HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչու Ալավերդու թիվ 6 նախակրթարանը ռեսուրս կենտրոն չդարձավ մյուս հաստատություների համար

Համայնքային թիվ 6 նախադպրոցական ուսումնական հատատությունը, որը երեխաների կրթության ու դաստիարակության գործում լավ համբավ ունի Ալավերդիում, կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքнերում դժվարությունների առջեւ է հայտնվել: Այստեղ ընդգրկված 150 երեխաներից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի 8-ը: Հինգ տարեկան Նարեկը տեսողական լուրջ խնդիրներ ունի: «Ես Նարեկի հետ ամբողջ օրվա ընթացքում առանձին կարողանում եմ աշխատել ընդամենը 15 րոպե»,- ասում է Նարեկի դաստիարակ Էլինա Թամազյանը, ում խմբում Նարեկից բացի ընդգրկված է եւս 29 երեխա:

«Մայա Գալստյանը մեր մանկապարտեզ է ընդունվել 2 տարեկանից: Միջին խմբում` 3-4 տարեկանում, նա  դեռ չէր խոսում: Ես դաստիարակ Ռուսիկո Տարիաշվիլու հետ միասին Մայայի համար կրթական ծրագիր մշակեցինք: Երեխայի հետ առանձին աշխատում էր նաեւ մանկապարտեզի լոգոպեդը: Առաջին փուլով դաստիարակն աշխատեց հնչյունների ճիշտ արտաբերման համար: Դա այնքան շարունակվեց, մինչեւ երեխան սկսեց նորմալ արտաբերել հնչյունները: Երկրորդ փուլում կատարվեց  բառային աշխատանք, որպեսզի երեխան կարողանա արտաբերել բառերը: Ապա ուշադրության կենտրոնում պահվեց Մայայի  խոսքի քերականական կառուցվածքը, որպեսզի խոսքը դեմքով, թվով համաձայնեցված լինի: Մայայի հետ 4-րդ փուլը  շարունակում է ավագ խմբի դաստիարակը»,- պատմեց մանկապարտեզի մեթոդիստ Սուսաննա Մելիքյանը: Երեխան հիմա խոսում է, սակայն մտավոր հետամնացություն ունի: Մանկապարտեզում այժմ նրա հետ աշխատում են այդ խնդիրը վերացնելու ուղղությամբ: 

Ս. Մելիքյանը մեզ հետ զրույցում համեստորեն չանդրադարձավ, թե, այնուամենայնիվ, դաստիարակ Ռ. Տարիաշվիլին ինչպես է կարողացել իր խմբի 30 երեխաների հետ տարվող աշխատանքը զուգակցել Մայայի տքնանք պահանջող ուսուցման հետ: Այն դեպքում, երբ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ այդ երեխաներին հատուկ մանկավարժական օգնություն պետք է ցուցաբերվի  ուսումնական հաստատությունում հաստիքագրված հատուկ մանկավարժի միջոցով:

Դեռեւս 2008թ. «Վորլդ Վիժն» կազմակերպությունը ներառական կրթության տարածման նպատակով թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից ստեղծել է մանկական զարգացման կենտրոն: Համապատասխան  վերապատրաստումից հետո թիվ 6 հաստատությունը համայնքային մյուս նախադպրոցական ուսումնական հաստատություների համար պետք է դառնար ռեսուրսային կենտրոն: Ծրագրի շրջանակներում կենտրոնում վերապատրաստվել են լոգոպեդ, հոգեբան եւ սոցիալական աշխատող մասնագետներ: Երկու տարի առաջ «Վորլդ Վիժնը» իր գործն ավարտած համարելով` դադարեցրել է կենտրոնի ֆինանսավորումը:

«Հետագայում մենք ստանձնեցինք ծրագրի շարունակականությունը: Պահպանել ենք լոգոպեդի, հոգեբանի եւ սոցիալական աշխատողի հաստիքները»,- հայտնեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը: Վերջինս այդ 3 հաստիքները բավարար է համարում թիվ 6 հաստատությունում ներառական կրթությունը կազմակերպելու համար: «Ես ծնողներին ասում եմ՝ եթե դուք իսկապես ուզում եք, որ ձեր երեխայի կրթությունն արդյունավետ լինի՝ տարեք Ս./Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն»,- ասում է  քաղաքապետը: Ա. Վարոսյանը նույնիսկ համայնքի բյուջեից այդ երեխաների տրանսպորտային ծախսերն է հոգացել:

Թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Անահիտ Հախվերդյանն ասում է, որ իր ղեկավարած ուսումնական հաստատության դռները բաց են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների համար: «Այդիսիք են համարվում խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային եւ խոսքի ընդհանուր թերզարգացում, լսողության կորուստներ, տեսողական խանգարումներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական զարգացման եւ վարքային ու հուզակամային խանգարումներ ունեցող երեխաները, որոնց կրթության կազմակերպումը կարեւոր պայմաններ է պահանջում»,- բացատրում է տնօրենը:

Նրա կարծիքով՝ արդյունավետ աշխատելու համար հաստատությունը նախ պետք է ստանա ներառական հաստատության կարգավիճակ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն, ըստ օրենքի, իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան կրթություն ստանալու համար պետք է ենթարկվեն հոգեբանամանկավարժական գնահատման, որի հիման վրա նախադպրոցական հաստատությանը պետք է տրամադրվի նրանց հետ անհատական աշխատելու ծրագիր եւ մեթոդ: «Սա չի կատարվում»,- ասում է տնօրենը:

Թիվ 6 մանկապարտեզը չունի նաեւ լոկալ ջեռուցում, եւ, տնօրենի ասելով, ձմռանն անհնար է դառնում մանկապարտեզի մարզադահլիճում երեխաների ուսուցման համար խիստ անհրաժեշտ մարզական խաղերի կազմակերպումը: Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստեղծված վիճակի առնչությամբ խնդրեցինք Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի բացատրությունը:

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Ալավերդու երեխաները հոգեբանամանկավարժական գնահատման պետք է ենթարկվեն Ստեփանավանի  հոգեբանամանկավարժական կենտրոնում` երեխաների ծնողների ներկայությամբ: Կենտրոնից երեխաների գնահատման վկայականները ստանալուց հետո դրանք պետք է ներկայացնել մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, որից հետո մարզպետարանը թիվ 6 ուսումնական հաստատությանը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու համար կհատկացնի մանկավարժների հաստիքներ: Այդ մասին Ալավերդու քաղաքապետարանում տեղյակ են, եւ իրենք էլ պատասխանատու են այս գործի համար»,- բացատրեց  Նարեկ Սարգսյանը:  

Հիշեցնենք, որ Ալավերդու համայնքային մյուս նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը նույնպես վերապահված է դաստիարակներին, որոնք երբեմն 30-ից ավելի երեխաների հետ են աշխատում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter