HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Միլիոնավոր դրամների ճակատագիրը «որոշում են» տնօրենները. ԿԳ նախարարի հաստատած կարգը

Պետական գնումների գործընթացը հանրակրթական դպրոցի դասագրքերի դեպքում խճճված մեխանիզմ է դարձել: Ի տարբերություն պետբյուջեի հաշվին ձեռք բերվող մյուս ապրանքների, դասագրքի մատակարարման մրցույթում հաղթում է ոչ թե մեկ, այլ երկու ընկերություն: Այս կարգը հաստատել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Թե որ գիրքը կհասնի դպրոցին, ըստ նախարարության, որոշում է դպրոցի տնօրենը: Նախարարը տնօրենին դարձրել է գնումների գործընթացի գլխավոր հերոս:  

Հայաստանյան հրատարակիչներից մեկը, ում այդպես էլ չի հաջողվել երբևէ մասնակցել նախարարության հայտարարած մրցույթներին փաստաթղթային բարդությունների պատճառով, մեզ հետ զրույցում ոչ հրապարակային ասաց, որ տնօրենը  դասագրքի ընտրության հարցում հիմնական դերը չի խաղում: Ըստ հրատարակչի` տնօրենները հաճախ չգիտեն էլ, որ մեկ առարկայի համար երկու դասագիրք կա, նրանց ասում են` որը ընտրեն, իսկ թե ո՞վ, մեր զրուցակիցը պատասխանեց` տարիներ շարունակ ուզում է պարզել դա: 

Պետբյուջեի միջոցներով 2014թ. տպագրվել են տարրական դասարանների դասագրքերը, և ավագ դպրոցի չորս անուն դասագիրք: Տարրական դպրոցի դասագրքերը աշակերտներին մեկամյա օգտագործման է հանձնվել պետպատվերի շրջանակում, իսկ ավագ դասարանների չորս անուն դասագրքերի համար դպրոցականները վճարել են: Տարրական դասարանի ամեն դասագրքից երկու տարբեր հրատարակություն կա, օրինակ` «Այբբենարան»-ը հրատարակել են և «Էդիթ պրինտ», և «Մանմար»(նախկին` «Մակմիլան») հրատարակչությունները:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ երկար ժամանակ աշխատում են մարզերի դպրոցների տնօրենների հետ, մինչև որոշեն, թե նույն առարկայի համար ամեն գրքից քանի հատ գնեն: Այդ աշխատանքի արդյունքում ամեն տարի դպրոցների մեծամասնությունը մի հրատարակչի է ընտրում: Այսպես, 2014-ին բացարձակ մեծամասնությունը նախընտրել է «Մանմար» ՓԲԸ-ի «Մայրենին»` 18321 հատ, իսկ  մրցակից հրատարակչությունը` «Էդիթ պրինտ»-ը մատակարարել ` 8391 հատ:

Քանակային նման տարբերությամբ նախընտրություն է դրսևորվել նաև մյուս դասագրքերի դեպքում: «Մենք մեր գրքերի ցուցակը տալիս ենք ու ասում ենք` որ գրքից քանի հատ եք ուզում: Եթե երկու այբբենարան է մրցույթով անցել, երկու այբբենարանն էլ ցույց ենք տալիս: Բոլորինը հավաքում ենք, հայտը ձևավորում ենք ու դրանով գնումը կատարում ենք»,- պարզաբանում է Նարինե Հովհաննիսյանը:

Նախարարությունը 2014թ.-ին պետբյուջեից 969 միլիոն դրամի ծախս է նախատեսել դասագրքերի տպագրության համար: Դպրոցներից ստացված հայտերը հիմք ընդունելով` նախարարությունը հայտ է ներկայացրել կառավարություն, որն էլ հաստատել է հրատարակչությունների հետ կնքվելիք պայմանագրերի արժեքները: Որոշումն ընդունելուց հետո հրատարակչությունների հետ կնքվել են պայմանագրերը:

Դպրոցներից ստացված հայտերն են այս որոշման, ինչպես նաև այս պայմանգրերի միակ հիմքը, այն էլ` ոչ իրավական: 2014թ.-ին «Զանգակ-97» հրատարակչությունը նախարարության հետ կնքել է 325,575,980 դրամի, «Մանմար» ՓԲԸ-ն` 270,787,050 դրամի, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը`151,367,600 դրամի, «Էդիթ պրինտ» -ը` 58,621,500 դրամի, «Աստղիկ գրատուն» հրատարակչության հետ` 52,357,700 դրամի, Հայաստանի շախմատի ակադեմիայից` 46,104,800 դրամի, «Արևիկ» հրատարակչությունից 39,291,450 դրամի, «Սպիկա» ՍՊԸ-ից` 24,949,970 դրամի պայմանգրեր:

Մեծամասնությունն ապահոված ընկերությունները որոշ դեպքերում դասագիրքը մատակարարել են ավելի թանկ, քան մրցակիցը, սակայն սա նախարարության համար խոչընդոտ չի դարձել: Նախարարությունը մեկ հիմնավորում ունի` «դպրոցներն են նախընտրում»: Որպես օրինակ` չորրորդ դասարանի ռուսերենի դասագիրք ունեն «Մանմար» և «Էդիթ պրինտ» հրատարակչությունները: «Էդիթ պրինտը» դասագիրքը հրատարակում է 1500, իսկ «Մանմար» հրատարակչությունը` 2200 դրամով, սակայն 2014թ. նախարարությունը ավելի շատ մատակարարել է թանկ դասագրքերը: «Մանմար»-ը մատակարարել է 24,827 հատ ռուսերենի գիրք, իսկ «Էդիթ պրինտ»-ը` 9,597:

Նախարարությունը դասագրքերի պայմանագրերը կնքել է խախտումներով

Դասագրքերի օգտագործման ժամկետը, համաձայն Ա.Աշոտյանի 2009թ. հրամանի, նվազագույնը 3 տարի է: Բացառություն են կազմում «Այբբենարան» և Մաթեմատիկա(1-ին մաս) դասագրքերը, որոնք հաջորդ տարի չեն օգտագործվում, քանի որ նվիրվում են աշակերտներին: Մնացած գրքերը, ըստ նույն հրամանի, չպետք է վերահրատարակվեն ամեն տարի, սակայն երեք տարի անընդմեջ նախարարությունը հրատարակել է «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» 1-ին դասարանի դասգրքերը:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրանց մեջ աշակերտերը նկարում-ներկում են, այդ պատճառով ամեն տարի նորն են տպում: ԿԳ նախարարը, ինչպես երևում է, մի կողմից հրաման է ընդունում, մյուս կողմից ստորագրում իր հրամանին հակասող մեկ անձի գնման պայմանգրերը: Միայն այս երկու դասագրքերի վերահրատարակման համար նախարարությունը  մեկ անձի գնման պայմանգրերով 2014թ. ծախսվել է մոտ 74 միլիոն դրամ:

Այս պայմանգրերում խախտվում է ոչ միայն նախարարի ընդունած կարգը, այլև «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Նշված ներկելու-նկարելու գրքերը մրցույթում հաղթել են մի գնային առաջարկով, իսկ վերահրատարակելիս ներկայացրել են ավելի բարձր գին: Եթե 2013թ. «Տեխնոլոգիա» 1-ին դասարանի դասագիրքը «Տիգրան Մեծ» հրատարակչությունից գնվել է 1160 դրամով, ապա 2014թ. դարձել է 1296` 136 դրամ տարբերությամբ: Ինչպես նշեցինք, ամեն տարի պետբյուջեի հաշվին ձեռք բերվող դասագրքերի ցանկը հաստատվել է կառավարության որոշմամբ: Միավորի գնային տարբերությունը 2014թ. ապրիլի 30-ի նիստում չի քննարկվել, որոշումը կառավարությունը միաձայն ընդունել է` հաշվի չառնելով խախտումները:

Նշված գիրքը ձեռք է բերվել 41208 օրինակ, արդյունքում ընկերությանը վճարվել է 5,604,288 դրամ ավել գումար, քան նախորդ տարի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter