HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմն էլ նույն անձրևն է՝ ազգն է մաքրում»

Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ սպասում ենք երգիչ Մակիչին: Հակոբը պատմում է, որ Մակիչը՝ Մկրտիչ Մկրտչյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներից է, եղել է Շուշիի առանձնակի գումարտակում: Քիչ հետո մեզ է միանում երգիչ-ազատամարտիկը: Հակոբը նրան պատերազմի տարիներին արված գունավոր լուսանկարներ է տալիս: Մակիչը վերցնում է դրանք, ուշադիր նայում, հետո սկսում են խոսել լուսանկարում պատկերված տղերքից: «Էն ժամանակվա ու էսօրվա Մակիչը շա՞տ է փոխվել»,- հարցնում եմ նրան: Լուսանկարները մի կողմ դնելով՝ մի քանի վայրկյան լռում է: «Պատկերացրու որ նույնն է, ուղղակի իրավիճակն է փոխվել: Հիմա կռիվ չկա, մենք նույնն ենք: Տեսակը չի փոխվում»,- ասում է նա:

Ցաքուցրիվ մտքերը ներկայի մասին քիչ-քիչ խմբվում են: Եթե նորից պատերազմ սկսի, իրենց տեսակը կհայտնվի նույն կյանքի մեջ: Սա միանգամից է ասում, ձայնի մեջ վճռական տոն կա: Հետո նշում է, թե ճիշտ է, իրենք 20 տարի առաջվա երիտասարդները չեն, բայց հո դա չի խանգարի, իրենք դեռ պատերազմի ժամանակ 60 տարեկան ընկեր ունեին, որ հավասար կռվում էր իրենց հետ:

Կրպեյանի հետ հանդիպումը

Մակիչն արմատներով Սասունից է: Ծնվել է Թալինի Սասնաշեն գյուղում, իսկ մեծացել է Աշտարակի Սասունիկ գյուղում: Երբ պատերազմն սկսեց, սովորում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 3-րդ կուրսում: Համերգներից մեկի ժամանակ Մակիչի մորաքրոջ տղայի հետ գնացել էր նաև Թաթուլ Կրպեյանը: Այդ ժամանակ Կրպեյանին չէր ճանաչում: Հիշում է, որ իր երգելուց հետո Կրպեյանը, որ աչքի էր ընկնում թավ մորուքով, սկսեց ծափահարել: Հետո ծանթացան: Թաթուլն ասել էր, որ «Մարաթուկ» խմբի ղեկավարին էր դիմել՝ Գետաշենում համերգ տալու համար, որ տեղացիների ոգին բարձրացնեն: Խումբը, սակայն, պատասխանել էր, որ այդ օրերին Ամերիկա պիտի գնան:

«Թաթուլը գնացել էր հանրակացարան, տխուր նստել, ես էլ ասացի՝ ի՞նչ ես մտածում, ես կգամ-կերգեմ: Վերջը համոզեցի, գնացի: Համերգը տվեցի, մի երկու օր անցավ, ասացի՝ էլ ո՞ւր եմ ուզում գնալ, դրախտ եմ եկել, գնամ կանգնեմ դաշնամուրի մոտ երգե՞մ, անիմաստ էր: Վերջը Թաթուլին ասացի, որ չեմ ուզում գնալ, չհամաձասյնեց, թե՝ դու աշխարհին պիտի ասես հայ ազգն ով ա»,- պատմում է երգիչը:

Այնուհետ Մարտունաշենում երգելու էր գնացել, որից հետո պիտի վերադառնար Երևան: Մակիչին ճանապարհելիս եկել էր «Արաբոյի» հրամանատարներից Բագրատը, ով տեղյակ չէր նրա՝ Երևան գնալու մասին: «Հարցրեց, թե Մկո, էս ի՞նչ ես անում, ուղեղս աշխատեց, ասացի՝ հեչ, եկել եմ մարդ ճանապարհեմ, հետո ասաց՝ ի՞նչ գործ ունես գետաշենցիների հետ, արի գնանք մեզ մոտ: Ասի՝ գնանք, նստեցինք հին «Վիլիսն» ու գնացինք»,- նշում է Մակիչը, հետո մեղմ ժպտում է, աչքերի անկյուններում նուրբ բծերը ձգվում են:

5-6 օր անց Կրպեյանը գնացել էր Մարտունաշենի գյուղամեջ՝ լուր ուղարկելով Մակիչին, որ իրեն սպասում է: Այդ օրերին Մարտունաշենում արդեն սկսել էին դիրքային կռիվները: «Ասացի՝ գնացեք ասեք, որ չեմ գա, որովհետև գիտեի, որ ինձ Երևան պիտի ուղարկի: Հետո նորից եկան, թե Թաթուլն ասում ա, որ գամ կծեծեմ (ծիծաղում է- հեղ): Մտածեցի՝ լավ, գնամ: Ասաց՝ նստիր մեքենա, ասացի՝ չեմ գնալու, Թաթուլ, ես էստեղ եմ մնալու, նայեց, ասաց՝ լավ, եթե որոշել ես մնալ, նստիր մեքենան, գնանք: Ու էդ օրվանից մնացինք Թաթուլի հետ»,- նշում է զրուցակիցս՝ ծխախոտի գլանակը վառելով:

Մոխրագույն, կապույտ երիզներով ծուխը տարածվում է սրճարանում, կարծես, ինչ-որ պատկերներ գծելով: Ազատամարտիկն անշտապ խոսում է, ասում է՝ մեր տղերքի համար ի՞նչ մեդալ, ի՞նչ բան, հետո թե՝ եթե իրեն ասեն ո՞վ է հերոսը, կասի՝ Թաթուլը Կրպեյան:

1991 թ.-ի ապրիլին՝ Գետաշենի գրավումից 5 օր առաջ Թաթուլը Մակիչին Երևան էր ուղարկել՝ փամփուշտներ բերելու: Ապրիլի 30-ին էլ լսել է Կրպեյանի զոհվելու և Գետաշենի գրավման մասին:

Տղա, մկա դու եկել ես մեզ տանելու սպանե՞ս

Գետաշենի գրավումից հետո մի քանի ամիս Մակիչը մնացել է Երևանում՝ ճանապարհները փակ էին, հետո սպասում էր, որ պիտի ուղարկեին Ղարաբաղ: «Մտածեցի, որ ճանապարհը գիտեմ, գնամ տեսնեմ, հո էնպես չէր, որ էնտեղ զորք չկա: Գնացի Գյուլիստան՝ Շահենենց (նկատի ունի Շահեն Մեղրյանին- հեղ.) տանը մնացի: Գյուլիստանից Շահումյան գնացի ոտքով, արդեն իրիկունվա կողմն էր: Մի 10-15 կմ կլիներ: Մտա շտաբ, երկու Շահեններն էլ էնտեղ էին, նստեցինք խոսեցինք»,- հիշում է Մակիչը: Մարտական գործողություններից եմ փորձում հարցեր տալ, բայց չի պատասխանում: Այդ խոսակցության տարածքը խիստ փակ է, հիշողություններն ապրում են իր ներսում: Ասում է՝ այդ հիշողությունները բոլորն էլ հավասար են, չկա տպավորիչ մարտական գործողություն՝ կռիվ էր: Հակոբն ասում է՝ դու վիրավորվեցիր էլ, Մակիչը ժպտում է, թե՝ «վիրավորվել եմ, յանի դա ի՞նչ է որ: Ես ավելի շատ գիտե՞ս ինչի վրա եմ հակված. երբ դասը սերտում ես, ի՞նչ քաղեցիր»: Հետո Հակոբից ճշտեցի. 1993 թ. փետրվարին Բաշ Գյունեփայայի մարտի ժամանակ Մակիչը ոտքից վիրավորվել էր:

«Շատ էին ասո՞ւմ, որ երգեք կռվի տարիներին»,- հարցնում եմ: Այս հարցից հետո զրույցի մթնոլորտը փոխվում է, ջերմություն է զգացվում հուշերում:

«Հա~, Աստըված հոգին լուսավորի, Հրազդանի մեր Ֆրունզը… Մի առավոտ պիտի արթնանայինք, որ բարձրանանք սարը գրավելու, Բեկորի տղերքի հետ էինք, ողորմածիկ Աբոն եկավ, ասաց՝ Մկո, տենց չի լինի, երգի, թող հելնեն: Երգեցի, կամաց-կամաց հելան նստեցին, մի քիչ հետո Ֆրունզն ասաց՝ երգիչների սաղի հերն եմ անիծել, նման խորոտ-խորոտ երգերով բերին գցեցին կրակը: Տղա, մկա դու եկել ես մեզ տանես սպանես»,- պատմում է երգիչը:

Պատերազմն անձրևի պես է՝ մաքրում է

Ներկայի մասին մտքերն ամենափշոտն են մեր զրույցում: «Մենք 4 տարի ենք ապրել, հիմա քարշ ենք գալիս»,- նշում է զրուցակիցս: Ասում է՝ այդ 4 տարիներին կարող էիր տեսնել ընկերասիրությունը, երբ կողքից մարդն իր արյունը կարող էր թափել, որ քեզ բան չլինի:

«Անձրևը մաքրում է, չէ՞, երկինքը, հողը, երկրագունդը, պատերազմն էլ նույն անձրևն է՝ ազգն է մաքրում: Մաքրում է մարդուն, ոչնչացնում է այն, ինչը բացասականն է նրա մեջ: Եթե մարդուն ասում ես՝ քո կյանքը ոչինչ է, նպատակը հզոր է, այդ մարդը լրիվ ներդաշնակ է դառնում իր ազգի և բնության հետ: Մենք պիտի կարողանանք ոչնչացնել մեր «ես»-ը, որ հասկանանք ապրելն ինչ է»,- ասում է ազատամարտիկը: Հետո ներողություն է խնդրում զինվորների մայրերից իր խոսքերի համար, բայց, ըստ նրա, իրականությունն այն է, որ մեր ազգի ուժը միասնականության և հարատև կռվի մեջ է: «Տես՝ ինչ եղանք մենք սովորական կռվի ժամանակ, այն, որ մենք ապրում ենք ոչ թե մեր հայրենիքի, այլ մեր ընտանիքի համար»,- ասում է նա: Ներկայի մասին խոսելիս նրա աչքերում բարկություն է կուտակվում, իրենք կռվի 4 տարիներին երևի ռոմանտիկ էին, այլ Հայաստանի մասին էին երազում: «Ի՞նչ ասես, երբ պետական պաշտոնյան պետական գանձարանը գողանում է, տանում լցնում մկան ծակուռը, որ ինչ ա՝ իր էրեխեն յոթը պորտ ուտի, ո՞նց կարելի է: Կռիվը զրոյացնում է դա: Մարդուն մարդ է դարձնում»,- ավելացնում է Մակիչը:

Պատերազմից 20 տարի անց իրենք նույնը մնացին, իսկ երկրի իշխանությունների «գրպանները հարստացան, վզները հաստացան»:

«Պետությունը կարևոր բան է, պիտի ապրեցնի քեզ: Դա էլ մի փոքրիկ «բատալյոն» (գումարտակ- հեղ.) է՝ հրամանատարի ազնիվ ձայնի կարոտ»,- նշում է զրուցակիցս: Ներկայի մասին մտորումներն այն ջղային գիծն են, որոնք հանգիստ չեն տալիս նրան: Ամենաշատը վախենում է երկիրը կորցնելու մտքից, իսկ չի հաշտվում հայրենիքի համար չապրելու մտքի հետ: «Գնում էիր մի տեղ, որտեղ մարդիկ իրար կողքի նստած կարոտում էին իրար, սիրով էին իրար հետ, էլ կգնա՞ս էդտեղից: Այդ ժամանակ կյանքը դառնում է երկրորդական, ապրելն է կարևորը ու այդպես ապրելը: Ու հիմա ի՞նչ՝ ապրում ենք, էլի, սովորական մարդկանց պես, գողություն չենք անում, վատություն չենք անում»:

Ձայնագրիչն անջատելուց հետո մենք դեռ խոսում են երկրի ներկայից: Մակիչն ասում է՝ պատերազմում կան այնպիսի բաներ, որոնց մասին չի ցանկանա բարձրաձայնել: Ասում է, որ չի երգել ու երբեք չի երգի «Գետաշեն» երգը: Ձեռքով արագ մաքրում է աչքերը, չգիտեմ՝ ծխից են լցվել դրանք, բայց, համենայն դեպս, խոնավացել են, նկատելի կարմրել: Ես հասկացա, որ իրական ազատամարտիկները պատերազմի մասին չեն կարողանում խոսել առանց նուրբ զգացմունքների, որ պատերազմում արած-չարածը մնում է փակ տարածքում: Ու այդ դեպքում հարց տալն ամենադժվար բանն է դառնում: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Աննա
Անկրկնելի շարք է, շնորհակալություն հեղինակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter