HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինքնաթիռը չի կարող իջնել դժոխք, որովհետև թևեր ունի ու դեպի երկինք է սավառնում» (տեսանյութ)

Տաթև Խաչատրյան

4-ամյա Պավելն առանց «Հայր մեր»-ն ասելու չի քնում։ Եղբորը՝ 8-ամյա Տիգրանին ու երկու քույրերին ամեն գիշեր ստիպում է միասին աղոթել։ Ասում է, որ մեծանա` Հայր Սուրբ է դառնալու, որ օրհնի մարդկանց։ Ամեն կիրակի մոր՝ Զեմֆիրայի հետ գնում է եկեղեցի պատարագ լսելու։

Զեմֆիրա Հովսեփյանը ամուսնու մահից հետո 4 երեխաների հետ Աղավնատուն գյուղից  տեղափոխվել և վարձով ապրում է Էջմիածնում։ Նա պատմում է, որ մի անգամ Պավելը ուզել է թռչել պատուհանից՝ մտածելով, որ երկնքում թռչող ինքնաթիռն իրեն թևեր պետք է տա: «Ես տանը չէի, գործի էի, լավ է, որ այս ամենը նկատել էր դիմացի շենքից մի կին և ժամանակին արձանքել»։ Զեմֆիրան հիշում է, որ Պավելը նախորդ օրը եղբոր՝ Տիգրանի հետ  խաղալիս վիճել է. «Տիգրանս ասաց, թե՝ ինքնաթիռը որ սենց գնում է, դժոխք է, գնում, Պավելս էլ զայրացավ, թե ինքնաթիռը չի  կարող իջնել դժոխք, որովհետև ինքը թևեր ունի ու դեպի երկինք է սավառնում»։

Այս դեպքն էլ հենց պատճառ դարձավ, որ Զեմֆիրան գործից դուրս գա և մնա երեխաների հետ։ Մինչ այդ մոր բացակայության ժամանակ երեխաներից ամենամեծը՝ 13-ամյա Նոյեմն էր խնամում երկու եղբայրներին ու հաշմանդամ քրոջը՝  11-ամյա Մարիամին։ Նոյեմը, չնայած իր տարիքին, մոր հետ հավասար կիսում է տան հոգսը, տունն է մաքրում, եղբայրներին մանակապարտեզ և դպրոց է տանում։ Նա շատ է սիրում նկարել, սակայն անհրաժեշտ ներկերն ու թղթերը  միշտ չէ, որ ունենում է. նկարում է ձեռքի տակ եղած մատիտներով և գրիչներով։ Նոյեմը նաև հաճախում է «Հայորդաց տուն», որտեղ երգում է և կավագործություն սովորում։ «Այսքան ժամանակ մի անգամ չի եղել, որ երեխես տրտնջա մի բանից ու լուռ օգնել է ինձ»,-ասում է  Զեմֆիրան։

Մեր այցելության օրը շաբաթ էր, Մարիամը տանն էր․հանգստյան օրերը նա  անցկացնում է ընտանիքի հետ, իսկ մնացած 5 օրը Զվարթնոցի հատուկ դպրոցում է մնում։  «Մա՛մ, գիտե՞ս՝ էսօր «Ա» տառն ենք սովորել»,-ուրախ-ուրախ մորը պատմում է Մարիամը։

Նա մտավոր զարգացվածության խնդիր ունի, հասակակիցներից հետ է ընկնում։ Ընտանիքում 4 երեխաներից ամենաակտիվն է։ Մեր շփման ողջ ընթացքում քանիցս խնդրում է նկարել իր «երեխաներին»՝ փափուկ խաղալիքներին, նկարելուց հետո էլ նայում է նկարն ու ասում՝ «դու լավ չես նկարում, նորից փորձի»։ Նկարվելուց հետո ուրախ վազում է հյուրասենյակ՝ եղբայրների՝ Պավելի  ու Տիգրանի հետ խաղը շարունակելու։

Ի տարբերություն Պավելի՝  Տիգրանը զինվոր է ուզում դառնալ. «Ես պետք ա բանակ գնամ, որ պաշտպանեմ մարդկանց»,-ասում է Տիգրանը։ Արդեն մի քանի բանակային երգ է սովորել,  որ ծառայելիս երգի։

Երեխաների խաղի ընթացքին թաթերը մռութի տակ դրած լուռ հետևում է ընտանիքի մյուս անդամը՝ Դեկի շնիկը, ով այս տարվանից Ձմեռ պապի շնորհիվ համալրել է այս ընտանիքը:

«Ամենաչարը Պավելն ա, երբ որ ինքը տունն ա, դժվար ա, որովհետև ինքն ա մեր միջի խառնակիչը»,- ժպտալով  ասում է Նոյեմը։

Փոքրերի այս  մեծ ընտանիքն այժմ միայն նպաստով և Մարիամի թոշակով է ապրում։ Զեմֆիրան տնային աշխատանք է փնտրում։ Նա լավ գործում է, սակայն առայժմ ոչ թելեր ունի, ոչ պատվեր։ Մեր այցելության պահին մարդիկ էին եկել, ովքեր ցանկություն էին հայտնել Զեմֆիրայի համար կարի մեքենա  գնել։


«Գոնե էսպես երեխաներիս մի ձև օգնեմ, թե չէ որ նպաստը կտրեն, հայտնվելու եմ փողոցում»,- ասում է Զեմֆիրան։

Ամեն դեպքում Զեմֆիրան իր կյանքից չի դժգոհում. «Գումար չունեմ, բայց բարությունն եմ ուզում դնեմ շրջանառության մեջ, որովհետև անհպայման հետ է գալու. իմ ընտանիքում որ այդպես է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter