Վտարում. ազատամարտիկը սպառնում է տունը վառել
Երեւանի Վարդաշեն փողոցի 45 տան մոտ միաժամանակ կանգած են բեռնատար եւ շտապօգնության ավտոմեքենաներ: Հարկադիր կատարողները եկել են Գրիգորյանների ընտանիքը վտարելու, իսկ նրանց ունեցվածքը հենց այս պահին հարկադրաբար լցնում են բեռնատարի մեջ:
1973 թ. օգոստոսին Ռուստամ Գրիգորյանն առքուվաճառքի պայմանագրով Ազատ Վարդանյանից 10 հազար ռուբլիով գնել է այս տան 3 սենյակները՝ 60 քմ մակերեսով, որն, ինչպես ինքն է ասում, եղել է տան օրինական մասը: Մեկհարկանի շինության հետնամասը եղել է ինքնակամ կառույց, եւ Վարդանյանները շարունակել են ապրել տան հենց այդ հատվածում: Նույնիսկ առքուվաճառքի պայմանագրում նշվել է, որ բնակարանի կոմունալ հարմարություններն ընտանիքները պետք է օգտագործեն համատեղ:
Հետագայում, երբ ընտանիքների անդամներն ավելացել են, Գրիգորյանները տան առջեւի հատվածում կառուցել են խոհանոց, բաղնիք եւ զուգարան, եւ Գրիգորյաններն ու Վարդանյանները շարունակել են համատեղ օգտագործել միայն բնակարանի մուտքը:
«Մոտ 40 տարի է՝ ապրում ենք այս տանը: Անցյալ տարի դիմեցինք դատարան՝ խնդրելով, որպեսզի բնակարանի մեր զբաղեցրած մակերեսի նկատմամբ ճանաչվի մեր սեփականության իրավունքը: Բայց մեր հարեւանը՝ Վարդանյանները, հակընդդեմ հայցով պահանջեցին մեզ վտարել»,- պատում է Ռուստամի ավագ որդու կինը՝ Լիզա Մելիքյանը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է Գրիգորյաններին Վարդաշենի 6-րդ փողոցի 45 տնից վտարել: Ոչինչ չեն փոխել նաեւ վերադաս ատյանները, եւ առաջին ատյանի վճիռը ստացել է օրինական ուժ:
«Նույնիսկ Պիկասսոն չէր կարող այնպիսի նկարչություն անել, ինչպես դատավորն է արել այս գործում: Այն փաստերը, որոնք մենք փաստաթղթերով հիմնավորված ներկայացրել ենք, դատավորներից ոչ ոք հաշվի չառավ: Իսկ մյուս կողմի բերանացի ասածներն ընդունեցին որպես հիմք»,- մանրամասնում է Ռաիսա Գրիգորյանը՝ Ռուստամ Գրիգորյանի թոռը: Իսկ նրա մայրը թվարկում է դատարանի թույլ տված «աղաղակող կեղծիքները»:
«Մեր սեփականության իրավունքը ճանաչելու հայցադիմումի տակ ստորագրել էր նաեւ սկեսուրս՝ Ռոզա Գրիգորյանը: Դատարանը, հավատալով մյուս կողմին, գտավ, որ նրա հայցը չի կարող բավարարվել, քանի որ վերջինս Ռուստամի նախկին կինն է: Բայց գոյություն ունի զագսի վկայական, Ռուստամի միակ եւ օրինական կինը Ռոզան է: Ինչպես կարելի՞ է այդքան սուտ հորինել»,- զարմանում է Լիզա Մելիքյանը:
«Կամ դատավորը որոշել է Ռոնալդ Գրիգորյանին (տանտիրոջ մյուս որդուն) գրանցումից հանել, որովհետեւ նա 15 տարի Հայաստանում չի եղել: Բայց նրա անձնագրում՝ մուտքի եւ ելքի վիզաներով, երեւում է, թե երբ է Հայաստանից մեկնել ու ինչքան ժամանակով: Այս ընթացքում Ռոլանդն ընդամենը 1 տարի է բացակայել, եւ ամբողջ թաղամասը, հարեւաններն այդ մասին վկայում են»,- շարունակում է Լ.Մելիքյանը:
Հենց ինքը՝ ժամանակին տունը գնած Ռոստամ Գրիգորյանը, բարձրաձայնում է մյուս կեղծիքի մասին: Ըստ նրա՝ նոր թաղայինը՝ Ռոբերտ Արզումանյանը, որ Ազատ Գրիգորյանի փեսան է՝ հարազատ դստեր ամուսինը, դատարանում սուտ ցուցմունք է տվել, թե Գրիգորյանները շատ երկար ժամանակ է, ինչ այդ տանը չեն ապրում:
«Բա ո՞վ ա էսքան ժամանակ գազի ու լույսի փող տվել, կտրոնները կան, չէ՞, ինչպե՞ս կարելի է այդ ամենն անտեսել: Նույնիսկ նախկին թաղայինը, որ 20 տարի մեր թաղայինն էր, եկավ ու ասաց, որ այդպիսի բան չկա, սա թաղամասի ամենաբազմամարդ ընտանիքն է: Ոչ մի բան հաշվի չառան»,- հավելում է Լիզա Մելիքյանը: Նա նկատում է, որ նախկին դատավոր Օլգա Հովհաննիսյանն իրենց հարեւանի՝ Վարդանյանների ազգականն է, ու հենց վերջինիս կապերի շնորհիվ, ավելի կոնկրետ՝ «Արման Մկրտումյանի միջամտությամբ» էլ դատարանները դիմել են նման ապօրինության:
«Ես 76 տարեկան մարդ եմ, իմ քրտինքով փող եմ աշխատել, էս տունն առել: Հիմա ինձ ստիպո՞ւմ են մարդասպան դառնամ,- ասում է Ռոստամ Գրիգորյանը,- Հիմա էլ իրենք (Վարդանյաններ) ինձ ասում են՝ 10 հազար դոլար տվեք, ձեր հողամասը տվեք մեզ, քանդեք ձեր խոհանոցն ու ըտեղով ձեր համար նոր մուտք բացեք, մենք էլ վտարման պահանջից կհրաժարվենք»:
Ռուստամի որդին՝ ազատամարտիկ Ռոլանդ Գրիգորյանը, որ ժամանակին կռվել է Գարեգին Նժդեհ ջոկատում, սպառնում է տունն այրել. «Թող ինձ դատեն: Պետք ա հարցնեն՝ ինչի՞ համար ես վառել, տրաքցրել, կասեմ՝ ես փող չունեմ, որ դատարանին տամ ու իմ օրենքներս ճիշտ պաշտպանեն: Մարդիկ փող ունեն, տալիս են, ասում են՝ ոբշմ, հելեք գնացեք ստեղից: Մարդիկ փող ունեն, օրենքն առնում են, մեզ էլ ստիպում են հանցագործություն անենք»:
Գրիգորյանները նոր հայցով մտել են առաջին ատյանի դատարան եւ պահանջում են ճանաչել 1973թ. կնքված առքուվաճառքի պայմանագրի վավերականությունը: Նրանք խնդրում են բոլորի, հատկապես լրագրողների եւ օմբուդսմենի գրասենյակի աջակցությունը, որպեսզի ներկա լինեն դատավարությանը եւ ինչ-որ կերպ դատարանի գործողությունները վերահսկեն: ՄԻՊ գրասենյակի ներկայացույցիչները եւս այսօր դեպքի վայրում էին:
Հ. Գ. Վարդանյանների հետ զրուցել մեզ չհաջողվեց. նրանցից ոչ ոք տանը չէր: Իսկ Ազատ Վարդանյանի որդու բջջային հեռախոսը չի պատասխանում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել