HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915». Դեպի անհայտություն

սկիզբը

Դեպի անհայտություն 

Եղելություններ կան, որ չեն հիննար, հիշատակներ կան, որ չեն մոռացվիր. և Ձեր աշխատասիրած հատորները որչափ ևս երեք տարի առաջ կատարված գործեր կը 

պատմեն, սակայն իրենց ականատեսի շեշտովը և խղճմիտ ճշմարտությամբը 

այժմեության կենդանի կնիքը կը կրեն: Աստված պահե, որ նոր լացերու ու ողբերու չպարտադրվինք: Օրհնաձայն ողջույնով մնամ ազնվությանդ աղոթարար`

Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյան. 31 օգոստոս, 1912 թ. Բերա

Բնաբանը վերցրել եմ «Կիլիկիոյ աղէտը» գրքի վերջին էջից (հեղինակ` Յակոբ Յ. Թէրզեան): Գիրքը 1909 թ. Կիլիկիայի ջարդի մասին է: Խորամիտ և հեռուն տեսնող Մաղաքիա Օրմանյանն ինչի՞ց էր վախենում և զգուշանում`«Աստված պահե, որ նոր լացերու ու ողբերու չպարտադրվինք»:

Չուշացավ: Նրան ծանոթ էր թուրքի թրքությունը: Չուշացավ: Ավելի սարսափելին «պարտադրվեցավ» այս կանխատեսումներից և կրկնվելու վախից ընդամենը երեք տարի անց: Ահա ինչու ես չեմ զլանա մեջբերել երկրորդ բնաբանը նույն էջից` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանի, որ ինձ շատ է հոգեհարազատ.

«Բախտավոր չէ՞ր արդյոք լաւթրիմանցի ազգին այն պետը` որ պարծանքով մը կը հայտարարեր թե` իրենց գիրքն էր Հոմերոսը, վասնզի ան կսորվ եցներ, թե ինչպես պետք է կռվիլ»:

Իրոք, որքան շատ հայեր, ովքեր ծանոթ են եղել մեր դարավոր պատմության ելևէջներին, երազել են, որ մեր ժողովրդի մեջ ուժեղ լիներ նախ և առաջ պետականության հանդեպ նվիրումը` հողի և սահմանների պաշտպանութան ջիղը, ինչպես և ինքնապաշտպանությունը: Այո, ունեցել ենք մարդիկ, որոնք սակայն թվով քիչ են եղել:

Տասնյակները, հարյուրները, նույնիսկ հազարնե°րն են քիչ զգոնությունը, սթափությունն արթուն պահելու համար: Ազգովի պետք է լիցքավորվել, և հենց հիմա նույնիսկ, որովհետև, ինչպես հազարամյակների պատմությունն է հուշում` 21-րդ դարը չի տարբերվելու նախորդներից: Տակավին հուսադրող ոչ մի բան չկա: Դարձյալ կախում ունենք մեծ տերություններից, որոնց համար, ինչպես միշտ, հիմա ևս առաջնայինն իրենց շահերն են: Ավելին` նրանք` մեծ պետությունները, կամ «սառը», կամ «տաք» պատերազմների մեջ են այլ երկրների հետ... թեև, ջանք չեն խնայում փոքր ազգերին խրատել` անհաշտություններն առանց պատերազմելու լուծել: Այնպես որ` մեր հույսը նախ և առաջ մեր վրա պետք է դնենք, չմոռանալով, որ մեր դիմաց հեռվից եկած և մորեխի նման մեր հողին կառչած մի ցեղ է...

***

Մի անգամ ծանոթներիցս մեկը հարցրեց` հիմա ինչի՞ վրա ես աշխատում: Ասացի` դժվար գործ եմ սկսել, տեսնեմ`գլուխ կհանե՞մ, թե՞ ոչ: Այդ ի՞նչ գործ է, որ գլուխ չպետք է հանես, պնդեց: Ասացի, շա¯տ դժվար է, վերադարձել եմ անցյալ դարի սկիզբը, փորձում եմ գրել մի կնոջ (և նրա ընտանիքի) մասին, ով անցել է Տեր Զորով: Նաև նրա ամուսնու մասին... Լավ, թողնենք... Չուզեցի շարունակել:

Զարմացավ: Ինչո՞ւ, Տեր Զորից մարդ է փրկվե՞լ:

Ներկաներից մեկն ասաց. այո, փրկվողներ եղել են, տեղահանվածների մոտավորապես տասը տոկոսը:

Ոչ առաջին և ոչ էլ երկրորդ զրուցակիցներիս կարծիքներն այդ պահին ինձ համար ճիշտ չէին, քանզի երկար ժամանակ լսել էի ականատեսներին, որոնք մեր ընտանիքից էին, լսել էի մանկուց`շատ-շատ դեպքերի մասին և ընթերցել ու վերընթերցել էի բազմաթիվ գրքեր, որոնց թվում և Սեբաստիայի գավառից Վահան Համբարձումյանի «Գյուղաշխարհը»( Հրապարակել է Գրիգոր Ջանիկյանը, 2000 թ. ): Այդ գրքի 241-րդ էջում մի սև ցուցակ հանդիպեց: Այնտեղ նշված են քաղաքների և գյուղերի անուններ առ այն, թե տվյալ քարավանում քանի հոգի են եղել և թե քանիսն են Տեր Զորով անցել ու ողջ մնացել:

Թվերը կսկծացնող են:

Երկար ուսումնասիրություններից և հաշվարկներից հետո Վահան Համբարձումյանը եկել էր այն եզրակացության, որ «Հայրենիք են անապատ մեր ժողովրդի 98 տոկոսը բնաջնջված է արմատապես»: Սա ի գիտություն նրա, ով կարծում էր, թե Տեր Զորով անցնողներից ողջ է մնացել տասը տոկոսը: Տվյալ դեպքում խոսքը միայն ՍեԲաստիայի գավառի այն գյուղերի մասին է, որոնք քշվել են դեպի Տեր Զոր: Դրանց թվում է եղել Ալմաստի գյուղը, Կարագյոլը:

***

Ալմաստ մայրիկ ջան, քո լեզվով եմ ուզում քեզ հետ խոսել, մտքո°վ, մտքո°վ: Հա, Կարագյոլից ելաք նէ, ես ձեզի հետ էի, կհիշեմ նէ, մազերս փուշ փուշ կլլան, ադ ինչքան դժվար էր` տուն տեղ թողած, երեխեքը փեշներիցդ կախ, տղամարդ չի կար հետերնիդ, ուր երթալնիդ չէիք գիտեր... Հիմա էլ, 95 տարի անց, ես կտեսնիմ, թե ինչպես անգամ մըն ալ հետ նայեցիք տան կողմը ու գնացիք, գնացիք, գնացիք...

Գյուղը միանգամից չեն դատարկել, այլ մաս-մաս, երեք-չորս քարավաններով, որ բնաջնջումն ավելի հեշտ լիներ: Կարագյոլից, օրինակ, Ալմաստի գյուղից առաջին քարավանում 1200 մարդ է եղել, ողջ են մնացել ընդամենը երեքը: Համարյա թե գավառի մյուս գյուղերում ևս` Զառա, Ուլաշ, Բրգնիք (Դանիել Վարուժանի գյուղը), Կովտուն (Սեբաստացի Մուրադի գյուղը),Դդմաճ, Իշխանի (Ղուկաս հայրիկի գյուղը), Տիվրիկ, Պարտիզակ, Թոնդրակ, Բռաբերդ... նույն թվերն են, կամ` մի քիչ ավելի,մի քիչ պակաս: Դդմաճից, օրինակ, 900-ից մեկն է ողջ մնացել, իսկ Բինկյանից` 2300-ից... ոչ մեկը: Հուսանք, որ մյուս քարավաններից, որոնք վերոհիշյալ գյուղերից էին քշվելու, մի քիչ ավելի փրկված լինեն:

Ո՞ր քարավանի մեջ են եղել Ալմաստն ու իր հինգ զավակները` առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ... Ինձ համար անհայտ է: Մի՞թե միևնույն չէ, ոլոր քարավաններն էլ, ինչ ճանապարհներով էլ տարվ ելու լինեին, ընկնելու էին աղետալի փոթորկի բերան, ենթարկվելու էին աշխարհում դեռևս չտեսնված, չլսված սպանդի, որ նախապատրաստված էր ամենայն մանրամասնությամ, ինչը դիպուկ արձանագրել է մեծ սրտի և մեծ խելքի տեր մի մարդ` աստվածաբան, գերմանա-հայկական ընկերության նախագահ Յոհաննես Լեփսիուսը.

«Պետք է որ անիկա կազմակերպված ըլլար մեկուն կողմէ, որ իր ձեռքին մեջ ունի ամբողջ 

կայսրության վրա տարածվող դավադրության մը թելերը, սկսելով մայրաքաղաքեն մինչև Կովկաս և Սև Ծովեն մինչև Կիլիկիա և Միջագետք»:

Եվ որպես մանրամասնում Լեփսիուսի այս ձևակերպման, ներկայացնենք Քեմալ փաշայի պլանը` վերցված Առաքել Պատրիկի «Պատմագիրք հուշամատյան Սեաստիո և գավառի հայության» Ա հատորից.

«Այժմ, ամեն պարագայի, մեր շահերը և Անգլիայի շահերը կպահանջեն, որ Փոքր Ասիո մեջ (մենք և Անգլիան չենք ճանչնար Հայաստան խոսքը և այն ծնոտները, որ կարտասանեն այդ բառը, պետք է ջախջախվին) մեր հողերը ազատ ըլլալու... հետևաբար, այդ սրազան նպատակին հասնելու համար... այդ հայկական ազգը մենք պետք է ջնջենք մեր հողի երեսեն անհետ: Այդ ծրագրի համար ունինք այնպիսի միջոցներ, ինչպես քրդերը, չերքեզները, մարզերու պետերը, դատավորները, հարկահավաքները, ոստիկանությունը, վերջապես ոլոր անոնք, որ սրբազան պատերազմ կը հայտարարեն այդ ազգին, որ չունի զենք և պաշտպանություն, իսկ մենք, ընդհակառակն, ունենք զենք ու անակ և աշխարհի ամենամեծ հարուստ տերությունը (Անգլիա) որպես դաշնակից»...

«...Մեր շահերը և Անգլիայի շահերը»: Թերևս թուրքիո բոլոր բարեկամ երկրների շահե՞րն էլ: Հատկապես Գերմանիո, որը Եղեռնի գլխավոր ուղեցույցներից մեկն էր: Իսկ հիմա մի՞թե փոխվել է, օրինակ, ԱՄՆ-ի և Անգլիայի պարագաներում, որոնք չեն ընդունում ցեղասպ անությունը: Իսկ Գերմանիա՞ն...

Հայրենակիցներ, սիրելիներ, ներող եղեք մեջերումներիս հանդեպ, որոնք շատ ու շատ անգամ են հնչել և տպագրվել, շատ ու շատ պատմաբաններ ու քաղաքագետներ են վերլուծել: Բայց ամեն ոք, ով երկար տատանումներից ու տառապանքներից հետո որոշում է այս թեմային անդրադառնալ, ուզում է նախ ինքն իրեն, հետո ընթերցողին (հատկապես երիտասարդությանը), մեկ անգամ ևս ասել, որ չի կարողացել մեր ազգի հանդեպ, մեր մշակույթի հանդեպ այս մեծ չարիքի և անարդարության կողքով անցնել: Այո, այս մեծ չարիքի և դավադրության, Քեմալի այս քստմնելի պլանի, որ ի կատար է ածվել հարյուրից հարյուր: Եր նախապես հավաքվել ու ոչնչացվել են

տղամարդիկ` ընտանիքի պաշտպանները, թողել միայն ծերերին, երեխաներին և կանանց և դեռ անպատկառորեն էլ նրանց դեմ հայտ արարել «սրբազան» հորջորջվող պատերազմ:

Սրբազան: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչն է թուրքի համար «սրբազանը»: Ոչ այլ ինչ, եթե ոչ մեկ այլ ազգի հազարամյակների բնօրրանի, իր հողի վրա բնաջնջելը:

Ինչպիսի փարիսեցիություն, հիմա, 2009 թվականին նրանց հարկ ավոր է հանձնաժողով կազմել` երկու կողմի պատմաբաններից, հաստատելու համար... (Այս բազմակետերը որ չլինեին, մարդու սիրտը կտրաքեր...):

***

...Մունետիկը թաղե թաղ ընկած ղավում է. շուտ արեք, պետք է ճամփա ելլեք, տներից դուրս եկեք, մի քանի օրվա ուտելիք վերցրեք, պետք է Մոսուլ և Բասրա երթաք: Այդ խառնաշփոթի մեջ Ալմաստը կանգնած էր տան մեջտեղում, հինգ երեխաները փեշերից կախ, ու չգիտեր թե...

Մոսո՞ւլ, Բասրա՞: Քանի-քանի անգամ եմ աշխարհի քարտեզի վրա փնտրել այն ճամփան, որ Կարագյոլից տանում էր դեպի Մոսուլ, դեպի Բասրա, ուր հասել էր Ալմաստը` ուժաթափ, թևաթափ և, որ դժվար է արտաերելը` զավակաթափ:

Երնեկ կուտամ լեռներ, ամեն օր ձեզի.

Ոչ անցած օր ունիք, ոչ համրած տարի,

Ոչ մեռնել գիտեք, ոչ յարեն զատվիլ,

Չունիք ճերմակ մազեր, չեք գիտեր մեռնիլ:

Հայ են: Միշտ երգել ու աղոթել են` թե գաղթի ճանապարհին, թե զավակ կորցնելիս, թե մեռնելուց առաջ...

Հայ են: Այսպիսի առած էլ ունեն` որ գաղթես էլ, ճանապարհի երկու կողմը ցանելով գնա: Ցանել, այսինքն` շարունակել ապրել: Ցանել, նշանակում է վերադառնելու հույս ունենալ: Հույս: Հայը երբեք հույսը չի կտրել, որ վերստանալու է կորցրածը: (Բայց արդյո՞ք միայն հույսն ու հավատն այդքան մեծ ուժեր են: Պարզվեց, որ` ոչ):

Հայ են: Գավառի մեծ գյուղերից մեկի` կովտունցիների տեղահանության ժամանակ էլ (պատկերացնո՞ւմ եք, քաջն Մուրադի գյուղի) թուրքերեն են երգել.

Ուղտերը կարավան կերթան,

Գլուխ-գլխի կզարնվին կերթան,

Անգութ մայրերը զավակնին

Կնետեն, կերթան...

***

Զավակաթափ: Հուսով եմ, չմոռացար այս դաժան առը, որ կա մի քանի տող վերևում: Ես հորինեցի: Հանկարծակի: Երբեք, ոչ մեկից չէի լսել: Եր թղթի վրա գրեցի, նայեցի ու զարմացա` սա՞ ինչ բան է: Անմիջապես ացեցի Սուքիասյանի «Հոմանիշների սառարանը»: Չէ, չկար: Պարզապես տեղը եկել էր, գրչիս տակից դուրս թռավ: Ինչպես ծառից ուժեղ քամու, կարկուտի կամ փոթորկի պահին դեռևս չհասած պտուղներն են գետնին թափվում (էլ չխոսենք հասածների մասին), այնպես էլ Տեր Զորի ճամփին` գետնին թափվեցին հայերի զավակունք:

Մեր զավակունք, մեր ապագա սերունդը, սերունդները...

Փաստորեն հայ հողը պարպվեց հայերից:

Եվ, ով զարմանք, ինչո՞ւ, ինչո՞ւ հենց ա’յդ տարի հողը այլ ազդանշան տվեց` հողը կարծես կատաղել էր, ներսից պատռվել: Բնությունն իր լեզվով խոսեց: Այդ մահաբեր տարում հողն այնքան արգասաբեր էր, հուռթի, որ ծառերը ճղակոտոր էին լինում ծանրությունից, ցորենը չափից ավելի առատ էր, հատիկները` խոշոր, խոտը` մարդագոյ: Եվ` ոչ միայն Սեբաստիայում, այլև ամբողջ Արևմտահայաստանի տարածքում...

Եվ Նիկողայոս Մառը, որ Անի քաղաքն էր պեղում, ականատեսն էր թե մարդկանց ահասարսուռ ոչնչացմանը և թե հողի անսովոր պտղաերությանը...

Եվ Նիկողայոս Մառը հինգ առով նորոշեց 1915-ը, ասելով`

-Հունձքն առատ, բայց մշակները բացակա:

***

Երբևէ լսե՞լ եք այսպիսի արտահայտություն` «Ասո՞ւմ ոտքերի տակեն է աշխարհը փախել»(Հարություն Ազարյան, «Անդունդի եզրի մասրենին»): Երբ ես կարդացի այս մի քանի բառը, ցնցվեցի: Բայց և անմիջապես իմ մտքում ծագեց ավելի սարսափելին` իսկ եթե աշխարհը փախել է ոչ թե մի մարդու, ոչ թե մարդկային խմբերի, այլ ամբողջ մի ազգի ոտքերի տակի՞ց: Պարզ չէ՞, թե ովքեր պետք է ամենից շուտ զոհվեին` ծերերը, երեխաները և կանայք, ովքեր գրկած և շալակած, օրեր, ամիսներ տանում էին

իրենց աչքի լույս զավակներին:

-Ալմաստ մայրիկ, այդ ժամանակ որտե՞ղ էր քո ամուսինը:

-Ի՞նչ իմանամ: Գյուղը դատարկվելուց մի քանի օր առաջ թուրքերը տարան ճամփա շինելու: Կուզե՞ս իմանալ` երանի անոր, որ չտեսավ ու չիմացավ, թե մեզի հետ ինչ պատահեցավ: Ջուր չկար, արևը կվառեր: Ախ, երանի անոր, երանի ես ըլլայի անոր տեղը:

Ալմաստ մայրիկը նստած է թախտին, գլուխը գյուղի ձևով` երկու լաչակով կապած, տակից սպիտակ, իսկ վրայից սև: Իրենից անբաժան գոգնոցի փեշի հետ է խաղում, ոլորում է ծայրերը ու մտքով գնացել է, գնացել էէէ...

Ես էլ, համարյա թե, ներկա չէի: Մտածում էի, թե ջրից զրկելու այդ սատանայական ծրագիրը կազմողներն ի՞նչ դևերի ծնունդ էին:

Մինչդեռ... այսօր հոգեբաններն ուզում են պարզել, թե ի՞նչ հետևանքներ է թողել Եղեռնը իրենց մաշկի վրա կրածների և նրանց հետագա սերունդների վրա:

Այսինքն` մեր: Հայերիս: Այսօր ապրողներիս, 21-րդ դար մտածներիս, ինչը որ, իրոք, ուսումնասիրելու մեծ և կարևոր խնդիր է: Իսկ հետևանքներից մեկի մասին հենց հիմա ասեմ` մենք, որոնց թվում և ես, չենք կարողանում չխոսել և չգրել մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած մեր ազգի այդ մեծ ողբերգության մասին:

Դեռևս 1912 թ. է Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանը գրել. « ...Մինչև ե՞րբ մերը պիտի ըլլան նահատակներու և ջարդվածներու գիրքերը»:

Ինչպես տեսնում ենք` մինչև հիմա, հարյուր տարի անց: Եվ դեռևս չի երևում, թե երբ կկարողանանք չգրել: Ախր, բռնի գաղթն ու տարագրությունը մարդկության ամենամեծ ողբերգություններն են:

Պարտադրանքով քեզ պոկեն հազարամյա արմատներից: Դրանից հետո ի՞նչ կմնա... Որտեղի՞ց ուժ առնես...

Միշտ, բոլոր ժամանակներում, շատ շատերի համար անարդարությունը կուլ տալը դժվար է եղել: Մեր ազգը` հայությո՞ւնն է, որ պետք է դրա օրինակը տա:

Ոչ: Անհնար է... Առայժմ չենք կարողանում: ինչպես երևում է, մեկ դարը այնքան էլ մեծ ժամանակ չէ...

Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ չեն քննում, պարզելու համար (կամ գուցե քննել են, ե՞ս չգիտեմ), թե եղեռնի քրմերը հոգեկան ի՞նչ շեղումներ են ունեցել, որ կարողացել են իրականացնել սպանդ` այդպիսի դաժան, դժոխային, չլսված-չտեսված միջոցներով: Եվ, որ պակաս կարևոր չէ, թերևս ավելի կարևոր է և նույնիսկ չափազանց անհրաժեշտ` պարզել, թե այդ վայրագություններն ի կատար ածողներն ի՞նչ սերունդ են թողել, դաժանության ինչպիսի՞ նստվածքով, որ չեն ընդունում Հայոց Ցեղասպանությունը: Գուցե այդ նստվածքը թրքությունն է: Թե՞ նրանք սեփական պատմություն և հիշողություն չունեցող վայրի ցեղերի հոգեբանություն ունեն:

***

Մեր ժողովրդի քաշածը չբուժվող վերք է: Մենք պոկվել ենք մեր ապուպապերի հողից, մեր տնից, արտերից, աղբյուրներից, սրատեղիներից: Շատ դժվար է: Մենք չենք կարող ներել կամ, առնվազն, համակերպվել եղածի հետ, մանավանդ, որ նորից պետք է անդրադառնամ թուրքերի ջրազրկման քաղաքականությանը:

Չիմանաք, թե միայն Ալմաստը, այլ նաև շատ շատերն են ասել.

-Լեզունիս փայտի պես տնկվել էր բերաննուս մեջ: Ջուր, ջուր, կպոռայինք: Աստված, որտե՞ղ ես:

Անգամ մինչև Տեր Զորի անապատը, նրանց տանում էին այնպիսի տեղերով, երբեմն նույն տեղերը մի քանի անգամ պտտեցնելով, որտեղ ջուր չկար: Իսկ հանդիպած նակավայրերի մարդկանց էլ արգելում էին ջուր տալ:

Մայրերի գոտիներից կամ թելերով վզներից կախված բաժակներն օրերով չոր էին մնում: Ախ, ո՞ւր էր, թե ջուր հանդիպեր, անմիջապես պետք է լցնեին ու խմեցնեին իրենց ձագուկներին:

-Ալմաստ մայրիկ, դու աժակ ունեի՞ր:

- Հապա չունեի՞, գոտուցս պինդ կապած, միայն թե ջուրի չէինք հանդիպում: Ադոր համար մեր տղաքը չդիմացան:

Իսկ մի անգամ, եր նրանք հանդիպեցին գետի, որ դիակներ էր բերում, թափվեցին ջրի վրա: Շատերն անուժությունից գլորվեցին ափն ի վար, և հոսանքը քշե¯ց, տարա¯վ նրանց: Իսկ մի մասն էլ, որ այդքան երկար ծարավ էին մնացել, այնքան խմեցին այդ աղտոտ ջրից, որ ընկան ու այլևս չկարողացան գետափից վեր կենալ: Ու մնացին...

Իսկ մի անգամ ես հանդիպեցի ծեր, շատ ծեր մի կնոջ*, որն Ալմաստ մայրիկի ճամփով էր անցել, բայց շատ մանկականորեն` և ժպիտն էլ էր մանկական, նայելով ինձ, ասաց.

– Ինչի՞ց է, որ էն ժամանակվա աները հենց այս րոպեին աչքիս առաջ են, պարզ տեսնում եմ, թվում է` ձեռքս մեկնեմ, կբռնեմ: Օրինակ, մորս գոտուց մի կապույտ աժակ էր կախված: Էնպեեե¯ս եմ հիշում էդ աժակը: Սիրուն, կապույտ բաժակ էր: Մի մարդ, չիմացանք ինչ ազգից էր, էդ բաժակը թան լցրեց, այց մենք չխմեցինք, գիտեինք, որ ուզում են էդ կողմերից մեզ հեռացնել: Էնքան բան եմ մոռացել, բայց էդ կապույտ բաժակն ու թանը, որ չխմեցինք, հիշում եմ:

***

(Միջանկյալ. 2009 թ., Երևան, Նկարիչների տուն: Ինչ զուգադիպություն: Բացվել էր ցուցահանդես, «Վերապրածներ» թեմայով: Սրահի չորս պատերին կախված էին լուսանկարներ, կանանց և տղամարդկանց: Նրանցից մեկի ձեռքին աժակ կար, իսկ մնացածների ձեռք երին` իրենց երիտասարդության տարիների լուսանկարները: Սակայն զարմանալի ան տեղի ունեցավ. որոշ ժամանակ անց, մոտ երկու-երեք ամիս, երբ ես մտաբերում էի մահվան ճանապարհներով անցած, բայց ախտի բերմամբ փրկված ծերերին, նրանց ոլորի ձեռքերին կամ գոտիներից կախ տեսնում էի ջրի բաժակներ: Մնացել էի ապշած: Այդ ի՞նչ փոխատեղում էր: Սակայն վերադառնամ իրականությանը: Լուսանկարների հեղինակը երիտասարդ կին է` Նազիկ Աբրահամյան: Լուսանկարներում 1915-ին Արևմտահայաստանից տեղահանվածներն էին:

Ուշադիր դիտում եմ նրանց զառամյալ դեմքերը, որոնց հայացքներում խորը վիշտ և կարոտ եմ տեսնում: Արտագրում եմ մի քանիսի անունները:

Ազատ Թովմասյան, Բասեն. Հռիփսիկ Լաթոյան,Բիթլիս. Արևհատ Պողոսյան, Սարիղամիշ. Սիրանուշ Սաֆարյան, Սուրմալու, գ.Կող. Տիգրան Ֆանարջյան, Կիլիկիա. Մարի Դավթյան, Սեբաստիա. Սմբատ Բալյան, Շապին-Գարահիսար, Հեղինե Աբրահամյան, Կարս, Մուսալեռ, Սասուն, Խնուս, Քոթահյա... Եվ այդպես շարունակ, գնա ու գնա):

Ծարավահար ջարդեր: Հետագայում Սեբաստիայի երրորդ քարավանի հետ մեկնող աղջիկների ամերիկյան վարժարանի տնօրեն միս Մեիրի Կրեֆեմը, որ հայերի կողմից վաստակելու էր հերոսուհու կոչում, ասելու էր. «Ասիկա ջրհեղեղ մըն է, որ ամեն ան կքշե կտանէ իր առջևեն»: Նա ականատեսն էր ծարավահար ջարդերի: Կապույտ բաժակի մասին պատմողը` «Կամըրջին կապված կինը»(«Կամրջին կապված կինը», ակնարկ, տպված «Վկայություն քսաներորդ դարի» ժողովածուում, 2005 թ., հեղ.` Մ.Ղ.) ակնարկից, մի բան էլ էր շատ լավ հիշում, որի մասին հետևյալն ասաց.

-Մենք Տեր Զոր չհասանք: Մեր քոչն այլ ուղղությամ գնաց, և շատ դժվարություններ քաշելուց հետո նավով Հունաստան հասանք: Տեղից տեղ, տեղից տեղ թափառելով` եկանք Աթենք: Եվ իմացանք, որ մեր Լևոն թագավորի սուրը կպահվի Աթենքում: Բայց չեմ տեսել, այնտեղի հայերից եմ լսել: Է, երկիր ենք ունեցել, թագավորն եր ենք ունեցել, այց վերջը դարձել ենք թափառական:

Ի՞նչը նրան դրդեց, որ հենց այդ պահին հիշեց և խոսեց Լևոն թագավորի սրի մասին: Արդյո՞ք այն, որ եթե մեր թագավորական սրերը մշտապես շողարձակեին և ամուր պաշտպանություն ունենայինք, թերևս չէինք լինի այս սարսափելի ճակատագրի կրողները: Այնուամենայնիվ, նրա փրկության վերջին հույսը հայրենի հողի հետ էր կապվել:

-...1946 թվականին նավով հասանք Բաթումի, հետո` Հայաստան...

***

...Իսկ նրանք, ովքեր Սեաստիայի գավառից դուրս գալուց առաջ անցել էին Քառասուն մանկանց մատուռի կողքով, միանում էին շոգից ու ծարավից զոհված հերթական մանկան մոր ողբին.

Քառասուն մանկանց քարերը,

Բարով չի երեին մարերը.

Բերեր ինչ խեր ենք տեսեր,

Դրեր ենք սև-սև հողերը...

Իսկ Ալմաստի զավակները, որ հինգն էին... Չդիմացան` ոչ Զմրուխտը, ոչ Պարգևը, ոչ Շնորհքը, ոչ էլ Անանունը: Վերջինը Ահարոնն էր` ահայրոնը, որի անունը տառասխալով դաջված էր թևին, որ մինչև վերջ մնաց իր հետ ու իր հետ էլ գնաց այն աշխարհ: Եվ քանի որ քիչ առաջ այդ մասին էինք խոսել իրար հետ, հանկարծակի, շատ կտրուկ դարձավ ինձ.

-Այ հարս, ինձմե ի՞նչ կուզես: Ես կրնա՞մ քեզի ըսել մեր քաշածները: Ըսվելի՞ք են:

Հետո իրար հետևից շարեց.

-Քարը բարձ ըրինք, ասղուն ծակուն անցանք, արնե շապիկ հագանք...

Ահարոնը բոլորից մեծն էր: Նա նույնիսկ ամենից փոքրին, որ, մայրիկի ասելով, թեթևջուկ էր, երկար ժամանակ շալակած տանում էր: Կամաց-կամաց, եր արդեն թեթևջուկն էլ չկար, քաղցր ձայն ու գեղեցիկ աչքեր ունեցող տղայից, Ահարոնից, համարյա ան չէր մնացել... կըրկնում եմ` այսինքն` ահայրոնից: Եվ համարյա թե, և համարյա թե, երբ արդեն Հալեպում էին... Չդիմացավ: Հանգավ: Ան ալ մնաց հեռուները:

«Ջուր, ջուր, պոռչտուկը դհա ականջներուս մեջն է»:

Եվ այս տողերը գրելու ժամանակ էլ ես` հեռվից, շատ հեռվից դեռ լսում եմ նրանց ձայները: Իսկ երբ, 1971 թվականին, զոսաշրջիկ էի Սիրիայում, մի երեկո, չորս-հինգ հայերով շրջում էինք Հոմսի փողոցներում (Հոմս, Հալեպ, որտեղով 1915-ին անցել և դիակներ էին թողել մերոնք), հանկարծակի, մեր խմից Էդմոնը արձր ձայնով ուրախ բղավեց.

-Հայ, հայ, ո՞վ կա...

Անմիջապես մեզնից մի քանի քայլ առաջ գնացող երիտասարդը շրջվեց.

-Ո՞վ էր հայ պոռացողը, ես եմ, ի՞նչ կուզեք:

Անունը Կարապետ էր: Ասաց` կուզե՞ք ձեզի տանիմ մեր ակումբը, լիքը հայեր կան, մի քանիսի անունն էլ իմից է, Կարապետ:

Այդ Կարապետներն անշուշտ նօրրանից պոկված և բախտի բերմամբ ողջ մնացածների զավակներն էին: Ուր որ գնաս, հայի կհանդիպես:

1915-ը հայերին ցիրուցան անելու այնպիսի մի հարված էր, այնպիսի մի փոթորիկ, որ փրկված բեկորները... Այդ ո՞ր աշխարհամասում է, որ չես հանդիպի նրանց: Չես գտնի այդպիսի վայր: Եվ դա հայ ժողովրդի ողբերգությունն է:

***

Հետադարձ զրույց Ալմաստի հետ:

-Ասղուն ծակուն անցած մայրիկ, կհիշե՞ս, երբ դեռ Կարագյոլում էիք, ձեր գյուղապետը  Մենասքյա Հայթայանն էր: Անշուշտ կհիշես:

Բայց դու չիմացար, որ գյուղը դատարկվելուց հետո, նա և իր գերդաստանը մահից ազատվեցին: Ինչպե՞ս, զարմացած կհարցնես դու: Դահճապետերին բարոյապես և նյութապես սպասավորելու միջոցով:

Ահա թե ինչպես:

Սակայն` նրանք սխալվում էին... Այսինքն` Հայթայանները:

Մի տարի անց, թեև գերդաստանով մահմեդականություն էին ընդունել և, չլսված ան` եղբայրը, որ հայ եկեղեցու դպրապետ էր, նաև ուսուցիչ, հանձն էր առել էզան կարդալ... Երբ նրանք տարվում էին սպանդանոց, իրենց կարապի երգը դարձյալ էզանը եղավ, բայց անօգուտ: Բոլորը, մինչև վերջինը գերդաստանից, լռեցին... Ինչո՞ւ: Որովհետև նրանք կարծում էին, թե կաշառել են թուրքին, բայց չգիտեին, որ կա նաև թրքությունը` «ամեն գնով» բնիկների հողին և ունեցվածքին տիրելու որոշումը: Եվ դա նոր երևույթ չէր: Դա գալիս էր դարերի խորքից, շատ հնուց: Հիշենք թեկուզ և թուրք բարձրաստիճան պաշտոնյա Էվլիա Չելեպին, որ Սվազը, այսինքն`Սեբաստիան համարել է ի բնե, ի ծնե իրենցը և 17-րդ դարում այդտեղով անցնելիս հայերի գոյության մասին բառ անգամ չի ասել, թեև շատ լավ տեղյակ է եղել հետևյալ խոսքին`«Քեզ հետ այնպիսի բան պիտի անեմ, որ Թիմուր Լենկը Սվազին (այսինքն`Սեբաստիային) չի արել»:

...Իսկ երբ Չելեպիից չորս դար առաջ, վենետիկցի հռչակավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն (1254-1323) անցնում էր Կապադովկիայով, գրել է. «Հայերը և հույները երեք մեծ քաղաքներում`Կոնիայում, Կայսերիում (Կեսարիայում) և Սվազում (Սեբաստիայում), գործում էին աշխարհի ամենագեղեցիկ և ամենանուրբ գորգերը»:

Իսկ ես, եր զբոսաշրջիկ էի Թուրքիայում 1980-ին, անցնում էի այդ կողմերով և հանդիպում ճանապարհային սլաքների, որ ցույց էին տալիս`դեպի Սեբաստիա, դեպի Կեսարիա, դեպի Կոնիա ճանապարհները, մուխս մարում էր:

Կապադովկիայի հուշանվերների խանութում տեսա մարմարից սարքած մի փոքր սկահակ: Պատկերացնո՞ւմ ես, Ալմաստ մայրիկ ջան, ձեր կողմերի հանքերից էր հանված այդ քարի կտորը, Սեբաստիայի գավառի ինչ-որ բնակավայրից: Անմիջապես գնեցի: Երեկոյան, երբ հոգնած պառկել էի և հիանում էի իմ եզակի ձեռքբերումով, հիշեցի տնեցիների պատվերը` հանկարծ քար չբերես: Ախր, նրանք գիտեին իմ թուլությունը:

Բայց երբ իմացան, թե որտեղից է դուրս եկել այդ գեղեցիկ քարի բեկորը...

Քո հայրենի հողն էր ծնել մարմարի այդ գեղեցկագույն նշխարը:

Մինչդեռ դու, քեզ անհայտ ճանապարհներով, որքան էիր հեռացել նրանից:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter