HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Աշխարհը` մի ակվարիում, ու Թուրքիան` մեծ ձուկ. կարծում է հայկական արմատներով Սարոն

Հայկական արմատներով Սարուհան Թավլարի տան մի անկյունում աչք է զարնում ծնողների լուսանկարը. շեկ մազերով կնոջ կողքին կանգնած թխադեմ երիտասարդը հայի է նման:

«Բա ինչո՞ւ է մայրս ինձ Սարուհան կոչել, այլ ոչ թե Մեհմեդ կամ Ալի»,- ժպտալով ասում է Սարոն, որին մանկուց այդպես են կոչել ու այդպես էլ նրան դիմում է կինը՝ Նելլին. Երևանից Ստամբուլ տեղափոխված մի հայ միգրանտ, որ մասնագիտությամբ արևելագետ է:

Հայաստանում շատ է տարածված Սարուխանյան ազգանունը, որ գալիս է Սարուհան անունից: Իսկ այն, որ Սարոն հայկական արմատներ ունի, վերջինս իմացել է մոտ տասը տարի առաջ. հայրական տատն է ասել մահանալուց առաջ՝ ցանկանալով, որ թոռն իմանա իր հայկական ծագման մասին:

«Բայց ես բոլորովին էլ չզարմացա դրանից ու նույնիսկ եթե իմանայի, որ այլմոլորակային եմ, էլի չէի զարմանա,- մեկնաբանում է նա,- որովհետև այստեղ շատ մարդկանց արմատներն այլ ազգերից են գալիս, ու բոլորի մեջ էլ խառը արյուն կա, բայց մարդ կա` ընդունում է, մարդ կա՝ ոչ, շատերն էլ իմանալով՝ չեն համարձակվում այդ մասին խոսել»:

Սարոն մասնագիտությամբ էլեկտրիկ է, այժմ՝ 35 տարեկան, սակայն թոշակի է անցել երկու տարի առաջ, որովհետև աշխատանքի ժամանակ վնասել է աչքերից մեկն ու տեսնում է մեկ աչքով: Սրանից երեք տարի առաջ ծանոթացել է Նելլիի հետ, որ աշխատում էր Ստամբուլի բեռնափոխադրումներ իրականացնող մի ընկերությունում, ու հետո ամուսնացել են:

Սարոն մահմեդական է, սակայն կարծում է, որ կարևորը ոչ թե ազգությունն է կամ կրոնը, այլ մարդու միտքն ու սիրտը: Նելլիի հետ նա ամուսնացել է ոչ թե նրա` հայ լինելու համար, այլ որովհետև սիրել է, իսկ հայկական արմատների մասին իմանալուց հետո ոչինչ իր մոտեցումներում չի փոխվել:

«Ես այսօր եկեղեցի եմ գնացել Զատիկ նշելու համար, իմ համար միևնույն է, թե ես որտեղ կաղոթեմ Աստծուն. մզկիթն էլ, եկեղեցին էլ Աստծո տներ են, ու իմ խնդրանքն իմ սրտից է գնում, ու ես կարող եմ տանն էլ աղոթել»,- ասում է նա:

Սարոն ու Նելլին հունվարի 6-ին տոնում են Քրիստոսի ծնունդն ու աստվածահայտնությունը. սեղանին հայտնվում են կարմիր գինին, ձուկը, իսկ մինչ Սարոն բրնձով փլավ կպատրաստեր, Նելլին համակարգչի գինու բաժակը հպում է համակարգչի էկրանին, որի մյուս կողմում մայրն է՝ Երևանից. շնորհավորում է նրանց տոնը:

«Ես չեմ վախենում բարձրաձայն ասել իմ հայկական արմատների մասին,- շարունակում է Սարոն,- իսկ շատ մարդիկ կան, որոնք, իրականում, նամազ չեն անում, բայց երբ հարցնում ես, ասում են, թե անում ենք»:

Մինչև նախորդ դարասկիզբը Ստամբուլն ունեցել է մոտ մեկ միլիոն բնակչություն, իսկ պատմական քաղաքը սահմանափակված է եղել ներկայիս Ֆաթիհ վարչական տարածքում:

«Հիմա այնտեղ եղել են հայեր, ասորիներ, հույներ, թուրքեր և այլն, ու բոլորով միասին ապրել են մի տեղում, ինչպե՞ս հնարավոր է, որ իրենց մեջ խառնուրդ չլիներ,- հարցնում է նա ու պատասխանում,- պետք չէ հրաժարվել այդ փաստից ու ասել, որ նման բան չկա, շատ զարմանալի կլիներ, եթե խառնված չլինեին»:

Սարոյի կարծիքով չկա ավելի վատ բան, երբ արգելափակվում է մարդու՝ իր անցյալն իմանալու հնարավորությունը: «Դա զուլումից էլ վատ է, երբ մարդը չգիտի, թե որտեղից է գալիս ու ուր է գնում,- ասում է նա,- հիմա մի թուրքի կամ քուրդի հարցում ես որտեղից ես, ասում է, որ Մուշից է, բայց այնտեղ հայկական եկեղեցիներ ու գերեզմաններ կան, ու դա հայկական բնակավայր է, դա նշանակում է, որ այդ մարդը կամ չգիտի իր արմատների մասին, կամ է գիտի՝ չի ուզում խոսել»:

Արդեն փլավն էլ պատրաստ է, ու Սարոն խնամքով այն լցնում է ափսեների մեջ՝ միաժամանակ պատմելով, որ այս հարցերի մասին հնարավոր չէ Թուրքիայում հաղորդակից չլինել, որովհետև շրջապատում բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում, ու մարդիկ իմանում են, որ իրենք, թեպետ Թուրքիայի քաղաքացի են, սակայն, հնարավոր է, որ թուրք չեն:

«Սակայն նման բաների մասին ոչ մի դասագրքում գրված չէ, ու մարդ կա, որ ուզում է իմանալ, թե որտեղից է գալիս, սակայն հնարավոր չէ ընտանիքիդ մասին շատ բան իմանալ,- ասում է նա,- որովհետև հանրապետության շրջանում մարդու մասին իրենց ինչ ձեռք է տվել, այն էլ գրել են, ու պատմությունն էլ է այդպես գրվել, մինչդեռ ամեն մարդ Թուրքիայում իր պատմությունն ունի»:

Սարոն պատկերավոր բացատրում է, թե եղել է Օսմանյան կայսրություն, որտեղ եղել են բազմաթիվ գյուղեր, այդ գյուղերում՝ տներ, որտեղ ապրում էին մարդիկ:

«Հետո մի թելով սահման են քաշել այդ տների արանքով, ու մի սերունդ հետո թելի մի կողմում մարդիկ դարձել են Թուրքիայի, իսկ մյուս կողմում՝ Սիրիայի քաղաքացիներ,- ասում է նա,- սակայն մինչև այդ թելը, կար մի Օսմանյան կայսրություն, ու բոլորն ապրում էին այդ հողի վրա ու չէին մտածում իրենց ազգության մասին»:

Սարոյի մայրը գերմանուհի է, իսկ հայրական կողմը Սվասից է (Սեբաստիա), սակայն շատ բան չգիտի նրանց մասին. միայն հիշում է, որ պապը շատ էր ճնշում տատին, իսկ ինքն իր տատուն շատ էր սիրում և հակառակը՝ պապուն չի սիրել:

«Տատուցս մի խոսք եմ լավ հիշում. ասում էր, կյանքը մեծ ակվարիում է, որտեղ տարբեր ձկներ կան ու մեծ ձկներն ուտում են փոքրերին: Իսկ փոքրերը, եթե չեն ուզում, որ իրեն կուլ տան, կամ պիտի սուս մի տեղ թաքնվեն կամ էլ մեծերին նմանվեն»,- պատմում է Սարոն:

Սարոյի տատու թևին դաջվածք է եղել, որին տանեցիներն ուշադրություն չեն դարձրել, սակայն իր հայ լինելու մասին իմանալուց հետո հասկացել են, որ խաչի է նման. այդպես մարդկանց թևերին դաջվածքներ են արել, որպեսզի տարբերեին նրա ով լինելը:

Ցեղասպանության մասին Սարոն ունի իր մոտեցումները,  ու ասում է, որ Թուրքիան հզոր պետություն է դարձել` թույլերին ոչնչացնելով ու նրանց ինչքը սեփականացնելով:

«Այդ մասին բոլորն էլ գիտեն, ուղղակի չեն խոսում, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի մարդիկ իրենց հարստությունն ու ինչքը թողնեին ու փախչեին,- մեկնաբանում է նա,- դա հենց նշանակում է, որ մարդն իր կամքով չի գնացել, այլ սպանել կամ բռնությամբ տանից հանել են: Օսմանյան կայսրությունում հայերը իրենց իշխանություն չունեին, ու, հետևաբար, նրանց որպես փոքրամասնություն պիտի ոչնչացնեին»:

Նա կարծում է, որ պիտի լինի փոխհատուցում, որովհետև եթե մի բան քոնն է եղել, ուրեմն պիտի քոնն էլ լինի. «Բայց ես համոզված եմ, որ պետությունը ոչ մի բան էլ չի տա, որովհետև հայերի հողերն այժմ մասնավորեցված են, ու պետությունը պիտի դրանք բոլորը մարդկանցից գնի, ու դրա վերջը չի երևում: Բայց եթե ես լինեի կառավարություն, սահմանները կբացեի ու կասեի, որ սա քո պապինն է եղել, ուրեմն օրինական ճանապարհով պիտի վերադարձվի քեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter