HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անուշավան համայնքի գործող անկուսակցական համայնքապետը միակ թեկնածուն է

Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքում մարտի 15-ին համայնքապետ են ընտրելու: Միակ թեկնածուն գործող համայնքապետ, անկուսակցական Երվանդ Հակոբյանն է: Թեկնածուի այլ առաջադրումներ ի սկզբանե չեն եղել: ՏԻՄ օրենքի պահանջները չխախտելու համար Երվանդ Հակոբյանը ստիպված է եղել դիմել համագյուղացիներին` առաջադրման առաջարկով:

«Համայնքից մեկ հոգի համաձայնվեց առաջադրվել, որպեսզի չլիներ մեկ թեկնածու, եւ ընտրությունները հանկարծ չեղյալ չհամարվեին, հետո, իհարկե, նա իր թեկնածությունը հանեց, բայց մուծած 100 հազար դրամ գրավը գնաց պետությանը»,-ասում է Անուշավանի գործող համայնքապետ, համայնքապետի միակ թեկնածու Երվանդ Հակոբյանը:

Նա համայնքը ղեկավարում է 2001-ից: 57 տարեկան է, ասում է, որ կկարողանա համայնքը եւս 4 տարի ղեկավարել, բայց հարկ է մտածել երիտասարդ հետնորդի մասին:

«Մարդիկ խուսափում են պատասխանատվության բեռի տակ մտնել, իսկ համայնքի ղեկավարի պաշոնն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է,- նկատում է զրուցակիցս,- երբ ՏԻՄ-երը նոր էին կազմավորվում, շատերն էին ձգտում թեկնածություն առաջադրել, դեռ հին կոլխոզ-սովխոզների ազդեցության տակ էին, պատկերացումները սովետական էին: Հիմա արդեն, տարիներ անց նկատում ես, որ մարդկանց մոտ այդ ձգտումը պակասել է, անգամ երիտասարդները ցանկություն չունեն մրցակցելու: Ընտրությունից ընտրություն կանգնում ենք դժվարությունների առաջ առաջադրումների հետ կապված»:

Երբ մասնակցում էր 2001թ. ՏԻՄ ղեկավարի ընտրություններին, մրցակցում էր եւս երեք թեկնածուի հետ: Հաղթանակը բավական տպավորիչ է եղել: Երվանդ Հակոբյանը չի մոռանում նշել, որ մինչ այդ պարտվել էր 1998թ. ընտրությունների երկրորդ փուլում:

«Միայն 2001-ին էր, որ կար չորս թեկնածու եւ բավական թեժ պայքար: Հաջորդ ընտրությանը, որ 2004-ին էր, երկու թեկնածու էինք՝ վերընտրվեցի նորից ես, 2007թ. առաջադրում չի եղել այլ թեկնածուի կողմից, 2011թ. երկու թեկնածու էինք, ու էլի անուշավանցիներն ընտրեցին ինձ»:

«Արդյո՞ք իրեն լավ ղեկավար է համարում» հարցին ի պատասխան` զրուցակիցս ուսերն է թոթվում. «Որ վատը լինեի, ամեն անգամ չէի ընտրվի: Այնպես չէ, որ անուշավանցիներն այլընտրանք չունեն: Մերոնք հետաքրքիր բնավորություն ունեն, որ վատ ղեկավարեի, իմ տնեցիք անգամ ինձ ձայն չէին տա, ուրեմն երեւի ինչ-որ տեղ գոհ են մարդիկ, որ ընտրում են: Դուք զրուցեք իմ համագյուղացիների հետ, իրենք ավելի ճիշտ կասեն, թե ինչու են ամեն անգամ ինձ ընտրում»:

Անուշավանի բնակիչ Ռուբիկ Խաչատրյանին գոհացնում է ներկայիս համայնքապետի աշխատաոճը: Ասում է` տարիների հետ շատ բան է փոխվել՝ քարուքանդ Անուշավանից տարիների ընթացքում բավականին կոկիկ գյուղ է ստացվել: «Հետո Հակոբյանը կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ: Շատ կարեւոր հանգամանք է դա մեր համար, նորմալ կազմակերպիչ է, կարողանում է ծրագրեր իրականացնել, խստապահանջ է, բավական հարցեր են լուծվել էս տարիներին: Որ վատը լիներ, հաստատ չէինք ընտրի»,-ծիծաղում է Ռուբիկ Խաչատրյանը:

«Հակոբյանը Անուշավանում մեծ ազգություն չունի, բայց մեծ հարգանք ունի,-հավելում է անուշավանցի Նորիկ Սահակյանը,-խոսք կա, չէ՞, թե գյուղերում մեծ ազգ ունեցողներն են ընտրվում: Մեր համայնքում ազգությունը ընտրության հարցում դերակատարում չունի: Աշխատող մարդ է մեզ պետք, վազող, գյուղի մասին մտածող: Էնպես չէ, որ ներկայիս գյուղապետից դժգոհողներ չկան: Կան, բայց հավատացեք, որ անձնապես նեղացածներն են, գործի պահով չէ: Մեր գյուղ դուք արեք դեկտեմբերի վերջերին ու տեսեք ինչքան սիրուն է նախատոնական Անուշավանը՝ իսկը Երեւան (ծիծաղում է համեմատության վրա): Գյուղը վերջին տարիներին շատ լուսավոր է դարձել, փողոցները բավականին հարթեցվել են, ինչ հնարավոր է անել` արվում է ու հույս ունենք, որ դեռ էլի գործեր կարվեն մեր գյուղում»:

2200 բնակիչ ունեցող Անուշավանում փաստացի կա 1564 ընտրող: Ընտրության իրավունք ունեցող 400 անուշավանցի բացակայում է համայնքից եւ չի մասնակցի մարտի 15-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին: Անուշավանում ընտրատեղամասը կահավորվել է գյուղի մշակույթի տանը: Ընտրացուցակներն արդեն փակցված են ընտրողների համար տեսանելի մասում: Գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Երվանդ Հակոբյանն ասում է, որ Անուշավանում, ի տարբերություն համապետական ընտրությունների, համայնքապետի ընտրությունները շատ ակտիվ են անցնում: Ինչպես բոլոր գյուղական համայնքներում, Անուշավանում եւս անտարբեր են ավագանու ընտրությունների ժամանակ:

Թեկնածուն վստահ է, որ մոտ 1000 ընտրող մարտի 15-ին իր ընտրական իրավունքից կօգտվի: Ընտրությանն առաջին անգամ մասնակցող երիտասարդ աղջիկներին Անուշավանում սովորություն կա ծաղիկներ նվիրելու:

Ընտրվելուց հետո Երվանդ Հակոբյանը մտադիր է գյուղը զինել հակակարկտային կայաններով: Անցյալ տարի 600 հա վարելահողերը մոտ 80 տոկոսով տուժել էին կարկտահարությունից: Կավարտի գիշերային լուսավորության ցանցի նորացման աշխատանքները, թեպետ արդեն 300 կետից ավելի տեղադրել են: Մշակույթի տան տանիքն են նորոգելու, ոռոգման ցանցի նորացմամբ պիտի զբաղվի եւ այլն:

Գյուղի տղամարդկանց 90 տոկոսը սեզոնը բացվելուն պես մեկնում է արտագնա աշխատանքի: Այս տարի 100 անուշավանցի հայտնվել է «սեւ ցուցակ»-ում՝ նրանց մուտքը ՌԴ արգելված է 3-ից 5 տարով: Անուշավանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ հացահատիկ մշակելով: Երվանդ Հակոբյանն ասում է, որ եթե լուծվի մսի եւ հացահատիկի իրացման հարցը, գուցե գյուղատնտեսությունն իրենց համայնքում համարվի եկամտաբեր: Բայց մինչեւ օրս միայն սպանդանոցի կառուցման մասին են խոստում տվել գյուղխնախարարությունից, այն էլ` մարզի հյուսիսում:

«Գյուղից էս պահին 25 երիտասարդ մեկնել է Մեղրի, որտեղ ոչխարի սպանդանոց են կառուցում, այնտեղ աշխատելու: Դեպորտ եղածները փորձում են Երեւանում աշխատանք գտնել: Իսկ ընդամենը հարկավոր է աջակցել մթերքի իրացման հարցում, ու գյուղացին իր գլուխը կպահի առանց գյուղից ոտքը դուրս դնելու»,-եզրափակում է զրույցը Երվանդ Հակոբյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter