HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Տաթևի անապատը»

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Տաթևի անապատ» ՍՊԸ-ում, որը երկու փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցում Տաթև և Տանձատափ համայնքների տարածքում:

«Անապատ-1» կոչվող հէկը սնվելու է Որոտան գետի Աղանձու և Քարահունց վտակներից: Չնայած նախագծում նշվում է, որ այս հէկի կառուցմամբ շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու և հէկի կառուցման տարածքում կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ չկան, այդուհանդերձ, դեռևս 2013թ.  Տանձատափի բնակիչներն իրենց գյուղում հէկ կառուցելու հարցով նամակներ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին, այն ժամանակ պաշտոնավարող վարչապետ Տիգրան Սարգսյանին և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նրանք ահազանգել են, որ հէկի կառուցմամբ կվերանա գետերում առկա ձկնատեսակը, այն է՝ կարմրախայտը, իսկ առնչվող երեք գյուղերի սակավաթիվ բնակչությունը ոռոգման ջուր չունենալու պատճառով ստիպված պետք է հեռանա օտար ափեր:

«Տաթևի անապատ» ՍՊԸ-ն արդեն իսկ իրականցրել է որոշ շինարարական աշխատանքներ և բնապահպանության նախարարություն է ներկայացրել վերափոխված նախագծային փաստաթղթերի նախնական գնահատման հայտը: Դեկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Տանձատափի գյուղապետարանում նախատեսված էր «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի նախաձեռնած «Անապատ-1» ՓՀԷԿ-ի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը:

«Երիտասարդությունը առավել ևս համաձայն է, որ հէկն աշխատի, տարիքով մասը մի քիչ մտավախություն ունի, որ կարող է ոռոգման խնդիր առաջանա, կառուցապատողն էր եկել և հավաստիացրեց, որ նման խնդիր չի լինի»,- վստահ է Տանձատափ համայնքի ղեկավար Ռոբերտ Մուշեղյանը:

Գյուղապետը «Հետքի» հետք զրույցում ասաց, որ տեղի ունեցած հանրային քննարկմանը գյուղացիները հիմնականում կողմ են արտահայտվել հէկի կառուցմանը պայմանով, որ ամռանը հէկը պիտի աշխատի սահմանափակումներով և չխոչընդոտի ոռոգման սեզոնին գյուղացիների աշխատանքին: Հէկի պատասխանատուները խոստացել են հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին՝ ցերեկային ժամերին՝ հէկի խողովակաշարից առավոտյան ժամը 6-ին ջուրը բաց թողնել դեպի գյուղ, որպեսզի գյուղացիները ոռոգեն իրենց արտերը, իսկ երեկոյան 8-ին՝ փակել և ուղղեն դեպի հէկը:

«Կարծում եմ՝ որևիցե խնդիր չպիտի առաջանա, եթե երեք ամիս պայմանավորվածության համաձայն մեզ ոռոգման ջրով ապահովում են, և նվազագույնը համայնքից 6 աշխատող կաշխատի վերևի հէկում, նաև սոցիալական խնդիր կլուծի: Ներքևինը մեզ հարմար չի, հեռու է»,- ասում է գյուղապետը:

Ներկայացված նախագծից երևում է, որ ընկերությունը փոփոխել է այն, «հնարավոր վթարային իրավիճակից խուսափելու նպատակով»: Փոփոխվել են կայանների նիշերը և խողովակների ճնշումը: Նախկին 1527 մ բարձրության կայանն իջեցվելու է 1305 մ-ի:  Չորսի փոխարեն աշխատելու է 6 հիդրոագրեգատ՝ տալով 8616.7 ԿՎտ դրվածքային հզորություն:

Ըստ նոր նախագծի՝ 1305 մ բարձրության վրա տեղակայվելու է կայանային հանգույց, իսկ հանգույցի շենքին կից նախատեսվում է կառուցել ջրընդունիչ ավազան, որտեղից վայրկյանում 2 խմ հաշվարկային ելքը 1490 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով տեղափոխվելու է 980 մ բացարձակ նիշում արդեն կառուցված 2-րդ կայանային հանգույց: Այսինքն՝ երկու հէկ է կառուցվելու: Նույն ջուրը վերևի նիշից գնալու է դեպի ներքևի նիշ, որտեղ աշխատելու է երկրորդ ենթակայանը:

Նախատեսված է հէկը գործարկել գալիք գարնանը:

Ովքեր են Սուրիկ Խաչատրյանի գործընկերները


Որպես կառուցապատող գյուղացիները ճանաչում են ծնունդով տաթևցի Սպարտակ Սանթրոսյանին: Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Տաթևի անապատ» ընկերության մնացյալ 50 տոկոսը հավասարապես կիսում է ոմն Արսեն Սարգսյանի հետ: Սպարտակ Սանթրոսյանը նաև ընկերության տնօրենն է:  

Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն էլ վստահ է, որ հէկը չի վնասի նաև իրենց համայնքին, քանի որ միայն ջրընդունիչ կայանն է իրենց վարչական տարածքում: Ավելին, Սպարտակ Սանթրոսյանը խոստացել է կառուցումից հետո ներդրումներ կատարել համայնքում: Գյուղապետը դժգոհելու առիթ չունի: 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Չեն էլ թաքցնում , որ ,,Տաթևի անապատ,, ծրագրերը Հայաստանը անապատի վերածելու երազանք է: Կպարգևատրվեն ,,Հայերին եղեռնի ենթարկելու մեդալներով,,:
Edgar
Ես չեմ դիտելու Սերժ Սարգսյանի Ամանորի ուղերձը, քանզի նա ինձ, որպես ՀՀ քաղաքացի, ոչ մի ասելիք չունի: Նա ասելիք չուներ ամբողջ տարվա ընթացքում և խոսեց միայն հերթական համապետական ձախողված ընտրությունները արդարացնելու, հակառակորդին պախարակելու ու իր ենթականերին դուխ տալու համար: Չեմ լսելու, ոչ թե այն պատճառով, որ չեմ քվեարկել նրա օգտին կամ ընտրությունները կեղծված էին՝ ոչ: Չեմ լսելու, քանի որ, իր փաստացի կառավարման տարիներին, Հայաստանը լքեց բնակչության մեկ երրորդը, ժորովուրդս աղքատացավ, վերջնականապես կորցրեց բարոյականության սանդղակը , հավատը …: Ինչի համար լսեմ, պարտավորված են լսել նրանք, ում պատմամշակութային արժեք է նվիրել Երևանի կենտրոնում, դեսպան է նշանակել, հարկերից է ազատել, մենաշնորհներ է տվել, բիզնես նվիրել… ինքը նրանց նախագահն է։ Ինչ կապ ունի նա հասարակ , շարքային քաղաքացու խնդիրների հետ, որ լսեն նրան: Չեմ լսելու նաև այն պատճառով, որ նրա համար միեւնույն է՝ կլսեմ իր ուղերձը, թե՝ ոչ: Ու վերջապես, ինչի համար լսեմ, եթե այդ օրը կարելի է լսել Պուտինի ուղերձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter