HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տրինիտի». գինեգործության երեք «հրացանակիրները»

«Գինու բաժակն այդպես չեն բռնում»,- մեզ ուղղում է գինեգործ Հովակիմ Սաղաթելյանը, հետո ավելացնում, որ գինու բաժակը պետք է բռնել հնարավորինս ներքևից, հակառակ դեպքում ձեռքի շփումից գինին կարող է տաքանալ:

«Ին վինո» գինու մասնագիտացված խանութի բակում փոքր, գույնզգույն, կլոր սեղաններն իրար մոտ են դրված: Մոխրագույն գծերով կատուն տեղաշարժվում է այս ու այն կողմ՝ մեկ գինեգործի կողքին է նստում, մեկ՝ փոխում տեղը: Քիչ անց փռվում է մեր հարևան սեղանին, որի վերևից տաքացուցիչ սարքն է միացված: Եվ չնայած արդեն Երևանում երեկո է, ու քամի կա, միջավայրը տաք է: Զրույցի սկզբում հետևում ենք կատվին, հետո ժպտում:

Հովակիմ Սաղաթելյանը «Տրինիտի» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, ընկերության համահիմնադիրներից է: 2009 թ.-ին երեք ընկերներով՝ Հովակիմը, Վահե Բալուլյանն ու Անդրանիկ Գրիգորյանը, շրջում էին Ֆրանսիայի խաղողագործական, գինեգործական տնտեսություններում: «Համագործակցում էինք Վանտու ռեգիոնից Ժան Լյու Իսնարդի հետ: Նրան ասացինք, թե չգիտենք՝ ինչ անուն դնել, ասաց՝ դե, երեք հոգի եք, «Տրինիտի» դրեք, ոնց որ երեք հրացանակիրներն եք, ասացի՝ դե ուրեմն դու էլ Դ´Արտանյանն ես՝ չորրորդը: Այդպես էլ անունը մնաց»,- ասում է գինեգործը:

Հիշում է, երբ 2010-ին առաջին գինին «Ակումբ»-ում (The Club) համտեսեց հայտնի սոմելիե (գինու գիտակ) Սերժ Ղուկասյանը: Այդ գինին արտադրել էին 1-2 տակառ զուտ իրենց համար, և ավելի շատ փորձարարական բնույթ ուներ: Երբ հայտնի սոմելիեին խնդրեցին համտեսել գինին, դույլն էլ էին մոտեցրել (համտեսի ժամանակ դույլ է լինում, որ երբ մարդ չհավանի գինին, թքի մեջը): «Նա ասաց` դույլը տարեք, իսկ դա նշանակում էր, որ նա խմելու է գինին: Դա լավ գնահատական էր և ոգևորեց մեզ»,- նկատում է գինեգործը: Այսօր ընկերությունն ունի մի քանի գինիներ՝ «6100 կարմիր անապակը», «6100 արենի վարդագույնը» և «Խաչմերուկը» (երեքն էլ պատրաստվում են արենի տեսակի խաղողից): Իսկ դեռ 2010-ին պատրաստված գինին, որ կոչվում է «Տրինիտի Վանտու» ստեղծվել է խաղողի ֆրանսիական տեսակներից: իսկ բացի դրանից, ընկերության համանուն գինին՝ «Տրինիտին»:

Գինու «խաչմերուկում»

«Հիմա մենք հանդիպել ենք, ձեզ թվում է՝ պատահակա՞ն ենք հանդիպել, այս գինու անունը դրել ենք՝ «Խաչմերուկ», որովհետև այս խաչմերուկում հանդիպել ենք լավ ընկերների, որոնց ցանկացել ենք գինի տալ, որը ժամանակին Հայաստանում չկար, և դա էր պատճառը, որ սկսեցինք»,- սեղանին դրված գինու շիշը՝ ծաղիկներով, պտտելով՝ մատնացույց է անում պիտակը:

Մյուս գինու անունը՝ «6100-ը» ևս պատահական չէ: Զրուցակիցս ասում է, որ Հայաստանում հայտնաբերվեց 6100 տարվա պատմություն ունեցող գինու առաջին գործարանը: Գինին Հայաստանում եղել է և՛ ստրատեգիկ, և՛ մշակութային նշանակությամբ խմիչք, և՛ ուղղակի որպես արտադրանք: Արարատյան թագավորության` Ուրարտուի ժամանակ ցանկացած բերդում, Հովակիմի խոսքով, պահվել է հազարավոր լիտրերով գինի, իսկ երբ ուրարտական թագավորները երկիր էին նվաճում, իրենց հետ տանում էին խաղողագործներ, որպեսզի տեսնեն՝ կարո՞ղ են տնկել այգիներ:

Այս ամենի մասին գինեգործը գիրք է պատրաստում: «Օրինակ, գիտե՞ք, որ միայն հայերն են խաղողի այգուն ասում՝ այգի, եթե բացեք Նոր կտակարանը, կտեսնեք դա: Վրացիներն ու պարսիկներն ասում են խաղողի այգի, իսկ հայերն ասում են այգի: Դա ևս մեկ ապացույց է, որ հայերն իրենց նույնակերպել են այդ մշակույթին»,- նշում է նա:

Գինի՝ կոնցեպտուալ հիմքով

Հովակիմն նշում է, որ գինու որակի 70-80 տոկոսը կախված է խաղողից, մնացածը՝ տեխնոլոգից: Ի տարբերություն մնացած պտուղների՝ խաղողի մեջ կա բոլոր պտուղների բուրմունք: Գինեգործն ասում է, որ խաղողը մրգերի թագուհին է, դրա համար էլ հայերը այն պատկերել են տաճարներին: Իրենց խորհրդատու գինեգործը՝ Ժան Լյուկ Իսնարդը, Ֆրանսիայի Ռոն տարածաշրջանի Օրգանական խաղողագործության ասոցիացիայի տնօրենն է: Այդ հիմունքները նա տարածում է նաև «Տրինտի» ընկերության այգիներում: Ընկերությունը պատրաստվում է դիմել օրգանիկ խաղողագործության հավաստագիր ստանալու համար:

Բացի խաղողի որակից, Հ. Սաղաթելյան խոսքով, իրենք մեծ կարևորություն են տալիս մարդկանց, ովքեր աշխատում են խաղողի հետ: Ասում է՝ իրենք գնացել են ոչ թե ինդուստրիալ, այլ մարդ-խաղող-այգի ճանապարհով: Մարդու տրամադրությունը հաղորդվում է գինուն, որովհետև գինին կենդանի է: «Մի ընկեր ունեի, որ մի լավ բան էր ասում՝ ինչի՞ ոսկեհատ խաղողը քիչ է հիմա, որովհետև ով որ կարող է այն մշակել, հիմա չկա: Ու մենք ընտրել ենք ավելի շատ մարդու, հայի կայացման ճանապարհը»,- նշում է նա՝ ավելացնելով, որ իրենց համար գինու ստեղծման ամեն մի փուլը տոն է, առհասարակ աշխատանքը տոն է, իսկ տխուր մարդկանց աշխատանքի չեն ընդունում: «Ինչպիսին մարդն է, այնպիսին էլ գինին է: Եթե մենք լավ մարդ դառնանք այս ընթացքում, ուրեմն, լավ գինի կվայելենք»,- ավելացնում է նա:

Գինեգործն ասում է, որ այսօր Հայաստանի շատ գյուղերում հողերի մի մասը անմշակ է մնացել, մարդիկ գնում են Ռուսաստանում վարորդություն անելու, իսկ իրենց հողը չեն ուզում մշակել: «Մենք գնչու չենք, բոշա չենք, մենք մեր հողն ունենք, այդ հողին պիտի կպնենք ու ապրենք»,- շեշտում է նա՝ ավելացնելով` «ինչի՞, մենք խնդիրներ չունե՞նք, եթե թվարկեմ, կարող է փախնեք էստեղից»: «Իսկ ի՞նչն է ուժ տալիս, որ հաղթահարում եք»,-հարցնում եմ նրան: «Աստված, հավատքը, լավատեսությունը... լիքը բան: Համ էլ եթե գինի ես պատրաստում, պիտի վայելես, պիտի վայելես էն , ինչ անում ես»:

«Ոսկու վրա նստած մարդիկ գնում են երկրից»

«Տրինտիի» այգիները գտնվում են Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում: Յուրաքանչյուր այգի իր անվանումն ունի՝ ըստ իր ոգու:

Աղավնաձորի ընտրությունը Հովակիմը բացատրում է այսպես. «Ըստ մեր հետազոտությունների՝ տեռուարը` հողի, օդի, արևի համադրությունը, իդեալական էր, մենք հողն անալիզների ենք ենթարկել և՛ այստեղ, և՛ Ֆրանսիայում: Մնում է իդեալական մարդ, որ օգտվի դրանից, ինչն ամենամեծ խնդիրն է Հայաստանում, որովհետև մարդ չկա: Մարդիկ թողնում-գնում են` ոսկու վրա նստած, որովհետև եթե գինեգործությունը զարգանա ոնց որ պետք է, գինին նավթից էլ լավ ոսկի է»:

Ինչո՞ւ գինեգործ դարձավ

Հ. Սաղաթելյանին հարցնում եմ, թե ինչու որոշեց դառնալ գինեգործ: Պատասխանելիս ժպտում է, ասում է՝ մարդն իր կյանքի ճանապարհով գնալիս խնդիրների առաջ է կանգնում, որոնք, օրինակ, ինքը լուծում է գինեգործության ճանապարհով: Մասնագիտությամբ շինարար է, բայց նաև երգեր է գրել: Սա ասելուց հետո տոպրակից հանում է ձայնասկավառակները: Ասում է՝ եթե հավանեք երգերը, հետո կբերեք ստորագրեմ: Սկսում ենք ծիծաղել: Քիչ անց ավելացնում է, որ միակ մասնագիտությունն ապրելն է: «Իսկ ո՞նց կբնորոշեք ժամանակը»,- հարցնում եմ նրան: «Խորխե Լուիս Բորխեսը մի լավ օրինակ ուներ, ասում էր՝ պատկերացրեք` օվկիանոսի տակ մի կրիա է ապրում, ու էդ ամբողջ օվկիանոսի վրա մի օղակ է պտտվում, և կրիան միլիոն տարին մեկ դուրս է գալիս ջրի երես, ու գլուխը հենց այդ օղակի մեջ է մտնում: Դա ձեր կյանքի հավանականությունն է: Այսինքն՝ դա զարմանալի կամ քիչ հավանական բան է, հիմա ո՞նց վերաբերվենք դրան՝ որպես Աստծու նվե՞ր, թե՞ մտածենք՝ ապրում ենք, էլի: Մեզ տրվել է ապրելու հնարավորություն, բացի դրանից, ասում են, էս կյանքը չի ավարտվում, դու լավ ապրիր, էնտեղ (նկատի ունի մահից հետո- հեղ.) էլ ես լավ ապրելու»,- մեղմ ժպտալով՝ պատասխանում է:

«Գինեգործներին գոնե 7 տարով ազատել բոլոր հարկերից»

Սա զրուցակցիս առաջարկն է կառավարությանը: Ասում է, որ այսօր գինեգործների ուսերին հարկային ծանր բեռ է դրված: Չնայած նկատում է, որ այսօր կա ADA-ն՝ Armenian Development Agency-ն (Զարգացման հայկական գործակալություն), որը հոգում է ցուցահանդեսներին մասնակցելու ծախսերի 50 տոկոսը, վարկերով է օժանդակում, բայց դա բավարար չէ ոլորտը զարգացնելու համար: Գինեգործները վճարում են ակցիզային հարկ, ներմուծվող սարքավորումների հարկ: Որպես օրինակ, դարձյալ նշում է Վրաստանը, որտեղ 2006-ից գինեգործության ոլորտում հանվեց ակցիզային հարկը:

«Խցանները ներմուծվում են դրսից, նախկինում հարկը 10 տոկոս էր, հիմա 5 տոկոս է: Ինչո՞ւ ես պիտի հարկ տամ խցանին: Շիշն էլ ենք ներմուծում: Տեղական շիշը չես կարող ներկայացնել դրսի շուկաներում, որովհետև, ցավոք սրտի, էդքան որակով չէ: Դրա համար էլի տոկոսներ ենք վճարում: Այդպես մենք հետ ենք մնում ճանապարհից,- ասում է նա՝ ավելացնելով,- պետք է և՛ խաղողագործը, և՛ գինեգործը գոնե մի 7 տարով ազատվեն բոլոր հարկերից, նրանց տրվի լիակատար ազատություն: 7 տարվա մեջ այնպիսի հաջողությունների կհասնի այդ ոլորտը, դրանից հետո և՛ հարկ կվճարեն, և´ ամեն ինչ»:

«Օղի խմող ազգը չի կարող ստեղծագործ լինել»

«Հաճախ լինում է, որ այգում եմ լուսաբացը դիմավորում: Այդ ժամանակ կարող եք հասկանալ, թե ինչու են հայերը լուսաբացին այգ ասել, այգուն՝ այգի, պիտի ուսումնասիրեք, նայեք, թե ոնց են ապրել մեր նախնիները, երբ էն ժամանակ Եվրոպան ծանոթ չէր գինու մշակույթին կամ քիչ էր ծանոթ: Ցավոք, հիմա այդ ամենը չկա, և մենք շատ թույլ հիմքի վրա ենք»,- նկատում է նա:

Հայերն՝ ի տարբերություն վրացիների, այսօր կորցրել են գինու մշակույթը: Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին Հայաստանում իշխում էին թուրքական կարա-կոյունլու, ակ-կոյնուլու ոչխարաբուծական ցեղերը, որոնց չի հետաքրքրել գինու արտադրությունը: «Հայերն օղի խմող են դարձել, իսկ դա ցույց է տալիս, որ իրենց որակը կտրուկ անկում է ապրել, որովհետև օղի խմող ազգը չի կարող ստեղծագործ լինել, մանավանդ որ մեզ օտար է եղել դա»,- նշում է Հովակիմը:

Անկախության այս տարիներին մեկ-երկու քայլ է արվել գինեգործության ոլորտում: Մինչդեռ, ըստ զրուցակցիս, վերնախավից սկսած` մարդիկ պիտի գինի խմեք: Հետո ավելացնում է, որ, ցավոք, այսօր կառավարում են օղի խմողները: «Հայաստանում ընդհանրապես գինին տարածված չէ, սուպերմարտկենրում ցուցափեղկերի 60-70 տոկոսը լցրել են աղբով, որի վրա գրված է գինի: Մարդիկ էլ համտեսում են այն՝ ասելով` եթե սա է գինին, այլևս չենք խմի»,- նկատում է գինեգործը:

Ինչո՞ւ պիտի հայերը գինի խմեն

Հ. Սաղաթելյանը համոզված է, որ մենք գենետիկորեն պատրաստ ենք լավ գինի արտադրելուն: Դրա ներուժն ունենք: Բացի դրանից գինի խմողն ագրեսիվ չէ, իսկ օղի խմողն ագրեսիվ է, քանի որ օղին մեռած սպիրտ է: «Գինին կենդանի է, եթե դնեք մանրադիտակի տակ, կտեսնեք՝ կյանք կա մեջը: Այդ կյանքը մեր զրույցը լսում է, փոխվում է, լավ սոմելիեները կարող են դա զգալ: Ֆրանսիայի օրինակը՝ այնտեղ ամենացածր սիրտ-անոթային անաբավարարությամբ հիվանդացությունների տոկոսն է, որովհետև օրը մի քանի բաժակ գինի են խմում: Իհարկե, չափի մեջ պիտի խմել»,- ասում է նա:

Չնայած ստեղծված իրավիճակին` այսօր գինեգործության ոլորտում կան 6-7 ընկերություններ, որոնք, զրուցակցիս ասելով, հասկանում են գինու լեզուն: Մրցակցություն կա, որը հավատ է ներշնչում, որ Հայաստանը կվերադարձնի գինեգործության նախկին համբավը: Այս ամիս «Տրինտին» կմասնակցի գինեգործության մրցույթի` վարդագույն գինիների մայրաքաղաքում՝ Կաննում, ներկայացնելով իր վարդագույն «6100»-ը:

Մեկնաբանություններ (1)

Արմեն Քեշիշյան
Շնորհակալություն հոդվածի հեղինակ Մարինե Մարտիրոսյանին: Տարին, փաստորեն, լավ սկսվելու ազդակներ է հաղորդում: Մարինեն կարողացել է հաղորդել սիրելի երգերի ու գրքերի հեղինակի մեղմ հումորը, մարդասիրությունը, խորագույն գիտելիքները և շնորհքը: Հովակիմ ջան, մի առիթով ասել էի՝ « Մտքիդ, խղճիդ, գինուդ հնձաններդ լի՜…»: Հիմա, արդեն վստահ՝ ավելացնում եմ. Քեզ նման մարդիկ են, որ մեր մհերներին Ագռավաքարից դուրս հանելով՝ կարող են տեղավորել մեր հայրենիքում, տուն տալով նրանց: Տունն էլ քո այգին է, «Այգին», ուր քեզ հետ «Զբոսանքի» ընթացքում ցույց ես տալիս, որ տուն-հայրենիքը դեռ ապրում է, սպասում գնահատել կարողներին, այլապես ո՛չ գինին և ո՛չ էլ ոսկին առանց այս կարողության՝ տան ու հայրենիքի նախընկալում չեն ապահովում: Անում ես այն, ինչ թույլ է տալիս չհեռանալ, կրկնակի տարագրման չդատապարտել գնալով քչացող մհերներին, և անում ես դա անպատմելի սիրո, լուսարձակ բարության, ժպտացող գիտելիքի միջոցով՝ դրանք տեղավորելով քո անուշ գինիներում: Ես Գինի եմ խմում…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter