HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ և արդար արտահերթ ընտրությունների խնդիրը - 4

Էդգար Վարդանյան

սկիզբը 

Որպեսզի իշխանությունները հրաժարական տան եւ չխոչընդոտեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, անհրաժեշտ է հասարակության կողմից իրականացվող հզոր ճնշման առկայություն` ուրիշ էլ ի՞նչ կարող է ստիպել իշխանություններին նման քայլի գնալ: Փաստացի, համակարգափոխության գործընթացում հանրության հիմնական խնդիրը՝ իշխանությունների նկատմամբ իրականացվող հզոր ճնշում առաջացնելն է: Կարծում ենք, որ մեթոդաբանական սխալ է իշխանափոխությունը դնել որպես խնդիր, քանի որ վերջինս համակարգափոխության գործընթացում կարող է հանդիսանալ միայն որպես կարճաժամկետ նպատակներից մեկը: Եվ, եթե քաղաքացիները  ցանկանում են հասնել այդ նպատակին, ապա պետք է ուղիներ գտնեն հզոր ճնշում առաջացնելու համար: 

Ընդունված տեսակետ է, որ այդ ճնշումը հնարավոր է ապահովել հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ անժամկետ բողոքի ցույցերի իրականացմամբ: Ժողովրդավարեցման համաշխարհային փորձը եւ հատկապես ժողովրդավարեցման երրորդ ալիքը ցույց է տալիս, որ, իսկապես, ռադիկալ փոփոխություններին, որպես կանոն, լայնամասշտաբ բողոքի գործողություններ են նախորդում։ Սակայն, հարկ է նշել, որ ոչ միշտ են անժամկետ լայնամասշտաբ բողոքի գործողությունները հանգեցնում ռեժիմի փոփոխությանը։ Բայց փաստ է, որ իշխանությունների կամովին հրաժարական տալու, կամ նրանց կողմից ռադիկալ ռեֆորմներ իրականացնելու ցանկության բացակայության պարագայում ռեժիմի փոփոխությունը, որպես կանոն, առանց  բողոքի լայնամասշտաբ գործողությունների տեղի չի ունենում։

Բանն այն է, որ  բողոքի  լայնամասշտաբ արդյունավետ գործողությունները ստեղծում են այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացիական ծառայողների եւ հատկապես ուժայինների մեծամասնությունը տեսնելով, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ զսպել բողոքը, որ բողոքողների շարքերում են իրենց քույրերը եւ եղբայրները, հրաժարվում է ճնշել բողոքը եւ անցնում է ըմբոստ հանրության կողմը, դրանով իսկ անհնարին դարձնում երկրի անխափան կառավարումը գործող իշխանությունների կողմից։

Այստեղ երկու հարց է ծագում՝ ինչպե՞ս են առաջանում այդպիսի բողոքի գործողությունները եւ ո՞ր դեպքում են դրանք արդյունքի հանգեցնում։ Փաստորեն համակարգափոխության գործընթացում կարճաժամկետ խնդիրներից մեկը՝ արդյունավետ լայնամասշտաբ բողոք կազմակերպելն է։ Ինչպե՞ս է դա հնարավոր՝ հենց այս խնդիրն է, որ պետք է լուծեն ավտորիտար ռեժիմը կտրուկ փոխելու ցանկություն ունեցողները։

Այս առումով, նախ, պետք է պարզել՝ արդյո՞ք հանրության լայն շերտերի մոտ կա ռեժիմի փոփոխության սուր պահանջ եւ արդյո՞ք վերջիններիս մոտ առկա է շուրջօրյա բողոքի ակցիաներին մասնակցելու ցանկություն եւ կարողություն։ Եթե պարզվի, որ այս հարցերին կարելի է տալ միայն բացասական պատասխան, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ ճնշում չի առաջանա եւ այդ պայմաններում ակտիվիստների առաջնային խնդիրն է դառնում հանրության իրավագիտակցությունը բարձրացնելուն ուղղված որոշակի գործողությունների իրականացումը։

Եվ վերջապես,  կարծում ենք, որ արդյունավետ խաղաղ լայնամասշտաբ շուրջօրյա բողոքի կայացման համար ամենակարեւոր գործոնն է՝ հանրության լայն շրջանակներում տոտալ վստահություն վայելող, ներքին ժողովրդավարության սկբունքով կազմակերպված ժողովրդավարական արժեքներ կրող, դեմոկրատական ռադիկալ փոփոխությունների հասնելու բարձր մոտիվացիա ունեցող եւ ռեժիմի փոփոխության, դեմոկրատական ինստիտուտների հիմնադրման նպատակով ստեղծված ակտիվ քաղաքացիների միավորման առկայությունը։

Հնարավոր չէ մի քանի միլիոն բնակչություն ունեցող մի երկրում արդյունավետ քաղաքացիական անհնազանդություն կազմակերպել, եթե դրան չեն մասնակցելու հարյուր հազարավոր մարդիկ։ Իսկ նման քանակի մարդ քաղաքացիական անհնազանդություն չի իրականացնի զուտ որեւէ անձի, քաղաքակական կամ քաղաքացիական խմբի կողմից հնչեցված կոչով։ Պատճառն այն է, որ մարդիկ, նախ, կարող են չվստահել անհնազանդության կոչով հանդես եկող սուբյեկտին, բացի այդ, նրանք կարող են մտավախություն ունենալ, թե, արդյո՞ք նման լուրջ, ռիսկերով լի գործողությանը իրենցից բացի կդիմեն նաեւ բազմաթիվ այլ քաղաքացիներ, արդյոք, արդյունքում նրանք մեն-մենակ չեն մնա ռեժիմի դեմ։ Բացի այդ, մարդիկ, հիմնականում, հակված են մասնակցել այնպիսի գործողությունների, որոնց արդյունավետությանը նախապես հավատում են, իսկ այս դեպքում նման հավատք չի կարող առաջանալ մարդկանց մոտ։

Քաղաքացիական անհնազանդությունը մեծ ծավալների կարող է հասնել եւ արդյունավետ լինել այն ժամանակ, երբ գոյություն կունենա  քաղաքացիական անհնազանդության դիմած կազմակերպություն, ֆորմալ, թե ոչ ֆորմալ, որը, մինչեւ քաղաքացիական անհնազանդության գործողություններ ձեռնարկելը արդեն իսկ կունենա մի քանի հարյուր հազար իրական անդամ եւ համակիր։ Այս պայմաններում քաղաքացիական անհնազանդության դիմողները սոլիդար կլինեն միմյանց նկատմամբ եւ կարող են համոզված լինել, որ մեծ է հավանականությունը, որ կազմակերպված, նախապես մշակված եւ հարյուրավոր հազարների մասնակցությամբ իրականացվող գործողությունները կհանգեցնեն ցանկալի արդյունքի։

Եվ վերջում կարճ անդրադառնանք ազատ եւ արդար ընտրությունների կարեւորությանը։ Հաճախ նշվում է, որ նույնիսկ այդպիսի ընտրությունների պարագայում բավականին մեծ է հավանականությունը, որ երկրում որեւէ դրական էական բան չի փոխվի, քանզի ընտրություններում կարող են հաղթել հետադիմական, ոչ պրոֆեսիոնալ, դեստրուկտիվ ուժեր։

Իհարկե, չենք նման սցենարը բացառել։ Սակայն, առաջինը՝ իրական ազատ եւ արդար ընտրությունների դեպքում նման արդյունքը քիչ հավանական է։ Բանն այն է, որ «ազատ եւ արդար ընտրություններ» հասկացությունը՝ զուտ քվեարկության «մաքրությունը» չէ։ Ընտրություններն ազատ եւ արդար կարող են համարվել այն դեպքում, երբ, տարբեր խմբեր, կազմակերպություններ, քաղաքացիների ժամանակավոր միավորումներ եւ այլն հավասար հնարավորություն են ունենում առաջադրվել եւ անխափան քարոզչություն իրականացնել, երբ ԶԼՄ-երը անկողմանակալ եւ հավասարակշռված լուսաբանում են բոլորի քարոզարշավը, երբ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառք բաժանելու հնարավորությունից զրկված են հավասարապես բոլորը, երբ բոլոր տեսակի ընտրական վեճերը հնարավոր է լինում լուծել դատական մարմինների կողմից կայացված արդար վճիռների միջոցով, երբ յուրաքանչյուր սուբյեկտ միայն օրենքի շրջանակներում կարող է քարոզչություն իրականացնել եւ, (կարծում ենք, սա ամենակարեւոր կետերից է), երբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է առանց որեւէ խոչընդոտի տեղեկատվություն ստանալ ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտների վերաբերյալ  եւ վերջինների կողմից իրականացրած եւ/ կամ իրականացվող անօրինական, հակաիրավական որեւէ գործողություն հայտնաբերելուց հետո կարող է առանց որեւէ բարդությունների դատական կարգով հասնել նրանց նկատմամբ սանկցիաների կիրառմանը։

Եվ վերջապես, եթե նույնիսկ այս պայմաններում, այնուամենայնիվ, իշխանության գան հետադիմական, դեստրուկտիվ ուժեր, ապա ազատ եւ արդար ընտրությունների ինստիտուտի «համը» տեսած հանրությունը, այդ ուժերի կողմից «հարձակման» ենթարկվելու պարագայում, ավելի հեշտ եւ արագ կարող է հասնել նրանց հեռացնելուն եւ նոր ընտրությունների անցկացմանը, որոնց ժամանակ կկատարվի ավելի խելամիտ ընտրություն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter