HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-քուվեյթյան գործընկերություն. ավիացիա, նավթամթերք, ոչխարներ, ոսկեղեն…

Մարտի 11-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխտանքային այցով գտնվում էր Քուվեյթում: Դրանից հետո արդեն Հայաստանում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ կգործակվի Հայաստան-Քուվեյթ ավիաչվերթը:

Նախարարը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ-ն համաձայնագրով Քուվեյթի ավիաընկերություններին ընձեռել է օդային տարածքի 5-րդ ազատության իրավունք, ինչը նշանակում է, որ այդ երկրի ավիափոխադրողները, Հայաստանում միջանկյալ վայրէջք կատարելով, կարող են տարբեր ուղղություններով չվերթներ կատարել: Մինչ այս գործում էին 2011-ին կնքված համաձայնագրի կանոնները, որոնցում ամրագրված չէր նշված իրավունքը: Այդուհանդերձ, դեռ 2011-ից ավիափոխադրողների ու օդանավակայանների սահմանափակումներ չեն եղել, իսկ ՀՀ-ի կողմից ազատության այս մակարդակի տրամադրումը «բաց երկնքի» քաղաքականության իրականացման քայլերից մեկն է: Սակայն հատկանշական է, որ խոսքը վերաբերում է միայն հայկական կողմից եւ ոչ թե երկկողմ տրամադրված ազատությանը: Ընդ որում, մի շարք երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ Քուվեյթը կիրառում է «բաց երկնքի» քաղաքականություն՝ մինչեւ ազատության 7-րդ իրավունքը ներառյալ (ամերիկյան բեռնափոխադրողները կարող են չվերթներ կատարել Քուվեյթի եւ այլ երկրի միջեւ):

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից գործարկվում է Իրաք-Հայաստան օդային ուղին, որը մեր երկիրը կապում է նաեւ Իրաքյան Քրդստանին: Այսինքն՝ այս տարի Հայաստանը կունենա նոր ուղերթ դեպի Մերձավոր Արեւելք:

Կարեն Ճշմարիտյանն ասել է նաեւ, որ քուվեյթյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր: Ըստ այդմ, հայկական կողմը պետք է ծրագրեր ներկայացնի, իսկ քուվեյթյան կողմը քննարկի դրանց ֆինանսավորման հարցը: Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ արաբական երկիրը շահագրգռված է ներդրումներ անել գյուղատնտեսությունում, ենթակառուցվածքային ծրագրերում, շինանյութերի արդյունաբերության մեջ:

Հիշեցնենք, որ Արաբական տնտեսության զարգացման «Քուվեյթ» հիմնադրամը դիտարկվում է իբրեւ Արմավիրի մարզի Սելավ Մաստարայի ջրամբարի ֆինանսավորող: Նախնական գնահատականներով՝ ջրամաբարի կառուցման ծրագիրը կարժենա 27,8 մլն դոլար:

Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ապրանքաշրջանառությունն աչքի չի ընկնում մեծ ծավալներով: 2013-2014 թթ. մեր երկրից արտահանումներն ավելի մեծ են եղել, քան Քուվեյթից ներկրումները: 2013-ին ՀՀ-ն արտահանել է 278.000 դոլարի, ներկրել՝ 354.100 դոլարի ապրանք: Անցյալ տարի արտահանումները կտրուկ աճել են ու կազմել 1.351.600 դոլար, իսկ ներկրումները՝ ընդամենը 24.400 դոլար:

Նավթով հարուստ Քուվեյթից, բնականաբար, առաջին հերթին ներկրում ենք նավթի հիմքով ապրանքներ, չնայած անցյալ տարի հիմնական ներկրումներն այլ բնույթի են եղել: Հատկանշական է, որ ինչպես Իրաքից, այնպես էլ Քուվեյթից, ՀՀ-ն ներմուծում է օգտագործված հագուստ: Փոխարենն արաբական երկիր ենք արտահանում մանր կճղակավորներ, ոսկեղեն, կահույք, ըմպելիք:

Ներկայացնենք 2013-2014 թթ. երկու երկրների միջեւ փոխանակված ապրանքատեսակների ամենամեծ երեք խմբերը (ըստ մաքսային արժեքի): 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Իմաստուն քաղաքականություն, եթե հաշվի առնենք, որ որքան ուզեք ոսկի, ոչխար ու այծ ունենք, իսկ օգտագործված հագուստը կեղծ դոլլարներ արտադրելու հիմնական հումքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter