Չկա չարիք՝ առանց բարիքի
Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումից կշահեն Վրաստանը, Հայաստանը, æավախքը եւ Թուրքիան, իսկ Ադրբեջանը կտուժի կրկնակի
Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ պայքարում էին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման դեմ՝ համարելով, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի է՛լ ավելի մեկուսացմանը:
Արտգործնախարար Վարդան Օսկանյանն անցյալ տարի նույնիսկ առաջարկեց մի տարբերակ, ըստ որի Հայաստանը հրաժարվում է տրանզիտային վարձեր գանձել իր տարածքով փոխադրվող այն բեռներից, որոնք կանցնեն Կարս-Գյումրի երկաթգծով, միայն թե այն բացվի: Այժմ Հայաստանի ԶԼՄ-ները եւ պաշտոնյաները քննարկում են Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման մասին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների օրերս ստորագրած համաձայնագիրը՝ համարելով այդ ծրագիրը հակահայկական:
Եվ իրոք, Ադրբեջանը չի թաքցնում, որ ցանկանում է մեկուսացնել Հայաստանը՝ նրա տնտեսությանը հասցնելով առավել մեծ վնաս: Բայց չկա չարիք ` առանց բարիքի: Չէ՞ որ Կարս-Գյումրի երկաթգիծը չի գործում 1994թ.-ից, եւ հույս էլ չկա, թե Միացյալ նահանգների ու Եվրամիության երկրների արդեն մի քանի տարի հնչող հորդորները կփոխեն Թուրքիայի դիրքորոշումը: Մինչդեռ, երբ կառուցվի Կարս-Ախալքալաքը, Հայաստանը դրա օգնությամբ կստանա երկաթուղային կապ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ: Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Գագիկ Գրիգորյանի՝ թուրքական իշխանությունները չեն խոչընդոտում, որ հայկական բեռնափոխադրումները կատարվեն այդ երկրի ավտոճանապարհներով: Եվ, եթե Թուրքիան չի խոչընդոտում, որ Հայաստանի քաղաքացիներն ու հայկական բեռներն անցնեն իր ավտոճանապարհներով, ապա չի խոչընդոտի նաեւ նրանց երկաթուղային փոխադրումներին: Առավել եւս, որ դա կհակասի 1921թ. Կարսի պայմանագրի 17 կետին, որտեղ ասվում է, որ կողմերը պետք է «ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»:
Փետրվարի 20-ին կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ այս կարծիքին համամիտ եղան Գերմանիայի եւ Հայաստանի արտգործնախարարները՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Վարդան Օսկանյանը:
Իսկ եթե Երեւանին հաջողվի կառուցել մոտավորապես 30 կիլոմետրանոց մի երկաթուղի, որը կմիացնի Գյումրին æավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) շրջկենտրոնի հետ, այն շատ կարճ ճանապարհով կկապվի Կարս-Ախալքալաք երկաթուղու հետ: Չէ՞ որ Հայաստանին սահմանակից Նինոծմինդայի շրջանը արդեն իսկ միացած է երկաթուղով Ախալքալաքի հետ: Ընդսմին, ջավախահայերը կստանան հուսալի երկաթուղային կապ Հայաստանի հետ: Մինչդեռ, այսօր նրանք, փաստորեն, մեկուսացված են հայրենիքից, քանի որ Հայաստանի սահմանը Նինոծմինդայի հետ կապող ավտոճանապարհը դժվար է ճանապարհ անվանել: Ավտովարորդները հաճախ գերադասում են երթեւեկել կողքի դաշտերով, քան օգտվել այդ դարուփոս ճամփից. դաշտով երթեւեկելն ավելի հարմարավետ է:
Անցած տարվա հունվարի 16-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին հավաստիացրեց, որ նոր երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների բացումը կազմում է Վրաստանի՝ որպես տրանզիտային պետության ռազմավարության մի մասը: «Հետեւաբար, Թբիլիսին չի խոչընդոտի Հայաստանի ցանկությանը, եթե այդպիսին ծագի, կառուցել Գյումրին Ախալքալաքի հետ կապող երկաթուղի»,- ասաց Գելա Բեժուաշվիլին:
Ինչ վերաբերում է ջավախահայությանը, ապա երկաթուղիների կառուցումը միշտ էլ բերում է տնտեսական օգուտ, եւ Կարս-Ախալքալաքը բացառություն չի լինի՝ հաշվի առնելով նաեւ այն, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել æավախքի ավտոճանապարհները եւ կառուցել նորերը: Դա կնպաստի ներդրումների հոսքին, որոնք այժմ բացակայում են, ներկայիս գրեթե 100 տոկոսանոց գործազրկության կրճատմանը: Կ ծաղկի մերձսահմանային առեւտուրը, կզարգանա տուրիզմը, որն այսօր չկա: Իսկ այս փոփոխությունները կնպաստեն ջավախահայ աշխատանքային միգրանտների վերադարձին, որոնք այժմ աշխատում են արտասահմանյան երկրների՝ հիմնականում Ռուսաստանի շինհրապարակներում: Ընդ որում, միգրանտների վերադարձը կարող է սկսվել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը զուգընթաց:
Ո՞վ կշահի եւ ո՞վ կտուժի
Վրաստանը շահում է թե՛ Կարս-Գյումրի, թե՛ Կարս-Ախալքալաք երկաթուղիների գործարկումից: Բայց երկրորդ դեպքում առավել է շահում, քանի որ Ադրբեջանից ստանալու է 200 մլն դոլարի վարկ 1% տոկոսադրույքով եւ 25 տարի ժամկետով: Ընդ որում, վարկի մարումը պետք է կատարվի Կարս-Ախալքալաք-Բաքու մայրուղու շահույթներից: Եվ եթե դրանք քիչ լինեն, մարման ժամկետը կարող է ավելացվել:
Հայաստանի համար Կարս-Ախալքալաքի կառուցումը օգտակար է, քանի որ Կարս- Գյումրին միեւնույն է չի գործում եւ դժվար թե գործի մինչեւ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը: Բայց դրանից հետո իրավիճակը կարող է փոխվել: Անկարան, հասկանալով, որ Հայաստանի երկաթուղային շրջափակումը ճեղքված է, կարող է գալ այն մտքին, որ այլեւս անիմաստ է փակված պահել Հայաստանը Թուրքիային կապող երկաթուղին: Հայաստանի համար ավելի վատ կլիներ, եթե շարունակվեր այսօրվա վիճակը եւ նա զրկված լիներ երկաթուղային կապից:
Կշահեն նաեւ ջավախահայերը, ովքեր դուրս կգան մեկուսացումից` æավախքը կդառնա տրանզիտային տարածք, նույնիսկ` խաչմերուկ:
Թուրքիան նույնպես կշահի, բայց նրա համար գերադասելի կլիներ բացել Կարս- Գյումրին, ինչն անհամեմատ քիչ ծախս է պահանջում:
Իսկ Ադրբեջանը կտուժի կրկնակի: Նախ՝ ստիպված կլինի ծախսել մի քանի հարյուր մլն դոլար: Երկրորդ՝ Բաքուն կհասնի հակառակ արդյունքի` իր իսկ ջանքերով եւ իր իսկ հաշվին կվերացնի Հայաստանի երկաթուղային շրջափակումը: Իրականում նրա համար ավելի ձեռնտու կլիներ այսօրվա իրավիճակի պահպանումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել