HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Շուշեցի կնոջը Ստեփանակերտը Փարիզ է թվում

Դիանա Բալայանն ասում է, որ Շուշին մանկուց շատ է սիրել ու երազել է Շուշիում ապրել: Այսպես էլ ստացվել է. նա Ստեփանակերտից Շուշի է տեղափոխվել 1992 թ.` քաղաքի ազատագրումից հետո, երբ դպրոցական էր, բայց Դիանան ուզում էր ապրել «ոչ էս ձեւի» Շուշիում:

Շուշին 3500 բնակիչ ունի: Դիանան ասում է, որ քաղաքում ապրողների կեսն աշխատանք չունի: «Էսօրվա մեր երիտասարդությունը` բանակից եկած, զբաղվելու բան չունեն, աշխատանք չկա, նստում են մի շրջապատ են կառուցում, էն պեներավը չեն զբաղվում, որ ծնողը դա, օրինակ, ի սրտե կցանկանա»,- ասում է նա:

Միաժամանակ շուշեցի կնոջ կարծիքով` քաղաքի ազատագրումից մինչ այժմ շատ բան է փոխվել. Շուշին գեղեցկացել է, շատ շենքեր են կառուցվել, շատերը աշխատանքի են ընդունվել: Պարզապես այդ փոփոխությունները դանդաղ են, եւ Շուշին դեռ շատ պետք է կառուցվի, որ Ստեփանակերտի նման դառնա:

«Ես լինում ա ամիսներ, վեր Ստեփանակերտ չեմ գնում, չէ՞: Հանկարծ մի օր վեր ոտքս ընկնում ա Ստեփանակերտ, ասում եմ` էս Պարիժո՞ւմ եմ գտնվում: Փոփոխություն շատ կա»,- ասում է Դիանա Բալայանը:

Նա կուզենար, որ Շուշիում ասֆալտապատեին փողոցները, վերանորոգեին ավերակ շենքերը, այգիներ հիմնեին, որ երեխաները խաղալու տեղ ունենան: Նախկինում Շուշիի երեխաները տիկնիկային թատրոն էին գնում, բայց հիմա արդեն դա էլ չկա: Քաղաքի միակ «Երեւան» կինոթատրոնը եւս չի գործում: Երեխաներն ու երիտասարդները միայն ինտերնետ ակումբ կարող են գնալ: Հազվադեպ` տոնից տոն, Շուշիում համերգներ են լինում:

«Մեր խոխեքը հի՞նչ պիտի տեսնան էս մեր աշխարհքից: Ես, օրինակ, շատ կհիանամ դրանովը, որ մեր կառավարությունը ուշադրություն տինի մեր մշակույթին, մեր մշակույթը ավելի զարգանա, մեր երիտասարդությունը վեր մի պյանով զբաղվի»,- ասում է Դիանան:

Նրա խոսքերով` թեեւ քաղաքում մուրացկանությամբ զբաղվող երեխաները պակասել են, սակայն դեռ կան կարիքավոր ընտանիքների նման երեխաներ: «Մեր կրթության եւ գիտության նախարարին ես որ խնդրալ եմ, ասում եմ` պրն նախարար, մեր էս կարիքավոր ընտանիքներին գոնե երկարօրյա բացեին մեր դպրոցում, մեր պետությունը մի որոշ բյուջեից գումար հատկացնի, մեր էդ կարիքավոր ընտանիքի երեխաներին ուշադրություն տինին, դասերից հետո հաց ուտեն, նոր տուն գնան: Մեր մանկավարժներից ասում ա` նախարարը կիմանա, թե քեզ համար ես ասըմ: Ասում եմ` ես ավելի լավ ա աչքս հանիմ, քան իմ խոխաս սոված թողիմ, բայց նման ծնողը կարում չի իրան խոխեն ապահովի ամեն ինչով»,- ասում է Դիանան:

Նա աշխատում է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվ. հիմնական դպրոցում, տեխնոլոգիայի ուսուցչուհի է, իսկ ամուսինն աշխատում է Շուշիի բանտում: Ընտանիքը 63.000 դրամ նպաստ է ստանում, քանի որ 7 երեխա ունեն. ամենամեծը 14-ամյա Նանարն է, ամենափոքրը` 2,5 տարեկան Լուիզան:

Նանարի ողջ ժամանակը խլում են դասերը եւ մորը տնային գործերում օգնելը: «Իմ օգնականս ա: Վեր ինքը չինի, իմ վիճակս շատ անտանելի կինի»,- ասում է Դիանան:

Նանարը սովորում է մանկավարժական քոլեջում, երգում քոլեջի երգչախմբում եւ պար սովորում «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում: Նա պատրաստվում է նաեւ վարսավիրություն սովորել: Նանարն ասում է, որ եթե Շուշիում աշխատանք չգտնի, ապա կգնա Ստեփանակերտ կամ Երեւան:

Դիանայի ամուսնու բոլոր 4 եղբայրներն էլ Ռուսաստանում են: Դիանան կարծում է, որ եթե ամուսինը Շուշիում աշխատանք չունենար, ապա եւս կգնար Ռուսաստանում աշխատելու:

«Քանի որ ամուսինս աշխատում ա, մեր տանը կարիքնին կարում ենք ապահովինք: Լավ թե վատ հասցնում ենք: Ես ասալ եմ` ես վեր էս պատերազմը տեսալ ամ, ես մեր Ղարաբաղից դուրս չեմ գնա երբեք: Շատ-շատ` արձակուրդներով: Եթե ասին` մի շաբթով կամ երկու շաբթով հյուր գնանք` հա, բայց մնալ մշտական` չէ»,- ասում է Դիանա Բալայանը:

Երեք տարի առաջ Արցախի պետությունը Շուշիում 3-սենյականոց սեփական տուն է տվել Բալայաններին` որպես բազմազավակ ընտանիքի: Սակայն տունն այնքան խոնավ է, որ բոլոր սենյակների պատերի վրա բորբոսներ են, իսկ խոհանոցի համար հատկացված տարածքում, որտեղ, Դիանայի խոսքերով, հնարավոր չէ ապրել, փաստաթղթերն ու նկարները խոնավությունից սեւացել են: Բորբոսի պատճառով փչացել է նաեւ նոր գնված կահույքը: «Կահույքը` ջհանդամը: Առողջությունը եթե ինի, ամեն ինչն էլ կանիս»,- ասում է Դիանան:

Նոր տուն տեղափոխվելուց հետո երեխաները սկսել են հիվանդանալ: Խոնավության պատճառով փոքր տղան` 5 տարեկան Հայկը, խրոնիկական գրիպով է հիվանդ, իսկ մեծ տղան` 13-ամյա Արամը, ով ՀՀ եւ ԼՂՀ թաեքվանդոյի ոսկե մեդալակիր է, սկսել է ոտքերի ցավեր ունենալ ու երբեմն բացակայում է մարզումներից: Դիանան ասում է, որ պատերի խոնավության հարցով դիմել է քաղաքաշինության նախարարությանը, որտեղից ասել են, որ եթե այդպես է ստացվել, ուրեմն տանը ճիշտ ջերմաստիճան չեն պահպանում:

«Մեկ անգամ մեր քաղաքաշինության նախարարը ռեմոնտ ա անել տվալ, նույն պատմությունն ա, նույն պատերը սեւանալն ա, պատերը ջուր դառնալն ա: Գոնե տան էս պատերի բորբոսները վերացնին, դա մի մըծ պյան ա ինձ համար: Իմ խնդրանքս մեր կառավարությանն էդ ա իլալ ամեն քինալով, ամեն զանգելով: Մեր սոցապ նախարարությունից չգիտեմ, թե ով է եղել, վեր ասալ ա` հմանչում չե՞ք, վեր օգնություն եք խնդրում: Էդ խոսքը ինձ վրա շատ փիս ա ազդալ: Ասում եմ` ես ձեզանից օգնություն խնդրում չեմ: Լավ թե վատ, ես իմ ընտանիքս ապահովում եմ: Մենակ ասում եմ` էս բորբոսները վերացնիք, ես ձեզանից ուրիշ պյան խնդրում չեմ: Թե չէ հարցը որ մնա ռեմոնտին, ռեմոնտը ես 2-3 տարվան մեկ կանիմ»,- ասում է Դիանան` հավելելով, որ եւ ամռանը, եւ ձմռանը տաք հագուստ են հագնում տանը:

Սանհանգույցը ոչ թե տանն է, այլ բակում: Տանը ջուր լինում է օրական 1 ժամ: Դիանայի խոսքերով` երբ ընդհանուր ջրագիծը կառուցեն եւ ջրաչափեր տեղադրեն, իրենք մշտական ջուր կունենան, սակայն դա կլինի տարիներ հետո, իսկ հիմա ուշադրության կենտրոնում է այն, որ մշտական ջրամատակարարում ունենան շենքերը:

Մինչ սեփական տուն տեղափոխվելը ընտանիքն ապրել է Արամ Մանուկյան փողոցի շենքերից մեկում: Շենքում ապրելն ավելի հարմար էր ընտանիքի համար. նրանք նոր տուն են տեղափոխվել, քանի որ այն հողամաս ունի: Դիանան ասում է, որ լավ կլիներ, եթե ամռանն ապրեին սեփական տանն ու հողամասը մշակեին, իսկ ձմեռն անցկացնեին շենքի իրենց տանը:

Դիանայի խոսքերով` շենքում իրենց նախկին տան մոտ իրենք հողամաս էին մշակում, բայց 2005-2006 թթ.-ին այն ժամանակվա Շուշիի քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը եւ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը, իմանալով, որ ընտանիքը մտադրություն ունի սեփականաշնորհել հողամասը եւ այդտեղ ապագայում խանութ բացել, հողամասը տվել են Շուշիի նախկին ոստիկանապետի տեղակալ Լյովա Իշխանյանին, քանի որ վերջինը նույնպես այդտեղ խանութ բացելու մտադրություն է ունեցել: Այսպիսով, 7 երեխա ունեցող ընտանիքը զրկվել է իր համար այդքան կարեւոր հողամասից:

«Հողամասը ինձ բերք ա տամ, վուր ես կարամ իմ ընտանիքի կարիքներն ապահովեմ: Եթե ինձ մի կուճիր հողամաս, մի տարածք պետությունը, մեր կառավարությունը հատկացրած լինի հենց վերեւի մասում, ես երբեք էն շենքից դուրս չէի գա էլ: Ես հողամասի պատճառով եմ տեղափոխվալ սեփական տունը: Եվ էս ձեւի վիճակում, տներում խոխոցն հետ ապրում ենք»,- ասում է Դիանան:

Նոր տան հողամասում Դիանայի ամուսինը ծառեր է տնկել: Անցած տարի ընտանիքը լավ բերք է ստացել հողամասից, իսկ այս տարի կարկուտը եւ ուժեղ արեւը մեծ վնաս են հասցրել բերքին: Ընտանիքը 10 ճուտ ու 2 հավ է պահում: Այլ ընտանի կենդանիներ պահելու հարմարություններ դեռ չկան:

Դիանան ասում է, որ հաճույքով է աշխատում դպրոցում, քանի որ շատ է սիրում երեխաների հետ շփվել, բայց հիմա ստիպված մտածում է արդեն նաեւ երկրորդ աշխատանք գտնելու մասին, որպեսզի կարողանան հոգալ երեխաների ծախսերը:

«Միշտ մամաս ասալ ա` մատաղ ինիմ, էն առաջվա էն ժամանակները չի, որ 7 երեխան կարիս պահես: Ասում եմ` ես հունց իմ ծնողներս են պահալ, ես ընդի իմ էրեխոցս եմ պահելու, էսօրվա յիրան ոչ մի կարիք չզգան: Կարիքն էլ, ճիշտ ա, ամեն ձեւի ապահոված պահում եմ, բայց էս ձեւի տներումը էրեխոցը առողջությանն ա շատ վնաս: Նույնպես էլ որպես մենք ծնողներս մեզ յիրա էլ ա շատ ազդալ առողջությանը»,- ասում է Դիանան:

Նա Շուշիում ճանաչում է 5 բազմազավակ ընտանիքի, որոնցից երկուսում կա 10-ական երեխա:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
հոդվածը կարդացի մեծ հետաքրքությամբ, դրական մեծ լիցքեր ուներ այս լինն իր մեջ: Էս դարում, որ դեռ նման ազնիվ մարդիկ կան, ուրեմն ամեն ինչ վերջացած չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter