HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամանորին այնպես կերեք, որ ձեր ստամոսքն էլ ձեզ «չուտի»

Հարցազրույցիս առաջարկը չի մերժում, բայց հարցնում է. «ի՞նչ թեմայով ենք զրուցելու»: Ասում եմ. «կփորձեմ ձեր նախատոնական տրամադրությունը չփչացնել, պարոն Թորոսյան, շտապօգնության աշխատանքին չեմ անդրադառնա»: Ծիծաղում է. «հա, թե չէ դուք, լրագրողներդ հենց հայտնվում եք, առաջին հարցն էն է, թե ինչու՞ է ուշանում շտապօգնության մեքենան ու ոչ մեկ չի հարցնում, բա ո՞նց եք անում, որ շուտ եք տեղ հասնում»:

Գյումրու «Շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Թորոսյանի կատակասեր բնավորության, բարեհամբույր ու հոգատար վերաբերմունքի մասին գիտեն շատերը: Որպես ղեկավար էլ՝ չափազանց հանդուրժող է:

«Շատ դեպքերում հենց հումորի զգացումն է ինձ փրկում»,-ասում է զրուցակիցս: Մասնագիտությամբ թերապեւտ է, շուրջ 35 տարի է ղեկավարում է Գյումրու «ՇԲՕԿ» ՓԲԸ-ն: «Համարյա ցմահ է ստացվում,-կատակում է Ռոբերտ Թորոսյանը,- ընկել եմ «Ոսկե հորթը» ֆիլմի հերոսի՝ Ֆունտի օրը, էն որ ասում է՝ ես նստել եմ Ալեքսանդր 2-րդ ազատարարի օրոք, ես նստել եմ Նիկոլայ 2-րդ արյունարբուի օրոք, ես նստել եմ նեպմանի օրոք, հիմա ես էլ, այսպես ասած, բազմաթիվ ղեկավարների օրոք ղեկավարել եմ շտապօգնությունը»:

Կառչում եմ վերջին նախադասությունից. «դե, որ էդքան ղեկավարել եք, հաստատ բազմաթիվ հումորային պատմությունների հանդիպած կլինեք, եթե դժվար չէ, մի քանիսը հիշեք»: Սկզբում տատանվում է՝ նկատելով, եթե սկսի պատմել, պիտի ասեն, թե բուժաշխատողները շատ «բաց» մարդիկ են: Հանգստացնում եմ՝ ասելով, թե մեկ է, բոլորն էլ այդ կարծիքին են ու մի քանի պատմությունը ոչ ավելացնելու, ոչ էլ պակասեցնելու է այն:

«Երեւի, թե ամենածիծաղելի պահերը լինում են դիագնոզը դնելիս: Մեկ էլ էնպիսի բաների կհանդիպես, որ չգիտես ծիծաղես, թե լաս,-նկատում է զրուցակիցս,-ես տնօրեն նշանակվել եմ 26 տարեկան հասակում, կայանում 75-ամյա բժիշկ ունեինք, որ հիվանդության նկարագիրը դնելու իր յուրահատուկ ձեռագիրն ուներ: Ուրեմն մի անգամ կանչ էր եղել Արցախ թաղամաս (նախկին թուրքի մայլա), կռիվ էր եղել, մեր տարեց բժիշկն էր գնացել, հետ են եկել, նայում եմ դրած դիագնոզը՝ գրել է. «լոմային հարված փորային շրջանում»: Ասում եմ, ախր բժիշկ ջան, էդպես չի լինի, փոխեք, ավագ քույրը կողքից ծիծաղում է, թե դուք հըլը մյուս թերթիկը նայեք: Տեսնեմ գրել է. «ծառից ընկած կոտրվածք»:

«Դե քանի որ հեռուստատեսություն չէ, կամերայով չես նկարում, իմ դեմքը չեն տեսնելու, ես էլ իրանց դեմքը չեմ տեսնելու, սա էլ պատմեմ,-շարունակում է հիշողությունների կծիկը քանդել Ռոբերտ Թորոսյանը,-նորեկ բուժքույր ունեինք, սրան ուղարկում են կանչի: Էլի կռիվ էր եղել ու տուժողի ամորձիներին էին խփել; Հիմի էս աղջիկը մոլորված հետ է եկել, չգիտի ինչ գրի: Գնում բժիշկից է խորհուրդ հարցնում, թե դիագնոզը ոնց գրեմ, էս էլ ասում է գրի «կապտած պլոր»՝ պարզ ու հասկանալի, քույրն էլ գրել է»:

«Մի վարորդ ունեինք, որ հենց կանչից գալիս էր, մի վայրկյանում քնում էր, մի կերպ արթնացնում, մյուս կանչին էինք ուղարկում: Տղերքը մի օր բարձը հանել էին, բարձի երեսի մեջ դրսից շան փրչոտ մի քոթոթ էին գտել մտցրել: Տեղը տաք է եղել, շունիկը քնել է: Էս մեր վարորդը կանչից եկել է, հենց ուզեցել է գլուխը դնի բարձին՝ բարձը փախել է ու էդպես մինչեւ լուսաբաց: Առավոտը ինձի բողոքեց, թե Թորոսյան ջան, էս գիշեր բարձն անընդհատ գլխիս տակից կփախներ, չհասկցա, թե ընչի, կարո՞ղ է նեւրոզ ունիմ»:

Ասում եմ, շուտով նոր տարի է, պարոն Թորոսյան, տարատեսակ ուտելիքներով առատ սեղաններ են գցվելու, խմիչքի բազմազանությունն եւս չի զիջելու ուտեստներին: Որկրամոլության ռեկորդներ էլ են լինելու ու առաջինը հաստատ ձեզ են հիշելու:

«Հա, ճիշտ եք ու ես որպես բժիշկ պիտի խորհուրդ տամ, որ այս օրերին աշխատեն հնարավորինս տարատեսակ ուտելիքներն իրար չխառնել: Ուտել-խմելու օրեր են, հարկավոր է եւ ուտել, եւ ուրախանալ, բայց՝ չափավոր: Կա բուսական կերակուր, եւ կա կենդանական ծագման կերակուր, պետք է հասկանալ, թե դրանք օրվա որ ժամին ուտել, հետը ինչ խմիչք գործածել ու պետք չէ դժվարամաս կերակուրից անմիջապես հետո կրեմով խմորեղեն ուտել: ժողովրդական ասացվածք կա, թե էդ ժամանակ էլ ստամոքսը կելնի ձեզի կուտե: Որ դուք էդքան բանը լցնում եք ձեր ստամոքսը, էս խեղճն ընկնում է խուճապի մեջ, ասում է մի հատ ելնեմ տեսնեմ էս իմ տերս ով է, որ խելքը կորցրել է, նման անխիղճ կերպով կվարվի ընձի հետ: Դե դու հասկացար, սրտթափոցն եմ նկարագրում գեղարվեստորեն»,-հաղթանդամ ուսերը ծիծաղից ցնցվում են:

«Հիմա դժվար հիշեմ մեր պրակտիկայից, բայց Ջղեր Խաչիկից մի բան պիտի պատմեմ,-շարունակում է զրուցակիցս,- Նոր տարուն, գիշերը ժամը 3-ի կողմերը Ջղերը կզանգե էն ժամանակվա Լեննականի քաղկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանին, կըսե, Դոնարա Ասքանազովնա ջան, տղես սեւ իկռա է կերել, վրից էլ շոկոլադ, հըմի վատ կզգա, կռնա՞ պատահի ըսես, թե ինչ էնենք: Ուզեցել է մշտապես իկռա ուտողից իմանա անելիքը, էլ հարկ չի համարել շտապօգնություն զանգել»:

Մասնագիտությամբ բժիշկ Ռոբերտ Թորոսյանը մոլի ծխող է: Բողոքողները շատ են, բայց չի կարողանում թողնել: Փոքր տարիքից ըմբշամարտ է պարապել, բայց հետագայում հավանաբար սպորտով զբաղվելը որեւէ դերակատարություն չի ունեցել առողջությունը ծխախոտի վնասներից զերծ պահելու գործում: Հարցազրույցի ընթացքում միայն մեկ անգամ է խախտում չծխելու պայմանը:

Հարցնում եմ.«հավատու՞մ եք Ձմեռ պապին ու ամանորի հրաշքին»: Աչքերում կայծերն են հայտնվում, մի լայն ժպիտ է տարածվում դեմքին: «Իհարկե, հավատում եմ, միշտ եմ հավատացել, որովհետեւ ընդհանրապես առանց հավատի հնարավոր չէ ապրել ու առաջ գնալ,-ձայնի մեջ մտահոգություն կա,-առաջին անգամ Ձմեռ պապին նամակ գրել եմ 6 տարեկանում, սպորտային հագուստ էի խնդրել՝ «սպարտիվնի ռետուզ»: Խնդրել էի ու ստացա: Հիմի իմ 3,5 տարեկան թոռնուհին ձմեռ պապից թուր է ուզել: Մի երկու օր առաջ նամակը հետ ուզեց, թե միջի գրած թուրը ուզում եմ ջնջել, հարցնում եմ ինչի՞ համար բալիկ ջան, ասում է որովհետեւ մեծ տատը ջղայնացրել էր, իրա համար էի ուզում, բայց հիմի արդեն պետք չի:

Ժամանակին մեր ցանկությունները շատ ավելի բանական էին, շատ ավելի էմոցիոնալ, ագրեսիվ բաներ չկար մեր ցանկությունների մեջ, թանկ ու անհեռատես բաներ չէինք ուզում, հիմա, իհարկե, շատ բան է փոխվել: Աշխարհն էլ է փոխվել, դեպի ֆեմինիզացիա ենք գնում: Էն օրը հեռուստացույց եմ նայում, մի հատ մեքենա էին ռեկլամում, նոր մոդել են ստեղծել, ասում են նայեք ինչ տղամարդկային կերպար ունի: Փաստորեն տղամարդիկ էնքան են իրենց դիրքերը զիջել, որ իրանց մռութով մեքենա ստեղծելով են փորձում այդ կերպարը իրականություն վերադարձնել: Ցանկանում եմ, որ մեր տղամարդիկ գտնվեն իրենց տեղում, ինչպես նախկինում էր, վերագտնեն իրենց կերպարանքն, այսպես ասած: Շատ է փոխվել էսօրվա հայ տղամարդը՝ ամբողջ օրը բազմոցին նստած, մի տեսակ լխտիկ կերպար է՝ անօգնական ու գործ անելու ցանկություն չունեցող: էն մյուս տեսակն էլ թվում է, թե կա ու մտածում է ընտանիքի մասին, բայց տարին 12 ամիս խոպաններն է, ընտանիքից հեռու: Տան հոգսը ծանրացել է կնոջ փխրուն ուսերին, դրան գումարած նաեւ դրսի վազքը»:

Մի պահ ընդհատում է խոսքը, նայում դեմքիս ու կրկին բռնկվում ծիծաղով.« Վայ, էլի լրջացրինք, հա՞, խոստացել էի ամանորի իմ հիշողություններից խոսել, բայց անընդհատ շեղվում ենք: Հիմա, որ պատմեմ, թե ինչ ճաշեր էինք ուտում նոր տարուն կամ ինչ խաղեր խաղում՝ համակարգչի սերունդը, որ կարդա, պիտի մտածի դինոզավրերի ժամանակներից ենք: Բայց դրանք շատ ուրախ, ջերմ ու սիրով լեցուն օրեր էին: Մսեղենից շատ ուտեստներ չէին պատրաստում, փոխինձով շիլա էին սարքում, պանրխաշ, թանով ապուր, չրից կոմպոտ, պնդուք ու պոպոք էր լինում սեղանին, տանձ ու խնձոր, թթից չիրը (ղախ) խառնում էին չամիչի հետ դնում ամանորի սեղանին: Իմ ամենասիրած տոլման մինչեւ հիմա էլ պասուցն է, որ ձավարով, ոսպով, սիսեռով են պատրաստում: Սրանք իմ մանկական տարիների ամանորյա կերակուրներն են, որ մինչեւ հիմա էլ հաճույքով ուտում եմ:

1960-ից 80-ականներին տներում բնական տոնածառ էինք դնում ու նոր տարին խեժի բույրով լցվում էր տներս: Հիմա համ տոնածառն է պլասմասայե, համ մարդիկ են մի տեսակ վերածվել պլասմասի՝ առանց էմոցիաների, առանց հավատի»:

Զրույցի վերջում խնդրում եմ ամանորյա մաղթանք հղել «Հետքի» ընթերցողներին: Մի պահ լռում է՝ իմի բերելով մտքերը. «Գիտես, ես ճոխությանը դեմ չեմ, թող իմ ժողովուրդը ճոխ ապրի, բայց ոչ՝ պարտքով: Ես անգամ խոզի բուդին ու 8 տեսակ տոլմային դեմ չեմ, մենակ թե էդ ամեն ինչը հարազատներով, բարեկամներով պետք է վայելել: Մարդկանց միջից նախկին ջերմությունն ու մտերմությունը կորել է, որովհետեւ շատ բաներ արվում է ձեւական, ցուցադրական: Հնում պատրաստված բոլոր կերակուրները համարվում էին ընտանեկան: Պիտի պարտադիր բոլորը հավաքվեին սեղանի շուրջ, որ տվյալ ճաշը մատուցվեր: Դա օրենք էր շատ ու շատ օջախների համար: Հենց դա էր մարդկանց մտերմացնողը: 21-րդ դարը խլեց դա մարդկանցից: Լավ կլիներ, որ վերադառնար համերաշխ, ընտանեկան ջերմ հարկի ներքո հավաքվելու հայի սովորույթը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter