HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ծխախեղդ երկու կին է հայտնաբերվել Գյումրու տուն-ինտերնատում հունվարի 15-ին

Լուսաբացին ստացվող գույժերը սկսում են օրինաչափ դառնալ Գյումրու համար: Հունվարի 15-ին, ժամը 06:20-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատից ահազանգ է եղել շտապօգնության կայան՝ ծխախեղդ եղած երկու կանանց վերաբերյալ: Ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանն ասում է, որ իրեն զանգահարել են ժամը 06:28-ին, իսկ դրանից տասը րոպե առաջ հերթապահ քույրն արդեն իսկ ահազանգել էր ոստիկանությանն ու շտապօգնությանը:

«Հրդեհ չի գրանցվել, ինչպես որ շատերը տարածել են, նույն սենյակում ապրող Հրանուշ Ավագյանը՝ ծնված 1934թ. եւ Արաքսյա Օհանյանը՝ ծնված 1953թ., նախնական տվյալներով` խեղդվել են ծխից: Սենյակում փոքրիկ պլիտա են միացրած թողել, կանանցից մեկի շալն է ընկել վրան, բայց ոչ թե հրդեհ է դրանից բռնկվել, այլ ծխացել է, կանայք դրանից են մահացել»,-նշեց տնօրենը:

Տուն-ինտերնատում 159 մարդ է բնակվում: Շենքն ունի կենտրոնացված ջեռուցում: Հիմնանորոգումից հետո տարիներ առաջ լուծվել էր նաեւ տուն-ինտերնատի կաթսյատան խնդիրը: Նախկինում, տարիներ շարունակ, սենյակները ձմռան ամիսներին տաքացվում էին էլեկտրական սալիկների միջոցով: Տնօրեն Ներսես Մարգարյանի փոխանցմամբ` ինչ տուն-ինտերնատն անցել է լոկալ ջեռուցման, նորմալ ջերմություն է ապահովվում, եւ շահառուները կարիք չունեն սենյակները լրացուցիչ կերպով տաքացնելու:

Ծխախեղդ եղած կանանց սենյակում բաց պարույրներով էլեկտրական սալիկի առկայությունը տնօրենը բացատրում է երեկոյան թեյ կամ սուրճ խմելու` շահառուների ցանկությամբ. «Նրանցից Հրանուշ Ավագյանը շաքարային դիաբեդ ուներ եւ ինձ խնդրել էր թույլատրել պլիտա ունենալ՝ իրիկունը թեյ կամ սուրճ պատրաստելու համար»: Ընթրիքը տրվում է երեկոյան ժամը 18:30-ից 19:30-ի սահմաններում եւ հավելյալ սնունդ պատրաստելու կարիք քչերն են ունենում:

Տուն-ինտերնատում կա գիշերային հերթապահություն: Ժամը մեկ հերթապահ քույրն ու կաթսայատն աշխատակիցը շրջում են հարկերով: Մահացած կանանց հարկաբաժնում վերջին անգամ ջեռուցման մարտկոցները ստուգելու նպատակով եղել է կաթսայատան աշխատողը եւ որեւէ կասկածելի բան չի նկատել: Արդեն լուսաբացին, երբ հերթապահ քույրն է շրջելիս եղել, ծխի հոտ է զգացել:

Նախնական ենթադրությունն այն է, որ կանանցից մեկը ջուր տաքացնելու նպատակով միացրել է էլեկտրական սալիկը, այնուհետեւ մոռացել անջատել:

Մահացած երկու կանայք էլ հարազատներ ունեն: Նրանցից Ավագյան Հրանուշի մերձավորները Գյումրիից են եւ անմիջապես արձագանքել են: Արաքսյա Օհանյանը ծնունդով Երեւանից էր, նրա քույրն եւս տեղեկացված է կատարված մասին: Ինտերնատի տնօրենն ասաց, որ կանանց կհուղարկավորի պետությունը, եթե հարազատները չցանկանան կամ միջոցներ չունենան հուղարկավորությունը կազմակերպելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter