HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բնության պատառիկները զարդերի միջոցով երկրորդ կյանք են ստանում

Տերևներ, ծաղիկներ, ավելացնում ենք ընկույզ, նուշ, կիտրոն` ըստ ճաշակի, «համեմում» այն դարչինով, ու ստացվում են Մարիամ Գրիգորյանի պատրաստած զարդերը:

Մարիամը մասնագիտությամբ հոգեբան է: Զարդեր սկսել է պատրաստել 5 տարի առաջ, երբ ուսումն ավարտելուց հետո երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել: Մինչ այդ զարդեր պատրաստում էր, բայց միայն մտերիմներին նվիրելու համար: Այնուհետև որոշեց, որ կարելի է զարդեր պատրաստել նաև վաճառքի համար: Սկսեց ուլունքներից, սակայն, դրանք նրան սահմանափակ թվացին. ստեղծագործելու հնարավորությունը փոքր էր: Հետո սկսեց պոլիմերային կավից զարդեր պատրաստել:

«Սկզբում հետաքրքիր էր դրանով աշխատել, բայց զգացի, որ նյութն իմը չէ, որովհետև այն բնական հումք չէ»,- ասում է Մարիամը:

Որոշ ժամանակ է պահանջվում մինչև Մարիամն իր համար գտնում է նյութերի շարքը: Նա զարդերի համար սկսեց օգտագործել բնական գույները: Մարիամի հավաքածուում կարելի է տեսնել նեկտարի, դեղձի, ծիրանի կորիզներից ականջօղեր, ընկույզի ու նռան կեղևից` վզնոցներ, մշակած փայտի կտորների, տերևների ու ծաղիկների տարբեր համադրություններով աքսեսուարներ: Զարդերի համար անհրաժեշտ նյութերի մի մասը Մարիամը գնում է, մի մասը տարբեր տեղերից ինքն է հայթայթում, մի մասն էլ արդեն ծանոթներն են տալիս, ովքեր հետաքրքիր պատառիկներ են գտնում՝ համոզված լինելով, որ Մարիամը դրանցից որևէ զարդ կստանա:

«Միակ բանը, որ ինձ այսքան ժամանակ ընդհանրապես չի գրավել, պլաստմասն է,- ասում է Մարիամը:- Բնական նյութերն ուրիշ են, դրանց մեջ կարծես էներգետիկա կա, դրանք կյանք են ապրել: Գիտեմ, որ եթե ինչ-որ տեսակի բան սարքեմ, կվաճառվի, բայց իմ ոճն ընտրելիս երբեք չեմ առաջնորդվել առաջարկով: Միշտ սարքել եմ այն, ինչն ինձ շատ է դուր եկել»:

Մարիամն ասում է, որ աշխատում է զարդերը մատչելի գնով վաճառել, որովհետև երբ ինքն էր ուսանող ու գնում էր ցուցահանդես-վաճառքների, միշտ չէ, որ հնարավորություն էր ունենում գնել իր հավանած իրերը:

«Կարծում եմ՝ ամեն մեկը պետք  է հնարավորություն ունենա գնելու,- ասում է Մարիամը:- Երբ մարդը սրտանց հավանում է իմ պատրաստած զարդը, բայց տեսնում եմ, որ գումար չունի այն գնելու համար, ես նվիրում եմ: Ավելի լավ է մարդը կրի այդ զարդը ու իրեն մի պահ երջանիկ զգա դրանից, ես հետո մեկ ուրիշն էլ կպատրաստեմ»:  

Մարիամի կարծիքով՝ վերջին շրջանում շատացել են ձեռքի աշխատանքով զբաղվողները: Մարդիկ աշխատանք չունեն կամ չեն կարողանում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ եւ սկսում են մտածել, թե իրենք ինչ կարող են անել: Շատերն իրենց մեջ հայտնաբերում են տաղանդ կամ հնարավորություն: Չնայած ձեռքի աշխատանքների վաճառքով զբաղվելու ընթացքում Մարիամն աշխատանք գտավ իր մասնագիտությամբ, բայց այժմ էլ շարունակում է համատեղել հոգեբանի ու զարդերի պատրաստման աշխատանքները:

«Ամեն մեկի զարդի մեջ իր արտացոլումն է: Իմ զարդերի մեջ էլ մի ընդհանուր գիծ կա, որը ես երևի թե կանվանեի բնապաշտություն,- ասում է Մարիամը:- Հիմա շատ եմ ուզում մասնագիտանալ հատկապես էկո զարդերի պատրաստման մեջ»:

Լուսանկարները` Մարիամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter