HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սարակապում համայնքապետի ընտրություններ են. միակ թեկնածուն ԲՀԿ-ից է

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Սարակապ համայնքի միակ գեղեցիկ շինությունը դպրոցն է: Շահագործման է հանձնվել երեք տարի առաջ: Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված երկհարկանի շինությունը նախատեսված է 240 երեխայի համար: Դպրոցահասակ երեխաների թիվը Սարակապի միջնակարգ դպրոցում 100-ից մի փոքր ավելի է, 11 երեխա էլ հաճախում են նախակրթարան: Գյուղի միակ սիրուն շինությունը եւ միակ բարեկարգ ճանապարհը բնակավայրի սկզբնամասում են: Հետո արդեն քիչ-քիչ աչքերդ վարժվում են հնամյա տներին, իսկ ոտքերիդ տակ հաճախակի նայելու ցանկությունը մեծանում է ցեխի, անասունի թրիքի ու ծղոտի շաղաղի մեջ չհայտնվելուն զուգահեռ:

Գառնիկ Ավետիսյանը

Սարակապի բնակիչ Գառնիկ Ավետիսյան ասում է, որ խորհրդային տարիներին էլ նույն պատկերն է եղել՝ դեռ ավելի վատ: «Ճամփեքն, օր կըսես, թե վատն է, դու բդի սովետի վախտը գայիր, ըստից բեթար էր, հըմի էլի լավ է: Գյուղապետը լավից-վատից կդզե,- հավաստիացնում է զրուցակիցս,- մենք ավելի մեծ պրոբլեմ ունինք՝ խմելու ջուր չունինք տներս: Սովետի վախտ էլ չունեինք, հըմի էլ չունինք: Լավ կեղներ, օր գյուղապետն ընտրվելուց հետո նորից էս հարցը բարձրացներ»:

Սարակապցի կանայք օրվա մի մասն անցկացնում են գյուղի միակ աղբյուրից դույլերով ջուր կրելով: 69-ամյա Օլյա Կարապետյանն ամեն օր 10-12 լիտր տարողությամբ դույլերով հասնում է գյուղամիջյան միակ աղբյուր ու դա կրկնվում է օրվա մեջ ամենաքիչը 10 անգամ:

«Սաղ կյանքերս երազել ենք օր տան մեջը կռանտ ունենանք, բացենք ջուրը օգտագործենք, բաղնիք ունենանք՝ երկու ձեռքով լողնանք: Էսօրվա դրությամբ՝ 21-րդ դարն ենք, շուտով կմտնինք 22-րդ դար, բայց մենք թեշտը կդնենք տան մեջն, կռուշկով ջուրը կլցնենք վրեքս, օր լողնանք,- դժգոհում է Օլյա Կարապետյանը։ Հըլը մեր տունը բանըմ մոտկ է աղբուրին, հըբը ինչ էնեն գեղի էն մյուս ծերից եկողները: Մարդ կա օրվա մեջ էդ 1 կմ մինչեւ մութն ընկնելը կերթա ու գուկա»: 

Արծրուն Խաչատրյանը

Մարտի 15-ին Սարակապում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Միակ թեկնածուն ԲՀԿ ներկայացուցիչ, գործող համայնքապետ Արծրուն Խաչատրյանն է: Փոքր գյուղի մեծ հոգսերով մտահոգված համայնքապետն առաջադրվում է 3-րդ անգամ: Համայնքապետ առաջին անգամ ընտրվել է 2007 թ-ին՝ պայքարի մեջ մտնելով եւս երեք թեկնածուի հետ: 2011թ-ին Արծրուն Խաչատրյանը վերընտրվել է: Այդ տարին ընտրապայքարը երկու թեկնածուների միջեւ էր: Երկու օրից կայանալիք ընտրություններին գործող համայնքապետը մասնակցելու է միայնակ: Երկրորդ թեկնածուն հրաժարվել էր պայքարից դեռեւս հայտարարագիր լրացնելու փուլում:

Սարակապի բնակիչ 82-ամյա Խորեն Հակոբյանն ասում է, որ անպայման մասնակցելու է մարտի 15-ի ընտրություններին: Գործող համայնքապետից գոհ է, ասում է փոքր գյուղ է, հոգսերը շատ են, իսկ գյուղապետը լայն հնարավորություններ չունի՝ ամեն ինչ պիտի պետության ձեռքին է:

«Թե իմ կարծիքն ես ուզում իմանալ, թող 15-20 տարի էլ ղեկավարե, երիտասարդ կադր է, իրանից դժգոհ չենք, ով էլ իրա տեղ էղնի էլի բդի էս պետության երեսը նայե: Փոքր գյուղի ղեկավարի ձեռքը շատ բան չկա: Ինչքան ուժը կպատե՝ գյուղին կնայե: Տունը վեց ընտրող ենք՝ ես ու պառավս, տղես ու կինս, թոռս ու կինը, բոլորս էլ գնալու ենք ընտրության: Գյուղի համար էսօրվա ամենակարեւոր հարցը ջուրն է, օր տներս չունինք: Ջրի վարձ չենք տալիս, զիբլի վարձ չենք տալիս, մենակ հողի հարկ ենք տալիս, գյուղապետն ի՞նչ էնե»,- ասում է Խորեն Հակոբյանը: 

680 բնակիչ ունեցող գյուղում նախնական ցուցակներով 454 ընտրող կա, սակայն ընտրության մասնակիցների թիվն արդեն իսկ արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին պակասել է 114 ընտրողով: Մոտ 10 մլն դրամ (7 մլն դրամը կազմում է պետական դոտացիան) բյուջե ունեցող համայնքում ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Գյուղը չունի գիշերային լուսավորության ցանց: Վերընտրվելուց հետո գործող համայնքապետը խոստանում է առաջնահերթ անդրադառնալ այդ խնդրին: Համայնքը սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերով երբեք 100 տոկոս արդյունք ցույց չի տվել: Անցած տարի ընդհանրապես թերակատարել էին ու հայտնվել մարզի դեմքը «սեւ անող» գյուղերի ցանկում:


Դպրոցը

«49 տոկոս էինք կատարել բյուջեն,- խոստովանում է համայնքապետը,- պատճառը երկուսն էր՝ տարին անբարենպաստ էր հողագործների համար, հետո էլ մարդիկ համարյա դատարկաձեռն հետ եկան «խոպանից»: Օրինակ նախանցած տարի շատ լավ էր, արտագնա աշխատանքի մեկնածները հենց եկան, մի ամսում 1,5 մլն դրամ հավաքեցինք: Մարդիկ ձեռքերին փող ունեին՝ տվեցին: Երեւի նաեւ ես թերացա իմ պարտականությունների մեջ, որպես համայնքապետ, որ փող քիչ հավաքվեցի՝ մարդկանց դատի չտվեցի, վերջի ունեցած կոպեկը ձեռքերից չառա: Ես չեմ կարող հարկ ուզել իմ գյուղացուց, եթե գիտեմ, որ ձեռքին եղած 100 հազար դրամով պիտի հինգ ամիս ապրի»:

Համայնքապետարանի շենքը

Համայնքապետարանի շենքը եւս անմխիթար վիճակում է: Արծրուն Խաչատրյանն իր չորս հոգանոց աշխատակազմով գործունեություն է ծավալում ուսուցիչների համար նախատեսված երկհարկանի շինության առաջին հարկում գտնվող նեղլիկ մի սենյակում: Այս տարի կփորձեն որոշակի գումար առանձնացնել գյուղապետարանի տանիքն ու երկու սենյակ նորոգել, նաեւ գույքի ձեռք բերման խնդիր ունեն: Գյուղում դպրոցից զատ, արտաքին տեսքից եւս մեկ ներկայանալի շինություն կա թալանված վիճակում: Նախկին մշակույթի տունն է, որ անտարբերության, ամենաթողության պայմաններում վերածվել է լքված շինության: 

Մշակույթի տունը

Արդյո՞ք ավելի արդյունավետ տարբերակ չէ նախկին մշակույթի տունը հիմնանորոգելու եւ համայնքային կենտրոնի վերածելու ծրագրի իրականացումը, հարցին ի պատասխան Սարակապի համայնքապետը պատասխանում է․ «Իհարկե ցանկալի կլիներ, որովհետեւ գյուղապետարանի շենքը շատ ավելի հին կառույց է ու ավելի վատ վիճակում է, քան մշակույթի տունը: Բայց էլի գումարների հարց կա ու հաստատ մի կես մլն դոլար պետք կլինի այն ամբողջությամբ ավարտելու համար: Մեր ուժերից վեր է»,- շեշտում է Արծրուն Խաչատրյանը: 

Համայնքապետը կրկին անդրադառնում է խմելու ջրի հարցին: Սարերից գյուղ հասցրած կենսական հեղուկի համար կառուցված միակ աղբյուրից են օգտվում սարակապցիները: Գյուղը երբեք չի ունեցել խմելու ջրի ներքին ցանց: Արծրուն Խաչատրյանն ասում է, որ նախ պիտի ներքին ցանց կառուցվի, հետո փորձեն հասկանալ, թե տարածաշրջանով անցնող որ գլխավոր ջրագծին պիտի միանան եւ ինչ տարբերակով պիտի ջուրը գյուղ հասնի:

«Մշուշոտ խոստումներ գյուղնախարարի հետ հանդիպման ժամանակ լսեցինք, Ջրային պետական կոմիտեից ներկայացուցիչն էլ էր եկել, բայց հստակ ոչ մի բան դեռ չկա»,- ասում է Ա. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter