HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ֆերմերն առաջարկում է ալյուրը հարստացնելու փոխարեն զարգացնել տեղական ցորենի արտադրությունը

Ինչու՞ ֆոլաթթվով և երկաթով հարստացնել ներկրված ցորենից ստացվող ալյուրը, երբ կա շատ ավելի մատչելի ու արդյունավետ ճանապարհ՝ աջակցել տեղական արտադրողին: Առաջարկի հեղինակը Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ, 20 տարուց ավելի ցորենի արտադրությամբ զբաղվող Սմբատ Հակոբյանն է:

«Ռուսաստանից ներկրում են չհասունացած, անջատ բերքի ցորենը, որ պարենային նպատակների համար պիտանի չէ եւ սովորաբար օգտագործվում է, որպես անասնակեր,- ասում է Սմբատ Հակոբյանը,- որպեսզի ցորենը պիտանի լինի մարդու կողմից օգտագործման, այն պիտի հասունանա արևով: Ներկրվողը կանաչ, կիսահասունացած, ֆուռաժային ցորենն է, որ բերքահավաքի ժամանակ քաղել-թափել են»:

Չհասունացած ցորենը աղքատ է միկրոտարրերից, դա է պատճառը, որ կառավարությունն այն հարստացնելու նախագծին հավանություն է տվել: Ըստ բազմափորձ ֆերմերի` դրա փոխարեն ընդամենը պետք է արգելել նման որակի հացահատիկի ներկրումը:

Ելնելով սեփական փորձից` Սմբատ Հակոբյանը վստահեցնում է, որ գոմաղբով հարստացված տարածքներում ցորենի մշակությունը տալիս է հիանալի արդյունք: Հպարտությամբ ցույց է տալիս սեփական արտադրության «Յասաուլ» կոչվող ցորենի կարմրահատիկ սերմը՝ նշելով, որ անկրկնելի համ ու բույր ունեցող հաց ու խմորեղեն կարելի է ստանալ այս հացատիկի ալյուրից:

«Իմ ունեցած ցորենին, օրինակ, ոչ մի բան պետք չէ ավելացնել: 27 կլեյկայի ցորեն է: Ես մշակություն եմ իրականացնում մեր, Արագածոտնի, մեկ էլ Լոռվա մարզի մոտ 100 հա տարածքների վրա: Ընտրում եմ արևով հարուստ վայրեր: Եթե գնանք, նայենք, կտեսնեք, որ հողը պարարտացված է գոմաղբով: Էկոլոգիապես բարձր որակի ցորեն եմ ստանում, բայց չեմ կարողանում իրացնել»,- նեղսրտում է անուշավանցի ֆերմերը:

Սմբատ Հակոբյանն ասում է, որ 10-15 տարի իրացման խնդիր չի ունեցել. գնել են ֆերմերային փոքր տնտեսությունները, անհատները, սակայն մեծ սպառում ապահովել են հիմնականում էլեկտրական աղացների սեփականատերերը: «Երկար ժամանակ համագործակցել եմ «Մանչո գրուպի» հետ, բայց մի տարի առաջ զանգեցին, թե կներես, բայց հրահանգ կա միայն կոնկրետ մարդկանցից գնումներ իրականացնել, քո ցորենն այլևս չենք կարող գնել,- պատմում է Սմբատ Հակոբյանը,- հիմա 130 տոննա ունեմ, որ չգիտեմ ինչպես իրացնել: Հանրապետությունում գործող 4 էլեկտրական աղացներից և ոչ մեկին չեմ կարողանում առաջարկել, հրաժարվում են գնել, ասում են հրահանգ կա»:

Անուշավանցի ֆերմերը ցորենի 4 տեսակի սերմարտադրությամբ է զբաղվում, որոնք ժամանակի ընթացքում հարմարվել են ծովի մակերևույթից 1700-2000  մետր բարձրության վրա գտնվող տարածքներին, լավ աճում են և միջինը 45-ից 60 ցենտներ բերք ապահովում: Սերմը ժամանակին ներկրել է Ստավրոպոլի մարզից, ասում է, որ որակական հատկանիշներով իր ստացած սերմնացուն չի զիջում ղազախականին:

«Հրաշալի ալյուր է ստացվում մեր տեղական ցորենից,- հավաստիացնում է Սմբատ Հակոբյանը,- նույնիսկ ռուսական «Կառոնա» ֆիրմայի ալյուրը, որ շատ են գովում, զիջում է իմ արտադրած ցորենից ստացված ալյուրին: Ուղղակի զարմանում եմ, որ անընդհատ ասում են դեմքով դառնանք դեպի գյուղացին, բայց անընդհատ թիկունք են ցույց տալիս: Էդքան գումարը, որ ծախսելու եք ֆոլաթթվով ալյուրի հարստացման վրա, աջակցեք, թող տեղացի ֆերմերն իր բերքն իրացնի: Գոնե հաստատապես համոզված կլինեն մարդիկ, որ անվտանգ սնունդ են օգտագործում»:

Մեկնաբանություններ (7)

hrach
Ցավալի է իհարկե: Միգուցե իր նման ցորեն արտադրողների հետ միանան եվ իրենց աղացյ ստեղծեն http://www.fidcone.com/b/fournisseur-d39usine-moulin-a-farine.html 10 000 $ է պետք յստ այս կայքի
Թլկատինցի
ֆերմերը - այսինքն ագարակապան հայերենով
թոշակառու
Այն որ հայաստանի ցորենը յուրահատուկ համային ու որակական հատկանիշներ ունի, ինչպես եւ միրգն ու բանջարեղենը, ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չպիտի լինի: Լուրջ մասնագիտական կարծիքներ կան նույնիսկ, որ ցորենի հայրենիքը հենց հայաստանն է եղել: Մինչեւ վերջերս հայաստանում կար (հիմա չգիտեմ) վայրի ցորեն, որը սելեկցիոներների համար ուղղակի գանձ է: //Հրահանգ կա չնդունել տեղական ցորենը// բառերը սարսափ են առաջացնում, երբ մտածում ու հետեւություններ ես անում: Դա հավասարազոր է //ոչնչացնել հայն ու հայաստանը// հրամանին: Կարգադրողները թուրք ու թաթարները չեն սակայն, այլ //հայ// կոչվող մուկ ու առնետները: Այս հոդվածն իրականում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՀԱՎՈՐ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԱՍԻՆ, ԸՆԴԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ:
Աննա
Որևէ վիտամինով ալյուրը հարստացնելու շարժառիթը Հայաստան ներկրվող ցորենի սարսափելի ու անընդունելի որակի համար կոմպենսացնելն է։ Իսկապես, հայաստան է ներկրվում ռուսական անպիտան ցորեն, որը ոչ միայն կարող է խակ լինել, այլև ռուսական պահուստային ցորենն է՝ մի 4 տարի ամբարված ու իր արժեքը լիովին կորցրած։ Շան գլուխն այստեղ է թաղված, ու այո, այն օրին են հասցրել, որ կարող են ապացուցել, որ ալյուրի հարստացման կարիք կա, բայց ո՞ր ալյուրի՝ զիբիլի՞։ Հիմա ավելորդ շահարկում են ՅՈՒՆԻՍԵՖի անունը, իբր ՄԱԿին են մեղադրում, երբ իրականում խնդիրը մեր կաշառակեր չինովնիկների ու իրենցից ոչ պակաս կաշառակեր ռուս չինովնիկների գործարքն է արդեն քանի տարի՝ մեզ վրա սաղացնելու անպիտան ցորեն։ Այստեղ պետք է հարցը լուծել․․․
Սփյուռքահայ
Իսկ Վարչապետն ու գյուղնախարարը պնդում են, թե տեղական արտադրողի ու մանր ձեռնարկատիրոջ կողքին են...հոգս ու հարց լուծողներ օգնեք Մարդուն,
Արթուր Եղիազարյան
ինձ հետաքրքիր է, թե ինչ արժե մեկ կիլոգրամ չաղացած ցորենը
Susik
եթե ֆերմերները՝ ցորեն արտադրողները միանան եւ իրենց ալրաղաց ստեղծեն ու արդար ալյուր արտադրեն, բոլորս էլ իրենցից կգնենք, որ թե թունավորված ալյուրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter