HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքապետերի «գթասրտության» եւ ցուցակներով բաշխվող դրամական օգնությունների մասին

Ծաղկաձորը բացառիկ համայնքներից է, որին հաջողվել է լուծել փոքրաթիվ բնակչության զբաղվածության հարցը՝ շնորհիվ շուրջտարին գործող զբոսաշրջային և մարզական առաջնակարգ կենտրոնների: Համայնքի քառամյա զարգացման ծրագրում նշվում է, որ 1600 բնակիչ ունեցող Ծաղկաձորում աշխատունակ բնակչության մոտ 90%-ն ապահովված է աշխատանքով:

Համայնքում ընդամենը 17 գործազուրկ է հաշվառված եւ 12 նպաստառու: Ընտանեկան նպաստների համակարգում, ըստ համայնքային կայքի, 2014թ.·-ին հաշվառած է 5 ընտանիք: Նրանց տրվող ամսական նպաստի չափն սկսվում է 29,000 դրամից և հասնում մինչեւ 33,500 հազար դրամի: Եվս երկու բնակիչ ընդգրկված է Ծաղկաձոր համայնքի սոցիալական նպաստ ստացողների, երկուսը` հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակում: Վերջինները եռամսյակը մեկ անգամ 17,000 դրամ են ստանում:

Համայնքներում կարիքավոր բնակչությանը սոցիալական աջակցություն է ցուցաբերվում նաեւ համայնքային բյուջեից: Սակայն, ի տարբերություն պետական բյուջեից տրվող դրամական օգնությունների, համայնքների ղեկավարների աշխատակազմերն անձի կամ ընտանիքի կարիքավորությունը հիմնավորելու պահանջ չեն ներկայացնում: Տրամադրվող գումարների չափերն էլ անհամեմատ ավելին են, քան Կառավարության սահմանած նպաստների առավելագույն չափը: Օրինակ` Ծաղկաձոր համայնքի ղեկավարի դրամական օգնությունների ցուցակում նվազագույն գումարի չափը 40,000 դրամն է, իսկ առավելագույնը` 200,000 դրամը:

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը դրամական օգնություն տրամադրելու մասին իր որոշումներից մեկով`  համայնքի բնակիչ Ս. Մելքոնյանին միանվագ 200.000 դրամ է հատկացրել` «ընտանիքում առաջացած սոցիալական խնդիրները լուծելու նպատակով»: Համայնքի ղեկավարը ոչ այս եւ ոչ էլ իր մյուս որոշումներում «սոցիալական խնդիրների», անձի կամ ընտանիքի սոցիալական վիճակի հիմնավորում չի ներկայացնում: Հիշյալ անձը` Սիրվարդ Մելքոնյանը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի որոշումներով, «ընտանիքում առաջացած սոցիալական խնդիրները լուծելու նպատակով» դրամական օգնություն ստացած այլ անձինք, ընդգրկված չեն սոցիալապես անապահովների ցուցակում:

Ծաղկաձորը բնակչության թվի համեմատությամբ տպավորիչ բյուջե ունեցող համայնք է, բացի այդ կարիքավորների մեծ թիվ էլ չունի եւ կարող է շռայլություններ թույլ տալ իրեն, սակայն այս մոտեցումով են դրամական օգնությունները տրամադրում անգամ ամենաաղքատ եւ կարողություններից զուրկ համայնքները:

Ընդհանրապես համայնքների ղեկավարների հատկացրած միանվագ դրամական օգնությունների մեզ ծանոթ սանդղակը հատում է 270,000 դրամի սահմանագիծը:

Մարզպետարանների վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբերն անցնող տարիներին համայնքներում արձանագրել են անհամեմատ բարձր միանվագ սոցիալական նպաստներ հատկացնելու փաստեր: Վերադաս մարմինները բավարարվեցին միայն` համայնքապետերից պահանջելով նվազեցնել միանվագ սոցիալական վճարների եւ ուսանողներին հատկացվող ուսման վարձավճարների չափերը:

Այս հարցում չարաշահումների ռիսկը նվազեցնելու միջոցներ չձեռնարկվեցին անգամ այն բանից հետո, երբ համայնքների ղեկավարներից մի քանիսը քրեական պատասխանատվության ենթարկվեցին` սոցիալական օգնությունների անվան տակ ցուցակներով գումար դուրս գրելու համար: Հարցն այդպես էլ իրավական կարգավորում չի ստանում, անգամ միատեսակ կիրառությունն ապահովելու ցուցումներ չեն տրվում` ո՞վ պետք է կայացնի դրամական օգնություն հատկացնելու որոշումները՝ համայնքի ղեկավա՞րը, թե՞ ավագանին, ի՞նչը պետք է հիմք հանդիսանա որոշումների համար՝ հանձնաժողովի եզրակացությո՞ւնը, թե՞ փաստաթղթերը, որքա՞ն պետք է սահմանել միանվագ դրամական օգնության առավելագույն շեմը՝ նվազագույն աշխատավա՞րձը, Կառավարության սահմանած միանվագ սոցիալական օգնության չափե՞րը, թե՞ այլ հաշվարկ է անհրաժեշտ համայնքերի համար:

Համայնքային բյուջեից, օրինակ, ուսանողներին տրվող ուսման վարձավճարները, որոնք բավականին մեծ գումարներ են կազմում, հատկացվում է միայն մեկ «չափորոշիչի» հիման վրա` լավ փոխհարաբերություն համայնքի ղեկավարի հետ: Ոչ միայն ուսանողի կարիքավորությունը չի քննարկվում նման դեպքերում, այլև այն, թե տվյալ ուսանողի ընտրած մասնագիտության անհրաժեշտությունն ունի՞ համայնքը, երբ պարտավորվում է նրա ուսման վարձը վճարել, կամ ուսանողի առաջադիմությունը չպե՞տք է գնահատվի նման դեպքերում:

Հեռավոր համայնքների դպրոցներում բազմաթիվ առարկաների գծով թափուր հաստիքներ կան, և մասնագետ չլինելու պատճառով մեկ ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում: Նման դեպքերում արդարացված է համայնքային բյուջեից ուսման ծախսերը փոխհատուցելը` պայմանով, որ գործուղված ուսանողն ավարտելուց հետո վերադառնա ու աշխատի համայնքում: Հակառակ դեպքում` ստացվում է, որ համայնքների ղեկավարները չհիմնավորված ծախսեր են կատարում:

Հաջորդ կարեւոր հարցադրումն այն է, թե ինչ կարգով պետք է հատկացվեն դրամական օգնությունները: Տարածված ձեւն այն է, որ համայնքի ղեկավարները դրամական օգնությունները տրամադրում են միանձնյա` իրենց որոշումներում հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի այս կամ այն հոդվածին: Միանգամից ասենք, որ հիշատակված օրենքի ոչ մի հոդվածով չի հիմնավորվում բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:

Ծաղկաձոր քաղաքային համայնքի ղեկավարն, օրինակ, որոշումները կայացրել է` ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, որը համայնքի ղեկավարին իրավունք է տալիս «տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը»: Նույն օրենքի 43 հոդվածի 2-րդ մասով համայնքի ղեկավարին պարտավորեցնում է «միջոցներ ձեռնարկել հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»:

Այսինքն` սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմանների բարելավումը չի ենթադրում անպայման միանվագ դրամական օգնություն: Այն համայնքներում, որտեղ որոշումները կայացնում է ավագանին` հղում է կատարվում ՏԻՄ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, որը նույնպես դրամական օգնություն հատկացնելու հիմնավորում չի կարող լինել:

Այս համատեքստում պակաս կարեւոր չէ համայնքային բյուջեից բաշխվող միանվագ դրամական օգնության չափը: Համայնքների ղեկավարները դրամական օգնություններ տրամադրելիս չեն առաջնորդվում այն չափանիշներով, որոնք ընդունել է Կառավարությունը նպաստառուների համար: Կարիքավորների ցուցակում ընդգրկվելու համար պետությունն անձի կամ ընտանիքի անվճարունակությունը հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր է պահանջում: Սահմանված չափորոշիչները բավականին խիստ են, եւ ոչ բոլոր կարիքավորներն են ընդգրկվում ընտանեկան նպաստառուների ցուցակում:

Մինչդեռ, համայնքների ղեկավարները դրամական օգնությունները տրամադրում են, լավագույն դեպքում, բնակիչների դիմումի հիման վրա, իսկ ավելի հաճախ գումարները դուրս են գրվում ընդարձակ ցուցակներով: Այսինքն` առանց անհատական որոշումներ կայացնելու, առանց դիմումի կամ դիմումատուի կարիքավորությունը հիմնավորող փաստաթղթերի: Նույնն է մոտեցումը նաեւ այն համայնքներում, որտեղ սոցիալական օգնություններ հատկացնելու մասին որոշումները կայացնում է ավագանին` հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը: Փարաքար համայնքի ավագանու 2014թ.-ի նոյեմբերի 18-ի թիվ 42-Ա որոշումով` «Փարաքարի գյուղական համայնքի անապահով բնակիչներին 616,970 դրամ սոցիալական օգնություն է տրամադրվել՝ ցուցակում ընդգրկելով 52 անուն: Չկա ոչ մի հիմնավորում կամ պատճառաբանություն, թե ինչու է համայնքային բյուջեից գումար հատկացվում այդ անձանց:

Տեղական ինքնակառավարման մարմինները մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք ունեն, եւ շատ համայնքներում տարաբնույթ հանձնաժողովներ են գործում: Սակայն սոցիալական հանձնաժողովներ հազվադեպ են ձեւավորում անգամ խոշոր համայնքները, որոնք մասնագետների պակաս չունեն:

Դրամ հատկացնելը մնում է համայնքի ղեկավարի մենաշնորհը, որովհետեւ դրանով նա ընդգծում է իր իշխանությունը, իր կարեւորությունը, «գթասրտությունը» ու այդ կերպ ապահովում վերընտրվելու հնարավորությունը:

Համայնքային կայքերում բազմաթիվ պրպտումների արդյունքում դրամական օգնություն հատկացնելու մեկ օրինակելի տարբերակի հանդիպեցինք. Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում օգնությունները տրամադրվել են համայնքի ղեկավարի որոշումներով, սակայն որոշումները կայացվել են համայնքի սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա: Յուրաքանչյուր դեպքում կայացվել է անհատական որոշում, հիմնավորվել է դիմողի կարիքավորությունը, հավասարակշռված են հատկացված գումարների չափերը: 

Սա կարող է այս հարցի իրավական կարգավորման օրինակելի տարբերակներից մեկը լինել, եթե Կառավարությունում ավելի խելացի առաջարկ չունեն:

Առաջին լուսանկարը` armtour.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter