HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորաբակի ինքնավար հանրապետություն

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ գնալու պատճառը փախստականների մասին «Հետքի» հրապարակած հոդվածներից մեկի հերոսի՝ Սվետլանա Առուստամովայի ահազանգն էր (Տես` Ատամները հաց ուտելու համար են)

Սախարովի հիմնադրամի Գեղարքունիքի մասնաճյուղի պատվերով անցած տարի պատրաստված «Ավերակ հոգիներ։ Փախստականները Գեղարքունիքի մարզում 15 տարի անց» տեսաֆիլմը դիտելուց հետո երեւանցի մի կին որոշել էր օգնել Սվետլանային՝ նրա փոխարեն վճարելով էլեկտրաէներգիայի վարձը։ Եւ մինչ Սվետլանան կստանար բարերար տիկնոջ նամակը, դեկտեմբեր եւ հունվար ամիսների վճարումների անդորրագրերը, նրան ստիպել էին մեկ անգամ եւս վճարել երկու ամսում սպառած էլեկտրաէներգիայի համար։

Որքան ինձ հայտնի է, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի միասնական էլեկտրոնային համակարգ, եւ Երեւանում կատարված վճարումը պետք է որ անմիջապես երեւար Վարդենիսում տեղադրված համակարգչում։ Անփութությո՞ւն է կրկնակի գանձումը, թե՞ դիտավորություն, առաջիկայում անպայման պարզ կդառնա, եւ մենք հետամուտ կլինենք, որպեսզի գումարը վերադարձվի Սվետլանային։ Դրանով գուցե վերականգնվի միայնակ այդ կնոջը հասցված վնասը, բայց Նորաբակ գյուղի բնակչության (մեծամասնությունը փախստականներ են) կյանքը դժվար թե մոտենա մարդկային ամենատարրական չափանիշներին, եթե շարունակվի այն, ինչն արդեն մեկուկես տասնամյակ աշխարհից կտրված այս գյուղի իրականությունն է։

Գալիք կիրակի՝ մարտի 4-ին, Նորաբակում գյուղապետի արտահերթ ընտրություն է լինելու։ Անցած տարվա նոյեմբերին մահացել է համայնքի ղեկավար Սամվել Կարապետյանն, ով այդ պաշտոնը զբաղեցրել է տասներեք տարի։

«Աստված ողորմի իրեն,- ասում է գյուղի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Ավագյանը, ով փախստական է Գետաշենից։-Մահացած մարդի մասին վատ բան չենք ուզում ասել, բայց պետք է այնպես անենք, որ վիճակը փոխվի»։

Վիճակի փոփոխության նախապայմանը նորաբակցիների մի ստվար մասի համար համայնքի ղեկավարի արդար ընտրություն անցկացնելն է։ «Հարյուր մարդ մի կողմ ա կանգնել, 60 մարդ` մի կողմ, տեսնենք կարա՞նք հաղթենք»,- ասում է Ռոբերտ Ավագյանը։ Ըստ նրա` ընտրելու իրավունք ունեցող 160 բնակիչ կա (ոմանք էլ ասում են՝ 157), մինչդեռ գյուղում փակցված ցուցակն ավարտվում է 206 համարով։

«Էս 206-ից 60-ը չկան,- ասում է Նորաբակի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանը,- սրանք կամ մահացել են, կամ էլ ժամանակին հեռացել գյուղից»։

Վարդենիսի քաղաքապետարանում գյուղական համայնքների խնդիրներով զբաղվող մի պաշտոնյա, ով չցանկացավ հարցազրույց տալ, խորհրդատվության կարգով ասաց, որ համայնքի ղեկավարությունը որեւէ առնչություն չունի ցուցակների կազմման հետ, որ դրանով զբաղվում է ոստիկանությունը, եւ ընտրությունից չորս օր առաջ գյուղում կփակցվի ընտրողների նորացված ցանկը։

Նորաբակցիները, սակայն, մեծ «ճշգրտումներ» չեն ակնկալում, քանի որ, իրենց ասելով, ցուցակը համալրվում է նոր գրանցված մարդկանցով, ովքեր «ներգաղթում են» նախկին գյուղապետի որդու՝ Արտակ Կարապետյանի քվեներն ապահովելու համար։

Վարդենիսի ոստիկանության անձնագրային բաժնի պետ Ավետիք Երանոսյանը նոր գրանցումների դեմ նորաբակցիների բողոքը մեկնաբանելով, ասում է, թե օրենքը թույլ չի տալիս մերժել հաշվառումից դուրս եկած եւ որեւէ տեղում գրանցվել ցանկացող մարդուն։

«Եթե մարդը բերում է այն տան տիրոջ համաձայնությունը, որտեղ պիտի գրանցվի,- ասում է նա,- ես իրավունք չունեմ նրան չգրանցել` ուզում է ընտրություն լինի կամ չգիտեմ թե ինչ»։

Գրանցման դիմումը կարելի է մերժել միայն այն դեպքում, եթե ընտրությանը մնացել է քսանմեկ օր։

«Մինչ այդ դիմած բոլոր քաղաքացիները պետք է գրանցում ստանան»,-ասում է անձնագրային բաժնի պետը։

Նորաբակի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Թաթուլ Պետրոսյանի կարծիքով` նոր գրանցվածներն ընտրական «գաստրոլյորներ» են։

«Մի օր էլ ստեղ չեն ապրել,- ասում է Թաթուլը,- տուն չունեն ստեղ, էրեխեքը ստեղ դպրոց չեն գնում»։ Թաթուլ Պետրոսյանը «գաստրոլյորների» մասնակցությունը կոպիտ խախտում է համարում, քանի որ ՀՀ Ընտրական օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին կետով հստակ սահմանված է. «Հայաuտանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, իuկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաեւ համապատաuխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաuտացի բնակվող յուրաքանչյուր ոք»։

Նոր գրանցում ստացած բնակիչներից բացի, գյուղացիները «գաստրոլյոր» են համարում նաեւ համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Կարապետյանին։ Ասում են, որ նա էլ գյուղում չի բնակվում, ապրում եւ աշխատում է Վարդենիսում, տունն ու ընտանիքն էլ այնտեղ է։ (Ի դեպ, Վարդենիսի գյուղերից շատերի գյուղապետերը տեղացիներ չեն։)

Թեեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 122 հոդվածի առաջին կետում ասվում է, որ համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած եւ տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին, հ ամայնքներով զբաղվող վերը հիշատակված պաշտոնյան այս հարցում եւս որեւէ խախտում չի տեսնում։ «Վարդենիս կամ Նորաբակ, ի՞նչ տարբերություն, նույն տարածաշրջանն է»,- ասում է պաշտոնյան։

Տարբերությունն, իհարկե, մեծ չէ, թեեւ օրենքն այլ բան է ասում։ Համայնքի ղեկավարը կարող էր նույնիսկ երեւանցի կամ գյումրեցի լինել, եթե հեռավոր այս գյուղի տարիներ շարունակ անտեսված սոցիալական եւ տնտեսական խնդիրները լուծելու կամք ունենար։ «Մեզ այնպիսի մարդ է պետք, որ մարդկանց մասին մտածի, բայց չգիտենք՝ ում մոտ գնալ հիմա, ում բողոքել»,- ասում է Սվետլանա Առուստամովան։ Իսկ Թաթուլ Պետրոսյանը գտնում է, որ խնդիրն այս կամ այն մարդու անձը չէ։ «Եթե Արտակ Կարապետյանն արդար ընտրվի, առանց «գաստրոլյորների» ու մեռած հոգիների,- ասում է Թաթուլը,- մենք իրա ձեռքը կսեղմենք ու կշնորհավորենք, բայց եթե արդար ընտրություն չեղավ, այ, էսպես կանգնած ենք, փակելու ենք ընտրական տեղամասի դուռը»։

Արտակ Կարապետյանի ազգականներից բացի (Կարապետյան ազգանունով մարդիկ մի քանի տասնյակ են), գյուղի գրեթե ողջ բնակչությունը պաշտպանում է Վազգեն Ասատրյանին։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ հենց նրան։ Ասում են՝ թող նոր մարդ լինի, մեր ընտրածը լինի, որ մենք էլ նրանից պահանջենք։

Իսկ պահանջելու բան նորաբակցիները շատ ունեն։ Գյուղը ոռոգման ջուր չունի, դրա համար հողերը չեն կարողանում մշակել։


«Սեփական հող ունեմ, տնամերձ հողակտոր ունեմ, բայց ջուր չկա որ մշակեմ,- ասում է Ռոբերտ Ավագյանը։- Գնում եմ սարից խոտ հավաքում, որ անասուն պահեմ, միակ ապրուստս էդ ա»։

ՄԱԿ-ի եւ ԿՕԾ-ի («Կաթոլիկ Օգնության Ծառայություններ») համատեղ ծրագրով գյուղում ջրագիծ են կառուցել, բայց ջուր չկա։ «æուրը շուռ են տվել ԱՄՔՈՐ-ի կառուցած ֆերմայի կողմը»,- ասում է Ռոբերտ Ավագյանը։ Նորաբակցիների ասելով` ֆերման էլ իր նպատակին չծառայեց, եւ հիմա այն տնօրինում է նախկին գյուղապետի մյուս որդին։

«Փարոսը» (չքավորության նպաստ) տալու համար կաշառք են վերցնում։ Սվետլանա Առուստամովան պատմում է, որ իրենից տասը հազար հինգ հարյուր դրամ վերցրել են։

«Ամոթ չէ՞,- զայրացած ասում է նա,- ես տանն անգամ հաց չունեմ ուտելու, ինձանից այդքան փող են վերցնում։ Հիմա ես ո՞ւմ գնամ ասեմ՝ հետ տվեք փողերս։ Եթե մի կով ունենայի, ոչխարներ ունենայի, կասեի՝ հերն էլ անիծած, բայց ոչինչ չունեմ, ու մտածող էլ չկա»։

Նորաբակցի Ռիմա Աստվածատրյանն ամուսնու մահվանից հետո, չկարողանալով մշակել իր չորսուկես հեկտար հողը, այն տվել է նախկին գյուղապետին՝ տարեկան երեք հարյուր կիլոգրամ ցորեն ստանալու պայմանով։ «Ամեն տարի մի պատճառ բռնեց, չտվեց,- ասում է տիկին Ռիման։- Երբ ասեցի՝ հողս հետ տուր, ասեց՝ տասը տարվա հարկերը մուծիր, տամ»։

«Քսանհինգ տարեկան աղջիկս անցած տարի հունվարի 4-ին մահացավ,-ասում է Ռոբերտ Ավագյանը,- ճանապարհը ձմեռը փակվում ա, չկարեցանք տանենք հիվանդանոց։ Էս բոլոր հարցերի մասին Հայաստան նամակ ենք գրում, պատասխանող չկա։ Քոչարյանին էլ գրեցինք՝ էկան, նային, թողին, գնացին։ Ստից ասին՝ մի բան կորոշենք»։

Նորաբակում շատերը Երեւան ասելու փոխարեն Հայաստան են ասում։ Սկզբում մտածեցի՝ պարզապես շփոթում են, հետո, երբ մեկը մյուսին ձայն տվեց, թե` արի, Հայաստանից մարդ է եկել, Ռոբերտ Ավագյանին հարցրի՝ սա Հայաստա՞ն չէ, ասաց` չէ. «Հայաստանը ստեղի վիճակը գիդում չի, Նորաբակը ավտոնոմնի ռեսպուբլիկա ա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter