HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ովքե՞ր են «Մոսկվա» կինոթատրոնի իրական թալանողները

«Տեսնելով, որ ես իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Եգոր Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին` ասելով. «Նա էլ հո էսքան չի դիմանա»:

Միաժամանակ Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու ինձ անարգեն,- դատարանում պատմել է Ստեփան Հովակիմյանը:- Ինձ նորից տարան սենյակ ու սկսեցին շորերս քաշքշել, որպեսզի հանեն: Միաժամանակ երկու հոգի գնացին Գոհարի հետեւից: Տեսնելով, որ նրանց արածն արդեն անցնում է ամեն սահման, ինքնասիրությունս ու արժանապատվությունս պահելու համար ես խնդրեցի չստորացնել ինձ, ինչին պատասխանեցին, որ ուրեմն իրենց ասածով պետք է անեմ, քանի որ այլ տարբերակ չունեմ»:

28-ամյա Ստեփանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ե. Անտոնյանի ցուցումով 3-4 երիտասարդ ոստիկաններ իրեն դաժանաբար ծեծել. «Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս… Չնայած ոստիկանները պնդում էին, որ ես գրեմ, որ Վահրամի ու Վազգենի հետ եմ կատարել գողությունը, ես նրանց կարողացա համոզել, որ գրեմ միայն Վահրամի անունը, իսկ Վազգենի մասին գրեմ, թե իբր նրան էլ եմ առաջարկել մասնակցել գողությանը, բայց նա հրաժարվել է»:

Ստեփան Հովակիմյանի եւ նրա ընկերոջ` 24-ամյա Վահրամ Քերոբյանի գործը մի քանի ամիս է` Կենտրոնի դատարանում է:

Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու (5 մլն 48 հազար ՀՀ դրամ եւ 10 հազար ՌԴ ռուբլի) համար: Գողությունը կատարվել է այս տարվա հունվարի 10-ին, մինչդեռ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին` Ստեփանի ձերբակալման օրը:

«Դե, միառժամանակ հետո ենք հաղորդում տվել: Նախնական մենք իրենց շանս տվեցինք, ասացինք` բերեք գումարը վերականգնեք, չեթաք նստեք: Քանի որ ոչ կոտրած ապակի կար, ոչ մի բան. դուռը, սեյֆը բանալիով էին բացվել: Մենք էլ էինք հասկանում, որ մեջից մարդ կար, ներսի մարդ էր»,- ասում է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի տնօրեն Մարտին Ադոյանը:

Իրականում, սակայն, ոստիկանությունը գողության մասին ի սկզբանե տեղեկացվել է, պարզապես միտումնավոր այն չի գրանցել:

Ստեփանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, պատմում է, որ այդ օրերին կինոթատրոնի տնօրեն Մ. Ադոյանն իր հետ զրույցում ասել է, թե ոստիկանապետի մտերիմ ընկերն է, անձամբ է զանգել Ալիկ Սարգսյանին, իսկ վերջինս «հրահանգել է գործն անպայման բացել»:

«Ուղղակի Ստեփանին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, նոր միայն զանգել են Կինոմոսկվայի ղեկավարներին ու ասել` հանցագործության մասին հաղորդում բերեք»,- համոզված է Բենիամին Հովակիմյանը:

Ստեփանը Կինոմոսկվայի արդեն նախկին տոմսավաճառներից մեկի` Գոհարի ընկերն է:

Կինոթատրոնի ներսում տեղակայված 4 տեսախցիկների` այդ օրը նկարահանած երիզները դիտելիս աշխատակիցները կինոթատրոնի տոմսարկղին մոտեցող երիտասարդին նմանեցրել են Ստեփանի ընկերոջը` Մհերին:

Դեպքի հենց հաջորդ օրը Գոհարին, Ստեփանին ու նրա ընկերներին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

Ստեփանի պատմելով` սկզբում համոզելով ու հոգեբանական ճնշումներով, այնուհետեւ ծեծելով փորձել են իրենից ցուցմունք կորզել այն մասին, որ գողությունն իր պահանջով կատարել է Մհերը:

Սակայն երբ պարզվել է, որ Մհերը նկատելի բարձրահասակ է տեսաերիզում երեւացող երիտասարդից, տղաներին բաց են թողել:

Շուրջ քսան օր անց, Երեւանի քաղաքային վարչությունից ոմն Մոսո զանգահարել եւ առաջարկել է Ստեփանին հանդիպել ու պարզապես զրուցել:

Վարչությունում հասել են «հաջողության», եւ այստեղ տված ցուցմունքը Ստեփանը նույնությամբ կրկնել է Կենտրոնի բաժնում` քննիչ Տիգրան Կիրակոսյանի մոտ:

Ըստ հիշյալ ցուցմունքի` Ստեփանը նախ իմացել է, որ կինոթատրոնի չհրկիզվող պահարանի բանալին պահվում է գանձապահներից մեկի աշխատասեղանի դարակում, ապա գաղտնի Գոհարի պայուսակից վերցրել է տոմսարկղի սենյակի մուտքի դռան բանալին ու պատրաստել դրա կրկնօրինակը:

Այնուհետեւ ընկերոջը` Վազգեն Հակոբյանին առաջարկել է գողություն կատարել, սակայն վերջինս ոչ միայն մերժել է, այլեւ հորդորել է Ստեփանին հրաժարվել այդ մտքից:

Նախաքննության ընթացքում նմանատիպ ցուցմունք է տվել նաեւ Վազգենը: Սակայն դատարանին հայտնել է, որ ամեն ինչ վախի ազդեցության տակ է գրել, իր առջեւ դրել են Ստեփանի ցուցմունքն ու ստիպել նույնությամբ արտագրել:

Մեղադրանքի համաձայն` մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքերը մարելու համար Ստեփանը, այնուամենայնիվ, չի հրաժարվել գողության մտքից ու այն իրագործելու համար նույն օրը երկրորդ անգամ դիմել է ուսանողական մյուս ընկերոջը` Վահրամ Քերոբյանին ու ստացել դրական պատասխան:

Ոստիկանությունում, սակայն, Վահրամը հերքել է այս ինֆորմացիան, հրաժարվել ցուցմունք տալ` պահանջելով առերեսում, ինչը չի իրականացվել:

Այն, որ վերջինս նման հնարավորություն ունեցել է ու ոստիկանությունում «ծեծ չի կերել», Ստեփանի հայրը պայմանավորում է մեկ հանգամանքով` Վահրամը ոստիկանություն էր ներկայացել փաստաբանի հետ:

«Եթե նայեք կադրերը, այդ տղան (գողը-հեղ.) հատուկ քայլվածք ունի: 100 մլն մարդուց մեկն է այդպես քայլում: Վահրամը կոպիա այդ տղան է` չափսերով էլ, քայլվածքով էլ»,- ասում է Կինոմոսկվայի փոխտնօրեն Նորայր Ազատյանը:

«Նույնիսկ անզեն աչքով նկատելի է` տեսաերիզի տղան շատ ավելի բարձրահասակ է, քան Վահրամը, իսկ քայլվածքը` խիստ տարբեր»,- հակադարձում է Բ. Հովակիմյանը:

Քրեական գործում փորձագիտական որեւէ կարծիք Վահրամ Քերոբյանի եւ կադրերում երեւացող տղայի նույնականության մասին չկա:

«Քննիչը փորձագետի կարիք չի էլ զգացել, քանի որ նրա խնդիրը գործ սարքելն է եղել: Մինչդեռ նմանատիպ հարցերում կարեւոր է հենց փորձագետի եզրակացությունը, ոչ թե տուժող կողմի կամ որեւէ այլ սուբյեկտիվ կարծիք»,- ասում է Ստեփանի հայրը:

Կադրեր ասվածի տեւողությունը 1,5 րոպե է: Սկզբում դեպքի առնչությամբ կինոթատրոնի ղեկավարությունը ոստիկանությանը տրամադրել է կես ժամը գերազանցող ժապավեն:

Փոխտնօրեն Նորայր Ազատյանը նշում է, որ հետագայում հենց ոստիկանության խնդրանքով իրենք ընտրել են ժապավենի այն հատվածները, որտեղ «հերոսը» երեւում է, իսկ այդ` բուն գործողությունները պատկերող հատվածի տեւողությունը ստացվել է ընդամենը 1,5 րոպե:

Նա տարօրինակ չի համարում, որ ժապավենի ամբողջական տարբերակը չեն պահպանել: Իսկ թե ինչպես է այն անհետացել ոստիկանությունից, հորդորում է հարցնել հենց ոստիկանությանը:

Ինքը` քննիչ Տիգրան Կիրակոսյանը, «Հետքի» հետ զրույցում հրաժարվեց թեմայի շուրջ խոսելուց` վկայակոչելով մի քանի պատճառ: Նախ` բավական ժամանակ է անցել եւ շատ բան չի հիշում: Հետո` գործն արդեն դատարանում է: Բացի դրանից` հիմա նույն գործին չէ ու շատ զբաղված է:

Բենիամին Հովակիմյանը ժապավենի անհետացումը համարում է դիտավորություն: Քանզի, ըստ նրա, նույնիսկ առկա կադրերում ապակիների արտացոլանքը հստակ ուրվագծում է դեպքի վայրում երկրորդ անձի գոյությունը, որը եթե հանցակից չէ, ապա առնվազն կարող է ասել, թե ով է հանցագործը. «Իսկ այդ երկրորդ անձի դիրքը փաստում է, որ տեսախցիկներից մեկը նրա դեմքը պետք է ֆիքսած լիներ»:

Մեղադրանքի հիմքում դրվել է նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրած տեղեկությունը, որի համաձայն` դեպքի ժամանակահատվածում (հունվարի 10-ին` ժամը 23-ի սահմաններում) Ստեփանը եւ Վահրամը միմյանց հետ ունեցել են «հեռախոսային բազմաթիվ խոսակցություններ»:

Քննիչը եզրակացրել է, որ Ստեփանը դրսից բջջայինով Վահրամին ուղղորդել է: «Իսկ հեռախոսահամարները սպասարկվել են Աբովյան 18 հասցեում (կինոթատրոն «Մոսկվա») տեղակայված ալեհավաքի կողմից, ինչը հաստատում է, որ դեպքի ժամանակահատվածում Ս. Հովակիմյանը եւ Վ. Քերոբյանը գտնվել են դեպքի վայրում»,- նշված է մեղադրականում:

Ստեփանը չի ժխտում, որ ընկերոջը 6-7 անգամ զանգահարել է, սակայն, ըստ նրա, խոսակցության թեման ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ:

«Մենք հատուկ հարցում ուղարկեցինք «ՎիվաՍելին», թե «Մոսկվա» կինոթատրոնի վրա տեղադրված 2 անտեննաներն ինչ տարածքներ են սպասարկում: Անտրամաբանական պատասխան տվեցին, թե նշեք կոնկրետ հեռախոսահամարը: Միջնորդեցինք, որ դատարանը նման հարցում ուղարկի, բայց դատավորը (Արմեն Խաչատրյան) մերժեց,- ասում է Բ. Հովակիմյանը,- իսկ զուտ տեխնիկական տվյալներով` անտեննան կարող է սպասարկել 5-10 կմ շառավղով, ինչը բնավ չի ենթադրում, որ Վահրամը եղել է հենց կինոթատրոնի տարածքում»:

Քրեական գործում առկա 1,5 րոպեանոց կադրերում տեսախցիկներից մեկը ժամը ֆիքսել է 00:12, իսկ մյուսը` 03:15: Կինոթատրոնի փոխտնօրենը հայտարարել է, որ երկրորդի դեպքում ժամացույցը մոտ 20 ժամ հետ է:

Սա հիմք ընդունելով` քննիչն արձանագրել է` գողությունը կատարվել է 23:00-ի սահմաններում: Իսկ մյուս տեսախցիկի արձանագրած ժամը, առանց որեւէ մեկնաբանության, հաշվի չի առնվել:

Ավելին` դատարանը մերժել է ամբաստանյալների պաշտպաններ Տիգրան Սաֆարյանի եւ Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը կինոթատրոնի տեսաձայնագրող սարքերի սերվերները փորձագիտական ուսումնասիրության ենթարկելու վերաբերյալ:

Փաստաբանները պնդում են, որ Ս. Հովակիմյանի եւ Վ. Քերոբյանի հանցանքը հաստատող որեւէ ուղղակի ապացույց գործում չկա: Իսկ անուղղակի ապացույցները հակասական են կամ թերի:

Օրինակ` չկան ապացույցներ, թե Ստեփանն ում է 10 հազար դոլար պարտք եղել կամ կոնկրետ ինչ է արել կինոթատրոնից հափշտակած գումարը:

«Ավելին, ես պնդում եմ` կինոթատրոնի ներկայացրած հաշվապահական փաստաթղթերում առկա են կեղծումներ, բայց դատարանը հրաժարվեց դրանք ուղարկել փորձաքննության»,- ասում է Բ. Հովակիմյանը:

«Պարոն Բենիամին Հովակիմյան, եթե այդքան ազնիվ եք, ինչո՞ւ էիք ինձ 1 մլն դրամ առաջարկում, որ գողացված գումարի չափը պակասեցնեմ: Եթե 100 տոկոսով գիտեք, որ ձեր տղան չի գողացել, ի՞նչ տարբերություն` 3 տարի է նստում, թե 7: Գնացեք էդ 1 մլն-ը եվրաքննիչներին տվեք, ոչ թե ինձ էլ հանցագործության մղեք: Մուծող եք, բերեք 5 մլն-ը մուծեք»,- ասում է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը եւ պարզաբանում, որ հիմա Ստեփանին առաջադրված մեղադրանքը սահմանում է 4-8 տարվա ազատազրկում, իսկ եթե գողացված գումարը 3 մլն-ը չգերազանցեր, պատժաչափը կփոխվեր` 2-6 տարի:

«Քննիչն ինձ անընդհատ ասում էր` գնա Կինոմոսկվայի հետ լեզու գտիր, արի տեսնենք` ինչ ենք անում: Պատասխանեցի, որ նախ` հնարավորություն չունեմ, երկրորդ` եթե նման բան անեմ, ստացվում է, որ իմ տղան է արել: Իրենք էլ ասում էին` ուրիշ ձեւ չկա,- մանրամասնում է Բ. Հովակիմյանը,- ի՞նչ անես: Ես էլ մոլորված վիճակում գնացել եմ ու բառացիորեն ասել` Մարտին ջան, ես գիտեմ` իմ տղան չէ, բայց եթե հնարավոր ես համարում, ես 1 մլն-ը կմուծեմ` պայմանով, որ Դուք գումարի չափն իջեցնեք 3 մլն-ից պակաս: Մարտինն ասաց` գլխավոր հաշվապահիս հետ կխորհրդակցեմ, նոր կպատասխանեմ: Երբ ես տղայիս խաբար արեցի այս առաջարկության մասին, ինքը չհամաձայնվեց: Ու մյուս օրը, երբ ես զանգում էի, որ ասեմ` մեր առաջարկն այլեւս ուժի մեջ չէ, Մարտինն ինքն առաջինը ասաց` մենք այդպիսի բան չենք կարող անել»:

«Եթե ասում են, որ Ալիկ Սարգսյանը մեր ընկերն է, ուրեմն Վազգենն էլ պիտի հետը նստած լիներ, Գոհարն էլ,- շեշտում է կինոթատրոնի փոխտնօրենը,- մենք մինչեւ էսօր գործին ընդհանրապես չենք միջամտել: Չեք կասկածում, չէ՞, որ կարանք ինչ-որ բաներ անենք: Բայց մենք երբեք չենք արել, ասում ենք` այ մարդ, թող մեր փողը բերեն, տան: Մենք որ ուզենայինք, Վազգենն էլ նստած կլիներ, Գոհարն էլ հետը: Ձեզ թվում է` Գոհարն անմե՞ղ է: Մենք հեչ շահագրգռված չենք, որ Ստեփանը նստի, բայց թող բերեն մեզ պատճառած վնասը վերականգնեն»:

«Գործի հետ կապված բոլոր կասկածները պետք է փարատվեն դատարանում: Բայց դատավորը մեր գրեթե բոլոր միջնորդությունները, որոնք լույս կսփռեն շատ հարցերի վրա, մերժում է: Ես մտադիր եմ բաց նամակ գրել երկրի ղեկավարներին»,- ասում է Բ. Հովակիմյանը:

Դատավարությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter