HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

«Պատմությունն է ընտրում ինձ». հայ ընտանիքի պատմությունը` իռլանդացի լուսանկարչի հայացքով

Իռլանդացի վավերագրող լուսանկարիչ Հելեն Շիհանը հայ ընտանիքների և կորսված հայ բնապատկերների թեմայով արդեն երկրորդ ցուցահանդեսն է ներկայացնում Թուրքիայում:

«Իմ աշխատանքներում ես մշտապես անդրադառնում եմ փոքրամասնություններին, որոնք մարգինալացվելով` ուշադրության չեն արժանանում»,- «Հետքին» ասում է Հելենը:

Դեպո ցուցասրահում Հելենը Ստամբուլի մշակութասեր հանրությանն էր ներկայացնում Դիարբեքիրի թեմայով արված լուսանկարները, որոնք նախորդ տարի ցուցադրվել են Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցում:

Նա հայկական թեմաներով սկսել է հետաքրքրվել դեռևս 90-ականերին, երբ աշխատանք է գտել սուրբ Ղազարոս կղզում հանգրվանած Մխիթարյան միաբանությունում, որտեղ մեկ տարի անգլերեն է դասավանդել:

«Ես մտածում էի հայկական մշակույթի մասին ու ինձ հարց տալիս, թե ինչ է նշանակում գոյատևել աքսորի մշակույթում՝ հնարավորություն չունենալով գնալ քո հարազատ վայրերը»,- ասում է Հելենը:

Սակայն հայկական թեմայով Հելենը լրջորեն սկսել է զբաղվել 2000-ականներից, իսկ պատմություններ գտնելու համար նրան օգնել են իր հայ ընկերները Փարիզից և Լոնդոնից:

Ընտանեկան պատմություններ գտնելը միշտ էլ դժվար է, ու Հելենն ասում է, որ ոչ թե ինքն է ընտրել պատմությունը, այլ պատմությունն է ընտրել իրեն:

Գտնված ընտանեկան պատմությունները նրան ուղղորդել են դեպի Դիարբեքիր, թեպետ Հելենը լուսանկարել է նաև Զեյթունում և Վանում:

«Ես փորձում էի տեսնել, թե ինչ է նշանակում լինել մեկ ուրիշ, որ մեյնստրիում չէ,- մեկնաբանում է նա,- դա նաև դիպչում է ինձ, քանի որ ես իռլանդացի եմ, ով ապրում է Լոնդոնում»:

Դիարբեքիրում նա մարդկանց կողմից ջերմ ընդունելության է արժանացել, նրան տուն են հրավիրել մեկ բաժակ թեյ խմելու, ինչը չի եղել, օրինակ, Զեյթունում:

Հելենը Դիարբեքիրը լուսանկարել է այն ժամանակ, երբ դեռևս քաղաքապետ էր Օսման Բայդեմիրը, ով հայտնի է ոչ միայն հայամետ, այլ առհասարակ փոքրամասնությունների նկատմամբ ունեցած դրական կեցվածքով:

«Հետո ես սկսեցի բացահայտ ասել, թե ինչ եմ անում այստեղ, ու մարդիկ պատմում էին, որ այո, այստեղ մի ժամանակ հայեր էին ապրում»,- ասում է Հելենը:

Հելենը լուսանկարելիս օգտագործել է ընտանիքի անդամների լուսանկարներ, որոնք նա դնում էր այն տների վրա, որտեղ ժամանակին ապրել են այդ մարդիկ:

«Դա ինչ-որ առումով նաև փորձ էր, իսկ մարդիկ մոտենում ու հարցնում էին, թե ում լուսանկարն է դա, ես էլ ասում էի, որ այս մարդը մի ժամանակ ապրել է այստեղ, չգիտե՞ք,- պատմում է Հելենը,- նրանք էլ պատասխանում էին, որ չգիտեն, որովհետև ոչ ոք նրանց չի ասել»:

Հայկական թեմաներով արված նախագծի արդյունքում Հելենը հրատարակել է «Հայկական ընտանեկան պատմություններ և կորսված բնապատկերներ» գիրքը, որի նախաբանը գրել է հայտնի հայագետ Տիգրան Կույումջյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
ճիշդ գրելու ձեւը - Տիգրան Գոյումճեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter