել ու իր ստացած թոշակը նույնիսկ իրեն չի հերիքում:

«Շունը շռի էն թոշակի մեջ, որ պետությունն է տալիս թոշակառուին: Ի՞նչ թոշակ է: Ստանում ենք ու պոչտայից դատարկ տուն գալիս, հազիվ լույսի ու ջրի վարձերին է հերիքում, բա ոնց ապրե՞նք»,-ասում է Նազիկ տատը և պաշտոնավորներին կոչ անում «քիչ ուտել ու կարիքավորներին էլ բաժին հանել»:

Ալվարդը Նազիկը

Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է միայն Երևանում, իսկ մարզերին ուշադրություն դարձնող չկա, մինչդեռ կարելի էր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց նվազագույն պահանջները բավարարել:

«Որ աշխատանք լիներ երեխեքս կաշխատեին կապրեինք, աշխատող ժողովուրդ ենք, բայց աշխատանք չկա: Աշխատանք լիներ ես էլ կաշխատեի, որ երեխեքիս օգնեի, չէի նայի, որ 82 տարեկան եմ « Բալես հիմա մեռնել-ապրելու դար ա»,-ասում էր Նազիկ տատը:

Տատի խոսքը լրացրեց Ալվարդը, ասելով, որ որդին ու ամուսինը առողջական խնդիրներ ունեն, հակառակ դեպքում շատերի նման իրենք էլ կմեկնեին արտագնա աշխատանքի և գուցե այդ դեպքում ընտանիքի հոգսը մի քիչ թեթևանար:

Նա պատմեց, որ թոռներից երկուսը դպրոցական են, նրանց դպրոց ուղարկելը ևս բեռ է ընտանիքի համար: Երեխաները առիթից-առիթ են նոր հագուստ ունենում, մնացած ժամանակ բավարարվում են բարեկամների ու հարևանների օգտագործած հագուստներով: Իսկ գրենական պիտույքները պարտքով գնում են գյուղի խանութից՝ հուսալով, որ տատի թոշակից կկարողանան պարտքերը մարել:

Դալարիկում և հարևան գյուղերում խմելու ջուրը գնում են դույլը 70 դրամով: Տիկին Ալվարդը պատմեց, որ 5000 դրամ էլ ջրի պարտք ունեն, ամբողջ ամիս «նիսյա» վերցնում են ու ամսվա վերջում փակում պարտքերը:

Ալվարդն իր ընտանիքի օրինակով է ասում, որ ամեն տարի ժողովրդի վիճակը վատանում է և ապրելը դառնում է ավելի դժվար: Այս տարի չեն կարողացել նույնիսկ վառելափայտ գնել. կանխիկ 120 հազար դրամ չեն ունեցել: Դարձյալ պարտքով մեկ ավտոմեքենա ոչխարի գոմաղբից պատրաստած աթար են գնել՝ 80.000 դրամով:  Մոտ այդքան էլ խանութների պարտքն է կազմում:

«Խանութներն էլ արդեն նիսյա ուտելիք չեն տալիս: Չեմ նեղանում, հասկանում եմ իրենց, մտածում են չեմ կարողանա մարել պարտքը: Լավ ա իմ աշխատանքը կա, գոնե ցամաք հաց ունենում ենք»,-ասում է Ալվարդը:

Ընտանիքը նպաստ չի ստանում: Նոյեմբերին դիմել են սոցիալական ծառայություններին, այնտեղից պատասխանել են, թե նոր դիմումներն ընդունում են հունվարից: Այժմ սպասում են այդ նպաստին:

Դալարիկի համայնքապետարանից պատասխանեցին, որ համայնքի բյուջեի սահմաններում օգնում են կարիքավոր ընտանիքներին, սակայն չեն կարող ամեն ամիս գումար հատկացնել, որ գոնե նվազագույն պահանջները բավարարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter