HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սառեցված բրազիլական մսի չստուգված խմբաքանակները. ո՞վ է երաշխավորում դրանց անվտանգությունը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը ապրիլի 2-ին հաղորդագրություն է տարածել, որ ըստ որոշ լրատվամիջոցների` Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն կարող են պարունակել:

Ի պատասխան լրատվամիջոների տարածած տեղեկատվությանը` տեսչությունը հայտնում է, որ «Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել: «Կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին»,- հայտնում  է տեսչությունը: 

Այս հաղորդագրությունից առաջ «Հետքը» հոդված էր հրապարակել Բրազիլիայից Հայաստան ներմուծվող սառեցված հավի և խոզի մսամթերքի վերաբերյալ: Հոդվածը հրապարկվել է Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի կայքում(OCCRP): Տեսչության վերոնշյալ հաղորդագրությունը հակասում է հոդվածում հրապարակված փաստերին:

Մասնավորապես, ՍԱՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն»: Սակայն «Հետք»-ը հոդվածը հրապարակելուց առաջ ուսումնասիրել էր Բրազիլիայից ներմուծվող սառեցված թռչնամսի ներմուծման ընթացակարգը ու լաբորատոր փորձաքննության փաստաթղթերը, որոնցից երևում էր, որ սառեցված թռչնամսի որոշ խմբաքանակներ Հայաստանում իրացվել են առանց որոշակի տեսակի լաբորատոր փորձաքննության ենթարկվելու:

Բրազիլական սառեցված թռչնամսի որոշ տեսակների մեջ դեռևս 2013թ. փետրվարին հայտնաբերվել էր մեծ քանակությամբ տեստոստերոն հորմոնը: Դեպքից հետո` մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներկրված սառեցված թռչնամսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ի պատասխան «Հետք»-ի գրավոր հարցմանը, ՍԱՊԾ-ն չտրամադրեց` պատճառաբանելով, որ չենք հանդիսանում վարույթի կողմ:

Փոխարենը համաձայնեցին տեղում ուսումնասիրել փորձաքննության արդյունքները: Այսպես, 2013թ. մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Բրազիլիայից ներկրվել է 19 խմբաքանակ սառեցված հավի միս, որի առաջին չորս խմբաքանակներում (ներկրված համապատասխանաբար` մարտի 21-ին, մայիսի 5-ին, հունիսի 21-ին, օգոստոսի 20-ին, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն կատարել է հորմոնալ փորձաքննություն, սակայն չի ստուգել ռիսկային տեստոստերոն հորմոնի առկայությունը:

Հաջորդ ամսին` սեպտեմբերին ներկրվել է չորս խմբաքանակ սառեցված հավի միս, որոնցից երեքը ենթարկվել են հորմոնալ փորձաքննության, տեստոստերոն չի հայտնաբերվել: Հերթական չորրորդ խմբաքանակը առհասարակ չունի հորմոնալ փորձաքննության արդյունք:

 2014թ.-ին ՍԱՊԾ-ն կատարել է չորս խմբաքանակ սառեցված հավի մսի փորձաքննություն: Փորձաքննություններից մեկը` ներկրված փետրվար ամսին, դարձյալ ամբողջական չէ, չի կատարվել հորմոնալ ստուգում:

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքով` ներկրված մսի խմբաքանակը հիմնականում ենթարկվել է երկու` մանրէաբանական և հորմոնալ ստուգման: Առաջին փորձաքննությունը կատարել է ծառայության ՊՈԱԿ-ը, իսկ երկրորդը «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն: Նրա խոսքով` ՍԱՊԾ սահմանային տեսուչն է որոշում, թե տվյալ խմբաքանակը ինչ տեսակի փորձաքննության պետք է ենթարկվի կամ որ հորմոնները պետք է ստուգվեն:

Հենց սահմանային տեսուչի որոշմամբ էլ` փետրվարից հետո առաջին չորս խմբաքանակներում չի ստուգվել ռիսկային տեստոստերոն հորմոնը: Թե ինչու տեսուչը չի համարել ռիսկային 2013թ. փետրվարի դեպքից հետո, հայտնի չէ: Ընդ որում, եղել է խմբաքանակ, որում ստուգված տեստոստերոն հորմոնը գրեթե մոտ է եղել սահմանաչափին, սակայն դա էլ առիթ չի հանդիսացել, որ բոլոր խմբաքանակներում ստուգվի հորմոնի առակայությունը: Որոշ խմբաքանակների դեպքում, օրինակ, ստուգվել է միայն բացիտրացինը:

Հովհաննես Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ փորձաքննության ծախսերը ապրանքը ներկրող տնտեսվարողն ինքն է հոգում: Թե որքան մանրամասն կարող  է կատարվել փորձաքննությունը, կախված է մսամթերքը ներկրող գործարարի ստացած գումարի չափից: Ստացվում է` հորմոնալ փորձաքննության առկայությունը կախված է ոչ այնքան սահամանային տեսուչի ռիսկերի գնահատումից, որքան այն գումարից, որը գործարարը տրամադրում է տեսչությանը` փորձաքննություն իրականացնելու համար:

Սառեցված բրազիլական թռչնամսի դեպքում այդ գործարարը Սամվել Ալեքսանյանն է:  Սամվել Ալեքսանյանը «Ալեքս Գրիգ» ընկերության միջոցով Բրազիլիայից Հայաստան է ներկրում ոչ միայն սառեցված թռչնամիս, այլև խոզի միս: Սառեցված խոզի միսը ներկրվում է հիմնականում բրազիլական «Սիարա Ալիմենտոս» ընկերությունից:

ՍԱՊԾ-ն իր տարածած հաղորդագարության մեջ շեշտում է, որ ռիսկային սննդամթերքի պարբերական փորձաքննություն է իրականացվում, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառում օրենքով սահմանված սահամանափակման միջոցներ: Միայն պարզ չէ` ինչպես է որոշվում ռիսկային սննդամթերքը: Եղել են դեպքեր, երբ, օրինակ, բրազիլական «Սեարա Ալիմենտոս» ընկերությունը «Ալեքս Գրիգի» միջոցով կարողացել է Հայաստան արտահանել և իրացնել սառեցված խոզի միս այն ժամանակաշարջանում, երբ, օրինակ, նույն արտադրանքը Ռուսաստանում եղել է արգելանքի տակ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter