HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՀ-ում առաջինը բացված ռուսալեզու դասարաններում սովորում է միջինը 20-25 աշակերտ

Կապանի թիվ 13 հիմնական դպրոցը առաջին ուսումնական հաստատությունն է Հայաստանում, որտեղ 2011-ին բացվել են ռուսերենի ուսուցմամբ դասարաններ, ինչն առավել հայտնի է «օտարալեզու դպրոց» անունով: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը, սակայն, շեշտում է, որ ռուսական դասարանները թիվ 13 դպրոցի մի մասն են, պարզապես դրանցում առարկաները դասավանդվում են ռուսերեն` բացառությամբ «հայոց լեզվի», «հայոց եկեղեցու պատմության» եւ «հայոց պատմության»:

2014-2015 ուսումնական տարում ռուսական դասարաններում սովորում է 19 աշակերտ, որոնցից 2-ը շուտով կավարտեն 9-ամյա (հիմնական) ուսումը: Իսկ ընդհանրապես, թիվ 13 դպրոցում այսօր սովորում է 306 աշակերտ, այսինքն` 287-ը` հայկական դասարաններում: Զ. Ստեփանյանի փոխանցմամբ` ռուսերենի ուսուցմամբ դասարաններում սովորում են այն երեխաները, որոնք արտերկրից են, գլխավորապես Ռուսաստանից: Այստեղ ընդունվելու համար պայման է, որ երեխայի ծնողները կամ նրանից մեկը լինեն ՌԴ քաղաքացի, կամ երեխան առնվազն 5 տարի սովորած լինի ռուսերենով: Տնօրենն ասում է, որ ռուսական հատվածի աշակերտները թիվը տատանվում է 20-25-ի սահմաններում. դա էլ պայմանավորված է երեխաների ծնողների` ՀՀ-ում մնալու ժամանակով: Ոմանք այստեղ աշխատանքի բերումով մնում են ամիսներ, մյուսները` տարիներ:     

Արծվիկ Հովհաննիսյանը դասվար է աշխատում ռուսերենի ուսուցմամբ տարրական դասարանում: Նա արդեն 4 տարի դասավանդում է թիվ 13 դպրոցում: Մինչ այդ 26 տարի աշխատել է Կապանի թիվ 3 դպրոցում, որը ժամանակին ռուսական թեքում ուներ: Պատմում է, որ աշակերտների փոքր թվի պատճառով կոմպլեկտավորում են դասարանները, ինչը դժվարություններ է առաջացնում, քանի որ տարբեր ծրագրեր են: Մեր այցելության պահին նա աշխատում էր երրորդ, չորրորդ, հինգերորրդ դասարանների հետ: Հինգերորդցիներին էլ պարապում է այն պատճառով, որ համապատասխան մասնագետ չկա: Ռուսական դասարաններում աշխատող ուսուցիչներից ոմանք թիվ 13-ի աշխատողներն են, մի մասն էլ համատեղում է ուսուցումը այլ դպրոցների հետ:

Զավեն Ստեփանյանն ասում է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունից ու ՀՀ ԿԳՆ-ից ստանում են համապատասխան մեթոդական օգնություն, ձեռնարկներ, դասագրքեր, դասերն էլ պարապում են ՌԴ կրթական ծրագրերին համապատասխան: Սակայն Ա. Հովհաննիսյանը բողոքում է, որ ընդհակառակը` գրքերը քիչ են, Ռուսաստանից ուղարկվածներն էլ, կոպիտ ասած, դուրս գրված են. «Երեխաները գալիս են այնտեղից, ասում են, որ ուրիշ գրքերով են անցել: Հինգերորդ դասարանում 6 երեխա ունեմ, բայց 5 գիրք կա, իրար են փոխանցում: Երրորդ դասարանում «շրջակա միջավայր» առարկայից 2-ական գիրք կա երկու տարբեր հեղինակներից, իսկ աշակերտները 5-ն են»:

Դասվարը պատմում է, որ համացանցից է նաեւ նյութեր վերցնում, դրանցով պարապում: «Երեխաները մեղավոր չեն, որ գիրք չկա»,- ասում է նա ու հավելում, որ ռուսական դեսպանատան խոստումը տեղից չի շարժվում: Ըստ նրա` դասասենյակներում սեղաններն ու աթոռները, գրատախտակները գնվել են ռուսական կողմի ֆինանսավորմամբ, սակայն, օրինակ, ստենդներ կազմելը, պաստառներ պատրաստելը մանկավարժի ուսերին է:

Հարցին, թե ինչպես է ընթանում երեխաների ադապտացիան, պատասխանում է, որ հիմնականում հայերի զավակներ են, ինչը հեշտացնում է գործընթացը: Իսկ ոչ հայերի պարագայում, որոնք մյուսների պես նույնպես անցնում են հայերեն դասավանդվող «հայոց լեզու», «հայոց պատմություն», «հայոց եկեղեցու պատմություն», ուսուցիչներն երբեմն նյութը բացատրում են ռուսերեն:   

«Իսկ արդյո՞ք Կապանում անհրաժեշտ էին նման դասարաններ, երբ ռուսալեզու բնակչությունն առանձնապես մեծ չէ տարածաշրջանում»: Հարցին տնօրեն Ստեփանյանը տալիս է դրական պատասխան` ասելով, որ նման կերպ պաշտպանվել է երեխաների կրթություն ստանալու իրավունքը: Նա նշում է, որ Չարենցի անվան այս դպրոցն ընդհանրապես ռուսերենի խորացված ուսուցմամբ է, այսինքն` ռուսերենի դասաժամերը այլ դպրոցների համեմատ ավելի շատ են: Բայց հայկական դասարաններում ռուսերեն սովորում են ՀՀ կրթական ծրագրով: «Առանձանապես խնդիրներ չունենք, մնում է աշխատենք»,- իր ղեկավարած կառույցի մասին ասում է Զ. Ստեփանյանը: Շեշտում է, որ վերջին երկու ուսումնական տարիներին աշակերտների թիվն աճել է ավելի քան 100-ով: Ընդ որում` նորեկները հիմնականում ցածրդասարանցիներ են, ինչի արդյունքում արդեն երկու տարի երկուական առաջին դասարաններ են կազմում:

Աշակերտական ցուցահանդես-վաճառք` շուկայականին մոտ գներով 

Զավեն Ստեփանյանն առանձնահատուկ գոհ է համայնքի եւ դպրոցի միջեւ հարաբերություններից: Վերջերս Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ծառատունկ էին կազմակերպել, որում, ըստ տնօրենի, ակտիվ մասնակցություն են ունեցել ծնողները:

Ռիմա Մկրտչյանը, ով դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչն է, պատմում է, որ 2,5 ամիս առաջ աշակերտական խորհրդում որոշվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպել, որի ողջ հասույթը պիտի ուղղվի դպրոցի շրջանավարտ, 10 զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Սակայն լինելու է ոչ թե ֆինանսական օգնություն, այլ խորհրդանշական որեւէ նվեր: Առաջին ցուցահանդես-վաճառքը կայացել է ապրիլի 8-ին: 2,5 ամսում աշակերտները պատրաստել են ձեռքի շուրջ 60 աշխատանք ու մեծ դասամիջոցի ժամանակ իրացրել շուկայականին մոտ գներով: Ամբողջն իրացվել է, արդյունքում հավաքվել է 9050 դրամ: Մայիսին լինելու է առաջին այցելությունը զոհված ազատամարտիկներից մեկի ընտանիք: Մայիսի 20-ին էլ տեղի կունենա երկրորդ ցուցահանդես-վաճառքը:

Մեկնաբանություններ (2)

Ջենկինս
Ես շատ ուրախ եմ, որ Կապանում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ սովորում են արտերկրից Հայաստան վերադարձած երեխաներ: Ես տեսնում եմ դպրոցի և իշխանությունների ուշադրությունը և հոգատարությունը հայրենիք վերադարձած երեխաների ուսումնառությունը կազմակերպելու, նրանց ուսումնական և այլ հարցերով աջակցելու, հայկական միջավայր նրանց ինտեգրելու մեծ ջանքերը, որի համար շնորհակալ են և երախտապարտ այդ դասարաններում սովորող աշակերտների ծնողները:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լրիվ անհասկանալի բան. ռուսավասալությա՛ն հերթական օրինակ: Թող գնան կիրակնօրյա դպրոց բացեն ու իրենց ռուսերենը սովորեն,եթե այդքան շատ են ուզում: Հայե՛րի համար այդ ո՞ր մի երկրի հանրակրթական դպրոցներում «հայկական դասարաններ» կան:................................................Դե իսկ հայ առաքելական եկեղեցին էլ ըստ երևույթին «ազգից վեր» է,որ առանձին այսպես կոչված «հայոց եկեղեցու պատմություն» առարկա կա: Բայց համառորեն ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ,թե որ՞տեղ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter