HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ալբերտ Գարսանցյան. «Եթե ի սկզբանե ճիշտ կազմակերպեն տնտեսությունը, բանկերի դուռը չեն գնա»

Ոսկիները հողին պահ տված Բուրատինոն հավանաբար ամենաանհաջողակ ու հիմար ներդրողը կհամարվեր, եթե իր բախտից հեքիաթային հերոս չլիներ: Նրան խաբում ու թալանում են, սակայն  հեքիաթը հենց նրա համար է հեքիաթ, որ բարի ավարտ է ունենում եւ ոսկե բանալու շնորհիվ անհաջողակ ներդրողը վերածվում է տիկնիկային թատրոնի «սեփականտիրոջ»:

Շիրակի մարզի Փանիկ համայնքում հեքիաթների վաղուց չեն հավատում: Չեն հավատում նաեւ գյուղատնտեսության մեջ արվող ներդրումներին: Բանկերի հետ գործարքներից հետո այդ հավատն ավելի է խարխլվել: Վստահում են միայն հին ու փորձված մեթոդին՝ «խոպանին»:

«Խոպանը չլինի, Փանիկը կդառնա մարզի ամենաաղքատ գյուղը»,-վստահեցնում է գյուղի ղեկավար Հրաչ Սալնազարյանը:  3250 բնակիչ ունեցող գյուղից սեզոնին մոտ 1200 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի:

«Խոպանչիների գյուղ» մականունը Փանիկին տրվել է դեռ խորհրդային տարիներին: «Սովետի վախտ մենակ մենք ու մարտունեցիք խոպան կերթային»,-ասում է փանիկցի 55-ամյա Վարազդատ Բոյաջյանը: Տարիների ընթացքում Փանիկում այս առումով գրեթե բան չի փոխվել, ընդհակառակը՝ գնացողների թիվն է շատացել:

Անգամ ֆիլմ կա նկարահանած փանիկցի «խոպանչիների» մասին՝ կոչվում է «Յոթ սարից այն կողմ»: Խորհրդային տարիներին փորձ է արվել կանխել այդ «արատավոր» երեւույթը, սակայն հաջողությամբ չի պսակվել: Փանիկցիների կենցաղավարության, նիստ ու կացին, հոգեբանությանն ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով տասնամյակներ առաջ գյուղ է այցելել երիտասարդ լրագրող Զորի Բալայանը:

Հյուրընկալվելով փանիկցիներից մեկի տանը՝ զարմացել է տեսած հարմարավետությունից, տան կահավորանքից: Նրան բացատրել են, որ ինչ տեսնում է «սաղ խոպանի փողերով են»: «Վարյոնկա» ջինսով Փանիկ հասած Զորիի մասին «վատ» կարծիք են կազմել գյուղի մեծահասակ կանայք, նկատելով, թե «քաղքեն գյուղ պատռտուկ (պատռոտված-հեղ.) շալվարով էկածի գրածն ի՞նչ բդի էղնի»:

«Չէրթանք, մեր ընտանիքները չեն ապրի,-արդարանում է Վարազդատ Բոյաջյանը,-ես երեք տղաներիս հետ ամեն տարի Մոսկվա եմ գնում: Ռուսական պատի վառարաններ ենք սարքում, լավ էլ գործ ունենք, դժգոհ չենք: Գյուղատնտեսությամբ զբաղվում ենք, բայց ոչ մեծ ծավալով, մանավանդ որ էս տարի ահագին տուժվանք ու արդեն չես էլ ուզե ոչ հող մշակես, ոչ էլ մտածես բերքի մասին: Մանավանդ շատ կխեղճնան էն մարդիկ, ովքեր որ բանկերի հետ գործարք ունեն էրած ու վարկը հետ տալու պրոբլեմ ունեն»:

Վարազդատը պատմում է, որ վերջին 4 տարիներին հողագործությամբ չէին զբաղվել, հողը մատնել էին պարապուրդի, որոշել էին՝ թող հանգստանա: Այս տարի ցորեն էին ցանել ու հարուստ բերքի ակնկալիք ունեին: Հուլիսյան կարկուտը եկավ ու ավիրեց ոչ միայն Բոյաջյանների 2 հա ցանքատարծքն, այլեւ փանիկցիների մշակած 715 հա վարելահողերն ամբողջությամբ:

«Փանիկցին այս տարի հացքաղ չկարողացավ անել,-նկատում է համայնքապետ Հրաչ Սալնազարյանը,-ամեն մեկը մի պարկ ծղոտ տարավ տուն, մեկ էլ հավի կուտ: 100 տոկոս վնաս կրեցինք: Միակ դրականն էն եղավ, որ գյուղում պետության հաշվին երկու հակակարկտային կայան տեղադրեցին»:

«Պետությունն ըսավ ես մենակ կըրնամ սերմնացու տամ, էն էլ վարկի տեսքով,-հավելում է Վարազդատ Բոյաջյանը,-ձեր բանկերի վարկերն էլ չենք կարող սառեցնել: Ես օրինակ կմտածեի, թե 10 տոննա ցորեն պիտի հավաքեմ, էն էլ կարկուտը տարավ: Դեռ լավ է վարկ չունեի: Հիմա գյուղացին հաշվարկ է անում՝ 300-400 հազար դրամ հողի մեջ դնելու փոխարեն ավելի լավ է անասունի համար էդ ծղոտն առնի, տան համար էլ պատրաստի ալյուրը, քան տանջվի: Կհարցնես փողն ուրդեղից վերցնե՞, սաղ էղնի խոպանը: Կերթան խոպան, էդ փողը կբերեն, լավ թե վատ: Բայց նաեւ համոզված եմ, որ գյուղացուն հողից կտրելն է հանցագործություն, գյուղացուն վարկերով խեղդելն է հանցագործություն: Ես մեկ անգամ եմ առնչվել գյուղփոխբանկի հետ, վայթեմ 2001թ-նն էր, մինչեւ փակեցինք ՝վրեքս ելավ կրկնակի գումար ու այլեւս ցանկություն չունեմ բանկերի հետ գործ ունենալու»:

Վարկային փայլուն, կարելի է ասել անբասիր պատմություն ունեցող Հրանուշ Ճառվշյանին անհանգստացնում է 4 ամիս առաջ «Սեֆ» վարկային կազմակերպությունից վեցրած 1500 ամն դոլարի հետ վերադարձումը: Արտարժույթի տատանումները խստորեն ազդել են Ճառվշյանների ընտանեկան բյուջեի վրա: «Վերցրել ենք 410- ժամանակ, դեկտեմբերի 5-ին, որ տոկոս էինք փակում դոլարի կուրսը 438 թե 448 էր,  լավ չեմ հիշում, հունվարին արդեն չգիտեմ ինչ է լինելու ու ինչքան ենք տուժելու տոկոսը փակելուց»,-ասում է Հրանուշը:

Իհարկե, կգերդասեր վարկը վերցնել դրամով, սակայն կազմակերպությունը միայն դոլարային վարկ է առաջարկել: Վերցրել է ստիպված, որովհետեւ կարկտահարությունից տուժել էին նաեւ իր ցանքատարածությունները, իսկ բանկերը դրանք սովորաբար հաշվի չեն առնում: «Հո չէի կարող թույլ տայի, որ հայտնվեի «սեւ ցուցակում»,-բացատրում է զրուցակիցս,-հետո էլ պիտի սերմնացու առնեի, աշնան վարուցանքին պատրաստվեի, դրա համար էլ չնայեցի, որ վարկը դոլարով է, մյուս կողմից էլ մտքովս չանցավ, թե նման բարձրացում կլինի»:

Հրանուշ Ճառվշյանն ասում է, որ գյուղերում անասունների սպանդ է սկսվել: Գյուղացին ստիպված է մորթել հիմնականում խոշոր եղջերավորն ու էժան գնով վաճառել, որովհետեւ վարկ պիտի փակի:

«Շատերի հույսը խոպանից բերած փողն էր, էն էլ էնքան իջավ ռուբլին, որ հոգս հոգալու տեղը մարդկանց գցել է գլխացավանքի մեջ: Գյուղացին ստիպված է անում էդ մորթը, որ ապրի, նոր տարի անի, վարկ փակի, դիմանա մինչեւ հունվար ու նորից գնա բանկի դուռը: Ես էս տարի չկարողացա պետության տված սերմացուի վարկը փակեի, հիմա ինձ նորից են տրամադրել, փաստորեն իմ մի սերմ-վարկը դարձավ երկու: Էս էլ հո պետությունն է տալիս, կարող է չէ՞ տուժված գյուղացու նախորդ պարտքը զրոյացնել, բայց իրենք ժամանակավոր սառեցրել են, որը նշանակում է, թե ամեն դեպքում պիտի փակվենք»,-նկատում է Հրանուշ Ճառվշյանը:

Ոչ «խոպանի», ոչ էլ առավել եւս բանկերի տրամադրած գումարներով է հողագործությամբ զբաղվում փանիկցի 40-ամյա Ալբերտ Գարսանցյանը: Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է Գյումրու եւ Արթիկի հարկային տեսչություններում: Շուրջ տաս տարի է զբաղվում է հողագործությամբ:

«Եթե ի սկզբանե ճիշտ կազմակերպեն տնտեսությունը՝ բանկերի դուռը չեն գնա,-ասում է Ալբերտ Գարսանցյանը,-ես Գյումրու բոլոր բանկերի տեղ էլ գիտեմ, բայց երբեւէ վարկ վերցրած չկամ, կյանքումս խոպան գնացած էլ չկամ: Կարծում եմ, որ ճիշտ հավարկի դեպքում այդ վարկերի կարիքը գյուղացին չի ունենա»:

Ո՞րն է երիտասարդ գյուղատնտեսի գաղտնիքը: «Գաղտնիք չկա, կա պարզ հաշվարկ»,- ասում է զրուցակիցս: Ալբերտի սեփական եւ վարձակալած հողատարածքները գտնվում են բարձրադիր եւ ցածրադիր հատվածներում: Բնական աղետների դեպքում, եթե մի հատվածի բերքը վնասվի, մյուս հատվածը հաստատ անվնաս կմնա, փորձած տարբերակ է: Ալբերտը ցանում է ցորեն եւ գարի, ստացված բերքը վաճառում թանկ գնով: Նա մյուս գյուղացիներին էլ է խորհուրդ տալիս բերքը «ջրի գնով»չվաճառել: Մշտապես ունի կուտակած սերմացու հաջորդ տարվա համար: Բացի այդ, Փանիկում գործող մի փոքրիկ խանութ ունի եւ գյուղատնտեսության մեջ կրած վնասները փորձում է փոխհատուցել խանութից ստացված եկամուտներով կամ հակառակը:

«Եթե առաջին տարին գյուղացին ճիշտ չկազմակերպեց աշխատանքն ու չստացավ սպասված օգուտը՝ գնալու է վարկ վերցնի, որ հաջորդ տարի գործ անի: Սա է պատճառը, որ մարդիկ չեն կարողանում ազատվել վարկերից,-ասում է Ալբերտը,-շատ դեպքերում գործը սկսում են՝ մտածելով ինչ եղավ, եղավ, բնությունն ինչ տվեց, տվեց: Չեն փորձում որեւէ կերպ իրենց ապահովագրել հնարավոր անհաջողություններից:

Գյուղացին պիտի միշտ ամբարած սերմնացու ունենա, բայց հիմի գնացեք, տեսեք քանի հոգի ունի պահեստավորած սերմնացու: Էս կարկտահարությունից իմ տարածքներն էլ են տուժել, բայց ես սերմացու ունեմ, իսկ մնացածն իրենց նախկին սերմ-վարկը չմարած՝ ստիպված երկրորդն են վերցրել պետությունից: Ես մի առավելություն էլ ունեմ՝ վարկ չունեմ փակելու, ոչ էլ վախ, թե կհայտնվեմ «սեւ ցուցակում» որեւէ բանկի»:

Մեկնաբանություններ (1)

Lianna
Հիմա չհասկացանք,էս հոդվածը գովազդ էր?Այն,որ վարկը միայն ստանալու պահին է լավ,դրանում ոչ մի կասկած չկա,հետագայում վճարելը դառնում է գլխացավանք,բայց,որ գնալը գովազդվում է հոդվածի միջոցով,էդ արդեն......... բացատրություն չունի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter