HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի գեղանկարիչ Վազգեն Գեւորգյանի կտավներում երկրորդ կյանք են ստանում 19-րդ դարում արված լուսանկարները

Հնաբույր ու խունացած լուսանկարների արդեն մագաղաթյա դեղնությունը կտավին փոխանցելիս` աշխատում է չխախտել նաեւ սեւ-սպիտակի համադրությունը: Գյումրեցի գեղանկարիչ Վազգեն Գեւորգյանի բնորդները երկու դար առաջ լուսանկարներում հավերժացած գյումրեցի արհեստավորներն են՝ մի տեսակ խիստ, լարված, սակայն արժանապատիվ հայացքներով՝ իրենց ողջ կյանքը գիտակցված եւ պատվով ապրելու զգացումով: 19-րդ դարի գյումրվա կենցաղավարությունը կտավին հանձնելու միտքը Վազգենի մոտ ծնվել է մոտ 10 տարի առաջ՝ գյումրեցի դերասան Հովհաննես Հովհաննիսյանի տանը հյուրընկալվելուց հետո: 

«Պատից կախած տեսա Հովհաննեսի պապ ու տատի նկարը,- պատմում է գեղանկարիչը,- էնքան ազդեցիկ էր, որ անմիջապես բլոկնոտն ու գրիչը հանեցի, սկսեցի ճեպանկար անել, հետո, իհարկե, դա փոխադրեցի կտավի վրա: Այդ կտավը առաջին կոմպոզիցիան է եղել իմ՝ ակադեմիայում սովորելու տարիներին: Հետո դա նվիրեցի երկրորդ նախագահի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Նա Ակադեմիա էր այցելել, նկարչական բաժնում ցուցադրված գործերից հավանել այս գործս, ցանկացավ գնել, բայց ես նվիրեցի: Հետո որոշեցի շարք ստեղծել, սկսեցի հին ֆոտոներ հավաքել, որովհետեւ հասկացա, որ հենց դա եմ ուզում պատկերել, ինձ դա է գրավում՝ գյումրվա հին միջավայրն ու կոլորիտը»:

Միասնության եւ ընտանեկան համերաշխության գաղափարը կա Վազգենի գեղանկարներում: Այն, ինչ այնքան ակտուալ էր 19-րդ դարում, 21-րդ դարում աղավաղվել ու սկսել է իր տեղը զիջել անհասկանալի գաղափարախոսությունների, նկատում է երեք երեխաների հայր, 44-ամյա Վազգեն Գեւորգյանը: Լինելով իրական հայկական արժեքների կրող՝ Վազգենը համոզված է, որ հայ ազգի հաջողության գրավականը հենց միասնական, ամուր եւ սիրով շաղախված ընտանիք ունենալն է:

«Լուսանկարներից եկող յուրահատուկ էներգետիկան գրավեց ինձ: Ուզում եմ, որ մարդիկ ծանոթանան մեր պատմության հետ ու սիրեն այն, դրա համար էլ հիմնականում գյումրեցի տատիկ-պապիկների, արհեստավորների եմ նկարում, ամուսնական զույգերի: Կերպարների ընտրության վրա մտածելու խնդիր չկա՝ թելադրողը լուսանկարն է»,- ասում է զրուցակիցս:

Վազգենը նկարել սկսել է 6-7 տարեկանից, բայց ահա ձգտումը՝ ստանալ նկարչական ակադեմիական կրթություն, նրան հասու է եղել միայն 20 տարի անց: Առաջին ձախողված փորձը Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի ընդունելության քննություններն էին:

«Արդեն 8-րդ դասարանից նպատակ էի դրել, որ պիտի նկարչության ուղղությամբ շարունակեմ: Երկու տարի փորձեցի, բայց մերժեցին: Միջնակարգս ավարտելուց հետո որոշեցի Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինն ընդունվել՝ կրկին ձախողվեցի: Բանակից վերադառնալուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը կրկին ծրագրերիս առաջնահերթության մեջ էր, մենակ թե ֆորտունան էր երես թեքել»,- Վազգենը ծիծաղում է:

Բուհ ընդունվելու 7 փորձ, որից 6-ն ավարտվել էր մերժմամբ եւ միայն վերջինն էր, որ պսակվեց հաջողությամբ: 1997թ-ն էր եւ մեկ տարի արդեն գործող Գյումրու Արվեստների ակադեմիայի նկարչական բաժնում սովորելու համար դիմած 27-ամյա Վազգենին ի վերջո ասացին «այո»: «Կուրսում 16-17 տարեկան երեխաներ էին, դասախոսներս էլ շատ մեծ չէին ինձնից: Բոլորի հետ էլ ընկերություն էի անում,- Վազգենը ծիծաղում է,- ակադեմիայում ծանոթացա ապագա կնոջս՝ Սաթենիկի հետ, ով նույնպես նկարչուհի է»:

Վազգենի ընտանիքում երեք երեխա է մեծանում, բոլորն էլ ինչ-որ չափով հետաքրքրված են նկարչությամբ: Ավագ որդու՝ 13-ամյա Երվանդի մոտ զարգացած է գունային զգացողությունը, Էդգարի «հոբբին» տան պատերը նկարազարդելն է, իսկ փոքրիկ Միլենան, որ ավելի շատ գերադասում է ձեռքում մատիտ բռնել՝ դեռ բավարարվում է սեփական տիկնիկների դեմքերը «կարգի» բերելով:

Վազգեն Գեւորգյանը զբաղվում է նաեւ խեցեգործությամբ: Սերը կավե իրերի նկատմամբ ծնվել է, երբ դեռ երեխա էր: «Մայրս Սպիտակի շրջանի Մեծ Պառնի գյուղից է: Կավից կարասներ, ամաններ այնտեղ եմ տեսել՝ մորական պապիկի տանը,- պատմում է Վազգենը,- հետագայում, որ անընդհատ չէր ստացվում նկարչական ընդունվելս, ինձ խորհուրդ էին տալիս, թե խեցեգործության, կերամիկայի բաժինն ընդունվի, հետո կփոխես: Ի վերջո` համառության շնորհիվ ես իմ ուզածին հասա ու նկարչությանը զուգահեռ ստացվեց այնպես, որ հետագայում սկսեցի զբաղվել նաեւ խեցեգործությամբ»:

Նկարներ վաճառել ու կարողանալ ընտանիք պահել Հայաստանի՝ առավել եւս Գյումրու պայմաններում՝ անհնար է, ամեն դեպքում նկարիչների մեծագույն մասի համար: Գյումրեցի նկարիչներից շատերը սեփական կենցաղն ապահովելու համար տարատեսակ միջոցներ են փտրում, որոնք չգտնելու դեպքում՝ պարզապես մի կողմ են նետում կտավն ու վրձինը: Ապրել Գյումրիում եւ գեղանկար վաճառել՝ դա արդեն սխրագործության նման մի բան է:

«Ռեալ-արտ» նախագծի շրջանակներում իմ գործերից մեկը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ ցուցահանդես այցելած արաբ գործարարը ցանկանում էր գնել: Իհարկե ուրախալի է, որ քո գործը ցուցադրվում է ու հետո գնորդ է հայտնվում, սակայն անչափ տխուր է, երբ գնորդը սկսում է գին գցել, սակարկել ու դու գերադասում ես նվիրել մեկ ուրիշին, քան իր ուզած գնով վաճառել տվյալ անձին,- ասում է Վազգենը,- ես տատանվում էի այն ժամանակ՝ վաճառել, թե չվաճառել, հետո որոշեցի, որ ավելի լավ կլինի կտավը մնա: Համոզված եմ, որ օրերից մի օր իմ «Գյումրեցի երաժիշտներ» գործը կգտնի իր իրական գնորդին»:

Մոտ 5 տարի առաջ իրականացավ նաեւ Վազգենի խեցեգործական արհեստանոց ունենալու ցանկությունը: «Վատն այն էր միայն, որ դա մի տեսակ գեղանկարչության հաշվին եղավ: Սկսեցի շատ քիչ նկարել, քանի որ արհեստանոցի ստեղծումը, իրերի պատրաստումն ու իրացումը, զանազան թղթատարությունն ավելի շատ ժամանակ էր խլում, քան թե ես սկզբում պատկերացնում էի ու ժամանակ չէր մնում ստեղծագործելու»,- պատմում է զրուցակիցս:

Իսկ ամեն ինչ սկսվեց ընկերոջ հետ ծովաբողկ արտադրելու գաղափարից: «Երկար մտածելուց հետո եկանք եզրակացության, որ դրանք ավելի լավ է պահել կավե տարաներում,- շարունակում է պատմությունը Վազգենը,- ես առաջարկեցի, որ տարաները մենք ինքներս պատրաստենք: Հարկ եղավ բիզնես-վարկ վերցնել: Ծրագիրս ներկայացրեցի ՓՄՁ ԶԱԿ-ին ու ստացա վարկ 1մլն 450 հազար դրամի չափով, որ պիտի մարեի երեք տարվա ընթացքում, տոկոսադրույքն էլ բարձր չէր՝ 12 տոկոս»:

Վազգենի կինը եւ հայրն եւս ընդգրկված են խեցեգործության մեջ, պատրաստում են սրճամաններ, սուրճի բաժակներ, կարասներ, սկուտեղներ եւ այլն: Կավե իրերի մեծ մասի վրա կարելի է տեսնել խոյի պատկեր: «Մենք փորձեցինք կիրառականի մեջ նաեւ դեկորատիվ արվեստ մտցնել, դրանով է պայմանավորված որոշակի գունավորումը, խոյի պատկերներն եւ այլն: Մեր արհեստանոցում բավական թվով երիտասարդներ են հաճախել՝ խեցեգործություն սովորելու նպատակով: Կարծում եմ, որ այս տեսանկյունից եւս արհեստանոցի հիմնադրումն արդարացված էր»,- նկատում է զրուցակիցս:

Ի տարբերություն կտավների՝ կավեր իրերը բավական լավ են վաճառվում: Սկզբում, երբ առաջարկել են խանութների տերերին վաճառել իրենց պատրաստածը, մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե չի վաճառվի: «Չէ. ասելը շատ հեշտ է, բայց պետք չէ ընկրկել, երբ մերժում են, պետք է հասնել նրան, որ ստանաս դրական պատասխան,- Վազգենը ծիծաղում է,- հիմա արդեն Գյումրիում կան խանութներ, որոնք մեզ հետ աշխատում են եւ կան հիմնական գնորդներ: Ամեն դեպքում ավելի էժան է, քան Երեւանի վերնիսաժում վաճառվող խեցեղենը: Փորձում ենք օրիգինալ, ինչպես նաեւ կենցաղում շատ անհրաժեշտ իրեր ենք պատրաստում»:

Մեկնաբանություններ (2)

Երանուհի Սողոյան
Հարգելի Հասմիկ, Վազգեն Գեւորգյանի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսահամարով՝ 093673916
Հասմիկ
Հետաքրքրված եմ Վազգեն Գեւորգյանի աշխատանքներով: Ինչպես կարող եմ ձեռք բերել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter