HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Անօրինական միգրանտների կյանքը Թուրքիայում կդժվարանա

Նախորդ տարվա ապրիլից Թուրքիայում գործում է «Օտարեկրացիների և միջազգային պաշտպանության մասին»  5683 օրենքը, որը կարգավորում է օտարեկրացիների կացության, աշխատանքային իրավունքին և այս ոլորտին առնչվող այլ հարաբերությունները: Ոլորտը կարգավորող երկու նախկին օրենքներն ընդունվել էին 1950թ. և դրանից հետո որևէ փոփոխություն չի արվել:

«Այդ երկուսը շատ հին էին և արտահայտում էին այն ժամանակվա իրականությունը, իսկ նոր օրենքն արտացոլում է ԵՄ ստանդարտներն ու ավելի թափանցիկ է»,- «Հետքին» ասում է Բիլգի համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Բերթան Թոքուզլուն, որն ընդգրկված է եղել օրենքը մշակող հանձնաժողովում:

Օրենքի ամենաէական կետը վերաբերում է փախստականների ու միգրանտների կացության իրավունքերին ու նրանց կեցության կարգավիճակին:

«Մենք դեռ անցման վիճակում ենք ու սպասում ենք ադիմինիստրատիվ կարգավորումներին (bailo-բայլո), որոնք իրենցով օրենքի իրագործումներ են,- ասում է Թոքուզլուն,- այն իրենից ներկայացնում է Միգրացիայի գլխավոր վարչության կողմից իրականացվող համապարփակ միջոցառումների շրջանակներում նախատեսվող ավելի մանրամասն կարգավորումներ»:

Թոքուզլուի խոսքով դեռևս օրենքի ուժ են ստացել միայն երկու այդպիսի բայլոներ, որոնցից մեկը վերաբերում է արտաքսման կենտրոններին և սկսել է գործել 2014. սեպտեմբերից, և հայտնի չէ դեռ, թե քանի բայլոներ են սպասվում:

 «Չեմ կարող ասել, թե օրենքն ամբողջությամբ գործում է, որովհետև իմ կարծիքով կառավարությունն այս ոլորտը կարգավորելու կարողությունների պակաս ունի, ու իրավիճակը բավական քաոտիկ է՝ նաև սիրիացիների պատճառով, որովհետև նրանք հսկայական թիվ են կազմում»,- ասում է նա:

Նոր օրենքը կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսին է օրինակ, թե ինչպես մարդը կարող է կալանավորվել, ինչքան երկար կարող է կալանավորված մնալ, ինչ հիմքով կարող է երկրից արտաքսվել, որ դատարան պետք է գնա, ինչպես նաև սահմանվում են կացության և աշխատանքի իրավունքի պայմանները: Նախատեսված են տարբեր՝ ընտանեկան, աշխատանքային, երկարաժամկետ, ուսանողական և այլ տեսակի վիզա ստանալու հնարավորություններ, որոնք նախկինում չեն եղել:

Սահմանափակում է մտցվել մարդկանց շարժունակության վրա, և եթե մարդիկ նախկինում սահմանը հատելիս ստանում էին մինչև երեք ամիս Թուրքիայում մնալու իրավունք և վիզայի ժամկետը լրանալու դեպքում կարող էին նորից սահմանը հատել, ապա նոր օրենքով՝ տուրիստական վիզան հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում Թուրքիայում մնալ 90 օր՝ 6 ամսվա ընթացքում, որից հետո մարդը կամ պետք է լքի Թուրքիայի տարածքը, կամ էլ դիմի կացության իրավունք ստանալու համար:

Օրենքի կիրառությունից հետո Ստամբուլում ապրող Հայաստանի քաղաքացիների շրջանում նկատվում է կեցության կարգավիճակը օրինականացնելու միտում: Հայ միգրանտների շրջանում 2009թ. անցկացված հետազոտության արդյունքում՝ նրանց 94 տոկոսի կարգավիճակն անօրինական էր:

Իսկ 52-ամյա Աիդան, որ Ստամբուլում է 14 տարի, ասում է, որ արդեն շատերն են սկսել օրինականացնել իրենց կարգավիճակը, որովհետև այդ դեպքում ապահովագրություն են ունենում ու հիվանդանոցից օգտվում են. «Կարող են նաև դեղատնից զեղչով դեղ ստանալ, իսկ հինգ տարի օթուրմա իզին (կեցության իրավունք) պահելու դեպքում կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար»:

Շատ միգրանտներ, սակայն, փաստում են, որ կացության իրավունքի ձեռք բերելը կապված է բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկների հետ, ու իրենցից շատերն էլ չգիտեն, թե ինչպես և ուր դիմեն:  36-ամյա Գայանեն, որ ինը տարի Ստամբուլում անօրիանական կեցության իրավունքով ապրում է, ասում է, որ շատ կցանկանար օրինականացնել կարգավիճակը:

«Մենք բոլորս էլ ուզում ենք օրինական մնալ, որովհետև, թեպետ մեզ շատ չեն անհանգստացնում, բայց բոլոր դեպքերում ներքին վախը միշտ կա ու կա,- ասում է նա,- բայց ես չգիտեմ, թե ոնց մաքրեմ ջեզաս(տույժ)»:

Փոփոխություններից մեկը, որ բերել է նոր օրենքը, այն է, որ եթե նախկինում կացության իրավունք ստանալու համար օտարեկրացին դիմում էր Թուրքիայի պատկան մարմիններին, ապա այժմ այն ստանալու համար պետք է դիմել տվյալ երկրում գտնվող Թուրքիայի դեսպանատուն: Սա, անշուշտ, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով չի վերաբերվում Հայաստանին, և Հայաստանի քաղաքացիներից նրանք, որոնք դիմում են կացության իրավունքի համար, ստանում են` Թուրքիայի որևէ քաղաքացու երաշխավորագրի հիման վրա: Հիմնականում այդ մարդիկ կամ հայ միգրանտների գործատերերն են կամ ստամբուլահայեր:

Կացության իրավունքը տրվում է մեկ տարի ժամկետով, և մոտավորապես արժենում է 700 դոլար: Այն ներառում է նվազագույն փաթեթ պարունակող բժշկական ապահովագրություն: Իսկ եթե մարդը ձեռք է բերում աշխատանքի իրավունք, այն նաև ենթադրում է կացության իրավունք, և իրավունքի այս տեսակի ձեռք բերումն ավելի թանկ է, ու ոչ բոլորն են ձեռք բերում աշխատանքի իրավունք:

Թոքուզլուն ասում է, որ օրենքի ընդունման աշխատանքների ժամանակ ստուգել է աշխատանքի իրավունքի ունեցողների թիվը և պարզել, որ ամեն տարի կառավարությունը  աշխատանքային իրավունք է տալիս մոտավորապես 3500 անձի, որը չափազանց փոքր թիվ է, եթե նկատի ունենանք, որ միայն սիրիացի փախստականների թիվը 1մլն.600 հազար է՝ պաշտոնական տվյալներով, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 2 մլն:

«Իսկ եթե դու աշխատանքի իրավունք չունես, իմաստ չունի կացության իրավունք ձեռք բերել,- ասում է նա,- ինչպե՞ս պիտի ապրես Թուրքիայում. այստեղ ապրելը թանկ է»:

Օրենքը բավական խիստ է գործում հատկապես գործատուների համար, որը վերաբերում է նաև երեխա պահելու կամ տուն մաքրելու համար աշխատանքի ընդունող Թուրքիայի քաղաքացիներին: «Եթե նրանց բռնեն՝ երկուսն էլ կենթարկվեն տույժի, ընդ որում նախատեսված են բարձր տույժեր»,- ասում է Թոքուզլուն:

Նոր օրենքը կարգավորում է նաև անօրինական կարգավիճակ կամ անկանոն միգրանտներ կոչվող մարդկանց կյանքը, և սա կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ, նրանց մեծ մասն, այդուհանդերձ, անկանոն միգրանտներ են:

Եթե նրանց կալանավորել ու տարել են արտաքսման կենտրոն(յաբանջի շուբա), որը, ճակատագրի հեգնանքով գտնվում է հենց Քումքափիում՝ անկանոն միգրանտի կյանք վարող մարդկանց շրջանում, ապա նրանք իրավունք ունեն դիմելու դատարան, փաստաբան վարձել և օգտվել օրենքի ընձեռած բոլոր հնարավորություններից, որը նախկինում չի եղել, և այդ պարագայում մարդկանց կամ արտաքսել են, կամ էլ ինչպես շատերն են ասում՝ 50-100 դոլար վերցնելով՝ բաց թողել հենց փողոցից:

Մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ ասում են, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ շատ հանդուրժող վերաբերմունք ունի, և նրանք շատ լավ գիտեն, թե որ միգրանտն ինչպիսի կարգավիճակ ունի:

Ստամբուլում 15 տարի ապրող մի հայ միգրանտ, որ չցանկացավ ներկայանալ, «Հետքին» ասում է, որ իրեն բազմաթիվ ոստիկաններ պատմել են, թե ներքին հրահանգ ունեն հայերին նեղություն չտալու:

«Ու այդ վերաբերմունքը փոխվել է Հրանտ Դինքի սպանությունից հետո,- մեկնաբանում է նա,- ես որ նոր էի եկել՝ Քումքափիում մարդիկ խուսափում էին հայերենով բարձրաձայն խոսել, իսկ հիմա նման խնդիր չկա»:

Սակայն Թոքուզլուն ասում է, որ նման երևույթ լինելու պարագայում էլ՝ այն երկար չի տևի, որովհետև հեռանկարում ծրագրվում է բոլորին օրինական դաշտ մտցնել:

«Հետևաբար, երբ այս անցողիկ պրոցեսն ավարտվի՝ կարծում եմ, որ Թուրքիայում որպես անկանոն միգրանտ մնալը շատ դժվար կլինի»,- ասում է նա:

Թոքուզլուի խոսքով օրենքն ընդունելու համար եղել է երկու պարտադրող գործոն, որից մեկը ԵՄ պահանջներից է, քանի Թուրքիան 2001թ.-ից ԵՄ թեկնածու անդամ էր, և պարտավոր էր որոշ օրենսդրական փոփոխություններ անել: ԵՄ Թուրքիայից պահանջում էր ընդունել  սահմանի կառավարումը կարգավորող օրենք և ստորագրել ռեադմիսիայի համաձայնագիր, և Թուրքիան այս ուղղությամբ 2003թ. ընդունել էր  ԵՄ պահանջներին համապատասխան Ազգային ծրագիր:

«Սակայն Թուրքիան այդքան էլ մեծ ցանկություն չուներ այն իրագործելու, որովհետև այդքան էլ հեշտ չէ այդ ստանդարտները կյանքի կոչելը, քանի որ երբ փոխում ես քո չափանիշները որպես տարանցիկ երկիր, ապա ԵՄ-ն ստիպում է, որ դու հետ ստանաս բոլոր միգրանտներին ու փախստականներին, ու Թուրքիան անորոշ ժամանակով դադարեցրել էր»,- մեկնաբանում է Թոքուզլուն:

Երկրորդ պարտադրող գործոնը ՄԻԵԴ-էր, որովհետև ընդդեմ Թուրքիայի՝ Մարդու Իրավունքների խախտման հարցով, շատ հայցեր էին ընդունվում ու բավարարվում, ընդ որում բավական մեծ փոխհատուցմամբ: Թոքուզլուի խոսքով՝ միայն 2009թ ստացվել էր 30-ից ավելի հայց ու դեռ ավելի ու ավելի շատ սպասվում էր, հետևաբար, Թուրքիան որոշեց ընդունել օրենքը, որը պառլամենտը վավերացրեց 2013թ. ապրիլին:

Օրենքի անհրաժեշտությունը նաև առաջացել էր նրանից, որ Թուրքիան՝ տասնամյակներ շարունակ աշխատուժ «արտահանելով», վերջին երկու տասնամյակում սկսել է հետ ստանալ միգրանտներին ու վերածվել՝ վերջնակետ երկրի:

«Որովհետև 2005թ. սկսած Թուրքիայի տնտեսությունը ագրեսիվ զարգանում է ու ավելի շատ աշխատանքի հնարավորություններ կան, մարդիկ են գալիս, այդ թվում Եվրոպայից»,- մեկնաբանում է Թոքուզլուն:

Քումքափիում աշխատանքային հաշվետվություն պատրաստելիս Թոքուզլուին որևէ հայ որևէ խնդրով չի մոտեցել, որովհետև իր կարծիքով հայերի թիվը շատ փոքր է: Սակայն նա կարծում է, որ մարդիկ միշտ հակված են գնալու այնպիսի երկրներ, որտեղ ներքին համայնք ունեն՝ հաշվի առնելով, որ այն իրեն կարող է նեցուկ կանգնել:

«Երբ ԵՄ-ն միգրանտների ու փախստականների վերաբերյալ կանոնադրություն ընդունեց, կարծիք կար, որ այլևս չի լինի  որևէ ակնհայտ գործոն, որ մարդիկ կնախընտրեն այս կամ այն երկիրը, որովհետև օրենքը բոլոր երկրների համար էլ նախատեսում էր նույնպիսի կարգավորում,- մեկնաբանում է Թոքուզլուն,- բայց պարզվեց, որ միգրանտները նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ լոկալ համայնք կա, և կարևոր չէ թե որքան լավ կամ վատն է այդ երկրի պաշտպանության համակարգը»:

Նրա խոսքով՝ էթնիկ համայնքների ու մշակութային ինքնությանը վերաբերող բազմաթիվ հետազոտություններ կան, և ըստ այդմ, Թուրքիան հետաքրքիր է հայերի համար. «Որովհետև Ստամբուլում հայ համայնք կա»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter