HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ազատամարտիկի տան մուտքը փակել են, սուտ ցուցմունքով զրկել սեփականությունից

Ազատամարտիկ Ռուբեն Եղիշյանն արդեն տասը տարուց ավել է, ինչ դատական ատյաններում արդարություն է փնտրում: Նա փորձում է վերականգնել իր հայրական տանը ապրելու, այնտեղ ելումուտ անելու իր իրավունքը: «Հետքը» գրել էր Ռուբեն Եղիշյանի առողջական եւ սոցիալական ծանր դրության մասին, որտեղ նշել էինք, որ ազատամարտիկի տուն մտնելու համար ստիպված ես բարձրանալ բաղնիքի կտուրին, հետո նորից իջնել, քանի որ հարեւան Մանվել Նուբարյանը, կաշառք ստանալու համար դատապարտված նախկին ոստիկանության ավագ տեսուչ Ալեքսան Հարությունյանի օգնությամբ, փակել է Եղիշյանի տան մուտքը:

Ռուբեն Եղիշյանին սեփականությունից զրկելու եւ տնից վտարելու գործընթացը սկսվել է 2004թ.-ից: Տատիկի` տան միակ սեփականատիրոջ մահվանից հետո Եղիշյանի ավագ քույրը` Լաուրա Եղիշյանը 2004-ին դիմել է դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու: Դատարանը բավարարել է վերջինիս դիմումը` վճռի հիմքում ունենալով հարեւան ամուսինների կեղծ վկայությունն այն մասին, որ Լաուրա Եղիշյանը բարեխիղճ կերպով ապրել է տվյալ հասցեում եւ այդտեղ այլ բնակիչ կամ սեփականատեր չկա: Իրականում` վերջինս ամուսնացած եւ հաշվառված է եղել մեկ այլ հասցեում, իսկ Եղիշյանների տան միակ բնակիչը Ռուբեն Եղիշյանն է: Փաստը, որ ազատամարտիկը բնակվում է հայրական տանը, գաղտնի է պահվել դատարանից:

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած Լաուրա Եղիշյանը հողի 100 մետր քառակուսին վաճառել է դատարանում սուտ ցուցմունք տված Մանվել Նուբարյանին` 3000 ԱՄՆ դոլարով: Այնուհետեւ Նուբարյանը փորձել է վտարել Ռուբեն Եղիշյանին` ասելով, որ հողն իրենն է: Ռուբենը 2005թ.-ին դիմել է վերաքննիչ դատարան` առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու պահանջով: Վերաքննիչ դատարանը բեկանել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` համարելով, որ Լաուրա Եղիշյանի սեփականության իրավունքը ճանաչելու համար բավարար հիմքեր չկան: Դատարանի որոշումից հուզված` Ռուբեն Եղիշյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժվել է մոտ երեք ամիս:

Ռուբեն Եղիշյանը արցախյան պատերազմում վիրավորվել է, ստացել կանտուզիա, որից հետո կորցրել է հիշողությունը: Այժմ նա հաճախակի էպիլեպսիկ նոպաներ է ունենում, կորցնում է հիշողությունը: Ռուբենը հաշվառված է Երեւանի Աղի հանքի հոգեբուժարանում, ստանում է հոգեմետ դեղեր:  

Ռուբենի` հիվանդանոցում գտնվելու ժամանակ, Լաուրա Եղիշյանը հասցրել է դիմել վճռաբեկ դատարան, որն էլ բեկանել է վերաքննիչի որոշումը` գործն ուղարկելով նոր քննության: Ռուբեն Եղիշյանի շահերը պաշտպանող Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ վերջինս առողջական խնդիրների պատճառով տեղյակ չի եղել վճռաբեկի որոշման մասին եւ չի գնացել նոր քննության:

«Քանի որ Ռուբենը լուրջ առողջական խնդիրներ ունի, որը փաստաթղթերով ապացուցված է, վերաքննիչի որոշումից հետո կարծել է, թե ինքը շահել է: Ռուբենը տեղյակ չի եղել վճռաբեկի որոշման մասին, նոր քննությանը չի գնացել, հետեւապես վճռաբեկի որոշումը մնացել է ուժի մեջ»,- ասում է փաստաբանը:

2009թ.-ին Ռուբեն Եղիշյանի հարեւան Մանվել Նուբարյանը հերթական անգամ փորձել է վտարել նրան տնից, վեճ եւ քաշքշոց է առաջացել, որի հետեւանքով Ռուբենն ու Մանվելը  հայտնվել են ոստիկանությունում: Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ Մանվել Նուբարյանը 2004թ.-ին դատարանում սուտ ցուցմունք է տվել` նշելով, որ Եղիշյանների տան միակ բնակիչը Լաուրա Եղիշյանն է, այնինչ վերջինս ամուսնացած է եղել, իսկ այդ տանը բնակվել է Ռուբենը: Քննիչին տրված նոր ցուցմունքում Մանվել Նուբարյանը մանրամասնել է սուտ ցուցմունք տալու դրդապատճառը: Նա նշել է, որ գործել է շահադիտական նպատակներից ելնելով, որպեսզի Լաուրա Եղիշյանը դառնա սեփականատեր եւ հողամասը վաճառի իրեն, իսկ ինքն այդ տարածքում կահույքի արտադրամաս աշխատեցնի: Սուտ ցուցմունքի համար Նուբարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել` հաշվի առնելով հանցագործության վաղեմության ժամկետի լրանալը:


Հատված սուտ ցուցմունք տալու մասին ցուցմունքից

Սուտ ցուցմունքի առկայության փաստը որպես գործում նոր երեւան եկած հանգամանք դիտարկելով` Ռուբեն Եղիշյանը եռամսյա ժամկետներում կարող էր դիմել դատարան: Եղիշյանի փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը «Հետքին» հայտնեց, որ հարեւանները վերջինիս համոզել են չդիմել դատարան` խոստանալով այլեւս չանհանգստացնել:

«Փաստորեն առաջին ատյանի դատարանի վճռի միակ ապացույցը սուտ ցուցմունքն է, այսինքն` այդ վճիռն իրավական ոչ մի հիմք չունի: Հենց այդ ժամանակ, երբ Ռուբենը նոր երեւան եկած հանգամանքով պետք է դիմեր դատարան, նրան համոզում են: Մանվելը գալիս-ասում է` էլ ի՞նչ դատարան, ամոթ չի՞, դու կռվել ես, մեր երկրի համար այդքան բան ես արել, քո տունն է, ապրի, ես որեւէ պահանջ չունեմ: Իր վիճակից ելնելով` Ռուբենը, բնականաբար, հավատում է նրան»,- ասում է փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը:   

Պայմանավորվածությունից հետո մոտ երկու տարի Ռուբենին չեն անհանգստացրել, դատարան դիմելու վաղեմության ժամկետն անցնելուն հաջորդել է հարեւան Մանվել Նուբարյանի` ազատամարտիկին իր տնից կրկին վտարելու փորձերը:

Փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը 2014-ի նոյեմբերի 26-ին միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ դատարան` Ռուբեն Եղիշյանի գործը վերաբացելու պահանջով:

«Իրավական առումով շանսերը մեծ չեն, որովհետեւ 5 տարուց ավել ժամկետ ենք բաց թողել, այնինչ հին օրենսդրությամբ 6-ամսյա, իսկ նորով` 3-ամյսա ժամկետներում պիտի դիմեր` նոր երեւան եկած հանգամանքով վերաբացելու համար: Այստեղ կարեւոր հանգամանք է, որ Ռուբենի առողջական վիճակն է պատճառ հանդիսացել, որ նրան կարողացել են համոզել: Եւ կանտուզիան, եւ էպիլեպսիան Ռուբենի մոտ առաջացել է արցախյան ազատամարտում վիրավորվելու հետեւանքով, եւ այդ մասին ես դիմումին կցել եմ էպիկրիզները»,- նշում է Տաթեւիկ Բուջատյանը:

Փաստաբանը մեկ այլ արժանահավատ փաստ էլ ունի, որը վկայում է Ռուբենի` հիշողության կորուստներ ունենալու մասին: 2012թ.-ին ոստիկանությունում հայտարարություն է տրվել, որ Ռուբեն Եղիշյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել. նա կորել է` մոռանալով սեփական տան հասցեն: Կորելուց 2 օր անց զինակից ընկերները պատահաբար նրան տեսնում են փողոցում ու օգնում Ռուբենին հիշել տան տեղը:

«Այս գործն ինձ համար սկզբունքային է` առաջին հերթին որպես մարդ եւ որպես քաղաքացի: Այդ մարդն իր ամբողջ կյանքը ներդրել է մեզ համար ու հիմա կտուրին բարձրանալ-իջնելով է մտնում իր տուն: Քանի անգամ եկել է` գլուխը վնասած, քանի որ ցնցումներ է ունեցել, աստիճաններից ներքեւ ընկել: Եթե հաշվի առնենք արդարադատության մատչելիության սկզբունքը եւ մարդու իրավունքների վերականգնման կարեւորությունը, վերաքննիչ դատարանը պետք է մեր միջնորդությունն ընդունի վարույթ: Ամբողջ աշխարհում տենդենց կա, որ դատարանների գործունեությունը պիտի ուղղված լինի մարդու իրավունքների առավելագույն պաշտպանությանը»,- նշում է փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը:

Լուս.` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter