HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անվճար մեկ ստենտ` կյանքի համար

Գարնան գալուն զուգահեռ ավելանում է նաեւ սրտանոթային հիվանդություններով բուժհիմնարկներ դիմողների թիվը: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Գյումրու բժշկական կենտրոնի ինվազիվ կաբինետի ծառայություններից արդեն իսկ հասցրել է օգտվել 19 հիվանդ, որոնցից միայն 18-ը՝ փետրվար ամսին: Նրանցից 10-ը ստենտավորվել է պետության կողմից ֆինանսավորվող «Անվճար մեկ ստենտ՝ կյանքի համար» ծրագրի շրջանակներում:

Ինվազիվ սրտաբան Կարեն Միքայելյանի փոխանցմամբ՝ ծրագրի չափանիշներին համապատասխանող երեք հիվանդ գերադասել է դեղապատ ստենտի տեղադրումը եւ հրաժարվել անվճար ստենտավորումից, մյուս հիվանդների դեպքում ստենտավորումը եղել է նախապես պլանավորված (սա վճարովի է), կամ նրանք չեն համապատասխանել անվճար ստենտավորման պայմաններին:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրապետության հինգ խոշոր բժշկական կենտրոններում ներդրվել է «Անվճար մեկ ստենտ՝ կյանքի համար» ծրագիրը՝ միտված սուր ինֆարկտով հիվանդների կյանքի փրկությանը: Այս ծրագրով տեղադրվում է անվճար մեկ ոչ դեղապատ ստենտ:

«Նույնիսկ այդ պարագայում առաջնահերթը մարդու կյանքի փրկությունն է,- նկատում է սրտաբան Կարեն Միքայելյանը,- պարզապես ոչ դեղապատի դեպքում հիվանդը պարտավոր է մշտապես գործածել նշանակված դեղորայքը»: Թե դեղապատ, թե ոչ դեղապատ ստենտի տեղադրումից հետո հիվանդի կյանքի որակը կտրուկ փոխվում է: Նրանց արգելվում է ծխելը, խոլեստերինի մակարդակը իջեցնելու նպատակով հատուկ սննդակարգ է սահմանվում, խորհուրդ են տալիս շատ շարժվել՝ հնարավորության դեպքում ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել եւ այլն:

65-ամյա Հովհաննես Սահակյանին սուր ինֆարկտով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխել են փետրվարի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, եւ մեկ ժամ անց՝ կեսգիշերին, սկսել կյանքի համար այնքան անհրաժեշտ բժշկական գործողությունները: «Հեչ մտքովս չէր անցնի, թե սիրտս է, որովհետեւ ախր հեչ հիվանդացած չկայի,- ասում է Հովհաննես Սահակյանը,- իրիգունը միամիտ վատըցա, սիրտս սկսեց ցավալ, հետո ցավն էնքան ուժեղցավ, օր շտապօգնություն կանչեցինք՝ տեղափոխեցին հիվանդանոց»:

Պատմում է, որ պահանջվող անալիզները հանձնելուց հետո այլեւս չի հիշում, թե ինչ են խոսել կամ ինչ է պայմանավորվել բուժանձնակազմը հարազատների հետ: Միայն ստենտավորումից հետո է տեղեկացել, որ չի վճարելու բավական թանկ արժեցող բժշկական միջամտություն համար: «Եթե անվճար չէղներ, ստիպված պիտի բանկից վարկ վերցնեինք, ուրիշ տարբերակ չկար»,- նկատում է Հովհաննես պապը:

Մի շարք հիվանդությունների առումով, այդ թվում՝ սիրտանոթային, նկատվում է երիտասարդացում: Վահրամ Դիլանյանը 36 տարեկան է, «սուր ինֆարկտ» ախտորոշումով Գյումրու բժշկական կենտրոնում ստենտավորվել է փետրվարի 22-ին: Ասում է, որ վերջին տարիներին բավական նյարդային է եղել, շատ շուտ բռնկվում էր, նաեւ շատ ծխում էր՝ օրը մի տուփ: «Դե, արդեն պարզ է, օր էլ չեմ ծխե, բժիշկն արգելել է, հետո պիտի աշխատեմ ավելի հանգիստ ընձի պահեմ, դիետա են նշանակել, տեսնինք էլ, պիտի որ լավ լինի»,- ասում է Վահրամը: Նրա մոտ եւս կրծքավանդակում սուր, նոպայաձեւ ցավը սկսվել է հանկարծակի, հետո մեկ ժամվա ընթացքում դիմել է բժշկական կենտրոն եւ միայն ստենտավորումից հետո տեղեկացել, որ ընդգրկված է «Անվճար մեկ ստենտ կյանքի համար» ծրագրում եւ դրա համար հարկ չի լինելու վճարել:

«Կան մարդիկ, ովքեր որոշակի տեղեկություն ունեն ծրագրի մասին, սակայն մանրամասն չեն հետաքրքրվել եւ դիմում են մեզ՝ ընդգրկվելու ծրագրում: Ստիպված ենք լինում բացատրել, որ այն միտված է մարդու կյանքի փրկությանն այդ պահին, եւ որ պարտադիր պայմաններից մեկն է, որ հիվանդը տեղափոխվի հիվանդանոց սուր ինֆարկտով: Նախօրոք պլանավորված ստենտավորումը գումար արժի: Այս ծրագրի դեպքում չկա պլանավորում»,- ասում է ինվազիվ-սրտաբան Կարեն Միքայելյանը:

Հ.Գ. Ծանոթներից մեկը պատմեց, որ հարեւանը, լսելով այս ծրագրի մասին, շատ էր ուրախացել, քանի որ գումար չուներ ստենտի տեղադրման համար, եւ մտածում էր, որ եթե առողջական վիճակը կտրուկ չվատանա, ապա հունվարին անպայման կդիմի սրտաբանին ու անվճար կստենտավորվի: «Բայց խեղճ մարդը չհասցրեց, դեկտեմբերի վերջին մահացավ, «աբշիռնի» ինֆարկտ էր ստացել»,- նկատեց ծանոթս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter