HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19-ամյա աղջկա մահվան գործը քննած դատավորը նախազգուշացում է ստացել

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարվել է նախազգուշացում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը: Ըստ հաղորդագրության, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում միջնորդությունը բավարարվել է ԱԽ մարտի 30-ի նիստում:

Ի՞նչն է հիմք հանդիսացել, որպեսզի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դիմի ԱԽ: «Հետքի» հարցին պատասխանելով՝ ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ միջնորդության հրապարակումը էթիկայի խախտում կհամարվի: Ուստի մեզ ուղղորդեցին ԱԽ, որտեղից էլ աշխատախազմի ղեկավար Շողեր Վարդանյանը պատասխանեց, որ դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը բավարարելու որոշումը, ըստ Դատական օրենսգրքի, հրապարակումից 15-օրյա ժամկետում կտեղադրվի Հայաստանի դատական համակարգի պաշտոնական կայքում և պաշտոնական տեղեկագրում:

Դատավոր Ելենա Քոչարյանի հարցը ԱԽ-ում լսվել է նաև 2008 թ.-ին

Նշենք, որ դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարց ԱԽ-ն լսել է 2008 թ.-ի փետրվարի 29-ի նիստում դռնփակ նիստում: Իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների բնակիչների արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը։ Ուսումնասիրելով Մասիս քաղաքի 2-րդ և 3-րդ փողոցների բնակիչների դիմումը, դիմումին կից նյութերը` կարգապահական հանձնաժողովը գտել է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Քոչարյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ: Սակայն ԱԽ-ն իր որոշման մեջ նշել է, որ դատավոր Ե. Քոչարյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, նպաստել է արդարադատության որակի բարձրացմանը. արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժվել է, իսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճվել է:

Մասիսի բնակչուհի 19-ամյա Սյուզի Գևորգյանի մահվան գործը նույնպես քննել է Ելենա Քոչարյանը

Շուտով կլինի մեկ տարի, ինչ «Հետքի» խմբագրություն այցելեց Մասիսի բնակչուհի, 19-ամյա աղջկան կորցրած Սաթենիկ Գևորգյանը՝ պատմելով արդարադատության հասնելու, աղջկա մահվան անռեղծվածը պարզելու իր երկարատև պայքարի մասին:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի` Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը մահացել է 2007թ. մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Իսկ 3 ամիս անց՝ հունիսի 18-ին Մասիսի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 1975 թ.-ին ծնված Արարատ Կաֆյանը Արարատի ու Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի կայացրած դատավճռով դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման ու դատարանի դահլիճից գնացել տուն:

Մինչ օրս մահացած աղջկա մայրը` Սաթենիկ Գևորգյանը պնդում է, որ Սյուզին չի վթարվել, այլ կատարվածը բռություն ու սպանություն է, իսկ նախաքննական մարմինն, ապա և դատարանը չեն կատարել օբյեկտիվ քննություն: Աղջկա մահվան գաղտնիքը պարզելու համար Սաթենիկ Գևորգյանը տասնյակ բողոքներ, դիմումներ է ուղղել պետական տարբեր ատյաններ, ՀՀ նախագահի աշխատակազմ, սակայն բոլոր գրությունները ուղղորդվել են մեկ կառույցի՝ դատախազություն, որտեղից էլ եկել են պատասխաններ՝ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: 

«Հետքն»  անդրադարձել է այս ողբերգական պատմությանը, 19 տարեկան աղջկա մահվան հանգամանքներին ու տիկին Սաթենիկի շուրջ 8 տարվա պայքարին՝ ուսումնասիրելով մեկ հատորանոց քրեական գործը Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում:

Նշենք, որ դատավոր Ելենա Քոչարյանը երկու էջանոց դատավճռում երկու սխալ է թույլ տվել: Նախ սխալ է գրված Սյուզիի՝ Սուսաննա Գևորգյանի ազգանունը (դատավճռում նշված է Գրիգորյան), երկրորդ՝ այլ քրեական գործից copy-paste է արված մեկ ուրիշ մեղադրյալի անուն՝ Արթուր Ռաֆիկի Պետրոսյան:

Իմանալով, որ դատավոր Ելենա Քոչարյանի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, Սաթենիկ Գևորգյանը նշեց, որ ինքը չի դիմել արդարադատության խորհուրդ, բայց մեկ անգամ ևս շեշտեց, որ դատարանը չի ձեռնարկել քայլեր ճշմարտությունը պարզելու համար: «Դատավարությունները անցկացվում էին ոչ թե դատական նիստերի դահլիճում, այլ դատավոր Ելենա Քոչարյանի սենյակում: Դա էր պատճառը, որ հրաժարվեցի նիստերին մասնակցել: 1-2 նիստ եղավ, ու դատավարությունը համարեցին ավարտված»,-նշեց Սաթենիկ Գևորգյանը:

Շուրջ 9 ամիս գործը քննվում է ՀՔԾ-ում

Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ 2014 թ.-ի հունիսի 27-ին, Սաթենիկ Գևորգյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՔՕ 308-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը:

Դեռևս հունվարին, հարցազրույց տալով «Հետքին»` մտահոգություն հայտնելով նախաքննության ժամկետների վերաբերյալ:

«Արդեն 9-րդ ամիս է նախաքննություն են անում: Ինձ տեղեկացրել են, որ Երկարացրել են նախաքննության ժամկետը, որովհետև էլի ինչ-որ քննչական գործողություններ անում: Բայց ես գործով տուժող չեմ ճանաչվել, անցնում եմ որպես վկա, ոչ մի իջնորդություն չեմ կարողանում անել»,- ասաց տիկին Սաթենիկը:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից «Հետքին» տեղեկացրեցին, որ նախաքննությունը շարունակվում է:   

Մեկնաբանություններ (1)

Նունե
հիմա ի՞նչ նախազգուշացում կստանա ու գործը նորից կպարտակվի-կմոռացվի՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter