HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք կյանք մի կնոջ համար

Նրան Գորիսում բոլորը կոչում են տիկնիկայինի Սուսան: Գիտեն, որ տարիներ շարունակ աշխատել է նախ Գորիսի պետական դրամատիկական թատրոնում, ապա մշակույթի տանը:

«Դրանք իմ կյանքի երևելի տարիներն էին, ես չէի աշխատում, ես ապրում էի իմ տիկնիկներով, նրանց կերպարներով: Հարևաններից, ծանոթներից, կարի արհեստանոցներից, փողոցից անգամ լաթի կտորների էի հավաքում, ձողեր, թելեր, և երբ հերթական տիկնիկի համար ինչ որ բան պակասում էր, անգամ տնեցիների հագուստը չէի խնայում, կարող էի վերաձևել դրանք, որպեսզի կարողանայի ամբողջացնել հերթական կերպարը»,- պատմում է Սուսաննա Ադամյանը:

Հիմա արդեն չի էլ հիշում, թե ավարտելոով Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, ինչպես եղավ, որ նվիրվեց տիկնիկային թատրոնին: Քիչ է ասել նվիրվեց. ամիսներ շարունակ հեքիաթների հերոսների տիկնիկների էսքիզներ էր անում, հետո դրանց շունչ ու հոգի հաղորդում բեմադրությունների միջոցով և շրջում էին գյուղեգյուղ:

Առանց հուզմունքի չի կարողանում պատմել մանավանդ 90-ականների սկզբների հյուրախաղերը, երբ սահմանամերձ գյուղերում պատերազմի վախը ապրող երեխաների համար ներկայացումներ էին ցուցադրում: Ասում է, որ հաճախ հսկիչներից թաքուն երեխաներին ներս էր թողնում, որովհետև չէր կարող անտարբեր մնալ մի կերպ հարմարեցրած դահլիճների դռան ետևում կանգնած այն երեխաներին, ովքեր 200 դրամ չունեին ներկայացումը դիտելու համար: Պատահում էր, փողի փոխարեն ձու էին բերում, մի աման ցորեն:

«Ու երբ ներկայացումից հետո տեսնում էի ուրախ տրամադրությամբ տուն գնացող փոքրիներին, սիրտս հրճվանքով էր լցվում, մոռանում էի, որ դերասանները…ընդամենը հազար դրամ աշխատավարձ էին ստանում», -պատմում է նա և հավելում, որ իր կյանքի ամենամեծ դասերը քաղել և հետագա ապրած տարիների փորձությունները հաղթահարել է այդ երեխաների ժպիտները հոգու մեջ պահելու շնորհիվ: 

Պետական դրամատիկական թատրոնի համար այն ժամանակներում շքեղություն էր նաև տիկնիկայինի հոգսերը հոգալ, ու որքան էլ Սուսաննան փորձում էր բացատրել, որ դա երեխաների համար կարևոր է, որքան էլ, որ նրա տիկնիկային ներկայացումների հանդիսատեսներն անհամեմատ շատ էին, եղան պաշտոնյաներ, ովքեր «չներեցին» երիտասարդ կնոջ փառքը և ստիպված էր հրաժեշտ տալ թատրոնին, և ավելին, պատճառաբանեցին, որ հարյուրից ավելի «տիկնիկները պետական ունեցվածք են» և հեռացավ դատարկաձեռն:

«Դատարկություն էի զգում հոգուս մեջ, բայց երբեք չեմ հուսահատվել: Տիկնիկներիս չէի կարող վերադարձնել, բայց նորը կարող էի պատրաստել, ուստի ամեն ինչ նոր տողից սկսեցի, այս անգամ արդեն նաև հաղթահարելով առանց աշխատանքի իմ և աղջկաս օրվա հացը վաստակելու հոգսը»,- շարունակում է պատմել նա: 

Մի քանի ամսում հաջողվում է մի քանի տասնյակ տիկնիկ պատրաստել, որոնց մի մասը նաև վաճառում էր այլ թատրոնների, որպեսզի կարողանար թե իրենց կենցաղային խնդիրները լուծել և թե նոր տիկնիկների համար անհրաժեշտ կտոր, թել ու այլ պարագաներ գնել:

Շատերը գիտեին, որ կարիքի մեջ է և հատկապես երեխաների փոքրացած կամ հնամաշ շորերը նրան էին տալիս, որոնց երկրորդ կյանք էր հաղորդում: Նրա հետ հավասար աշխատում, էսքիզներ էր անում նաև տասնամյա աղջիկը, ով հիմա արդեն դասավանդում է ամերիկյան հայտնի համալսարաններից մեկում:

Վերջապես հիմնադրում է  «Անակնկալ» ստեղծագործական կենտրոնը, որտեղ ներգրավվում են տասնյակ երեխաներ: Մի քանի տարվա ընթացքում կենտրոնն աննախադեպ հաջողություններ է ունենում Հայաստանում՝ մասնակցելով ոչ միայն տիկնիկային թատրոնների համար անցկացվող փառատոնների, այլև ասմունքի, երգի մրցույթների: Կենտրոնի երեխաների համար կազմակերպվում են նաև օտար լեզվի՝ անգլերենի, իսպաներենի պարապմունքներ: Մասնագետների աջակցությամբ ներկայացվում են անգլերենի ուսուցումների տիկնիկային բեմադրություններ:

«Ես վաղուց մոռացել էի գիշերվա և ցերեկվա սահմանները, որովհետև օրեցօր երեխաների թիվն ավելանում էր, նրանց հետաքրքրությունների շրջանակներին համապատասխան նախաձեռնություններ էին անհրաժեշտ, ինչպես նաև նոր բեմադրություններ, որոնց համար տիկնիկներ պիտի պատրաստեի», -ասում է Սուսաննան և չի թաքցնում, որ հիմա տարիների հեռվից զարմանում է, թե ինչ գերբնական ուժով էր հաջողվում այդ ամենը հասցնել, որովհետև չէին հրաժարվում քաղաքային, մարզային կամ հանրապետական որևէ միջոցառման մասնակցելու հրավերից:

«Ինձ նաև կենտրոնի սաների հաջողություններն էին ոգևորում, որովհետև բեմը նրանց համարձակություն էր տալիս և ես վախենում էի, որ նրանց ունակություններն էլ ավելի զարգացնելու, նոր խոսք ասելու համար երևակայությունս այլևս չի հերիքի»,- հիշում է նա և մեր զրույցի մեջ առաջին անգամ ընկճված տոնով շարունակում, որ բոլոր այդ հաջողությունները, ձեռքբերումները միանգամից հօդս ցնդեցին, որովհետև այն ժամանակվ համայնքային իշխանությունները կենտրոնի տարածքի համար վարձակալական պայմանագիր կնքելու պահանջ ներկայացրին: Ու քանի որ կենտրոնը գործում էր բացառապես բարեգործությունների միջոցով, երեխաները պարապմունքներին մասնակցում էին անվճար, բնականաբար, հնարավոր չէր նաև վարձակալական վճարը հոգալ և արդեն երկրորդ անգամ ավերվում է…տիկնիկների թագավորությունը: 

«Չէի հավատում, որ հաջորդ օրը կարող էր բացվել, ամեն ինչ այնքան անսպասելի էր. մի քանի տարի շարունակ ես ամեն օր մտածում էի, թե «Անականկալ» ստեղծագործական կենտրոնն էլ ինչ հետաքրքիր անակնկալներ կարող է պարգևել երեխաներին, մինչդեռ ինքս անակնկալի եկա և մի օրում ջարդուփշուր եղան երազներս, ցանկություններս, կյանքիս մի մասնիկը դարձած տիկնիկներս, որոնց հետ շատ հաճախ բարձրաձայն խոսում էի»,- հիմա արդեն առանց հուզմունքի հիշում է Սուսաննան:

Հետո հպարտությամբ շարունակում է, որ տարիներ շարունակ ապրելով հեքիաթների հերոսների կերպարներով, այնուամենայնիվ, չէր կորցրել լավատեսությունը և հավատում էր, որ  կյանքի այս փորձությունն էլ կհաղթահարի և... բնության միջոցով: Եվ քանի որ նախկինում ևս մեծ հետաքրքրություն ուներ բնության նկատմամբ, դեղաբույսեր էր հավաքում, սկսեց բուսաբուժությամբ զբաղվել: Համացանցում, գրքերում տեղեկություններ էր գտնում այն բույսերի մասին, որոնք բուժական նշանակություն ունեին և կարելի էր գտնել տարածաշրջանում: Հետո որոշեց, որ սիրողական գիտելիքները կարող են բավարար արդյունք չտալ, ուստի ընդունվեց բժշկական քոլեջի դեղագործական բաժին և ավարտեց գերազանցությամբ. ամռանն ու աշնանը դեղաբույսեր է հավաքում, չորացնում, փաթեթավորում, իսկ ոչ բարենապաստ օրերին դեղեր պատրաստում, օգնում մարդկանց, իհարկե, շարունակելով նաև տիկնիկներ պատրաստել, քանդակագործությամբ զբաղվել, որոնցից ստացած միջոցներով վճարում է իր ուսման վարձը: 

«Ես չեմ կարող հանգիստ, խաղաղ առօրյայով ապրել: Դա իմ ապրելու կերպն է, երբեք չեմ կարող եղածով բավարարվել և նրանք, ովքեր ճանաչում են ինձ, հիմա չեն զարմանում, որ վաթսունին մոտ եմ, բայց ընդունվել եմ Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և ցերեկային բաժնի երրորդ կուրսի գերազանցիկ ուսանողուհի եմ, քրոջս աղջկա համակուրսեցին», - զրնգուն ձայնով պատմում է Սուսաննան, ասելով, որ այս մասնագիտությունն ինքնանպատակ չի ընտրել, մտածում է մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությամբ զբաղվել և չի թաքցնում, որ հավակնություն ունի փաստաբան դառնալու:

«Ով գիտի, գուցե մի օր տիկնիկներիս՝ ինձնից խլելու իրավունքը վերականգնեմ,-կատակում է նա ու հավելում,- աղջիկս էլ ամեն օր ասում է, թե  արի Ամերիկայում ապրի, գնամ ինչ անեմ, էնքան պլաններ ունեմ Հայաստանում: Աստված ինձ համար երևի երեք կյանք է նախատեսել, բայց բոլորն էլ իմ երկրում, որքան էլ որ դրանք ինձ նաև դառնություններ են պատճառել»: 

Մեկնաբանություններ (2)

impressed
Respect! what am amazing woman and what a full life to live...
Լենա Հովսեփյան
Երբ մի... ՀԱՐԿԻ տակ են հրաշալի, ինքնատիպ ՄԱՐԴՆ ու անվերջ որոնող, արարող-ստեղծագործող ՄԻՏՔԸ...Լավատեսության ու չընկրկումի,անկասկած, ԱՍՏՎԱԾ/ահաճ ՏԵՍԱԿ...Ի՜նչ լավ է, որ դու կաս մեր կողքին...ՈՒ՝ ապրեն... չլռողները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter