HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Իրաքահայ փախստականի կոտրված երազը Հայաստանի մասին. նրա ապագան Սփյուռքն է

«Երբ ձյուն էր գալիս, տղաս գնաց դուրս խաղալու, բայց ցուրտ էր, ու ես նրան տուն կանչեցի. Հայաստանն էլ մեր հայրն է, ինչո՞ւ մեզ ներս չի կանչում»,- հռետորական հարցադրում է անում Իրաքյան Քրդստանից Ստամբուլ փախած Մովսես Սարգսյանը:

Նա ասում է, որ իր զարմիկը Հայաստանում չորս տարի մնալուց հետո վերադարձել է Էրբիլ ու պատմել, որ իրեն այնտեղ անվանել են տաճիկի մեջ մեծացած օտարական ու ղարիբ:

«Մարդիկ Հայաստանում հոգնած են, ու երիտասարդները աշխատանք են փնտրում Եվրոպայում, բոլորը Հայաստանից փախչում են ու մնացել են միայն աղջիկներն ու կանայք,- հոգոց է հանում Սարգսյանը,- մենք Իրաքում էլ էինք մեզ օտար զգում, ես զայրացած եմ Հայաստանի վրա, ինչո՞ւ է մեզ այսքան տարի դրսում թողել ու ներս չի առնում»:

Սարգսյանը կնոջ ու երեք երեխաների հետ մոտ 6 ամիս առաջ է փախել Իրաքի Դոհուք շրջանից` արդեն չորրորդ անգամ: Նրա ընտանիքի պատմությունը սկսվում է Իրաքի սահմանին գտնվող Թուրքիայի Շըռնախ, Հաքքարիե նահանգի Առու գյուղից: Սարգսյանն ասում է, որ այդ գյուղում բոլորը քրդախոս էին, ու այժմ էլ այն հայերը, որոնք ծագումով Առուից են, շարունակում են քրդերեն խոսել, նշանակություն չունի՝ Ավստրալիայու՞մ են, թե՞ Կանադայում: Սարգսյաններն այժմ էլ տանը միմյանց ու երեխաների հետ քրդերեն են խոսում. նրանցից ոչ ոք հայերեն չգիտի` թեպետ կիսատ-պռատ որոշ բառեր հասկանում են:

Ցեղասպանության ժամանակ Մովսեսի հայրական պապը՝ մոտ 10 տարեկան, հրաշքով փրկվել է ու փախել դեպի Իրաքի սահման՝ Զախո քաղաք, որտեղ էլ հետո հանդիպել է Իրաքի բնիկ հայ համայնքում ծնված ու մեծացած կնոջը: Հետո նրանք տեղափոխվել են Դոհուք, որը Զախոյից հեռու է մոտ 30 կմ: Մովսեսի կինը նույնպես իրաքահայ համայնքից է, դարձյալ` Զախոյից: Մովսեսը կատակում է, որ իր ընտանիքի տղամարդիկ մնում են այնտեղ, որտեղ նրանց կանայք են:

Մովսեսը տուն է վարձել Ստամբուլի Սամաթիա հայաշատ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում. մութ, անհրապույր սենյակների անկյուններից ծիկրակում են նրա երեխաները՝ Երջանը, Թանիան ու Հովիկը, որոնք սովորում են տեղի հայկական դպրոցում: Կինը՝ Սեդա Ներսիսյանը, բարեհամբույր ժպտում է ու հարևաններին ասում, որ Հայաստանից հյուր ունի: Նա հայերենով կարողանում է միայն ասել, որ հայ է. «Ես հայ եմ, իմ ընտանիքը հայ է»:

Ընտանիքը Ստամբուլն ընտրել է նրա համար, որ միջազգային քաղաք է, ու այստեղ շատ հայեր կան, բացի այդ` Մովսեսն ասում է, որ մարդիկ այստեղ բարի են, բոլորն իրեն օգնում են` թե́ հայերը, թե́ թուրքերը, թե́ քրդերը: Ավելի ուշադիր են, երբ իմանում են, որ պատերազմից է փախել: Սակայն հարևանները խորհուրդ են տալիս շատ չվստահել թուրքերին. «Որովհետև թուրքը արտաքինից լավը կերևա, բայց ներսը հոտած է»:

Մովսեսը փայտի արհեստավոր է, ասում է, որ Լեոնարդո դա Վինչիի պես ամեն ինչից էլ գլուխ է հանում, օրինակ`յուրօրինակ ջրի բաք է պատրաստել, որը հետո ներկայացվել է Փարիզում: Նա փորագրում է քարի ու փայտի վրա, բանաստեղծություններ ու երգեր է գրում, հիմնականում արաբերենով, երբեմն՝ քրդերենով: Կինն էլ քրդերեն էր դասավանդում դպրոցում:

1973թ., երբ Մովսեսը ինը տարեկան էր, նրա ընտանիքն առաջին անգամ լքեզ հայրենի տունը. խնդիրը քրդական ապստամբությունն էր, քրդերն Իրաքից անկախություն էին պահանջում: Հիսունն անց տղամարդը, արտասուքը մի կերպ զսպելով, պատմում է, որ ընտանիքն իրեն փողոցում է թողել, որովհետև մեքենայում տեղ չկար. «Մի մեքենայի մեջ 7-8 հոգի էին նստում, ու վարորդն ասել էր, որ տեղ չկա»:

Մովսեսի հայրը հինգ արու զավակ ուներ: Մովսեսն ասում է, որ երբեք այդ դրվագը հետագայում չի քննարկել ծնողների հետ, սակայն մտքում ենթադրել է, որ հայրը, հավանաբար, մտածել է, թե հինգն ունի, չորսին փրկելու համար մեկին պետք էր թողնել. «Այդ մեկն էլ ես էի»:

Մովսեսին փողոցից վերցնում է նրանց ծանոթներից մեկն ու պատսպարում իրենց տանը, իսկ երկու օր հետո նրա հայրը գալիս է որդու հետևից: «Ես էլ երեք զավակ ունեմ ու հիվանդ մայր»,- շեշտում է Մովսեսը՝ նկատի ունենալով, որ ժամանակին փախել է, որպեսզի նրանցից որևէ մեկն իր ճակատագրին չարժանանա:

Մայրը՝ Էվլին Քիրոյանը, կոնքոսկրի կոտրվածք է ստացել դեռևս 1990թ., երբ ԱՄՆ օդային ուժերը ռմբակոծում էին Հյուսիսային Իրաքը, ու մարդիկ թաքնվում էին ապաստարաններում: Հերթական ազդանշաններից մեկի ժամանակ նա նկուղ վազելիս աստիճաններից վայր է ընկել ու բետոնե հատակին զարկվելով՝ վնասել կոնքի մի քանի հոդերը: «Նրան մի քանի ամիս նկուղից չկարողացանք հանել»,- հոգոց է հանում Մովսեսը:

Մովսեսի համար ծանր է եղել հատկապես մորը տեղափոխելը, որովհետև նա շարժասայլակ չուներ, նրան անընդհատ գրկելու ու տեղափոխելու պատճառով ինքն էլ այժմ ողնաշարի ճողվածք (գրիժա) ունի: Առաջին օրերին տիկին Էվլինի վիճակը տանը վատ է եղել, սակայն Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու միջնորդությամբ նա տեղափոխվել է Ստամբուլի սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, որտեղ այժմ անվճար բուժվում է:

«Հետքն» այցելեց տիկին Քիրոյանին հիվանդանոցում, որտեղ նրա մասին հոգ են տանում: Տիկին Քիրոյանը նույնպես ծնվել է Զախոյում, որտեղ հայկական դպրոց ու եկեղեցի կար, հայերեն է սովորել:

Տիկին Քիրոյանը շատ հիշողություններ չուներ անցյալից, իսկ Հայաստանի մասին էլ ասում էր, որ շատ գեղեցիկ մի վայր պետք է որ լինի:

«Իմ հայրն ու մայրը երազում էին, որ մենք մի օր գայինք Հայաստան, ու նրանք նայում էին Հայաստանին ինչպես հրեաներն Իսրայելին,-  մոր միտքը շարունակում է Մովսեսը,-  նրանք կարծում էին, որ միգուցե ոչ մենք, բայց մեր երեխաները կգան Հայաստանում ապրելու, բայց այժմ ամեն ինչ կոտրված է»:

Նա ասում է` երբեք չի լսել, որ որևէ մեկն ասի, թե չի սիրում Հայաստանը, բոլոր հայերն էլ ուզում են Հայաստան գնալ:

«Եթե Հայաստանն ազատ հող ունենար, շատ մարդիկ կգային Իրաքից, Սիրիայից ու այլ տեղերից, ու տասը տարի հետո Հայաստանն այլ երկիր կլիներ,- թախծոտ ասում է նա,- բայց դա գնաց քամու հետ, ինչպես այն ամերիկյան ֆիլմում (Քամուց քշվածները)»:

Մովսեսի եղբայրը` Մարտիրոսը, հիշում է հոր խոսքերը, ով նրանց պատմել է 1946թ. Հայաստանից ժամանած մարդկանց մասին, որոնք եկեղեցու միջոցով հետաքրքրվել են, թե որքան հայեր են բնակվում Հյուսիսային Իրաքում:

«Բայց նրանք գնացել ու հետ չեն եկել, որովհետև կառավարությունը թույլ չտվեց, որ հայերը թողնեին երկիրը, մինչդեռ հրեաները գնացին,- ասում է Մարտիրոսը,- Մայրս միշտ հիշում է հրեաների խոսքը, որոնք հայերին անընդհատ ասել են, թե իրենք կգնան Իսրայել, բայց մենք մեր Հայաստանը չենք գնա»:

Տիկին Քիրոյանն ավելացնում է, որ նրանք վաճառեցին ամենը, ինչ հնարավոր էր ու գնացին իրենց դրախտի երկիր Իսրայելը: «Իսկ մենք չկարողացանք: Քրդերեն գիտե՞ս,- հարցնում է ու բացասական պատասխան լսելով՝ ավելացնում,- շատ ավելի լավ, Երևանը մեր տեղն է, հայերի տեղն է, քրդերեն պետք չէ իմանալ»:

Մարտիրոսը շարունակում է հիշել հաջորդ փախուստները, օրինակ` 1991թ., երբ կոալիցիոն ուժերը ԱՄՆ գլխավորությամբ հաղթեցին Սադդամ Հուսեյնին, ու նրանք հինգ ամիս ապրեցին սարերում, հետո եկավ 2003թ., երբ Սադդամը սպանվեց, ու նրանք նորից փախան:

«Բոլոր այդ փախուստների ժամանակ մենք նախապես չենք իմացել` կկարողանա՞նք, արդյոք, վերադառնալ,- ասում է նա,- ու մեզ հետ երբեք էլ շատ բան չենք վերցրել, մեր մեջքի վրա կերակուր էինք կրում ու վերմակ, օրեր շարունակ քայլում էինք դեպի սարերը»:

Մովսեսն ասում է, որ ամեն անգամ հետ գալիս իրենց տունը տեսել են կողոպտված ու բոլոր արժեքավոր իրերը գողացված. «Անգամ իմ գործիքներն ու շորերը, ու ամեն անգամ մենք սկսում էինք նորից»:

Վերջին անգամ Մովսեսի եղբայրը՝ Մարտիրոսը, որ այժմ Կանադայից եկել է եղբորը սատար կանգնելու, նրան խորհուրդ է տվել, որ վառի ամեն ինչ, բայց նա չի համաձայնվել, մինչդեռ շատերն այդպես են վարվել: «Բայց ես հիմա ցավում եմ, որ թույլ չտվեցի»,- դառնորեն նկատում է նա:

Մարտիրոսն ավելացնում է, որ իր ընտանիքը հոգնել է այդ փախուստներից ու կյանքն ամեն անգամ նորից սկսելուց: «Վերջին անգամ իմ զարմիկը, ով երեք երեխա ունի, ասաց, որ էլ հետ չի գալու: Այդպես էլ արեց. նա հիմա Տորոնտոյում է»,- ասում է Մարտիրոսը:

Վերջին փախուստի ժամանակ Մովսեսը շատ է վախեցել, որ այն, ինչ պատահել է եզդիների հետ, կարող է պատահել նաև հայերի հետ, ու թողել է ամեն ինչ: Նա ասում է, որ այժմ այնտեղ ավելի հանգիստ է, բայց այդ օրը շատերը փախան. «Որովհետև տասը րոպեից daş-երը (նկատի ունի ISIS-ի զինյալներին) կարող էին գալ, նրանք քրիստոնյաներին չէին սպանում, միայն վերցնում էին հարստությունը, բայց մենք չգիտեինք, թե ինչ կարող էր լինել մեզ հետ»:

Մովսեսը դառնորեն նկատում է, որ եզդիների կոտորածը տեղի ունեցավ ԱՄՆ լռելյայն համաձայնության ներքո ու հարցադրում է անում, թե ինչպես նման բան հնարավոր եղավ այս դարում, երբ համակարգիչ ու ինտերնետ կա:

«Եթե ամերիկացիները ուզեին՝ հինգ րոպեում վերջ կտային եզդիների կոտորածին, բայց նրանք միայն նայում էին, նրանք՝ ամերիկացիներն ու ռուսները, իրար հետ բիզնես են անում ու նավթ վաճառում, ու իրենց հետաքրքիր չէ, որ մարդիկ են մեռնում»,- ասում է նա:

Ետեւում ունենալով երեք փախուստի փորձն ու գնահատելով վերահաս վտանգը` Մովսեսն ամիսներ առաջ ընտանիքի համար թուրքական վիզայով անձնագիր էր վերցրել:

«Այդ օրն էլ մի ժամում փախանք ու մեզ հետ ոչինչ չկարողացանք վերցնել,- ասում է նա,- մեր ունեցած մի փոքր գումարն էլ հետներս չենք վերցրել, որովհետև Թուրքիայում առաջին անգամ էինք, չգիտեինք` ինչ կլինի, թողել ենք աներձագիս մոտ»:

Մովսեսի խոսքով՝ Դոհուքում այժմ մոտ 40 հայ ընտանիք կա, նույնքան էլ՝ Զախոյում, իսկ Ավզրուք գյուղում ՝մոտ  50-60 ընտանիք:

«Այս անգամ հայերից միայն ես եմ փախել, որովհետև նրանց մեծ մասը կամ անձնագիր չունի ու չի կարողացել փախչել, կամ էլ շատ հարուստ են ու չեն կարող թողնել իրենց հարստությունը»,- մեկնաբանում է նա:

Ընտանիքը ծանր ընտրության առաջ է կանգնած, նրանք դեռ չգիտեն, թե ուր են գնալու, սակայն Հայաստան գալ միանշանակ չեն ուզում, որովհետև Հայաստանի մասին ունեցած իրենց երազը մշուշի պես ցնդել է:

«Դու գիտե՞ս ինչ է նշանակում ունենալ երազ, որը կոտրվեց,- ծանր հայացքով հարցնում է Մովսեսը,- դա ծանր է, շատ ծանր, որովհետև գիտես, որ դրանից հետո էլ հույս չկա»:

Մեկնաբանություններ (11)

Հ.Շ.
«Ընտանիքը Ստամբուլն ընտրել է նրա համար, որ միջազգային քաղաք է, ու այստեղ շատ հայեր կան, բացի այդ` Մովսեսն ասում է, որ մարդիկ այստեղ բարի են, բոլորն իրեն օգնում են` թե́ հայերը, թե́ թուրքերը, թե́ քրդերը:» ................................................ դեհ լա՜ւ, շատ բարի --- աշխարհի լաւագոյն տեղը, կարգին դրախտավայր էք գտել - նամանաւանդ հայերի համար -, ուրեմն, դեռ ինչի՞ համար էք զայրացած եւ գանգատում --- շնորհակալութիւն յայտնեցէք ցած ու վատ Հայաստանին, որ իր ցածութեան եւ վատության պատճառով, ձեզ ոսկի առիթը ընծայեց որ երթաք ու հաստատվիք հոյակապ, սքանչելի, զգլխի՛չ թուրքիայում... բարի վայելում... յաջողութիւն ձեզի...
Ափսոս
Երազները ընդհանրապէս անհասանելի բաներու մասին են...եւ ատոր համար ալ երազողները աւելի երիտասարդ են քան որոշ տարիքի անձեր: Ամէնայն դէպս, շատ լաւ կը հասկնամ իրաքահայուն ապրած հիասթափութիւնը, նոյնիսկ եթէ ան ոտք չէ կոխած Հայաստան: Ես ուրիշահայ եմ եւ մեր դաստիարակութիւնը` դպրոցական, միութենական թէ ընտանեկան մեզ պատրաստած էր օր մը հայրենիք վերադառնալու: Պարագաները տարբեր երկիր վիճակեցին ինծի ուրկէ կրկին Հայաստան երթալու փափաքս վառ մնացած էր: Յետոյ տարիները, հանգստաւէտ կամ նուազ հանգստաւէտ պայմանները, ու մանաւանդ վախը՝ որ գրկաբաց պիտի չընդունուիս հայրենիքիդ մէջ, որ նոյնիսկ տարբեր ես հայաստանաբնակէն, որ կրկին պիտի ստիպուիս ապրիլ ընկերութեան մը մէջ ուր առօրեայ ջնջին բաներու համար ստիպուած ես կաշառել եւ, ամէնէն կարեւորը, Momentum-ի պակասը անկախութենէն ետք մարեցին այդ կրակը, ափսոս...հազար ափսոս: Եւ մինակ չեմ, ոչ ալ Սփիւռքի ղեկախարութենէն կախեալ անձ:
Tina
Armenia is member of International Organization for Migration (IOM) and I would like to know if there is a IOM mission or office there. IOM works to promote international cooperation on migration issues, to assist in the search of practical solutions, to provide humanitarian assistance to migrants in need, be they refugees, displaced persons or other uprooted people. To help those willing to settle in the country of origin, the following activities should be implemented: nationwide media campaign, promoting voluntary repatriation, providing specific support services for repatriation and integration of migrants.
Davit
Varaz, first of all, Im about to relocate to Armenia permanently. And the only thing having kept me here this long is my student loans, not any condition of Armenia. More importantly, hundreds of people are leaving? What does that mean, in what period of time? And how is that related to the topic of this article? If you want to discuss economic or political issues, and in detail explain how alternative policies would create a better situation, please go ahead. Meanwhile, quit encouraging vague pointless articles like this are without any substance or any constructive criticism which help to fuel that emigration you speak of. If you criticize, don't wine like a child. Actually explain in concrete details.
Armenian
Dear Armenians living out of Armenia, Please remember that Armenia is not as rich country as Israel to be able to help all Armenian on the world, If someone from another country wants to live in Armenia, our doors are open for all Armenians all over the world. Now people living in Armenia has huge problems, you should understand that they have problems not less than yours, if you want to live in Armenia, just go and live, why are you telling that your dream is BROKEN? If Armenian government is stupid son of bitch,, who is not interested in you, it doesnt mean all Armenia is not interested, they are happy to see you there. Why are you blaming for all armenians for the mistake which government did? Why you think that Armenia is a place where you will live as in haivan , no , Armenia is one of poor countries where you should work hard and torture to prove that u r patriot who can overcome all difficulties in his motherland , never think that Armenia is Saud Arabia who has enough resourse to pay for all his people. Come and live as everyone lives in Armenia, as real patriot who is not leaving his motherland and agree to overcome all difficulties in his motherland, you are seating there and blaming us, that we are not doing this or that, we all need help, we need to get rid of this government and after it , we will be able to help you more than now. But now government is helping as much as they can, try to use that help and dont blame armenia,,, Why we all Armenians are expecting help from our motherland, , we should help it ourselves.
Davit
why do you find it necessary to publish this garbage? Really is you aim the destruction of your own country? I fully support Hetq in discussing actual problems and exposing wrong doings in the country, but what does this have to do with anything? So someones cousin told him that he was called a foreigner, and that was enough cause for that person to abandon your ancestral homeland? If that's case, I'm sad to say the country will not have lost much. Or it was that you heard from someone's cousins brother in laws neighbor that a lot of people are leaving Armenia, that only women and girls are left? So what was your point Ms. Muradyan in writing this article? what were you trying to convey? How does the title which implicates those in power in Armenia to be at fault have anything to do with the content of this story? What were you trying to accomplish? Cause damage to your country and spread pessimism with baseless and pointless accusations? If so, great job. This is utterly pathetic and you in fact should consider yourself a Turk for contributing to their cause.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀ Սփյուռքի նախարարությունը փաստորեն այդպես էլ ձևակա՛ն (տուրիստական բյուրոյի բնույթի) կառույց մնաց: Այն պիտի փոխարինել «Ներգաղթի» նախարարությունով՝ առաջին հերթին Արցախի ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար: Պիտի նաև հասկանել,որ Ռուսաստա՛նն է շահագրգռված,որ Արցախի ազատագրված տարածքները չվերաբնակեցվեն,որպեսզի Ադրբեջանին առաջարկելու բան/խայծ ունենա՝ Ռուսաստանի ազդեցության տակ պահելու համար:
Anna Muradyan
Dear Tina, yes there is IOM office in Armenia, one can easily find their contacts just googling with IOM Yerevan tags. The thing is how many people know about them etc.
Ռազմիկ
Հարգելի HC....Պէտք է այլեւս ընդունինք որ երկուստէք կամք եւ ցանկութիւն չկայ «հայրենադարձ» ծրագիր մը մշակելու: Թէ ո՞վ է աւելի մեղաւոր, զիս այդքան չի հետաքրքրէ: Ուզողը հայաստան կ՛երթայ, չուզող չ՛երթայ: Այլեւս անձնականի հարց դարձած է: Ազգովին, փաստեցինք որ ազգային հաւաքականութիւն չենք եւ որպէս զայն չենք մտածէր:
Tina
The government and especially the Ministry of Diaspora must as soon as posibble implement a viable project to repatriate all armenians who want to settle in the motherland (Hayastan). The armenian president has to sponsor this project of national importance and people in armenia must help and support the repatriates as friends and relatives.
Հայ
Ես չհասկացա, թե ինչպես է իրենց՝ Հայաստան գալու երազը մշուշի պես ցնդել, եթե Հայաստանում չեն էլ եղել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter