HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի կաթսա կաթնապուր իշխանություններին` արավուսցու ձայնը լսելու համար

«Գրեք էլի, գուցե մեր մասին իմանան, մի լույս բացվի, ձեր լավության տակից դուրս կգամ»:

Սյունիքի մարզի Արավուս գյուղ գնալուց առաջ նախապես գյուղապետի հետ պայմանավորվելու փորձերս ապարդյուն են անցնում: Համայնքի ղեկավարի տանը հեռախոս չկա, իսկ բջջային կապն անհասանելի է հատկապես խոնավ եղանակին:

Ձմռան սառնամանիքին գյուղն արտաքին աշխարհին կապող միակ օղակն ամեն օր գյուղից հարեւան Տեղ ոտքով դասի մեկնող 50-ից ավելի երեխաներն են: Գոնե ութամյա կրթություն ստանալու համար նրանք չորրորդ դասարանից ստիպված են Տեղ գյուղ հասնել՝ հաղթահարելով գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհը, կտրուկ վերելքներն ու վայրէջքները: Տեղի դպրոցում արավուսցի դպրոցականները միայն մեկ անգամ են բացակա ստացել, երբ մառախլապատ մի օր գայլերը շրջափակել էին դասի շտապող փոքրիկներին: Վերջիններս հնարավոր ողբերգությունից փրկվել էին առավոտ վաղ ճանապարհին հայտնված ավտոմեքենայի աղմուկի շնորհիվ: Դրանից հետո ծնողներից շատերը վախենում էին առանց ուղեկցի երեխաներին դպրոց ուղարկել, իսկ 4 ընտանիք նաեւ այդ պատճառով 16 երեխաների հետ լքեց գյուղը:

Դպրոց Արավուսն էլ ունի, որտեղ սովորում է ընդամենը 12 երեխա: Նրանց չորս ուսուցիչները աննկարագրելի անբարենպաստ պայմաններում փորձում են գոնե գրաճանաչ դարձնել փոքրիկներին: Վագոն-տնակում հարմարեցված դպրոցի երեք դասասենյակները, որոնցից մեկը միաժամանակ որպես ուսուցչանոց է ծառայում, միմյանցից բաժանվում են վարագույրներով, իսկ դրսի քամուց պաշտպանվում են պոլիէթիլենային «պատուհաններով»: Դասի ավարտը ազդարարող զանգին փոխարինում է փոքրիկների տրտունջը. «Ընկեր Նարինե, սոված ենք»: Ու ընկեր Նարինեն, ով գլխավորում է այս փոքրիկ կրթօջախը, Նեսոյի ժամանակները հիշեցնող դպրոցականների կապոցներից հանում է նրանց նախաճաշիկները, եւ տասնամյակների ընթացքում հազար ու մի մեխով ամրացված աշակերտական սեղանների վրա փոքրիկները, ուշադրություն չդարձնելով անծանոթ մարդկանց ներկայությանը, համտես են անում այն, ինչ ծնողները նախատեսել էին այդ օրվա համար:

«Մեծացա, գեներալ եմ դառնալու»,- հանկարծ հայտարարում է առաջին դասարանցի Վաղարշակը: «Ես էլ՝ ատամնաբույժ»,- շարունակում է երկրորդը: «Իսկ ես` նկարչուհի»,- ոգեւորված ընկերների քաջությունից՝ ավելացնում է փոքրիկ մի աղջնակ:

Թե որ լավատեսությանս բոլոր պաշարները գումարեմ, հազիվ կարողանամ հավատալ, որ այն պայմաններում, որում այսօր արավուսցի երեխաները կրթություն են ստանում, հնարավոր լինի իրականացնել նրանց ցանկությունները:

Հետաքրքիր է, որ, խոսելով «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նպատակներից մեկի` տարրական կրթության ապահովման մասին, շատերն են կարծիք հայտնում, թե այն Հայաստանի պարագայում խնդիր չէ, մինչդեռ այստեղ՝ մայրաքաղաքից 268 եւ մարզկենտրոն Կապանից 87 կմ հեռավրության վրա գտնվող, ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանից մեկ ոտնաչափ հեռու Արավուս գյուղի դպրոցականը անգամ այդ տարրական կրթությունը ստանալու հնարավորություն չունի: Եվ որքան էլ զարմանալի է, այդ պայմաններում անգամ, գյուղի բնակչության մեկ քառորդը երիտասարդներ են, որոնցից 22-23 տարեկան շատերն արդեն 2-3 երեխաների ծնողներ են:

«Դժվարություններին դիմակայելու նրանց միակ հնարավորությունն է,- կես-կատակ մեկնաբանում է Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը, ով դժվարանում է գյուղի ամենակարիքավ բնակչին առանձնացնել: Նրա կարծիքով՝ սոցիալական խնդիրները իրենց գյուղում բոլորի համար նույնն են: Նաեւ կարիքներն են ընդհանուր, որոնցից ամենագլխավորը համայնքի ղեկավարը համարում է դպրոցի շենքը:

«Ամեն դժվարություն հաղթահարելու ելքը հնարավոր է գտնել, օրինակ՝ խմելու ջրի բացակայության պայմաններում ձորից թեկուզ ձեռքով կրում ենք, բնության անբարենպաստ եղանակի պատճառով կրած վնասի դիմաց պետությունը ցորեն է հատկացնում, բայց հոգեւոր սովը, երեխաների կրթության անչափ կարեւոր խնդիրը լուծելու ոչ մի հնարավորություն չկա»,- դառնությամբ նկատում է գյուղապետը: Նա ինքն էլ տարիներ առաջ Սումգայիթից է գաղթել, սկզբում բնակություն է հաստատել մայրաքաղաքում, հետո հայրն ընդդիմացել է՝ ամբողջ երկիրը սահմանամերձ Արավուսն է պաշտպանում:

Այդ ժամանակ Արավուսը դեմ հանդիման կանգնել էր ազերիների գնդակների տարափին: Հռչակավոր Թուրուսի խութի գրավմանը, որը համարվում էր գրեթե ամենակարեւոր մարտական դիրքերից մեկը տարածաշրջանում, նաեւ այս գյուղի բնակիչներն են մասնակցել: Անգամ այն օրերին, երբ ադրբեջանցիները տարբեր լուրեր էին ուղարկում, թե շուտով իրենք թեյ պիտի խմեն Արավուսում, ոչ ոք չլքեց գյուղը: Տարեցները երեխաներին պատսպարել էին գյուղի՝ 18-րդ դարում կառուցված եկեղեցում, իսկ ավելի երիտասարդները մասնակցում էին պաշտպանական մարտերին:

«Սկզբում կարաբինն անքան ծանր էր թվում, որ հազիվ էի տեղից բարձրացնում: Մի օր էլ ավտոբուս եկավ, որ երեխաներին մայրերի հետ գյուղից հանեն, բայց ավտոբուսը դատարկ հետ դարձավ: Ոչ ոք չուզեց լքել գյուղը: Կարծես թե դա մեզ մի նոր ուժ հաղորդեց, մենք մեզ ավելի զորավոր զգացինք, որովհետեւ կրակի տակ նաեւ մեր փոքրիկներն էին»,- հիշում է դպրոցի ուսուցչուհի Ելենա Հայրապետյանը: Նրա թեւում մինչեւ հիմա արկի բեկոր կա:

Հիմա այս ամենը մնացել է միայն մարդկանց հիշողություններում: Ներկան գյուղի խնդիրներն են եւ շատերի ապրելու աննկարագրելի պայմանները:

Գրենա Քոչարյանն Արցախյան պատերազմի հաշմանդամ է, գնդակը քունքից հատել է գլուխը, բայց նա հրաշքով ողջ է մնացել: Հպարտանում է, որ մասնակցել է Թուրուսի խութի գրավմանը, մտաբերում է քաջարի զինակիցներին: Հաղթանակից հետո, սակայն, մնացել է անօթեւան: Վերջերս համայնքի ղեկավարը նրան հատկացրել է գյուղի կիսակառույց գոմերից մեկը, որտեղ 20 քառակուսի մետր տարածքում ապրում են ընտանիքի 10 անդամները:

«Ով շուտ է քնում, նա անկողնում է պառկում, մյուսները՝ գետնին»,- զարմանալիորեն առանց դժգոհելու պատմում է Գրենան:- Տղայիս նոր եմ նշանել, պիտի ամուսնացնեմ, լավ կլիներ, որ զուռնա-դհոլով բերեի, բայց ստիպված եմ լուռ ու մունջ պսակել, միայն թե չգիտեմ, թե սենյակի որ մասում տեղավորեմ նորապսակների անկողինը»:

Ընդամենը 38 հազար դրամ հաշմանդամության թոշակ ստացող ընտանիքը, այնուամենայնիվ, վստահ է, որ մի օր գուցե եւ գնահատեն Գրենայի ծառայությունը եւ մի ելք գտնեն, որ գոնե նորածին թոռնիկը էս մեծ երկրում արեւ տեսնի, բետոնե հատակին չմեծանա: Թեպետ, ինչպիսին էլ լինեն պայմանները, միեւնույն է՝ Գրենայի որդիները, որոնցից երկուսն արդեն իսկ ծառայել են Ազգային բանակում, չեն լքի իրենց գյուղը: Հոր պատգամն է:

Արամ Բազյանը, որ տարիներ առաջ հարկադրաբար լքել է մշտական բնակության վայրը` Բաքուն, եւ ապաստան գտել այստեղ, երբեւէ չի էլ մտածել, որ հայրենիքում էլ կարող է անտուն մնալ՝ անցնելով պատերազմի արհավիրքը, մնալ համագյուղացիների խղճի հույսին, մի քանի ամիս՝ բաց երկնքի տակ, ապա, ծանոթների տներում ապաստանելուց հետո, վերջապես հանգրվանել մեկի խոտանոցում: Մեկ օրվա ընթացքում նախկին մարագն ազատեցին խոտից, հարեւաններն օգնեցին՝ ով ինչով կարող էր, եւ մի կերպ կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ նա ապաստան գտավ իր համար դղյակի արժեք ունեցող հյուղակում:

«Մանավանդ անձրեւին ու ձյանը անկողինները պատերից հեռացնում ենք, որովհետեւ ամենուր կաթում է,- պատմում է տանտիրուհին` Սիլվան:- Ձմեռը դեռ չի կիսվել, բայց արդեն 10 խորանարդ մետր փայտ ենք վառել, գիշեր-ցերեկ վառարանը վառում ենք, որ կարողանանք մի կերպ մեղմել դռան եւ պատուհանների՝ մատի հաստությամբ ճեղքերից ներս սողոսկող ցուրտը»:

Սիլվայի ու նրա ընտանիքի հույսն էլ արտասահմաններն են. «Ես տեղացի եմ, ամուսինս փախստական է, վերջերս լսեցի, որ փախստականների համար բնակելի շենք են կառուցել: Գուցե մեզ համար էլ մի ելք գտնվի, թե չէ երեք երեխաներս առավոտ ցրտին գնում են հարեւան գյուղի դպրոց եւ մինչեւ հաջորդ օրը չեն կարողանում տաքանալ,- լացակումած պատմում է Սիլվան` մի վերջին հույս փայփայելով մեզ հետ:- Գրե՛ք, էլի, գուցե մեր մասին իմանան, մի լույս բացվի, ձեր լավության տակից դուրս կգամ, Լիաս մեղք է, 7 տարեկան է, մրսում է...»:

Որ ոչ միայն Սիլվայի փոքրիկի, այլեւ մյուսների համար որեւէ միջոց կգտնվի, որպեսզի փոքր-ինչ բարելավվի սահմանամերձ գյուղի մարդկանց կենսամակարդակը, անգամ համայնքի ղեկավարը չի հավատում՝ իրավացիորեն նկատելով, որ Արավուսի զարգացման, գյուղի երիտասարդներին իրենց հողում պահելու համար առանձին միջոցառումների պլան պիտի մշակվի: Առաջին տեղում կրթօջախ ունենալու խնդիրն է: Գյուղի իշխանությունը նաեւ վարչական շենք չունի, բուժկետ, հիվանդներին ստիպված հարեւան գյուղ են հասցնում, որտեղ, սակայն, շաբաթը երկու անգամ է բժիշկ լինում, անմխիթար վիճակում է գյուղամիջյան ճանապարը, բայց դպրոցը համարվում է հոգսերի հոգսը: Տեղական միջոցներով, այսինքն՝ տարեկան 1,5 միլիոն պետական լրավճար ունեցող համայնքն այդ խնդիրները չի կարող լուծել:

«Դպրոցը որ կառուցվի,- նկատում է գյուղապետը,- ոչ միայն երեխաների կրթության խնդիրը կլուծվի, այլեւ աշխատատեղեր կբացվեն, մարդիկ գյուղը չեն թողնի: Աշնանը յոթ զորակոչիկ ենք ունեցել, նրանք հաստատ կվերադառնան գյուղ, եթե վստահ լինեն, որ իրենց ծննդավայրում կյանքն աշխուժանում է»:

Հիմա էլ արավուսցիները շարունակում են հետեւել մի ավանդույթի` գարնանը կաթնապուր են եփում եկեղեցու բակում, բաժանում գյուղի տարեցներին, հիվանդներին, որ տարին բարենպաստ լինի, բերքը՝ առատ, կյանքը՝ ապահով:

Ի՞նչ անի արավուսցին, եթե պետությունը ձեռք է քաշել իր գյուղից, մի կաթսա էլ իր ձայնը իշխանություններին հասցնելու համա՞ր եփի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter