HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն սկսում է ամբարել դեպի Ադրբեջան հոսող ջրերը

սկիզբը

Արդեն գրել ենք այն մասին, որ Հայաստանում այսօր կա 80-ից ավելի կառուցված ջրամբար, որոնց ընդհանուր տարողությունը շուրջ 1,4 մլրդ խմ է:

Որո՞նք են սեյսմիկ խոցելի եւ ռիսկով շահագործվող ջրամբարները

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը հարցում էինք ուղարկել, թե ՀՀ ջրամբարների պատվարներից որոնք ունեն սեյսմիկ խոցելիություն, եւ որ ջրամբարներն են շահագործվում ռիսկի մակարդակով: Նախարարությունն առանձնացրել է 24 ջրամբար՝ հաշվի առնելով մի շարք առաջնային գործոններ (ընդհանուր պայմանները, պատվարի նախագիծը, սոցիալ-տնտեսական պայմանները ներքին բյեֆում՝ մակարդակում):

Ըստ այս գործոնների՝ շահագործման բարձր, միջին եւ ցածր ռիսկի մակարդակ ունեն հետեւյալ ջրամբարները համապատասխանաբար.

  • Ազատ, Ապարան, Ախուրյան, Սպանդարյան, Մարմարիկ, Տոլորս
  • Արփի լիճ, Մանթաշ, Կառնուտ, Ջողազ, Վարդաքար, Սառնաղբյուր, Երեւանյան լիճ, Հախում, Կեչուտ, Տավուշ
  • Գեղի, Հերհեր, Այգեձոր, Զանգակատուն, Դավիթ Բեկ, Թավշուտ, Հալավար, Սեւաբերդ

Սեյսմիկ ազդեցության նկատմամբ բարձր խոցելիություն ունի 8 պատվար՝ Ազատ, Տոլորս, Մանթաշ, Սեւաբերդ, Դավիթ Բեկ, Կառնուտ, Վարդաքար, Սառնաղբյուր: Միջին խոցելիություն ունի 9-ը՝ Կեչուտ, Ախուրյան, Արփի լիճ, Սպանդարյան, Հերհեր, Տավուշ, Երեւանյան լիճ, Գեղի, Մարմարիկ: 7-ն էլ ունի ցածր խոցելիություն՝ Ապարան, Ջողազ, Հախում, Հալավար, Այգեձոր, Թավշուտ, Զանգակատուն:  

ՀՀ-ում այս պահին չկա ջրամբար, որի շահագործումը դադարեցված է սեյսմիկ խոցելիության բարձր աստիճանի պատճառով:

ՀՀ ջրային պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանի՝ մեզ տրամադրած տվյալներով՝ այսօր ՀՀ-ում կա 85 կառուցված ջրամբար, որոնք հանձնված են շահագործման տարբեր ընկերությունների: Ստորեւ ներկայացվող քարտեզում մելիորատիվ եւ էներգետիկ ջրամբարներն են՝ ընդհանուր եւ օգտակար ծավալներով: Մելիորատիվ նշանակության 79 ջրամբարները շահագործվում են «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների եւ ջրօգտագործող ընկերությունների կողմից, իսկ 6 էներգետիկներն ընդգրկված են Սեւան-Հրազդան եւ Որոտանի կասկադների կազմում:

Հայաստանում կառուցված ջրամբարներից այսօր Ադրբեջանի տարածքում է գտնվում օկուպացված Արծվաշեն գյուղի ջրամբարը:

ՀՀ-ում կա առաջնային կառուցման ենթակա 18 ջրամբար

Մեր երկրում, բացի կառուցված ջրամբարներից, կան նաեւ 1) անավարտ (այսինքն՝ կիսակառույց), 2) նախագծված, 3) նախատեսվող եւ ուսումնասիրված, 4) նախատեսվող, բայց չուսումնասիրված ջրամբարներ:

Չնայած կառուցված ջրամբարների ընդհանուր ծավալը 1,4 մլրդ է, այսօր մենք տարբեր պատճառներով օգտագործում ենք մոտ 1 մլրդ խմ ջուր (այս խնդրին անդրադարձել ենք նախորդ հոդվածում): Եթե ամբողջությամբ կյանքի կոչվի վերոնշյալ 4 տիպի բոլոր ջրամբարների շինարարությունը, Հայաստանը կարող է 1,4 մլրդ-ով ավելացնել իր արհեստական ջրավազանների ծավալը, այսինքն՝ կրկնապատկել ներկա ցուցանիշն ու դարձնել 2,8 մլրդ խմ (իսկ ընդհանրապես Հայաստանն ունի տարեկան 7,3 մլրդ խմ ջուր (գետային եւ ստորգետնյա ջրերի ելք) օգտագործելու հնարավորություն, սակայն օգտվում է առավելագույնը 2,3 մլրդ խմ-ից): Ջրամբարների ծավալը կրկնապատկելն, իհարկե, տեսություն է: Իսկ իրականությունն այն է, որ այսօր ունենք 8 կիսակառույց ջրամբար (Ափնայի, Գեղադիրի, Կարմիր գյուղի, Պաղջրի, Գետիկի, Եղվարդի, Արթիկի, Կապսի), բայց դժվարանում ենք դրանք ավարտին հասցնել:

Ջրամբարաշինությունը Հայաստանում ընտրվել է իբրեւ գերակա ուղղություն, ու այսօր կա 18 ջրամբար, որոնց շինարարությունն առաջնային է համարվում: Ստորեւ ներկայացվող աղյուսակում բերված են որոշ տվյալներ այս 18-ի մասին, սակայն դրանցից մի քանիսն արդեն փոփոխվել են, ինչին կանդրադառնանք (աղյուսակը տրամադրել է ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանը):

Հայաստանում նշված 18-ից այժմ կառուցման գործընթացում է գտնվում 4 ջրամբար՝ Կապս, Եղվարդ, Վեդի, Սելավ Մաստարա: Սրանցից Կապսն ու Եղվարդը անավարտ ջրամբարներ են, իսկ մյուս երկուսն ունեն նախնական նախագծեր, որոնք կազմվել են խորհրդային տարիներին: Բոլորի աշխատանքներն էլ գտնվում են նախապատրաստական փուլում: Անդրադառնանք սրանց առանձին-առանձին:

Կապսի ջրամբար

Այս անավարտ ջրամբարը գտնվում է Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ՝ Ախուրյան գետի հունում: Շինաշխատանքները սկսվել են 1985-ին, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո (07.12.1988) դրանց տեմպը թուլացել է: Շինարարությունը վերջնական կասեցվել է 1993-ին: Այդ ընթացքում կառուցվել են ջրամբարի որոշ բաղադրիչներ, կատարվել են ցեմենտավորման աշխատանքներ: Պատվարի նախագծային 73 մ-ից կառուցվել էր միայն 20-ը: Սկզբնապես ջրամբարը պետք է ունենար 90 մլն խմ ընդհանուր ծավալ, սակայն հետո այն դարձվեց 60 մլն խմ:

Կապսի ջրամբարի տեղանքը

Կապսի ջրամբարի վերականգնման վերաբերյալ պետությունը գործնական քայլեր սկսեց միայն վերջերս: 2013-ի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գերմանական «KfW» բանկի կողմից ջրամբարի վերակառուցումը ֆինանսավորելու համաձայնագրի նախագծին: Բանկը պատրաստակամություն էր հայտնել աջակցել ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ հայտարարվեց: Ծրագրի իրականացումն, ըստ այդմ, արժենալու էր 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցները նախատեսված էին երկկողմ համաձայնագրով: Գերմանական կողմը պատրաստակամություն էր հայտնել նաեւ 350.000 եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն մինչեւ ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:

Ըստ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Ադիբեկ Ղազարյանի՝ միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «CES Consulting Engineer Saizgitter GmbH»-«ANT Group AG Management &Engineering»-«Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» ասոցիացիան դեռեւս 2013-ի հոկտեմբերի 17-ին կնքված պայմանագրով պարտավորվել է խորհրդատվական ծառայություններ մատուցել ջրամբարի եւ ինքնահոս համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորման ու նախնական նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ։ Ֆինանսավորողը «KfW» բանկն է:

«Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի աշխատակից Համլետ Հարությունյանն ասում է, որ ժամանակին նպատակ կար 60 մլն-ոց ջրամբարի վերակառուցումն իրականացնել 6 մլն խմ ծավալով: Այսինքն՝ ջրամբարն ունենալու էր 60 մլն խմ-ի հիմք՝ թաս, սակայն հավաքելու էր միայն 6 մլն: Ըստ մասնագետի՝ այդ պարագայում ծրագիրը, բնականաբար, ավելի էժան կլիներ, երկրորդ՝ աղետային ջրերը հեռացնելն ավելի հեշտ կլիներ: Երրորդ՝ 60 մլն խմ ջուր հավաքելու դեպքում անհրաժեշտ են նաեւ դրա օգտագործմանը նպաստող ենթակառուցվածքներ, որոնք այսօր չկան: Հարությունյանը նշում է, որ ոռոգման սեզոնը Կապսից հարավ՝ Թալինի (Արագածոտնի մարզ) ու Բաղրամյանի (Արմավիրի մարզ) տարածաշրջաններում, սկսվում է ավելի վաղ, եւ Կապսի ջրամբարի ջուրը մեծ օգնություն կլիներ նաեւ այս վայրերի համար, բայց եթե այսօր Արագածոտնում պոմպակայանների համակարգը խափանված է, անիմաստ է Կապսում 60 մլն խմ ջուր կուտակել, հետո նորից բաց թողնել Ախուրյան, այնտեղից էլ՝ Արաքս: Ըստ այդմ՝ ծրագրվում է Կապսում 25 մլն-ոց ջրամբար կառուցել: Այսինքն՝ 60 մլն խմ-ի հիմք ունեցող ջրամբարի առաջին հերթի շինարարության ծավալը հենց այսքան է լինելու: Հետագայում նպատակ կա այն հասցնել 60 մլն խմ-ի:

25 մլն-ոց ջրամբարը, ըստ Ադիբեկ Ղազարյանի, նախնական հաշվարկներով, թույլ կտա 5000 հա-ով ավելացնել ոռոգվող հողատարածությունները կամ ավելացնել ոռոգման ծավալները: Դրա հետ մեկտեղ նախատեսվող ինքնահոս խողովակաշարը հնարավորություն կտա խնայել 8 պոմպակայանների օգտագործած էլեկտրաէներգիան (այսինքն՝ դրանք չեն շահագործվի), որը տարեկան կազմում է 1,3 մլն կՎտ.ժ: Հետագայում՝ ջրամբարը 60 մլն խմ ծավալով ապահովելու դեպքում, ինքնահոս խողոկավաշարը հասցվելու է Արագածոտն՝ Թալինի տարածաշրջան, ինչի արդյունքում շուրջ 20,5 հազ. հեկտար հող հուսալի ոռոգում կունենա: Այս հողերից մոտ 3,5 հազ. հա հող, որը ոռոգվում է մեխանիկական եղանակով, ջուր կստանա ինքնահոս եղանակով, կբարձրանա 16 հազ. հա հողատարածքների ջրապահովվածությունը, ինչպես նաեւ կավելանան 952 հա ոռոգելի հողատարածքներ։

Եվ ահա այսքանից հետո՝ 2014-ի դեկտեմբերի 19-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ ջրային պետական կոմիտեն եւ «KfW» բանկը կնքեցին «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/ Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային եւ 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերը: Այս գումարները ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանն ու դրա ենթակառուցվածքների վերազինմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆինանսական միջոցները կօգտագործվեն բացառապես գյուղատնտեսական ոռոգման նպատակով` Ախուրյան գետի վրա Կապսի ջրամբարը վերականգնելու եւ շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաեւ հարակից ծառայությունների համար: Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:

Սելավ Մաստարայի ջրամբար

Այս ջրամբարը նախատեսվում է կառուցել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի տարածքում: Այն կուտակելու է Արագածի լանջերից սկիզբ առնող Մաստարա սելավի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ջրանցքի գլխամաս ընկած հատվածի ազատ հոսքերի ջրերը: Ջրամբարի նախնական նախագիծը, ըստ ճարտարագետ-հիդրոտեխնիկ Համլետ Հարությունյանի, կազմվել է 1978-ին: Նախատեսվում է կառուցել 10,2 մլն խմ ծավալով, 30 մ-ոց պատվարով ջրամբար: Այն հնարավորություն կտա բարձրացնել տարածաշրջանի 6 համայնքների 4383 հա հողերի ջրապահովվածությունը:

Այս կառույցի հանդեպ հետաքրքրություն էին հայտնել Արաբական տնտեսության զարգացման «Քուվեյթ» հիմնադրամի ներկայացուցիչները, որոնք 2013-ի մարտին հանդիպել էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ու առաջարկել ներկայացնել ջրամբարի նախագծային փաթեթը: Վերջինս հետագայում հավանության էր արժանացել հիմնադրամի կողմից, ինչից հետո, ըստ նախատեսվածի, լինելու էր հիմնադրամի ներկայացուցիչները այցը Հայաստան` տեղում ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Ներկայում բանակցություններ են ընթանում հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ: Նախնական գնահատականներով՝ Սելավ Մաստարայի ջրամբարի ծրագիրը կարժենա 27,8 մլն դոլար:

Եղվարդի ջրամբար

Եղվարդի ջրամբարը նախագծվել ու սկսել է կառուցվել 1980-ականներին: Այն գտնվում է Արագածոտնի մարզում՝ Կոտայքի մարզի հետ սահմանագծին՝ Քասաղ եւ Հրազդան գետերի միջակայքում: Եղվարդի ջրամբարը լցնովի է, այսինքն՝ կառուցված չէ գետի հունի վրա, եւ ջուրն այստեղ բերվում է արհեստական ձեւով: Նախապես որոշված էր, որ 228 մլն խմ ծավալով ջրամբարը լցվելու է Հրազդանից՝ ինքնահոս եղանակով, եւ Սեւջուր (Մեծամոր) գետից՝ մեխանիկական ճանապարհով (պոմպերի միջոցով):Ըստ այդմ՝ ջրամբարը հնարավորություն էր տալու 30,5 հազ. հա տարածք ապահովել ոռոգմամբ եւ ջրապահովվածության մակարդակի բարձրացմամբ:

Սակայն քանի որ Սեւջուր գետի հոսքը բավականին նվազել է, եւ ջրամբարը լցնելու խնդիր է առաջացել, որոշվել է ջուրն ապահովել Հրազդանի սելավների հաշվին՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի միջոցով: Սրանով պայմանավորված՝ փոքրացվել է նաեւ նախատեսվող ծավալը՝ 90 մլն խմ: ԾԻԳ-ի նախկին ղեկավար Ադիբեկ Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս ծավալի ջրամբարը թույլ կտա 12,2 հազ. հա տարածքների նորմալ ոռոգում, 9 պոմպակայան դուրս կգա շահագործումից՝ տարեկան խնայելով 28,6 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, 5,5 հազ. հա հողատարածք, որը ջրվում է Սեւջրի միջոցով, նոր կառույցի շնորհիվ ավելի շատ ջուր կստանա: Բացի դրանից՝ կարեւոր հանգամանք է այն, որ Եղվարդի ջրամբարը, Հրազդանի սելավները կուտակելով, օգտակար կլինի Արարատյան դաշտավայրի հնարավոր հեղեղումների դեմ պայքարում:


Եղվարդի ջրամբարի ներկա տեսքն արբանյակից

Եղվարդի ջրամբարի տարածքը մաքրվել է դեռ խորհրդային տարիներին, այնտեղից դուրս բերված հողն օգտագործվել է՝ այգիներ հիմնելու համար: Իրականացվել են մի շարք աշխատանքներ, ինչպես, օրինակ, պատվարների կառուցումը, որոնցից մեկը 14 մ բարձրություն ունի, իսկ մյուսը՝ 32: Վերջինս դեռ անավարտ է, ու այս պահին եւս 9 մ բարձրացնելու կարիք ունի: Ընդ որում՝ այս պատվարները 228 մլն խմ ծավալի համար են նախատեսված:

Ջրամբարի կառուցման ֆինանսավորման բանակցություններ են ընթանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ: Ըստ ՀՀ ջրային պետական կոմիտեի հաղորդագրության՝ ջրամբարի ուսումնասիրման աշխատանքները կավարտվեն 2015-ին:

Հ. Հարությունյանի հավաստիացմամբ՝ Եղվարդի ջրամբարը անվտանգության խնդիր չունի, քանի որ եթե անգամ որեւէ բան պատահի, ջուրն անմիջապես լցվելու է Քասաղ գետը: Խնդիրը ջրամբարի ֆիլտրացիան է, այսինքն՝ ջուր կորցնելու հատկությունը: Դրա համար դեռ խորհրդային տարիներին որոշվել էր ջրամբարի հատակը պատել կավե շերտով, ինչը, սակայն, բավականին թանկ է: Ճարտարագետ-հիդրոտեխնիկը շեշտում է, որ ճապոնացիների ներգրավումը առավել կարեւոր էր հենց այս տեսանկյունից. ֆիլտրացիան կանխելու ի՞նչ նոր տեխնոլոգիա կառաջարկեն ճապոնացի մասնագետները: 

«Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ, ում հիմնարկը ժամանակին նախագծել է ջրամբարը, մեկ ուրիշ դրվագ է շեշտում շինարարության վերաբերյալ: Նա ասում է, որ ջրամբարը պետք է կառուցվի 228 մլն խմ-ի հիմքով, որպեսզի հետագայում հնարավոր լինի մեծացնել ծավալները: Ըստ Ջավադյանի՝ հայկական եւ ճապոնական կողմերի տեսակետներն այս հարցում տարբեր են: Սակայն Համլետ Հարությունյանը հակադարձում է գործընկերոջը՝ նշելով, թե եթե այդքան մեծ հիմքով կառուցենք, ապա հետագայում որտեղից ենք նույնքան ջուր բերելու: Յու. Ջավադյանը սրա պատասխանն ունի. Սեւանա լճի մակարդակը, ըստ նախատեսվածի, 2030 թ.-ին պիտի հասնի 1900 մ 50 սմ-ի, ինչը լինելու է բարձրագույն նիշը: Այսինքն՝ դրանից հետո Սեւան թափվող ջրերն առավել մեծ չափով, քան հիմա, պետք է դուրս բերվեն (հաշվի առնելով մուտքերի ու ելքերի բալանսը)՝ լճի մակարդակը կայուն պահելու համար: Այդ ջրերի ծավալը կազմում է շուրջ 300 մլն խմ, ինչը Հրազդանով պետք է հոսի Արաքս, սակայն 228 մլն խմ ծավալով ջրամբար ունենալու դեպքում կարելի է պահել դրանք: Ջավադյանը հավելում է, որ հիմա մեծ հիմք գցելու դեպքում հետագայում հարկ չի լինի ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ջրով լցված թասը մեծացնելու համար: Հարությունյանն իր հերթին ասում է, թե ճապոնացիները հաշվարկել են, որ ներկայում 90-ի փոխարեն մինչեւ 110 մլն խմ ծավալով ջրամբար կարելի է կառուցել:

Նախնական հաշվարկներով, ըստ Ա. Ղազարյանի, Եղվարդի ջրամբարի շինարարության համար կպահանջվի 140 մլն դոլար:

Վեդիի ջրամբար

Այս ջրամբարը պետք է կառուցվի Արարատի մարզում՝ Գոռավան համայնքի տարածքում: «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Ադիբեկ Ղազարյանի ասելով՝ ջրամբարը նախագծվել է 1991-ին՝ Արարատյան դաշտավայրի 4 հազ. հա հողերը ոռոգելու նպատակով: Սրանից 2,8 հազ. հա-ն մեխանիկականից անցնելու է ինքնահոս ոռոգման, ինչի արդյունքում տարեկան խնայվելու է 12 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա: Համլետ Հարությունյանն էլ հավելում է, որ հայկական ատոմակայանը նախատեսվում էր այստեղ կառուցվել, սակայն երկրաբանական մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո որոշվեց այն տեղափոխել Մեծամորի մոտ: Նախագծի համաձայն՝ ջրամբարն ունի 20 մլն խմ ծավալ, որը պատնեշվելու է 70 մ բարձրությամբ պատվարով:

2013-ի նոյեմբերի 25-ին հայկական եւ ֆրանսիական կողմերի միջեւ կնքվել է պայմանագիր, որով Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) ֆինանսավորում է Վեդիի ջրամբարի ու դրանից ոռոգվող տարածքների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու ջրամբարի շինարարության նախագծի պատրաստումը: Պայմանագրի ժամկետը 18 ամիս է՝ մինչեւ 2015-ի մայիս: Ըստ ՀՀ ջրային պետական կոմիտեի՝ հենց 2015-ին էլ պատրաստ կլինեն նախագծանախահաշվային փաստաթղթերն, ու կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Համլետ Հարությունյանն ասում է, որ Վեդու ջրամբարի համար, ըստ ֆրանսիացի մասնագետների առաջարկի, ամենաօպտիմալ տարբերակը 29 մլն խմ-ն է: Ջրամբարի կառուցումը, նախնական գնահատմամբ, կարժենա 35-45 մլն դոլար:

Եթե ամբողջացնենք պատկերը, կարող ենք ասել, որ բոլոր 4 ջրամբարներն էլ իրենց տարածաշրջաններում եւ դրանցից դուրս կարեւորագույն խնդիրներ են լուծելու: Կապսն ու Սելավ Մաստարան օգնելու են Ախուրյանի ու Արագածից սկիզբ առնող գետերի ջուրն ավելի խնայողաբար օգտագործել՝ իրենց 35 մլն խմ ջրերով նպաստելով Շիրակում ու Արմավիրում (հեռանկարում՝ նաեւ Արագածոտնում) ոռոգվող տարածքների ավելացմանն ու ոռոգման ջրի շատացմանը: Վեդին ու հատկապես Եղվարդը մեծապես թեթեւացնելու են Սեւանի հոգսը՝ 110-140 մլն խմ-ով նվազեցնելով լճից ջրառը: Նպաստելու են նաեւ ոռոգվող հողերի ու ջրի քանակի ավելացմանը:

Ջրամբարները դասակարգվում են մի քանի խմբի. լճակներ (մինչեւ 1 մլն խմ ծավալով), փոքր ջրամբարներ (1-10 մլն խմ), մեծ ջրամբարներ (10 մլն խմ-ից ավելի): Վերջին խմբի ջրամբարներից անկախությունից հետո Հայաստանում կառուցվել, իսկ ավելի ճիշտ ավարտին է հասցվել միայն Մարմարիկի ջրամբարի (24,2 մլն խմ) շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 2012-ին: Վերոնշյալ կառուցվող 4 ջրամբարներից բացի` ՀՀ-ում կա 10 մլն խմ-ից մեծ միայն 14 ջրամբար (Ախուրյան, Սպանդարյան, Արփի լիճ, Տոլորս, Ապարան, Ազատ, Ջողազ, Հերհեր, Մարմարիկ, Կառնուտ, Կեչուտ, Գեղի, Շամբ, Հախում):

Հայաստանի ամենախոշոր էներգետիկ՝ Սպանդարյանի ջրամբարը (257 մլն խմ)

Հաշվի առնելով Արաքսի վրա մեծածավալ ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միտումները, ինչպես նաեւ Ադրբեջանի ցածր դիրքը, ուր հոսում են մեր գետերը՝ ջրամբարաշինությունը ոչ միայն լուծում է ներհայաստանյան խնդիրներ, այլեւ քաղցրահամ ջրի համաշխարհային նվազող պաշարների ֆոնին կարող է խաղաքարտ դառնալ տարածաշրջանային հարաբերություններում, Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների հանդեպ ռազմավարության շրջանակներում:

Առաջին լուսանկարում՝ Ապարանի ջրամբարը

Մեկնաբանություններ (3)

raf
The question is why waiting so many years for this?! The issue here is not only the water flowing to Azerbaijan but the fact that Armenia itself will face serious challenges in the future due to climate change and its impact on precipitation. The story of Armenia in the last 20 years is a typical story of mismanagement.
վաչե
Հոդվածի հեղինակը ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Հայաստանի համար ամենակարևոր կենսական խնդիր հանդիսացող ջրային ռեսուրսների պահպանության, օգտագործման վիճակը և հեռանկարները։ Եղվարդի ջրամբարի մասին հիշատակելիս, նշվում է ,որ այն պետք է լցվեր Հրազդանի և Սևջուրի ջրերով, սակայն Սևջուրի հոսքը բավականին նվազել է խնդիր է առաջացել։ Ինձ թվում է , որ այստեղ պետք էր նշել ոչ թե Սևջուրի հոսքի նվազելը, որը ոչ մի գիտական բացադրության կամ տրամաբանության չի ենթարկվում, այլ նրա զրերի անխնա օգտագործումը ստվերային ձկնաբուծության նպատակներով։ Իսկ ինչպես են օգտագործվում առկա ջրային պաշարները ՞։ Ի վերուստ Հայաստան աշխարհին է տրվել ողջ տարածաշրջանի ամենաթանկ բնաբարիքի՝ քաղցրահամ ջրի տնօրինելու, տիրապետելու իրավունքը,։ Հայկական Լեռնաշխարհից են սկիզբ առնում ամբողջ տարածաշրջանի բոլոր մեծ ու փոքր գետերը ։ Հայկական լեռնաշխարհում են գտնվու բոլոր նշանակալի լճերը։ Բացառություն չի կազմում նաև ՀՀ տարածքը։ սակայն պետք է նշել, որ մենք այն օգտագործում ենք ծայրահեղ վատ և գրեթե աննպատակ։ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի գերակշռող մասը աննպատակ թափվում է Արաքս գետը, այն էլ ոռոգման սեզոնում, լցնելով միայն մի քանի ստվերային ձկնագողի գրպանը։ Իսկ մնք խոսում ենք անհավանական նախագծերի ու ծրագրերի մասին։ Համոզված եղեք․ եթե նման նախագծեր կյանքի կոչվեն, ապա դա կլինի ինչ –որ ձկնաբուծի համար , բայց պետական միջոցներով և ոչ ոռոգման կամ զրապահպանական նպատակներով։
ՀԱՅՈՒՀԻ
վաղուց պիտի անեին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter