HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Քաղաքական «ժեստիկուլյացիա». ովքե՞ր են դիկտատոր առաջնորդները

Մեր նախորդ նյութում արդեն ներկայացրել ենք, թե ինչ է ոչ վերբալ հաղորդակցությունը և ինչու պետք է վստահել դրան Այս հոդվածում մենք կվերլուծենք մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում` Հայաստանի 3 նախագահների քաղաքական «ժեստիկուլյացիան» և կփորձենք հասկանալ՝ նրանցից ո՞վ ունի դիկտատորական հակումներ, ո՞վ է փորձում ազնիվ երևալով գրավել ժողովրդին, իսկ ով ավելի չեզոք դիրք է զբաղեցնում։

Անշուշտ, գաղտնիք չէ, որ քաղաքական գործիչները, առավել ևս երկրների առաջնորդներն իրենց ոչ վերբալ պահվածքը հղկելու համար դասընթացներ են անցնում՝ ինչպես քայլել, ինչպես բարևել, ժպտալ, հուզվել, վստահելի երևալ և այլն։ Դրանք բոլորը հնարավոր է ճիշտ կիրառել և իբրև հռետոր հասնել հաջողության՝ ձևավորելով ցանկալի իմիջ։ Սակայն փորձառու աչքից դա չի վրիպում` երբ մարմինը փորձում է կեղծել այն էմոցիան, որն իրապես այդ պահին չի զգում, առաջանում  է որոշակի անհամապատասխանություն, և դիսոնանսային պահվածք խորհրդանշող ժեստերը, առաջին հայացքից դժվարությամբ ընկալվող միկրոժեստերը, կամ, ասենք, ձայնի թեթև տատանումները, հանգստացնող ազդակները մատնում են նույնիսկ ամենահմուտ հռետորին։

Շատերիս համար երևի ցավոք, իսկ  քաղաքական գործիչների համար՝ բարեբախտաբար, ժեստերը տարբերակելու և դրանք ճիշտ հասկանալու հարց մարդկանց մոտ չի առաջանում․մենք չունենք այն գիտելիքներն ու փորձառությունը, ինչպես նաև՝ ոչ վերբալ հաղորդակցության հանդեպ այն վստահությունը, որը թույլ կտա չմոլորվել ինֆորմացիայի անվերջանալի հոսքում։

Այժմ ծանոթանանք քաղաքական գործիչների կողմից հաճախ օգտագործվող ոչ վերբալ ազդակներին՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են դրանք բնորոշում անձին և արդյոք իրական են, թե ուղղակի երկարատև դասընթացների արդյունք են։

Դիկտատոր, զսպված, վստահելի, ազնիվ, լավատես, թույլ լիդերներ․ո՞վքեր են նրանք

Մեր մարմինը դրսևորում է այնպիսի ոչ վերբալ պահվածք, որը ներդաշնակում է տվյալ պահին մեր էմոցիային։ Ուստի, որքան էլ պաշտոնյաները հաջողությամբ կիրառեն մի շարք ժեստեր, միևնույն է, կան բաներ, որոնք կեղծել կամ առավել ևս՝ թաքցնել հնարավոր չէ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն ոչ վերբալ պահվածքով, այլև քաղաքական դիրքորոշումներով և իրականացրած քայլերով ապացուցել է, որ դիկտատոր է։ Ելույթների ժամանակ նրա հստակ, առանձին-առանձին ասված նախադասությունները, տոնային շեշտադրումները, հաճախ նեղացող աչքերը, ինչպես նաև այս՝ «ցուցամատի  նշան»-ի հաճախակի կիրառումը վկայում են այդ մասին։

Այս նշանն օգտագործվում է հրաման արձակելու դեպքում, այն խորհրդանշում է առավելություն, գերազանցություն դիմացինի նկատմամբ։ Եթե զրույցի ժամանակ հանդիպում եք այսպիսի ազդակի, ապա ձեր զրուցակիցը, հավանաբար, ուզում է ցույց տալ, թե «ով է խոսակցության տերը»:

Պուտինի դեպքում լիդերության/դիկտատորության առկայությունը դասընթացների արդյունք չէ․այն հավաստի է, քանի որ դրանք հաճախ զուգորդվում են դիմային մկանների լարվածությամբ, զայրույթի առկայությամբ կամ դրա նախանշաններով*։ (տես՝ նախորդ հոդվածում)։

Հայաստանի 3 նախագահներից «ցուցամատի նշանն» առավել հաճախ օգտագործում էր Ռոբերտ Քոչարյանը։


Քոչարյանն իր ելույթներում հաճախ կիրառում էր նաև «սեղմված բռունցք»-ը։ Նախորդ նշանի պես այն ևս ուժ, առավելություն, հզորություն արտահայտելու նշան է, սակայն ունի ավելի ագրեսիվ արժեք, քանի որ այն «հարվածի պատրաստ»  դիրք  է և դրսևորվում է իբրև ուղեղում հայտնված «պայքարի» ազդակի հետևանք։


 Եթե «ցուցամատի նշանի» դեպքում ժեստի առկայությունը բացահայտ է, ապա «սեղմված բռունցքը» կարող է լինել թաքնված, ոչ տեսանելի, իբրև նեգատիվ պատասխան՝  արտաքին աշխարհից ստացած ազդակների։ Օրինակ՝ եթե մեկն ինչ-որ հարցում ձեզ հետ համաձայն է, սակայն ձեռքը բռունցք է անում և դեմքի մկանները լարում, ապա, ամենայն հավանականությամբ, նա ձեզ հետ համակարծիք չէ, նյարդայնացած է կամ ինչ-որ բան չի հավանում։

«Գաղտնի սեղմված բռունքցը» հանդիպումների ժամանակ հաճախ է կիրառում գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

Որպես երկրի ղեկավար՝ Սերժ Սարգսյանը չունի որևէ ՝ իրեն հատուկ հաճախ կիրառվող ժեստ (հիմնականում օգտագործում է դիմային մկանները ), ինչպես, ասենք, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Ձեռքերը՝ տնակ» ժեստը, ի տարբերություն վերը թվարկվածների, պոզիտիվ էմոցիա առաջացնող ազդակ է համարվում։ Այն վճռականություն, հեղինակություն արտահայտելու միջոց է և կիրառվում է դիմացինի մոտ վստահություն առաջացնելու համար։ Հաճախ է օգտագործվում ելույթների ժամանակ։ Մերկելն այս ժեստն այնքան հաճախ է օգտագործում, որ արդեն դժվար է հասկանալ` անկե՞ղծ է, թե՞ ոչ։ Ուստի, անհրաժեշտ է հետևել նաև նրա խոսքին, դիմային մկաններին, մարմնի ասիմետրիկ կամ սիմետրիկ շարժումներին՝ հասկանալու համար, թե երբ է նա, իրոք, «վստահ և վճռական», քանի որ այդ ժպտացող, վստահելի կնոջ մեջ կարող է թաքնվել «փոքրիկ դիկտատորը»։ 


Թաքնված դիկտատորական հակումներ դրսևորում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Թեև քաղաքագիտության «ամերիկյան դպրոցն» անցած պաշտոնյաներն առավել հաճախ օգտագործում են պոզիտիվ ազդակները՝ «բութը վեր» և «օքեյ» նշանները, որոնք  մարդկանց մոտ զուգորդվում են դրական երևույթներիի հետ (ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ վերահսկելի է), այնումաենայնիվ, բացասական ազդակներից խուսափել միշտ չէ, որ հաջողվում է, երբեմն արտաքին աշխարհին «ուժ» ցուցադրելու անհրաժեշտություն է առաջանում։ 

«Օքեյ» կամ «Բութ մատը վեր»
(ամեն ինչ լավ կլինի)

Ցուցամատի նշան

Լևոն Տեր-Պետրոսյանը պոզիտիվ նշաններ օգտագործող նախագահներից է, դժվար է չնկատել նրա՝ վեր պարզած, ափերը բաց, «հանձնվող ձեռքերը»։


Հնում մարդը բացում էր ափերն ու  դրանք ցույց տալիս դիմացինին՝ ապացուցելու համար, որ ինքն անվտանգ է, ձեռքերում զենք կամ կյանքին սպառնացող որևէ իր չունի, անվնաս է։ Նույն շարժումն է անում հանցագործը՝ ոստիկանի հրամանով, ապացուցելու, որ ինքը վտանգավոր չէ։ «Հանձնվող ձեռքերը» խորհրդանշում են այդ անվտանգությունը, ապահովությունը և ձեռքերում զենք չունենալը, այսինքն՝ հավատացե՛ք ինձ, ես անվնաս եմ, ես ազնիվ եմ, ես ձեռքերով չեմ փակել կյանքիս համար ամենակարևոր հատվածը (կյանքի համար ամենակարևոր համարվող օրգանները, մասնավորապես՝ սիրտը, գտնվում է հենց առջևում )։  Իսկ որքանո՞վ է «հանձնված ձեռքն» արդարացնում իրեն` պարզ է դառնում այն տվյալ անձի խոսքի և գործի հետ համադրելիս։

Որպես երկրի թույլ ղեկավարի՝ ժամանակը ցույց տվեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բայց նախքան դա այդ «թույլ» առաջնորդի մասին էին խոսում ոչ վերբալ նշանները։

Նախորդ նյութում արդեն գրել ենք, որ սա վախի արտահայտության նշան է։ Հիշե՛ք այս նկարներում Յանուկովիչի աչքերը։

Եվ ասացե՛ք՝ինչու հաջորդ նկարում նա «դիկտատոր» կամ « լիդեր» չէ։

«Ցուցամատի նշանն» այստեղ «բախվել է» վախեցած աչքերի հետ՝ առաջացնելով պահվածքային անհամապատասխանություն։ Վախն անկառավարելի և առավել ուժեղ էմոցիա է, և վախեցած մարդը, որքան էլ որ «ցուցամատ» ցույց տա, ուժեղ կամ վստահելի կերպար լինել չի կարող։

Անհամապատասխանություն տեսնում ենք նաեւ հաջորդ նկարում՝ կեղծ ժպիտ. մարդու համար ստեղծվել է անհարմար իրավիճակ՝ թեև նա ժպտում է, բայց  ձեռքերն իրականացնում են «շփման» հանգստացնող գործողություն։ Հանգստացնող ազդակ է կիրառվում նաև մյուս 2 նկարում՝ «լեզվով թրջելը»։ Երբ մարդը հայտնվում է սթրեսային, դիսկոմֆորտ իրավիճակում, և, ժողովրդի լեզվով ասած, «բերանը չորանում է», օրգանիզմը փորձում է արագ շտկել այդ իրավիճակը։ Իսկ ուշադիր աչքից այն չի վրիպում։

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter