Հինգշաբթի, 23 մայիսի

Թուրք բնապահպանները առաջարկում են անվճար էլեկտրաէներգիա ՀԱԷԿ-ի փակման դիմաց

Վահե Սարուխանյան


15:47, 27 հոկտեմբերի, 2011

Թուրքիայի կանաչների կուսակցության վարչության անդամ Ահմետ Աշըջըն ասում է, որ իրենք եւ, ընդհանրապես, Թուրքիան ուզում է, որ Մեծամորի ատոմակայանը փակվի. «Սակայն մենք հասկանում ենք, որ դա կարճ ժամկետներում անել հնարավոր չէ, եւ առաջարկում ենք, որ մեր կառավարությունը Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանցման պայմանագիր կնքի՝ ՀԱԷԿ-ի փակման դիմաց»:

Թուրք բնապահպանի եւ նրա համախոհների այս մոտեցումը իրականությունից բավականին հեռու է: Նախ՝ նրանք կոնկրետ չեն ասում, թե ինչպես են պատկերացնում Թուրքիայից Հայաստանին տրվող էլեկտրաէներգիայի փոխանցման գործընթացը: Աշըջըն միայն նշում է, որ ըստ այդմ իր երկիրը ժամականավոր, սակայն անվճար կլրացնի այն բացը, որը ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի համար: Սակայն թուրք կուսակցական գործիչն ու բնապահպանը չի կարողանում ասել, թե ինչպես պետք է ոչ դրացիական հարաբերություններ ունեցող երկրներից մեկն իր էներգետիկ պաշարների 40 տոկոսն արտադրող կառույցը, որի արտադրանքի մի մասը նաեւ վաճառվում է հարեւան Վրաստանին, պետք է զուտ բնապահպանական ու անվտանգության նկատառումներով փակի՝ հույսը դնելով մյուսի թեկուզեւ անվճար կոմպենսացիայի վրա: Էլ չենք խոսում այդ համաձայնության մանրամասների մասին, որոնց շուրջ մեկ հայտարարի գալը յոթ սարերից էլ այն կողմ է թվում, քանզի այդ նույն հարեւանները հենց Թուրքիայի պատճառով չկարողացան դրական եզրագծին հասցնել թուրք-հայկական մերձեցման գործընթացը:

Եվ հետո ի՞նչ երաշխիք, որ մի պայծառ օր Թուրքիան չի կանգնեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը այնպես, ինչպես ժամանակին փակեց սահմանը: «Հետքի» վերոնշյալ դիտարկումներից հետո Ահմետ Աշըջըն նշում է, թե իր ասածն ընդամենը գաղափար է, սակայն այլընտրանք այնպիսի աղետից խուսափելու համար, ինչպիսին եղավ Ֆուկուշիմայում: Բացի այդ, ըստ նրա, նման համագործակցությունը, տնտեսական հարաբերությունների զարգացումը կբերի առկա խնդիրների աստիճանական լուծման:

Եվ, այնուամենայնիվ, նա համաձայնում է այն մտքին, որ հենց թեկուզ անվտանգության եւ բնապահպանության տեսանկյունից ամենաշահագրգիռ կողմը Հայաստանն է, որովհետեւ պոտենցիալ վտանգ ներկայացնող ՀԱԷԿ-ին ամենամոտ խոշոր բնակավայրը մոտ 1 մլն բնակչություն ունեցող Երեւանն է: Պարզապես ներկայումս չկան այն էներգաստեղծ ռեսուրսները, որոնց առկայությամբ հատկապես ռազմավարական առումով արդարացված կլինի ատոմակայանի փակումը: 

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, որ ՀԱԷԿ-ի փակման ու դրա վտանգավորության մասին խոսում են մի երկրում, որտեղ առաջիկա 10-15 տարում ծրագրվում է 3 ատոմակայան կառուցել: Առաջիկայում նախատեսվում է նաեւ շուրջ 2000 հէկերի կառուցում ամբողջ Թուրքիայի տարածքում: Սակայն, բնապահպանի կարծիքով, իրենք հաշվարկել են, որ այդ հէկերը կապահովեն պետության էներգետիկ պաշարների միայն 2-3 տոկոսը, ինչը չի արադարացնում ծախսվելիք հսկայական գումարներն ու հատկապես բնությանը հասվելիք վնասը: Կանաչների կուսակցության ղեկավար անդամի բնորոշմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը բնությունը դիտում է միայն իբրեւ շահագործման նյութ, եւ բոլոր խնդիրներին Էրդողանի թիմակիցները նայում են ճարտարագետի աչքով (Աշըջըի ասելով՝ AKP-ականների մեծ մասը մասնագիտությամբ ճարտարագետ է): Որպես ասվածի ապացույց բնապահպանը մատնանշում է Բոսֆորի վրա երրորդ կամուրջը կառուցելու համար 600.000 ծառերի կտրվելու փաստը: Ընդհանուր առմամբ պետք է կտրվի շուրջ 2,5 մլն ծառ:

«Սրանք Ստամբուլի վերջին անտառներն են ու ջրի աղբյուր են: Երբ անընդհատ աճող քաղաքի բնակչությունը հասնի 30 մլն-ի, մենք կանգնելու ենք խմելու ջրի պակասի եւ դրա անվտանգության խնդիրների շուրջ»,- ասում է Ահմետ Աշըջըն:

«Հետքի» հարցին, թե ընդհանրապես ինչ վիճակում են Թուրքիայի անտառները, արդյոք ծառահատումների եւ անապատացման խնդիրը ծառացած չէ երկրի առաջ, ինչպես որ Հայաստանում ահազանգում են հայ բնապահպանները, Կանաչների անդամը պատասխանում է. «Թուրքիան անտառի բերքից մեծապես օգտվող երկիր չէ: Մենք փայտը հիմնականում ներկրում ենք, եւ անտառների կորուստը մեզ համար ոչ այնքան տնտեսական, որքան բնության հավասարակշռության, էկոհամակարգի խախտման խնդիր է»: Որոշ տվյալներով՝ Թուրքիայի անտառները կազմում են երկրի տարածքի 14 տոկոսը, Հայաստանում այդ թիվը պաշտոնական տվյալներով 11,2 է: Ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ փայտեղենի որոշ տեսակների արտահանման ու ներկրման շուրջ (ներկայացված են ծավալները տոննայով եւ արժեքը ԱՄՆ դոլարով):

 

2007

2008

2009

2010

արտ

ներ

արտ

ներ

արտ

ներ

արտ

ներ

անմշակ անտառանյութ

 -

 -

 -

 -

 -

 39
32.000 

անտառանյութ՝ երկայնակի սղոցած կամ ճեղքած

 21
22.500 

5
1.200 

 3
3.400 

 -

12
25.900 

 -

2
1.200 

միաշերտ նրբատախտակ

 -

0,2
500 

 -

3
1.900 

 -

1
2.900 

10
19.000 

փայտե շին. իրեր, մանրահատակ

63
118.900 

 -

20
87.800 

 -

27
81.700 

45
112.700 

 

 

Գլխավոր էջ




Այս թեմայով

  • Հայ-թուրքական բեռնափոխադրումների շուկայում պատահական մարդիկ չկան
    3 տարում Հայաստանը Թուրքիա է արտահանել 8.252 տոննա ապրանք, փոխարենը ներկրել 344.673 տոննա: Այսինքն՝ արտահանումը կազմել է ներկրման ընդամենը 2,4 տոկոսը:
  • Հայ-թուրքական առեւտուր. ինչու՞ պետությունը չի պաշտպանում քաղաքացու եւ իր շահը
    Անհանգստացնողն այստեղ հայկական կողմի պասիվ կեցվածքն է: «Հետքի» անանուն աղբյուրը, որն անմիջական կապ ունի այս ոլորտի հետ, նշում է, որ դաշտը շատ բաց է ու չկարգավորված:
  • Ապրում են Թուրքիայում, որ Հայաստանում տուն ունենան
    Երբ գյումրեցի Արտաշին հարցրինք, թե ինչու է հայտնվել Ստամբուլում, պատասխանեց. «Ամենաէժան տոմսն էստեղ էր, ստեղ եկա»: Բանակից վերադառնալուց հետո այդպես էլ աշխատանք չի գտել Հայաստանում, որոշել է արտագաղթել: Եթե նախկինում միայնակ էր մեկնել Ռուսաստան, այս անգամ` մոր ու քրոջ հետ բռնել է Թուրքիայի ճամփան:
  • Պտույտ Ստամբուլում-2
    Գյումրեցի Անոյին (Անահիտին) Ստամբուլի Կումկափի թաղամասում ճանաչում են որպես հին ու լավագույն առեւտրականներից մեկի: Դեռ 15 տարի առաջ, երբ տիկին Անահիտը վաճառեց Երեւանում գտնվող իր տունը ու մեկնեց Ստամբուլ, հավատում էր հարստանալու, լավ կյանք ունենալու մտքին: Հիմա նա 70 տարեկան է, միայնակ ու հոգնած:
  • Պտույտ Ստամբուլում
    13-ամյա Մամուկան ստիպված է ամեն օր համոզել ինքն իրեն, որ իր թուրք «շեֆին» ավելի շատ է սիրում, քան սեփական հորը։ Ծանր սոցիալական պայմաններն սկսել են ազդել նույնիսկ Հայաստանի անչափահաս քաղաքացիների զգացմունքների եւ աշխարհայացքի վրա։
... կարդացեք ավելին «Թուրքիան եւ հայերը» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»