HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիլադելֆիական փողոցներից մինչև աշխարհի մեծ ու փոքր քաղաքներ

Նաիրա Հայրապետյան

1993թ. ռեժիսոր Ջոնաթան Դեմին խնդրեց Բրյուս Սփրինգսթինին իր նոր՝ «Ֆիլադելֆիա» ֆիլմի համար երգ գրել: Ֆիլմը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հոմոսեքսուալիզմի և հոմոֆոբիայի թեմայով առաջին լուրջ անդրադարձներից մեկն էր կինոաշխարհում: Սփրինգսթինն այդ ժամանակ դեռ զբաղված էր իր «Other Band Tour»-ով, բայց չմերժեց Դեմիի խնդրանքը, ուստի շրջագայության ավարտից հետո սկսեց կենտրոնանալ նոր երգի վրա: Հունիս ամսին այն արդեն պատրաստ էր և ներկայացվեց ռեժիսորին, ապա ֆիլմի ստեղծագործական խմբին:

«Streets of Philadelphia». այսպես էր կոչվում ամերիկյան հայտնի ռոք երաժիշտ և երգիչ Բրյուս Սփրինգսթինի նոր ստեղծագործությունը, որին վիճակված էր հաղթական ճամփորդություն աշխարհով մեկ: Սփրինգսթինը ոչ միայն բառերի և մեղեդու, նաև գործիքավորման հեղինակն էր: Նման մի երգ գրելու մասին նա մինչ այդ մտածում էր, իսկ առիթը մտերիմ ընկերներից մեկի մահն էր: Երգը առանձին թողարկվեց 1994թ-ին՝ որպես գլխավոր սինգլ ֆիլմի սաունդթրեքում և անմիջապես գրավեց երաժշտասեր հանրության ուշադրությունը: Կարճ ժամանակում այն անսպասելիորեն մեծ հաջողություններ բերեց Սփրինգսթինին՝ գրավելով աշխարհի տարբեր մայրցամաքներ։ Այն ողջ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դարձավ հիթային երգ` գրավելով սինգլների բարձրագույն չարտերը: Թերևս միայն հայրենիքում չունեցավ առաջնային դիրքեր և մինչ Billboard Hot 100 –ում հազիվ 9-րդ հորիզոնականն էր հատում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Ավստրիայում երաժշտասերները առաջ մղեցին դեպի գլխավորող հորիզոնականը: Իսկ ահա բրիտանական պահանջկոտ ունկնդիրը «Streets of Philadelphia»-ն բարձրացրեց մինչև 2-րդ հորիզոնականը, և երգը դարձավ ու մնաց սփրինգսթինյան ամենահաղթանակած ստեղծագործությունն այս երկրում:

1999թ. «Sony»-ն թողարկեց  «All Time Greatest Movie Songs » ալբոմը, որում ընդգրկված էր նաև «Streets of Philadelphia»-ն: Մինչ այդ, սակայն, քննադատների շրջանում ևս դրական կարծիքների արժանանալով՝ երգը, հաղթահարելով այս պատնեշն էլ, անցավ նոր հաջողությունների. հաջորդած բազմաթիվ մրցանակները նույնպես ապահովեցին երգի երկարակեցությունը: Չորս «Գրեմի» (1995թ.), այդ թվում՝ «Տարվա լավագույն երգ», «Լավագույն ռոք երգ», «Ռոքի լավագույն վոկալ կատարում», «Խաղարկային և հեռուստատեսային ֆիլմի համար գրված լավագույն երգ», http://www.grammy.com/awards/37th-annual-grammy-awards  այնուհետև՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ՝  «Լավագույն երգ»  անվանակարգում և, վերջապես, «Օսկար»՝որպես  « Ֆիլմի համար գրված լավագույն օրիգինալ երգ» (1994թ.):

2004թ.,  Ամերիկյան կինոակադեմիայի 1500 հոգուց բաղկացած մասնագիտական խումբը Բ. Սփրինգսթինի «Streets of Philadelphia»-ն ընդգրկեց «Ամերիկյան ֆիլմերի 100 լավագույն երգերը, որոնք ստեղծվել են 100 տարվա ընթացքում» ցանկում:

Իմ խորին համոզմաբ՝ արվեստի բոլոր ճյուղերի նման, երաժշտությունն էլ կարող է ամենևին էլ կապ չունենալ քննադատների կամ տվյալ բնագավառի մեկ այլ մասնագետի գնահատականի հետ։ Անկախ նրանից՝ ինչպիսին կլինեն իրենց կողմից նախանշած ուղղությունները, վերելքի, թե վայրէջքի ավարտով, դա այլ տարածք է, այլ հոգեվիճակ, որը դուրս է հստակ ընդգծված չափանիշերից, սահմանագծերից:  Դա գիտեն նաև իրենք՝ այդ աշխարհի մարդիկ՝ ստեղծագործեղները: Այդ սահմանը յուրաքանչյուր ունկնդրի կամ հանդիսատեսի մեջ տարբեր է և կարող է բոլորովին այլ բան լինել, քան ստեղծագործողի ներսում եղածը: Նրանք կարող են կռվեցնել կամ հաշտեցնել, ընդունվել կամ չընդունվել, սիրվել և արհամարհվել՝ անկախ իրենց էությունից: Եվ, այնուամենայնիվ, բազմաթիվ առաքելությունների մեջ նրանք օժտված են խաղաղեցնող հատկությամբ՝ նույնիսկ եթե աղմկում են:

Հաղթահարելով ժամանակի ու տարածության պատնեշը՝ պարզապես ևս մեկ անգամ վայելենք հեռավոր ֆիլադելֆիական ափերից հնչող «Streets of Philadelphia»-ն՝ անկախ բոլոր տեսակի մրցանակներից և անվանակարգերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter