HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը վաղը, հավանաբար, պաշտոնանկ կարվի

Ղարաբաղի կառավարության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ պաշտոնանկ է արվել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանը:

ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Դավիթ Միքայելյանն ասաց, որ ինքն էլ է տարբեր լուրեր լսել այդ մասին, սակայն «վարչապետը նման հրաման չի ստորագրել»:

Քաշաթաղի մեր աղբյուրները հաստատեցին, որ Համլետ Խաչատրյանը արդեն հավաքել է իրերը:

Քաշաթաղի շրջանում ստեղծված վիճակը ենթադրում էր, որ Ղարաբաղի իշխանությունները ամենաքիչը պետք է աշխատանքից ազատեին Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին եւ շտապ միջոցներ ձեռնարկեին բնակչության արտահոսքը դադարեցնելու համար: Սփյուռքի մի քանի բարեգործներ դադարեցրել են մարդասիրական օգնությունը` սպասելով, որ անցած տարի Լոս Անջելեսում Ա. Ղուկասյանի` Քաշաթաղում փոփոխություններ անելու խոստումները կատարվեն: Հիշեցնենք, որ Ղարաբաղի նախագահը 2006-ի նոյեմբերին մի խումբ սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր մեկ ամսվա ընթացքում լուրջ փոփոխություններ կատարել Քաշաթաղում:

Դեռեւս 2006 թվականի գարնանը Ղարաբաղի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը նախագահ Արկադի Ղուկասյանից պահանջում էր Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի պաշտոնանկությունը: Նրանք գտնում էին, որ շրջանում ստեղծված իրավիճակի համար նախ եւ առաջ նա է մեղավոր: Ընդ որում` Դաշնակցությունն առաջարկում էր իր թեկնածուին: Մեր տեղեկություններով` ՀՅԴ թեկնածուն Տարածքային եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Բագրատ Սարգսյանն էր:

Սակայն Ա. Ղուկասյանը չուզեց կամ չկարողացավ պաշտոնանկ անել Հ. Խաչատրյանին: Տարբեր մասնավոր հանդիպումների ընթացքում նա նշել է, որ Հ. Խաչատրյանը Հայաստանի վարչապետի մարդն է, եւ ինքը չի կարող նրան աշխատանքից ազատել: Սակայն Համլետ Խաչատրյանը ծնունդով Ղարաբաղի Մարտունի շրջանի Ճարտար գյուղից է եւ Արկադի Ղուկասյանի խորհրդական, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի մորաքրոջ տղան է: Հավանական է, որ Հ. Խաչատրյանը հենց Արկադի Ղուկասյանի մարդն է:

Առհասարակ, Ղարաբաղի իշխանավորները Քաշաթաղում տիրող վիճակի համար մեղադրում են Հայաստանի կառավարությանը: Իսկ Հայաստանի կառավարությունում պնդում են ճիշտ հակառակը:

«Ղարաբաղի իշխանությունները երկու տարի պայքարեցին, որպեսզի շրջանի ֆինանսավորումը կատարվի իրենց միջոցով: Իսկ Քաշաթաղում խնդիրները սկսեցին հենց դրանից հետո»,- ասաց Հայաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չուզեց հրապարակել իր անունը:

Ղարաբաղում միանշանակ չէ նաեւ վերաբերմունքը ազատագրված տարածքներում բնակեցվածների նկատմամբ:

«Նրանք մեզ հետ վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին իրենց հետ վերաբերվում առաջ»,- ասաց Քաշաթաղի գյուղապետերից մեկը:

Ստեփանակերտում ավելի կարեւոր են համարում Ղարաբաղի գյուղերի հզորացումը, իսկ Քաշաթաղի բնակավայրերից սկսված արտագաղթը նրանց չի անհանգստացնում:

Հունվարի 24-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ Սերժ Ամիրխանյանը նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ: Դաշնակցական Սերժ Ամիրխանյանը նախկինում նույնպես աշխատել է այս պաշտոնում, սակայն աչքի չի ընկել որեւէ նախաձեռնությամբ: Իսկ մինչ այդ նա զբաղեցրել է Քաշաթաղի շրջանի Քարվաճառի վարչակազմի տեղակալի պաշտոնը:

«Երբ նա Քարվաճառում վարչակազմի ղեկավարի տեղակալ էր երկու տարի, չորս անգամ հազիվ էր եղել այդ տարածքում: Նա իր սենյակից դուրս չէր գալիս, իներտ մարդ է, որեւէ բան չի կարող նախաձեռնել: Չգիտեմ` ինչու են նրան նշանակել, ավելի ճիշտ այսպես կարելի է ասել` եթե իշխանությունները պիտի շարունակեն իրենց քաղաքականությունը, ապա գտել են ճիշտ մարդուն»,- ասաց Քաշաթաղի նախկին պաշտոնյաներից մեկը:

Միայն մեկ պաշտոնական տվյալ բավական է` եզրահանգելու, որ վիճակը շարունակում է աղետալի մնալ` 2006թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ 2005թ. դեկտեմբերի 5-ի համեմատ աշնանացանի ծավալները Քաշաթաղում նվազել են 48 տոկոսով: Ղարաբաղի իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչով է պայմանավորված նման ցուցանիշը: Դա նշանակում է, որ ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ գեներալները եւ պաշտոնյաներն են հրաժարվել այդ տարածքներում նախկին գործունեությունից:

2006-ի աշնանը կառավարության վերահսկողության ծառայությունը ստուգումներ էր սկսել Քաշաթաղի վարչակազմում: Թե ինչ արդյունք է տվել ուսումնասիրությունը, գաղտնի է պահվում: Հնարավոր է, որ պաշտոնանկության պատճառը նաեւ այդ արդյունքներն են եղել: «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է նրա թույլ տված չարաշահումներին:

Ամենայն հավանականությամբ, ԼՂՀ կառավարության վաղվա նիստում Հ. Խաչատրյանի պաշտոնանկության հարցի կապակցությամբ վերջնական որոշում կկայացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter