HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դերենիկ Դումանյանի որդիների բիզնեսը՝ նաև պետբյուջեի հաշվին

Պետբյուջեն պաշտոնյաների համար դարձել է սեփական և մերձավորների բիզնեսը զարգացնելու հիմնական աղբյուրը։ Գնումների մրցույթում հաճախ հաղթող են ճանաչվում այնպիսի ընկերություներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են որևէ պաշտոնյայի հետ։

63 մլն դրամի պայմանագիր՝ Դերենիկ Դումանյանի որդու ընկերության հետ

Այդպիսի լավ հնարավորություն է տալիս հատկապես մեկ անձից կատարվող գնումը, որը տեղի է ունենում առանց մրցույթի։ Ըստ «Գնումների մասին»  օրենքի՝  գնումն իրականացվում է մեկ անձից հրատապ դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ «գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռքբերել միայն մեկ անձից՝ պայմանավորված նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ և լիցենզիայի առկայությամբ»։

Պայմանագիրը կնքվում է բանակցային ընթացակարգով։ Այսպիսի ընթացակարգով Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը մեկ անձից գնման պայմանագրեր է կնքել որդու՝ Հրանտ Դումանյանի «Բիանկոդենտ» ՍՊԸ –ի հետ։


Այն հիմնադրվել է 2011թ. մայիսին։ Ընկերության 100 % բաժնետերն  է Հրանտ Դումանյանը ՝ Դերենիկ Դումանյանի կրտսեր որդին։ «Բիանկոդենտ» ընկերությունը իրականացնում է նաեւ առողջապահության բնագավառի գործունեություն։ 

«Բիանկո» ստոմոտոլոգիական կլինիկայի տնօրենը Կամսար Կոստանյանն է,  Դերենիկ Դումանյանի կնոջ՝ Անահիտ Կոստանյանի ազգականը։ Ընկերության հետ կապ ունի նաև Դերենիկ Դումանյանին մյուս որդին՝ Արթուր Դումանյանը, ով ներկայումս Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։  Ընկերության կայքի ադմինստրատիվ տվյալների մեջ նշված է նաեւ նրա էլեկտրոնային հասցեն:

Առողջապահության նախարարության 2011թ.մեկ անձից կատարված գնումները կառավարության e-gov.am կայքում բացակայում են։ 2012թ.-ին Առողջապահության նախարարության մեկ աձից կատարված գնումների վարեբերյալ կա ընդամենը 3 պայմանագիր։

2013թ. փետրվարի 8-ինառողջապահության նախարարության և «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է 20 մլն 176  հազար դրամի 2 պայմանագիր՝ համապատասխանաբար ՝ 3,176 մլն և 17 մլն դրամ՝ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցելու համար։  2014թ. փետրվարի 18-ին դարձյալ նույն ծառայությունների համար կնքվել է 21,7 մլն դրամի 2 պայմանագիր՝ համապատասխանաբար՝ 4,7 և 17 մլն դրամի։

Այս ընկերության հետ պայմանգրեր են կնքվել ոչ միայն Դերենիկ Դումանյանի նախարար լինելու ժամանակահատվածում, այլև նրա պաշտոնավարությունից հետո։

Վերջերս՝ 2015թ. փետրվարի 2-ին, մեկ անձից կատարվող գնումների շրջանակում «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է  մոտ 21 մլն դրամի 2 պայմանագիր ՝ համապատասխանաբար՝ 16,6 և 4,5 մլն դրամի։ 2013-2015թթ. «Բիանկոդենտ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ընդհանուր արժողությամբ   63 մլն դրամի 6 պայմանագիր։

Գուրգեն Դումանյանի` կենդանիների և դեղագործական բիզնեսը

Դերենիկ Դումանյանի ավագ որդին՝ Գուրգեն Դումանյանը ներկայումս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալն է:  Նա նաև 2005թ.-ին հիմնադրված «Ֆաունա» կենդանաբանանական այգի-բուծարան» ՍՊԸ –ի 10% բաժնետերն է։ Ընկերության 70 % -ը պատկանում է Արթուր Խաչատրյանին, ով ներգրավված է վտանգված կենդանիների անօրինական բիզնեսում, որին «Հետք»-ը բազմիցս անդրադարձել է։


«Ֆաունա կենդանաբանանական այգի-բուծարան»-ը, ինչպես նշված է ընկերության կանոնդարության մեջ, զբաղվում է նաև ոչ մասնագիտացված խանութներում «սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ» մանրածախ առևտրով։

Գուրգեն Դումանյան

Գուրգեն Դումանյանը, ով նախկինում եղել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն,  նաև մի շարք ընկերությունների սեփականատերերից է, որոնց գործունեությունն այսօր ժամանակաորապես դադարեցված է։

Դրանցից են ՝ 1996թ. ին հիմնադրված «Դումանանց» ՍՊԸ-ն, որն իրականացնում էր առողջապահական և դեղատնային գործունեություն։ Ժամանկին գործում էին ՝ գործում էին «Դումանանց» դեղատները։

Նրան է պատկանում նաև 2004թ.ին հիմնադրված  «Դերիկ» ՍՊԸ-ն, որը ևս  իրականացնում էր բժշկական սպասարկման և դեղատնային գործունեություն, իսկ  գործունեության տեսակը եղել է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում։

Տուրիստական ոլորտ

Դերենիկ Դումանյանի ընտանիքը կապ ունի նաև տուրիստական գործունեության  հետ։ Մինչև 2012թ. տուրիստական  «Յան Վոյաժ» ՍՊԸ-ի 25 %  բաժնետերերից էր Դերենիկ Դումանյանի կինը՝ Անահիտ Կոստանյանը։ Այս ընկերության և «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2013թ. հոկտեմբերին  կնքվել է ավիասպասարկման ծառայությունների պայմանագիր։

Ընկերությունը հիմնադրվել  է 2010թ.-ին և զբաղվում է ոչ միայն զբոսաշրջությամբ, այլև առաջարկում է անշարժ գույքի ձեռքբերման ծառայություններ Հայաստանում և արտերկրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter