HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթաշենում բնակիչներն ու կենդանիները նույն խողովակից են ջուր խմում

Վերջին երեք տարում Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բյուջեից միայն մեկ անգամ է սոցիալական օգնություն տրամադրվել՝ 2014 թվականին: Համայնքի ավագանու որոշումով փոխհատուցվել է դպրոցի աշակերտների դասագրքերի վարձը: «Եթե առանձին-առանձին 10-20 հազարական դրամ տայինք՝ դժվար կլիներ առավել կարիքավորներին ընտրել, ուստի ավագանու հետ քննարկեցինք, եւ որոշում ընդունվեց համայնքային բյուջեից 375 հազար դրամ հատկացնել դասագրքեր ձեռք բերելուն»,- ասում է համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանը:

 2015թ·-ի բյուջեում սոցիալական օգնություն հոդվածով 400 հազար դրամ է նախատեսվել, որը բաշխելու համար, համայնքապետի խոսքով՝ որոշել են սոցիալական հանձնաժողով ստեղծել: Չնայած, ինչպես նա է ասում՝ գյուղում մեկը մյուսին ճանաչում են, տեղյակ են նաեւ նրանց սոցիալական վիճակին: «Օգնությունները ժամանակավոր են, արմատական փոփոխություններ պետք է լինեն մարդկանց կյանքում: Գյուղացիները, երբ տեղեկանք են ուզում վարկ ստանալու համար, ես, որպես համայնք ղեկավար, ավելի հաճախ մի պատճառ եմ գտնում մերժելու, որովհետեւ տեսնում եմ, որ այդ միջոցները ներդրվում են ընթացիկ որեւէ ծախս կատարելու եւ ոչ թե բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար»,- ասում է համայնքի ղեկավարը: Նա նշում է, որ գյուղում եղել են դեպքեր, երբ վարկերի պատճառով մարդիկ կանգնել են իրենց տունը կորցնելու վտանգի առաջ:

Հարթաշենում մարդկանց ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ 1400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հաշվառված գյուղում, կաթի իրացման խնդիր չունեն, որովհետեւ կաթի վերամշակման երեք արտադրամաս է գործում, բայց միսը իրացնելիս ֆերմերները լուրջ դժվարությունների են հանդիպում: Գյուղամիջում կանգնած մարդիկ վրդովմունքով են խոսում, որ Գորիսի տարածաշրջանում մսի մթերման մի կետ չկա, որտեղ կարողանան միսն իրացնել գոնե այն գնով, որ ինքնարժեքից բարձր լինի: «Քաղաքից մարդիկ են գալիս, ջրի գնով տանում, եթե ես գինը որոշեմ, կարող ա մի օգուտ քաղեմ, բայց, քանի որ ես եմ կարիքի մեջ, գնորդ վերավաճառողն ա իր գինը թելադրում»,- ասում է բնակիչներից մեկը: Նրանց հաշվարկով, իրենց գյուղից տարեկան 50 տոննայից ավելի միս կարելի է մթերել, եթե պայմանները բարելավեն:

«Ես չեմ հասկանում գյուղնախարարության քաղաքականությունը,- ասում է գյուղի անասնաբույժ Ռոբերտ Գրիգորյանը, հիմնական ուշադրությունը դարձնում են դաշտավարությանը, պտուղ բանջարեղենի արտադրությանը, եթե «տելեվիզորով» խոսում են գյուղատնտեսության ներդրումների մասին, կամ պոմիդորի համար ա կամ ցորենի սերմի, բա անասնապահությո՞ւնը»: Նրա կարծիքով այդ անուշադրությունն է պատճառը, որ անասնաբույժների աշխատավարձը բարձրացնելու մասին չեն մտածում եւ վճարում են միայն պատվաստումների համար, որը պետական պատվերով է նախատեսված:

Համայնքի ղեկավարը եւս հաստատում է, որ մսի իրացումը համայնքի լուծում պահանջող հարցերից է, բայց ոչ ամենահրատապը: Համայնքի՝ տարբեր տարիների քառամյա ծրագրերում մշտական տեղ ունեն մշակույթի տան բարեկարգման, մանկապարտեզի կառուցման, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման հարցերը: «Խմելու ջրի ներքին ցանցն այնքան է վնասված, որ մի տեղից կենդանիններն են ջուր խմում, մյուս տեղից՝ բնակիչները»,- ասում է համայնքապետարանի աշխատակից Արամայիս Դավթյանը:

Տարիներ առաջ փակվել է գյուղի մանկապարտեզը, բայց նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որոնց ծնողներն ամեն օր տաքսիով 28 կմ ճանապարհ կտրելով տանում են Գորիս, երեկոյան՝ բերում: «Բա ի՞նչ անեն, խի քաղաքի երեխան երեխա ա, մերը՝ չէ»՞,- մեկնաբանում է հաշվապահը:


                                                                     Ջեռուցման ինքնաշեն սարք

Համայնքապետի կարծիքով՝ մեծ ծախսեր պահանջող հարցեր հնարավոր չէ համայնքային բյուջեով լուծել: Անգամ ընթացիկ կոմունալ եւ ջեռուցման համար նախատեսված ծախսերն են խնայում· համայնքի վարչական շենքի ջեռուցման համար ինքնաշեն վառարան են տեղադրել: Նախորդ քառամյա ծրագրից միայն աղբահանության կազմակերպման հարցն է հնարավոր եղել լուծել: Անցյալ տարի հողի հարկի հավաքագրումը կատարել են 100%-ով, միայն հողի վարձակալության ապառքներ ունեն՝ 670 հազար դրամ, որոնց համար, հնարավոր է, նաեւ տույժեր կիրառեն, բայց դեռեւս բավարարվում են բացատրական աշխատանքներով: 

Համայնքային իշխանության գործունեության մասին բնակիչներին իրազեկելու, թափանցիկ կառավարում ապահովելու համար ստեղծել են www.hartashen.am  կայքը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ բյուջեի հանրային լսումների, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի եւ համայնքային նշանակության այլ հարցերի մասին: Ներկայացվում են նաեւ տեղեկություններ բյուջեի ամսվա եկամուտների կատարողականի մասին: Համայնքի ղեկավարի խոսքով՝ նախատեսում են ընդլայնել տեղեկատվության շրջանակը:

«Արդեն երրորդ տարին է, ինչ աշխատակազմի քարտուղարի հաստիքը թափուր է: Բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ շատ կան, ովքեր կարող են աշխատել, բայց այդ պաշտոնի համար նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը չեն ապահովում, այդ պատճառով աշխատակազմի քարտուղարի պարտականությունները դրվել են հաշվապահի վրա»,- ասում է Գագիկ Վանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter