HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լանջիկցի փոքրիկների սիրելի ամիսը դեկտեմբերն է, երբ հայրերը վերադառնում են «խոպանից»

Շիրակի մարզի հարավային դարպասներ համարվող Լանջիկ գյուղում դեկտեմբեր ամսին նույնքան սառն ու անհրապույր է, որքան ասենք մարզի հյուսիսում ծվարած Բավրա գյուղում: Հարավային բնակավայրի «իմիջը» փչացնում են ամառ, թե ձմեռ մշտապես փչող սառը քամիները: Ծովի մակերեւույթից 1980 մետր բարձրության վրա գտնվող այս բնակավայրում ձյան ծածկույթը սովորաբար ավելի վաղ է իր դիրքերն ամրապնդում, քան հարակից տարածքներում:

250 տնտեսություն  ունեցող Լանջիկում միայն 190 տան դռներն են բաց: Պաշտոնական տվյալներով գյուղում գրանցված բնակիչների թիվը 1080-ն է, սակայն փաստացի բնակվողների թիվն ավելի պակաս է: Համայնքապետ Արա Մարդոյանի փոխանցմամբ՝ ընտանիքներով Ռուսաստանի  տարբեր բնակավայրեր ժամանակավոր տեղափոխվածները գյուղի իրենց տները չեն վաճառել: Նրանցից շատերը գարնանը սովորաբար վերադառնում են, վար ու ցանք կատարում, աշնանը բերքահավաքից հետո կրկին հեռանում:

Գյուղի տղամարդկանց 90 տոկոսը սեզոնին մեկնում է արտագնա աշխատանքի: «Գյուղում, որ ամառը գաք, արական սեռի ներկայացուցիչ կտեսնեք ինձ, դպրոցի փոխտնօրենին, մեխանիզատորին, խանութ ունեցող ավագանու անդամ ունենք՝ նա է մնում, մեկ էլ կանանց, երեխաների ու ծերերի կհանդիպեք Լանջիկում ամռանը»,-ասում է համայնքապետը:

Արա Մարդոյան Հակոբ Մարդոյան

Կաթոլիկներով բնակեցված Լանջիկում պարզվում է «խոպան» գնալն, ինչպես եւ Փանիկում, խորհրդային տարիներից հաստատված անխախտ ավանդույթներից է: Լավ ապրելու ցանկությունը «ֆռանգների» գյուղերում շատ ավելի մեծ է եղել դեռ սովետի տարիներից, կատակում են լանջիկցիները: Միայն, թե հիմա շատ հաճախ ընդամենը գոյատեւելու պարզ ձգտումն է նրանց մղում Ռուսաստան՝«խոպաններում» իրենց առողջությունն ու տարիներն ընտանիքից հեռու վատնելու հաշվին նույն այդ ընտանիքը պահելու համար:

«Միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով այստեղ հնարավոր չէ ապրել,-համագյուղացիներին արդարացնում է համայնքապետը,-կարող է էնպես լինի, որ մի օր էլ գաք, իմանաք, որ ես էլ եմ խոպան գնացել»: Նույնն է պնդում նաեւ լանջիկցի 33-ամյա Մանուկ Ռաֆայելյանը: Նախկինում ինքն ու հայրը արտագնա աշխատանքի մասին անգամ մտածել չեն ցանկացել: Աշխատանք ունեին, ողջ գյուղը սեզոնին վար ու ցանքի համար իրենց օգնությանն էր դիմում, գյուղի մեխանիզատորներն էին:

«Բայց դե տարին տարու վրա ամեն ինչ թանկացավ, գործն անում էինք ասենք գարնանը, բայց փողը գյուղացիներից շատերը աշնան վերջ նոր կարողանում էին տալ, կային որ մի կլոր տարի մեզ պարտք էին մնում էդ վար ու ցանքի փողը,-պատմում է Մանուկը,-դե վերջը, տեխնիկա է, փչանալ կա, մասերը թանկ, մարդիկ էլ փողը անմիջապես չէին տալիս: Մենք էլ որոշեցինք վաճառել ու հիմա սեզոնին խոպան ենք գնում, տնեցիներն էլ հողի գործը յոլա են տանում»:

Մանուկը 7 տարի է մեկնում է արտագնա աշխատանքի ՌԴ մայրաքաղաք: Ամիսը կարողանում է միջինը 30 հազար ռուբլի ուղարկել ընտանիքին, սակայն միեւնույն է, առանց վարկերի դժվարանում են բոլոր կենցաղային ու գյուղատնտեսական հարցերին  լուծում տալ: Վերջին անգամ 1 մլն դրամի չափով վարկ վերցրել է «Սեֆ» վարկային կազմակերպությունից: Ասում է հարմար է, ի տարբերություն բանկերի, 5 աշխատանքային օրվա ընթացքում նշածդ գումարը տալիս են:

Հարցնում եմ, արդյո՞ք տարեկան տոկոսադրույքները ցածր են: Սկզբում վստահաբար նշում է. «Հա, 12 տոկոսով եմ վերցրել», հետո հիշում՝ «մենակ մի բան լավ չէ, ամեն ամիս իրանց ծառայությունների համար 8 հազար դրամ եմ տալիս»:  «Դա էլ եղավ էժա՞ն վարկ»,-փորձում եմ հասկանալ ֆիքսված ցածր տոկոսադրույքի եւ գանձվող ամենամսյա գումարի տրամաբանությունը: «Հա, էլի,-մի պահ մտորելով արձագանքում է Մանուկը,-լավ օր հաշվենք, երեւի 24 տոկոս եմ տալիս: Ուղղակի լավն էն է, օր շուտ կուտան վարկը, ըդքան բան»:

Դեկտեմբերի 25-ն է ու Լանջիկում եռուզեռ է: Գյուղի միջնակարգ դպրոցում եւ մանկապարտեզում ամանորյա հանդեսներ են: «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը բարեգործների տրամադրած գումարներով ձմեռ պապի ու ձյունանուշի զգեստներ է նվիրել լանջիկցիներին: Կազմակերպության կամավորները զգեստափոխված նախ նվերներով այցելում են դպրոցի միջոցառմանը, ապա ուղեւորվում շնորհավորելու առավել մանկահասակ երեխաների տոնը: Թե դպրոցում, թե մանկապարտեզում ծնող-հանդիսատեսների մեջ գերակշռում են տղամարդիկ: «Սաղ տարին կանայք են տարբեր առիթներով վազվզում, էս մի օրն էլ մենք գանք,-մի տեսակ արդարանալով նկատում է 43-ամյա Հակոբ Մարդոյանը,-երեխեքիցս երկուսի դպրոցական հանդեսն է, եկել եմ, որ իրանց լավ զգան, կինս էլ մնացել է տան գործերն անի»:

Հակոբը Մոսկվայից վերադարձել է դեկտեմբերի 12-ին՝ հարազատների հետ նշելու ամանորն ու սուրբ ծնունդը: Հունվարի 10-ից հետո կրկին մեկնելու է, ասում է չի կարող երկար մնալ, թեպետ տանեցիներին տարվա ընթացքում շատ է կարոտում: «Մեծ ընտանիք ենք՝ 7 անձից բաղկացած, բացի այդ քույրս էլ իր երկու երեխաների հետ ամուսնու մահից հետո մեր հետ է ապրում, ես պարզապես իրավունք չունեմ պարապ նստելու»: Չորս զավակների համար տրվող 42 հազար դրամ նպաստն ու մոր ծերության 21 հազար դրամ թոշակն ընդամենն առօրյա ծախսերի համար է:

«4 հա հող ունենք, որ տնեցիք են մշակում: Մոտ 500 հազար դրամ է պետք, որ վար ու ցանքի գործերն ավարտին հասցնես: Առանց խոպանի չի լինի, հետն էլ վարկ ենք վերցնում, որ երեխաների պահանջները կարողանանք բավարարել»,-նկատում է զրուցակիցս:

Հակոբը «խոպանի» ճամփան բռնել է 15 տարի առաջ: «Իսկ կինդ չի դժգոհու՞մ, որ տարվա մեջ մեկ ամիս եք տանը լինում»,-հարցնում եմ Հակոբին: «Չէ, չի դժգոհում, համ էլ որ դժգոհեց, մեզ ով է փող բերելու տա, որ ապրենք: Իմ կինը հասկացող կանանցից է, ինքն իմ թիկունքն է»,-34-ամյա կնոջն է գովում Հակոբը:

Զրուցակիցներս վերադառնում են դահլիճ՝ բաց չթողնելու զավակների ելույթները: Լանջիկցի փոքրիկների դեմքերը փայլում են երջանկությունից՝ հայրերը վերադարձել են «ռուսաստաններից», Լապլանդիայից գյուղ են հասել Ձմեռ պապն ու ձյունանուշը, մի շաբաթ շուտ տեղ են հասել նաեւ Ձմեռ պապին ուղղված նամակները:

Մանկական ուրախությունն անսահման է ու նրանցից շատերն այդպես էլ չեն իմանա, որ իրենց հայրերը «խոպանից» վերադարձել են ձեռնունայն՝ առանց մի կոպեկ արված աշխատանքի դիմաց ստանալու ու անմիջապես թակել վարկային կազմակերպությունների դռները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter