HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բենզինի ու դիզվառելիքի շուկաների նոր գերիշխողներին կիմանանք շուտով

2010-ից ի վեր առաջին անգամ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի նոր տվյալներ բենզինի ու դիզվառելիքի շուկաներում գերիշխողների մասին: Սա մի ոլորտ է, որտեղ մեծ գումարներ են պտտվում, եւ գերիշխողի դիրքը պատահական ընկերություններ չեն ձեռք բերում: Ինչպես «Հետքին» հայտնեց հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը մոտ մեկ-մեկուկես ամսից ՏՄՊՊՀ-ն կհրապարակի նոր տեղեկություններ նշված շուկաների կառուցվածքի ու գերիշխողների մասնաբաժինների մասին: Սահակյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:

Իսկ մինչ այդ, ըստ ՏՄՊՊՀ-ի 5 տարվա վաղեմություն ունեցող տվյալների, նշված շուկաներում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշ» ՍՊԸ-ն (բենզին՝ 42,6 %, դիզվառելիք՝ 47,3 %) եւ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն (բենզին՝ 41,8 %, դիզվառելիք՝ 40,8 %): Իրականում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տեղը շուկայում 2013-ից զբաղեցրել է նույն տերերին պատկանող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն՝ կրկին հանդես գալով «CPS» ապրանքանիշով:

2011-ին հանձնաժողովի որոշմամբ՝ օրենքով նախատեսված կարգով «Սիթի Պետրոլ Գրուպ», «Ֆլեշ», «Ռան-Օյլ», «Մաքսհուր» ՍՊԸ-ները եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն ճանաչվել են ցանցերով գերիշխող ընկերություններ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունեցել է 4 եւ ավելի լցակայան: Սակայն սա նույնպես հին տվյալ է, քանի որ, ինչպես բազմիցս գրվել է մամուլում դեռ 2014-ին, «Միկայի» տեր Միխայիլ Բաղդասարովն իր նավթային ակտիվները, այդ թվում՝ լցակայանները, նավթային բազաներն ու գրասենյակային տարածքները վաճառել է ռուսական «Ռոսնեֆտին»՝ այդպիսով դուրս գալով նավթային շուկայից:

Ռուսական գերակայություն՝ նավթամթերքների շուկայում

Մեր տեղեկություններով՝ ներկայում հենց ռուսական գիգանտն է բենզինի ու դիզվառելիքի ներկրման ոլորտի առաջատարը:

Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտին» ՀՀ-ում ներկայացնում է «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերի 19-ին «Ռոսնեֆտ Տեխնո Ս.Ա.» ընկերության կողմից:

Վերջինս գրանցվել է օֆշորային գոտի Լյուքսեմբուրգում 2013-ի դեկտեմբերի 24-ին, այսինքն՝ ավելի ուշ, քան հիմնադրվել է «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն, ինչը տարօրինակ է: 

Հայաստանյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Դիդյե Կասիմիրոն է, որը «Ռոսնեֆտի» փոխնախագահներից է, վարչության անդամ: 

Նա նաեւ «Ռոսնեֆտ Տեխնո Ս.Ա.»-ի տնօրենների խորհրդի անդամ է:


Պատահական չէ, որ եթե վերջին տարիներին՝ մինչեւ 2013-ը ներառյալ, ՀՀ մտնող նավթամթերքը գլխավորապես բերվում էր թե Ռումինիայից եւ Բուլղարիայից, թե Ռուսաստանից, ապա արդեն 2014-ից կտրուկ ընկել են առաջին երկուսի մատակարարումները, փոխարենը՝ աճել ՌԴ-ից ներկրումները: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սա նախեւառաջ պայմանավորված է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելով ու դրան զուգահեռ ռուսական «խաղացողների» ակտիվացմամբ:

Ներկայացնենք այս երեք երկրներից «նավթ եւ նավթամթերք (բենզին, մազութ, նավթ, դիզվառելիք, յուղ)» ապրանքախմբի ապրանքների ներմուծման (տոննաներով) գրաֆիկը 2011-14 թթ.՝ համաձայն մաքսային մարմինների:

| Create infographics

ՏՄՊՊՀ-ն տվյալներ չունի, թե արդյոք ավիակերոսինի շուկայում կան գերիշխողներ: 2013-ին հանձնաժողովն ուսումնասիրել է այս շուկան, սակայն աշխատանքները կապված են եղել ավիափոխադրումների հետ, մասնավորապես, թե ինչպես է կերոսինի գինն ազդում ուղեւորափոխադրումների գնի վրա:

«CPS»-ի 100 մլն դրամ տուգանքի գործը դեռ բաց է

Եթե ավիակերոսինի շուկայում խախտումներ չեն արձանագրվել, ապա բենզինի ու դիզվառելիքի ոլորտում դրանք բազմաթիվ են: Հիշեցնենք, որ 2012-ի մարտին հանձնաժողովը գերիշխող դիրքը չարաշահելու պատճառով 100 մլն դրամով տուգանել էր «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին: Վերջինս դատարանում վիճարկել էր որոշումը, սակայն հետո հետ էր վերցրել հայցը: Դատարանում պարզվել էր, որ ընկերությունը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել վարչական վարույթի ժամանակ, ինչի հիմքով էլ հանձնաժողովը եւս 5 մլն-ով տուգանել էր ընկերությանը: Սակայն եթե այդ գումարը ՍՊԸ-ն վճարել էր, ապա 100 մլն-ի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: ՏՄՊՊՀ խոսնակ Գայանե Սահակյանը «Հետքին» դեռ 2014-ին ասել էր, որ այդ մասով փաստաթղթային ուսումնասիրություններ են կատարվում: Ինչպես հայտնի դարձավ մեզ, նշված վարույթը չի փակվել, այսինքն՝ գործն ընթացքի մեջ է: Քանի որ օրենսդրորեն ժամանակային սահմանափակումներ չկան, հայտնի չէ, թե հանձնաժողովը խոշոր տուգանքի վերաբերյալ երբ վերջնական որոշում կկայացնի ու ինչ կորոշի՝ կթողնի նույնը, չեղյալ կհամարի, կխստացնի, թե կմեղմացնի:

Նոր վարույթ՝ «CPS»-ի դեմ

2014-ին «Հետքը» գրել էր, որ վառելիք ներկրողները տարիներ շարունակ «սուպեր» տեսակի բենզին չեն ներմուծում, սակայն ցանցերում վաճառում են: Գ. Սահակյանը մեզ հայտնել էր, որ հրապարակումից հետո ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել բենզինի ու դիզվառելիքի շուկան: «Ուսումնասիրությունն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը: Մի քանի ամիսների ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակիցները այցելել են հանրապետության տարբեր բենզալցակայաններ՝ բարձրացված խնդրի ուսումնասիրման նպատակով: Որոշ բենզալցակայաններում արդեն իսկ բացահայտվել են խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես  բարձրացված խնդրին, այնպես էլ առկա են նաեւ հնարավոր այլ խախտումներ: Վարույթներ դեռեւս չեն հարուցվել, քանի որ նախատեսված ոչ բոլոր բենզալցակայններում է ուսումնասիրությունն ավարտվել: Առաջիկայում այն կավարտվի, եւ բոլոր օրինախախտ ընկերությունների հանդեպ կհարուցվեն վարչական վարույթներ»,- ասել էր հանձնաժողովի ներկայացուցիչը:  

Ինչպես տեղեկացանք Գ. Սահակյանից, ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են խախտումներ մի շարք ընկերությունների կողմից, սակայն առայժմ հարուցվել է մեկ վարչական վարույթ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի նկատմամբ: Մասնավորապես, պարզվել է, որ ընկերության կողմից ներկրվող եւ գովազդվող «ԷԿՏՕ պլյուս» բենզինն իրականում ավելի ցածր կարգի է: «Հաշվի առնելով, որ վարչական վարույթը գտնվում է ընթացիկ փուլում՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող ներկայացնել, սակայն առաջիկայում ուսումնասիրության աշխատանքների ավարտին հանրությանը կտեղեկացվի դրանց արդյունքների մասին»,- ասում է Գայանե Սահակյանը: Ռուսական «Լուկօյլ» ընկերության «ԷԿՏՕ պլյուս» բենզինը համապատասխանում է շուկայում առկա «պրեմիում» կարգի բենզինին, բայց եթե հավատալու լինենք ՏՄՊՊՀ-ին, ապա նշված ընկերությունն իրականում վաճառում է այլ վառելիք:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter