HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի թիրախ Շուռնուխում հրետակոծված տների մեծ մասը չի վերականգնվել

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մարտի 15-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ են կայանալու: Համայնքի ղեկավարի համար առաջադրված թեկնածուներին հանդիպելու նպատակով Շուռնուխ կատարած մեր այցը հաջողություն չունեցավ: Թեկնածուներից Գավրոշա Հակոբյանը Երեւան էր գնացել: Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն՝ գործող համայնքապետ Հակոբ Արշակյանը, նույնպես գյուղում չէր (ավելի վաղ համայնքի ղեկավարի ինքնառաջադրված մեկ այլ թեկնածու՝ Վահան Բեգլարյանը, հետ է վերցրել փաստաթղթերը):

Հ. Արշակյանի բացակայության ընթացքում փակ էր նաեւ Շուռնուխուի համայնքապետարանը: Գյուղի բնակիչների ասելով` դա սովորական երեւույթ է, քանի որ համայնքապետարանի աշխատակազմի անդամներից երկուսը՝ քարտուղարը  եւ հաշվապահը,  Գորիսում են ապրում եւ ըստ էության, պաշտոնավարում են հեռակա կարգով, հակառակ պարագայում իրատեսական չէ աշխատանքի գնալու համար ամեն օր մոտ 60 կմ ոլորապտույտ ճանապարհ անցնելը:

Շուտով համայնքապետարան եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Նարինե Խուրշուդյանը: Նա անհասկանալիորեն շփոթված մի քանի անգամ ստուգեց լրագրողիս վկայականը, այնուհետեւ սենյակից դուրս գալով ինչ-որ տեղ զանգեց, մեկ անգամ եւս ճշտեց ով լինելս, նշեց թղթի վրա ու կրկին զանգեց: Երբ հարցրի, թե ինչ նպատակ է հետապնդում «հետաքննությունը», նյարդայնացած վրա տվեց. «Դա ալի՞ք ա փոխում»: Նույն տոնայնությամբ նա հրաժարվեց ծանոթացնել ավագանու նիստերի արձանագրություններին, ասելով, որ դրանք աշխատակազմի քարտուղարի մոտ են:

Երբ խոսք գնաց, թե ինչ սկզբունքով են բյուջեից բաշխվում սոցիալական օգնությունները, շուտասելուկի նման վրա բերեց. «Իբր ի՞նչ փող ունենք, որ օգնենք, հազիվ մեր աշխատավարձին ա հերիքում: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չեմ իմանում»:

Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչպես են համայնքի բնակիչներին տեղեկացնում ավագանու որոշումների մասին, եթե համայնքապետարանի միջանցքի պատերին դեռեւս 2012թ. նախագահական ընտրությունների արդյունքները ներկայացնող ցուցանակներն էին: «Դե, հա, կանենք էլի, որոշել ենք»,- ասաց նա: Վերջին անգամ, թե երբ է ավագանու նիստ կայացել եւ ինչ հարցեր են քննարկվել, չհիշեց նաեւ մեր զրույցին միացած ավագանու անդամ Տաթեւիկ Ջավահիրյանը: Վերջինս համայնքապետարան էր եկել Նարինեի հորդորով եւ տպավորություն ստեղծվեց, որ ընկերուհուն է «օգնության հասել»:

Երկու կանայք չնշեցին համայնքային նշանակության գոնե մեկ հարց, որն անցած տարիներին լուծված լիներ տեղական իշխանության ջանքերով: Համայնքի ղեկավարի տեղակալն անտեղյակ էր (կամ այդպես ներկայացրեց) նաեւ համայնքում հողերի աճուրդ կազմակերպելու, վարչական տուգանքներ կիրառելու հարցերից:

Այն մասին, որ մարտի 15-ին Շուռնուխում տեղական ինքնակառավարման ընտրություններ են կայանալու, տեղյակ էին շատերը: «Ամուսինս դպրոցի պահակն է, տեսել է, որ ցուցակներ են կախված տեղամասում, բայց դե, ինչ մի ձեւական արարողություն են անում, միեւնույն է, ընտրությունները նշանակովի են, եւ ով էլ ընտրվի, միեւնույն է, մեր կյանքը բարելավելու մասին ոչ ոք չի մտահոգվելու»,-համոզված ասում է Համեստ Սարգսյանը: Նա երկար տարիներ աշխատել է Գորիսի գրադարաններից մեկում, հայտնի է իր հռետորական ունակություններով, քննադատական մտածողությամբ եւ թոշակի անցնելուց հետո նախկին ազատամարտիկ ամուսնու հետ բնակություն է հաստատել Շուռնուխում:

Համեստի կարծիքով` վերջին տարիներին գյուղում որեւէ համայնքային խնդիր չի լուծվել: Արցախյան պատերազմի տարիներին ռազմավարական նշանակություն ունեցող Շուռնուխում բազմաթիվ տներ հրետակոծության թիրախ դարձան եւ դրանց մեծ մասն ավերված վիճակում էլ մնացել է մինչ օրս:


Համեստի կարծիքը չի կիսում ավագանու թեկնածու Վարվառան: «Եթե արդար ընտրություններ լինեն, Գավրոշը կհաղթի, Բարգավաճն էլ չաջակցի, մարդիկ ընդունում են նրան»,- ասում է Վարվառան` նշելով նաեւ, որ համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում համայնքային գոնե մեկ հարց պիտի լուծի: Նրա կարծիքով` գյուղի կենսական նշանակություն ունեցող հարցերից հիմնականը գազամատակարարումն է, որը, սակայն, տեղական իշխանությանը չի մտահոգում:

Վարվառա Ալեքսանյանն, ի դեպ, մեկն է այն երեք կանանցից, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրել մարտի 15-ին կայանալիք ավագանու ընտրություններում (ավագանու չորս տեղի համար առաջադրվել է ութ թեկնածու):

Համայնքի մեկ այլ բնակիչ՝ Ռոբերտ Աթաբեկյանը, ով Երեւանից է բնակություն հաստատել Շուռնուխում, ասում է, որ համայնքապետի ձեռքին բան չկա, հակառակ դեպքում գոնե գյուղի հրատապ հարցերից մեկը կլուծվեր, օրինակ, գյուղտեխիկա ձեռք կբերեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter