HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական աջակցությունը երիտասարդներին Վերիշենում պահելու միջոցներից է

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում 2014 թ.-ին ծնվել է 36 երեխա. նրանցից յուրաքանչյուրին համայնքային իշխանությունը տեղական բյուջեի սոցիալական օգնություն հոդվածով տրամադրել է 20 հազարական դրամ:

«Համայնքի բյուջեում տարեկան 1 մլն դրամ նախատեսվում է սոցիալական օգնությունների համար, որի մեծ մասն ուղղվում է նորածինների ընտանիքներին»,-ասում է համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Արթուր Շալունցը: Օգնություն ստանում են այն երեխաները, որոնց ծնողների գրանցման վայրը Վերշեն գյուղն է: Աշխատակազմի քարտուղարը չի թաքցնում, որ ծնելիությունը խթանելուց բացի, նպատակ ունեն շահագրգռել երիտասարդներին, որ փաստացի բնակության հետ նաեւ գյուղում հաշվառվեն, քանի որ համայնքին տրվող դոտացիայի չափը պայմանավորված է բնակչության թվաքանակով: «Առանց այն էլ, վերջին տարիներին գյուղում ծնելիությունը նվազել է, քանի որ մեկնողների թիվն ավելացել է: Ավելի քան 40 մարդ, չնայած փաստացի բնակվում է գյուղում, սակայն հաշվառված է այլ համայնքում»,- նշում է  Ա. Շալունցը: Նրա խոսքով՝ սա նաեւ անձնագրային ռեժիմի խախտում է, եւ կան երեխաներ, ովքեր չնայած գյուղում են բնակվում, բայց դեռեւս փաստացի գրանցում չունեն, եւ իրենք փորձում են այդ հարցը կարգավորել:

Բացի նորածինների համար նախատեսվող օգնությունից, աջակցություն տրամադրվում է նաեւ սոցիալական խնդիրներ ունեցողներին, որոնք հիմնականում դիմում են բուժման ծախսերը փոխհատուցելու համար: Օգնություն ստացողների մասին որոշումը կայացվում է «Համայնքի կողմից հատկացվող անհատույց, անվերադարձ վճարումները համակարգող հանձնաժողովի» առաջարկությամբ, որն էլ հաստատում է համայնքի ղեկավարը:

Հանձնաժողովը ձեւավորվում է համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ յուրաքանչյուր տարվա սկզբում: Հանձնաժողովում ընդգրկված են համայնքապետի տեղակալը, համայնքային մասնագետը եւ ավագանու մեկ անդամ: «Գյուղական համայնքում մեկը մյուսին ճանաչում են, այդ պատճառով ոչ միշտ է, որ հիմնավորող փաստաթղթեր ենք պահանջում, բայց, մեծ գումարների դեպքում անպայման հիմնավորումները կցում ենք: Oրինակ, բնակիչներից մեկի տան տանիքը քամուց վնասվել էր եւ նրան 100 հազար դրամ օգնություն տրամադրելու համար համապատասխան ակտ կազմվեց, կցվեց վճարման անդորրագրին»,- ասում է աշխատակազմի քարտուղարը:

Ամբողջ գործընթացն, ըստ քարտուղարի, իրականացվում է թափանցիկ, ինչպես համայնքային իշխանության գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը՝ ավագանու որոշումներ, առանձին ծրագրերի ֆինանսական հաշվետվություններ, բյուջեի կատարման հաշվետվություն, քառամյա ծրագրով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ օգնություն ստացողների ցուցակը տեղադրվում է համայնքպետարանի շենքում:

52 մլն 373 հազար դրամ համայնքային բյուջեից տարեկան 1-1,2 մլն դրամ նորածիններին հատկացնելը, Վերիշենի իշխանությունները շքեղություն չեն համարում: Ավելին, եւս մոտ 15 մլն էլ տրամադրվում է գյուղի մանկապարտեզին, որտեղ հաճախում է 95 երեխա:

Ինչպես եւ շատ այլ համայնքներում, Վերիշենում եւս բյուջեի «առույծի բաժինն» ուղղվում է աշխատակազմի աշխատավարձի վճարմանը, սակայն խնայողությունների շնորհիվ հաջողվում է նաեւ համայնքային խնդիրներ լուծել: Անցյալ տարի 6,5 մլն դրամ տրամադրվել է համայնքում գիշերային լուսավորություն ապահովելուն, կատարվում է աղբահանություն: Եվս 25 մլն դրամի լուսավորության աշխատանքներ են նախատեսվում ընթացիկ տարում, որի համար արդեն շինարարական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել:

Աշխատակազմի քարտուղարն իր մտահոգությունն է հայտնում, որ համայնքների խոշորացման դեպքում իշխանությունների ուշադրությունից դուրս կմնան տեղական սոցիալական խնդիրները, որովհետեւ, ըստ նրա, օրինակ, իրենց տարածաշրջանի միավորման կենտրոնը դառնալուն հավակնող Գորիսի քաղաքապետարանում հազիվ թե մտահոգվեն համայնքային բյուջեից վերիշենցի նորածնին թեկուզ միանվագ գումար հատկացնելու հարցով:

«Չնայած մեր բյուջեից է ֆինանսավորվում մանկապարտեզը, բայց դա չի խանգարում, որ ավելի մեծ թվով երեխաներ հարեւան Ակներ գյուղից հաճախեն: Տարվա ընթացքում փոքր խնդիրների դեպքում, օրինակ, տոնական օրերին կամ հրատապ լուծում պահանջող դեպքերում, Ակների բյուջեից եւս որոշ ներդրում է կատարվում, բայց միեւնույն է, առանց դրա էլ, մեր մանկապարտեզը կանոնավոր գործում է»,- ասում է նա:

Ի դեպ, Ակներ գյուղում նույնպես նորածիններին համայնքի բյուջեից 20 հազարական դրամ է հատկացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter