HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոնորական արյունը պահանջարկ չունի անգամ բժշկական հաստատություններում

Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում գրանցված  է 250 դոնոր, որը կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը բավարար չի համարում 150 հազար բնակիչ ունեցող մարզում պետության երաշխավորած անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման եւ դրան առնչվող ծառայություններ իրականացնելու համար: Նրա խոսքով՝ գրանցված դոնորների մեջ մեծ թիվ են կազմում սոցիալապես անապահովները, որոնք արյուն են հանձնում  միայն փոխհատուցում ստանալու նպատակով: 

Չնայած կայանի իրականացրած անհատույց կամավոր դոնորության քարոզչությանը, արձագանքողներ գրեթե չեն լինում: «Հաճախ հիվանդների հարազատները, մերձավորներն անգամ հրաժարվում են կամավոր արյուն հանձնել, նախընտրելով վճարել: Փողը ձեռքին գալիս են, թե արյուն տուր, բայց պիտի արյուն հանձնող լինի, չէ՞»,-իր դժգոհությունն է հայտնում «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Առաքելյանը,  նշելով, որ վերջին տարիներին միայն մեկ անգամ երիտասարդների մի խումբ արյուն հանձնելու ակցիա է նախաձեռնել: 

Վերջերս «Արյուն՝ ի հիշատակ» միջազգային նախագծով Ժնեւում Շվեյցարիայի հայկական ասոցիացիաների եւ հիմնադրամների միության հովանավորությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ոգեկոչելու նպատակով որոշվել է մինչեւ 2015թ·-ի ավարտն ամբողջ աշխարհում կազմակերպել 1,5 մլն արյունատվություն՝ ի հիշատակ եղեռնի 1,5 մլն զոհերի: Կայանի տնօրենի գնահատմամբ՝ գաղափարը գնահատելի է այն առումով, որ կնպաստի նաեւ Հայաստանում արյան դոնորության մասին վերաբերմունքի փոփոխության, սակայն համոզված չէ, որ մարզում արձագանքողներ կլինեն: 


Մյուս կողմից, ըստ Արթուր Առաքելյանի, նաեւ հավաքված արյունը իրացնելու խնդիր ունեն, քանի որ հաճախ անտեսվում են պետության երաշխավորած անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում դոնորական արյան հավաքման եւ դրան առնչվող ծառայությունների ձեռքբերման, հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փոխներարկումային բժշկակական օգնության եւ սպասարկման կազմակերպման չափորոշիչները: Նշվածների համաձայն՝ հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են ապահովել շտապ, անհետաձգելի փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ արյան բաղադրամասերի պաշար՝ ելնելով չորս միավոր արյան բաղադրամաս, յուրաքանչյուր 10 մահճակալի հաշվարկից: 

«Մարզի առողջապահական հիմնարկները, որոնք վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ վերակենդանացման պրոֆիլի սպասարկում են իրականացնում, ոչ միայն պահանջարկ չեն ներկայացնում տեղում արյան բաղադրիչների պաշար ստեղծելու համար, այլեւ առհասարակ չեն դիմում»,- նշում է նա: Կայանի տնօրենը տարակուսանք է հայտնում, որ օրինակ, շուրջ 50 հազար բնակչի սպասարկող Գորիսի բժշկական կենտրոնը վերջին երեք ամսվա ընթացքում արյան բաղադրամասի գոնե մեկ հայտ չի ներկայացրել: «Միթե՞ վիրահատություններ չեն կատարվում»,- հարցնում է նա:

Կայանն ակտիվ համագործակցում է հիմնականում Կապանի բժշկական կենտրոնի հետ: Արթուր Առաքելյանը պատմում է նաեւ այն մասին, որ երբ վերջերս Քաջարանի հիվանանոցում հեպատիտ C-ով վարակվածներ հայտնաբերվեցին, որոշ շրջանակներում փորձ արվեց վարակի պատճառն իբր կայանից ստացված արյամբ հիմնավորելու, սակայն թե՛ այդ, թե՛ նախորդ ամիսներին բուժմիավորումը կայանին արյան բաղադրամասերի պահանջարկ չէր ներկայացրել եւ չէր ստացել:   

Արյան պահեստավորված բաղադրամասերի իրացումը խնդրահարույց է նաեւ այն առումով, որ կենտրոնն ապահովված է միայն մեկ հատ Դոմեստիկ սառցարանով, որը հնարավորություն է ընձեռում -40 աստիճանում մինչեւ երեք տարի ժամկետով պահպանել արյան պլազման: Սառնարանը վաղուց արդեն բավարար չափով լցված է, իսկ պահանջարկ, ըստ էության չկա, ինչպես նաեւ չունեն պահեստային սառնարան:  2014թ·-ից մարզային արյան փոխներարկման կայան ստացել է 18 մլն 413 հազար 340 դրամ արժողությամբ 21 անուն սարքավորում, որոնց մեջ նաեւ 900 հազար դրամ արժեղոցությամբ շարժական սառցարան, որը նախատեսված է արտագնա պայմաններում արյուն հավաքելու, ինչպես նաեւ արյան բաղադրամասերի տեղափոխման համար: Սակայն կայանի միակ УАЗ մակնիշի, շահագործման համար գրեթե ոչ պիտանի ավտոմեքենան, չի կարող ապահովել համապատասխան պայմաններ եւ հաճախ տեղափոխումը մարզի այլ բնակավայրեր: Մեղրի, Կապան կամ Սիսիան տեղափոխումը կատարվում է պատահական տաքսիներով: Բացի այդ, խնդիրներ են առաջանում նաեւ դոնորական արյան բաղադրամասերի պահանջարկը բավարարելու եւ պաշարների համալրման նպատակով կազմակերպվող արտագնա պայմաններում արյուն  հավաքելու դեպքում: 

Մարզային փոխներարկման կայանին անհրաժեշտ է նաեւ արյան բաղադրամասերի պահպանման, խոտանման, հավաքված դոնորական արյան փորձանմուշների օպերատիվ ախտորոշման, արյան փոխներարկման կազմակերպման եւ ժամանակակից փոխներարկումային համապատասխան սարքավորումներով, մասնավորապես արյան պլազման ձեւավոր տարրերից տարանջատելու համար Ցենտրիֆուգ ապարատի:


Բացի սարքավորումներից, կայանի համար կարեւոր է նաեւ շենքային պայմանների բարելավումը, կահավորումը, ջեռուցման ապահովումը. «Որ դարում ենք ապրում, որ փայտի վառարանով ենք ջեռուցում անգամ լաբորատորիան, որտեղ հետազոտություններ են իրականացվում», -ասում է աշխատակիցներից մեկը: Նրա կարծիքով՝ արյան կայանի նշանակությունը չեն կարեւորում ամենից առաջ առողջապահական ծառայություն իրականացնող կառույցները: 

Թվարկված խնդիրներից եւ ոչ մեկը կայանը հնարավորություն չունի սեփական միջոցներով լուծելու. արյան կայանը պետությունը ֆինանսավորում է դոնորների թվով՝ մեկ վճարովի դոնորի համար վճարելով 12 հազար դրամ, իսկ ամսական  արյուն է հանձնում ընդամենը 20 մարդ: Հղիների, բժշկական ցուցումներ ունեցող հիվանդների արյան հետազոտությունների յուրաքանչյուր դեպքի համար վճարվում է 300 դրամ: 

«Տարվա համար նախատեսված է 13 մլն 610 հազար դրամ պետական դոտացիա, որից սակայն հատկացվում է  6 մլն 528 հազար, այսինքն՝ յուրաքանչյուր ամսվա համար 544 հազար, որից պետք է 10 աշխատակիցներին աշխատավարձ վճարել,  վարչական ծախսերը հոգալ եւ մնացած միջոցներով, վճարովի հիմունքներով, ապահովել արյան բանկի պաշարները: 

«Մինչեւ արյան դոնորության մասին վերաբերմունքի փոփոխություն չկատարվի, կայանը շարունակելու է աշխատել դժվարին պայմաններում»,- ասում է Արթուր Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter