HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանառության հարկ. կոչ իշխանությանը. «Պետք չէ խաղալ հասարակության նյարդերի հետ»

ԱԺ այսօրվա օրակարգում քննարկման էր դրվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ապրանքների գնման փաստաթղթավորման պահանջը երկարաձգել մինչ այս տարվա հուլիսի 1-ը: Այսինքն՝ մինչ այդ փոքր ու միջին ձեռնարկատերերից չեն պահանջի ձեռքբերած ապրանքների համար փաստաթղթավորում ներկայացնել, իսկ թե ինչ է սպասվում հուլիսի 1-ից ՓՄՁ-ներին, առայժմ որևէ մեկը չգիտի: Քննարկումն անցավ 131պատգամավորների հիմնականում 1/3-ի մասնակցությամբ, որոնցից ոմանք զբաղված էին իրենց բջջային հեռախոսները պրպտելով:

Քննարկմանը ներկա ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ արդարացի՞ է առևտրականների բողոքը: Նա այսպես պատասխանեց. «Ես գնահատական չտամ՝ արդարացի՞ է, թե՞ արդարացի չէ, համենայն դեպս, եթե տնտեսվարող սուբյեկտները բողոքում են, նշանակում է, դեռևս կան խնդիրներ, որոնք մինչև վերջ լուծված չեն: Այն միջոցառումները, որոնք իրականացվեցին հենց փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների առաջարկով և նրանց անմիջական մասնակցությամբ, մեր կարծիքով՝ պետք է բավարար լիներ»: Հարցին, թե այդ դեպքում որն է համարում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը, պատասխանեց. «Ամենաարդյունավետ ճանապարհը եթե ես հենց էսօր իմանայի, կասեի: Դրա համար առաջարկում եմ այս ժամանակահատվածն օգտագործենք՝ հնարավոր արդյունավետ լուծումը գտնելու համար»:

«Ժիվոյ» ՀԴՄ-ների մասին

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով՝ իրենց քաղաքական կամքն այն է, որ ասում են «փոքր, դու ազատվում ես հարկից, բայց պետք է շրջանառությունդ ցույց տաս»: Այվազյանը նաև զարմանում է, թե «մարդուն ասում ես աշխատիր, փող պետք չի տալ, ինքն ասում է՝ չէ, ես պիտի վճարեմ»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանն էլ հարցրեց, թե մինչ այդ օրենքի ընդունումը շրջանառությունը հաշվառելիս հիմք էր ընդունվում ՀԴՄ կտրոններով ֆիքսվածը: «Հիմա դա շարունակվում է, դրանից լավ ստուգման մեխանի՞զմ: Հիմա եթե դա վերացնենք, չենք կարող ստուգել շրջանառությունը»,- ասաց Հովհ. Մարգարյանը: «ՀԴՄ-ները, պարոն Մարգարյան, «ժիվոյ» չեն, հոգեբանություն չունեն, սղմում ես կնոկպեն, խփում է, չես խփում՝ չի խփում: ՀԴՄ-ների հետ կապված ահագին խնդիր կա, բայց նորից եմ կրկնում՝ խնդիրը կայանում է նրանում, որ ՀԴՄ չեն խփում»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը, ապա հավելեց, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե ՀԴՄ-ները դուրս են գալու շրջանառությունից, որովհետև այսօրվա դրությամբ ապրանքաշրջանառությունը ստուգելու միակ գործիքն է այն:

ՕԵԿ-ական պատգամավորի այն դիտարկմանն էլ, որի համար պատասխան չէր ակնկալվում հարակից զեկուցողից, թե շրջանառությունը ստուգվել և շարունակելու է ստուգվել ՀԴՄ-ների միջոցով, Վ. Այվազյանն ասաց. «Ճիշտ է՝ չեք ակնկալում պատասխան, բայց պատասխանեմ: Մարդը տեղի համար 12.000 դոլար վարձ է տալիս, ցույց է տալիս, շատ կներեք, 5.000 դրամ: Էս ի՞նչ հեքիաթի մասին եք խոսում, որ դուք շատ լուրջ հավատում եք: Իսկ շրջանառության միակ ձևը ՀԴՄ-ն է»:

Ակտիվ «տզրուկներն» ու ժամանակ ձգելու հարցը

«Վերջին շրջանում իշխանության կերակրատաշին կցված առավել ակտիվ տզրուկներ և սկաուտներ խիստ անհանգստացած են, թե ինչու սփյուռքի մեր համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում են «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներին, որպեսզի մենք էնտեղ լսենք իրենց մտահոգությունները: Ի դեպ, հրավիրում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ուղղակիորեն, այս կամ այն ճանապարհ ընտրելով, մազապուրծ փախել են սեփական երկրից, որովհետև սեփական երկրում իրենք որևէ հնարավորություն չեն ունեցել պահել իրենց ընտանիքը»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ իրենց հանդիպումներին գերակշռում էին Հայաստանում փոքր բիզնես ունեցող մարդիկ, ովքեր Հայաստանից հեռացել են ՀՀ իշխանությունների՝ ՓՄՁ-երի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով:

Պատգամավորի ասելով՝ եթե իշխանությունների նման քաղաքականությունը շարունակվի, արտագաղթողների թիվը կմեծանա: Իսկ մինչև հուլիսի 1-ը օրենքի նշյալ կետի կիրառումը հետաձգելը նա համարեց կրքերը հանդարտեցնելու ճանապարհ, այնինչ, ըստ նրա, ժամանակ ձգելը հարցի լուծում չէ: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենք պատրաստի օրենքի նախագիծ ունեն: Նա նշեց, որ ԲՀԿ-ն երեկ այդ նախագիծն արտահերթ ռեժիմով շրջանառության մեջ չդրեց, քանի որ կոնստրուկտիվ համաձայնության են եկել և հուսով են, որ երկշաբաթյա ժամկետում կկարողանան ներկայացնել ԱԺ:

«ՀՀ իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, շատ լավ գիտեն, թե մաքսակետերերում այդ խոշորների այս կամ այն ապրանքն ինչ հրաշքով է տրանսֆորմացվում այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը տարրալուծվեն և ուղղակիորեն նվազեն, հույս ունենք, որ մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք տիրապետում են այդ ինֆորմացիային»,- ասաց Ն, Զոհրաբյանը: Այս դիտարկումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Հավելեմ, որ խոշորներ, երբ ասում եք, բոլորին է վերաբերում: Շատ խոշորները շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք»:

Ձեռքը սեղանին խփելու միակ տեղը

Երբ 2014 թ. հունիսի 21-ին քննարկվում էր փաստաթղթավորման պահանջը, 106 քվերակած պատգամավորներից 11-ն են դեմ եղել:

«Անուններ չեմ հնչեցնի, բայց վատ չէր լինի, որ բոլոր նրանք, ովքեր տեսան հասարակության այս ընդվզումը, կամա-ակամա կողմ էին քվեարկել, գոնե հրապարակավ ներողություն խնդրեին իրենց սխալի համար, որպեսզի հետո կարողանային ճիշտ շարժվել»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Պատգամավորը բոլորի փոխարեն ներողություն խնդրեց հանրությունից, ապա նշեց, որ համատեղ պետք է գտնեն այդ հարցի լուծումը:

Ա. Մինասյանի խոսքով՝ «կամ-կամ տարբերակը» լավ տարբերակ չէ: Նա ասաց, որ կամավորության մասին խոսելուց էլ պետք է հստակեցվի դրա էությունը: «Կամավարություն կա կամավորություն է, կամավորություն էլ կա, որ պետք է չլինի»,- նշեց նա՝ օրինակ բերելով պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրինագիծը:

«Պետք չէ խաղալ հասարակության նյարդերի հետ»,- նկատեց Ա. Մինասյանը: Նա առաջարկեց կամավորության հիմքում դնել շահագրգռությունը, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտն ինքը ցանկանա ներկայացնել փաստաթուղթ, որպեսզի չհարկվի, ապա առաջարկեց ապրանքաշրջանառության համար նախատեսված շեմը՝ 58,3 միլիոնը դարձնել 150 միլիոն, որպեսզի մարդիկ կարողանան գալ օրինական դաշտ: Իսկ փաստաթղթավորումն իր զարգացման մեջ պետք է քննարկվի, այլ ոչ թե «ձեռքը սեղանին խփելով»: Ըստ պատգամավորի՝ ձեռքը սեղանին խփելու միայն մեկ տեղ կա՝ խոշոր տնտեսվարողներին ստվերից հանելը:

Հարցի քննարկումը շարունակվելու է վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter