HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշորացումը կօգնի՞, որ հանդի ճամփան սարքեն

Դոնարա Բաղդասարյանը Տաթեւում է ապրում, այն համայնքում, որտեղ մայիսի 17-ին տեղական հանրաքվե կանցկացվի համայնքների խոշորացման վերաբերյալ բնակչության կարծիքը իմանալու համար (միավորվելու են Սյունիքի մարզի Շինուհայր, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները): Ասում է, որ խոշորացման մասին վերջերս է լսել, երբ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Տաթեւ էր եկել. «Համոզում են, որ լավ կլինի, բայց ի՞նչ իմանամ, կարա՞ս վստահես, պրեզիդենտի վախտ էլ էին ասում՝ ընտրեք՝ լավ կըլնի, բայց դե, փաստորեն, խաբեցին»,- ասում է նա:

Զրույցին խառնվում է նաեւ Ռամելան, ով ընկերուհու հետ դեղաբույսեր, գործած գուլպա ու դոշաբ է վաճառում Տաթեւի վանական համալիրի հարեւանությամբ գտնվող առեւտրի տաղավարներից մեկում: «Մինչեւ ճոպանուղին, ես դրամը չեմ ճընանչալ, ջեբիս մեջ մի քոռ կոպեկ չի իլալ, քանի որ ապրում էինք մենակ կաթ ու մածունով, կարտոշկով ու լոբով, լույսի վարձի համար էլ կիսուրիս թոշակը փոստում էր մնում: Հիմա, որ առեւտուր եմ անում, կարում եմ իմ սարքած չիրը, թանը ծախեմ, մեկ-մեկ փող էլ եմ հետ գցում, դե, եթե ճոպանուղու նման սհենց մի օգուտ տա էդ միացումը, խե՞ պետի դեմ ինենք»:  

«Բայց էդ հի՞նչ ձեւ ա, վեր ասում են տուք որոշեցաք, ա մինն ասի վեչ, մեզ հու՞ ա պանի տեղ տինելու, օզում եք միացրաք, օզում եք կես ըրաք»,- նյարդայնացած ասում է տաղավարի հարեւանությամբ կանգնած մի տղամարդ, ով սակայն հրաժարվում է ներկայանալ, ասելով, թե՝ «օրը հարյուր մարդ ա կամ, մեզ քննում, քիցում ինտերնետ, խոխերքն ալ Օրենբուրգից տեսնում են, ներվայնանում: Ասում են՝ հի՞նչ կօրծ օնես, վեր խոսում ես, քեզ 3 հազար ռուսականը թոշակիդ նհետ հերիք չի՞: Էլ չի ասում, վեր ռուսականի կուրսը օր-օրի քըշանում ա, ճնշումս՝ պիցրանում, դեղերն ալ թընգանում»:

Ռամելան

Լսելով ռուսականի մասին, Ռամելան կրկին ակտիվանում է, ասելով, որ իրենց հիմնական գնորդները ռուս զբոսաշրջիկներն են, ամերիկաներից եկողները տնական պայմաններում պատրաստած սնունդ չեն առնում, իսկ հայերն էլ, իրենց հաց ու ջրով են գալիս, դեռ մի բան էլ դժգոհում են: «Հըրցնում են, գաթան քանի՞ս ա, ասում ես՝ 1000 դրամ, քըթները յեր են քաշում, թա՝ ես տըրանա լավը կթըխեմ, ա թխի ալի, բա հո՞ր ես հըրցնում»,- զայրութը չի զսպում Ռամելան եւ ծիծաղելով պատմում, որ մեկ մեկ էդ «ամերիկացիները», (այսպես նա անվանում է բոլոր զբոսաշրջիկներին, հեղ.) 1 դոլարանոց են տալիս, իբր զարմացնում են: «Դոլլարն ալ ա ճոպանուղին պերալ Տաթեւ, բայց դե կարա՞մ ասեմ, վեր լըրիվի հետի լավ ա, նույնն ալ միացումը, հալա մի ամիս կա, հեսա տուրիստները շըտընալու են, նայած տրամադրություններս հունց կինի:

Խոշորացման մասին ավելի կտրուկ դիրքորոշում ունեն Սվարանցում: Արտավազդ Հակոբյանի կարծիքով՝ հիմա երկիրն այնպիսի վիճակում է, որ սրանից ավելի վատ չի կարող լինել, եւ իրենք կորցնելու ոչինչ չունեն: Մելսիկ Ղազարյանն, ով գյուղի մշակույթի տան տնօրենն է, ասում է, որ մտավախություն ունի, թե խոշորացումից հետո իր ստացած քառասուն հազար դրամից էլ կզրկվի, ստիպված կնոջը, ով գյուղի բուժքույրն է, կվերցնի ու կգնա Քաջարանում ապրելու:

Արտավազդ Հակոբյանը Մելսիկը

«Մեր գյուղում հիմնականում տարեցներ են ապրում, կեսօրից հետո ակումբի տուռնը պաց եմ անում, բիձեքը կամ են, էրկու պաչկա կարտ կա, իրանց եմ տամ, մի էրկու ժամ զբաղվում են»,- ասում է Մելսիկը եւ ուղեկցում ակումբ, որը զբաղեցնում է համայնքապետարանի կիսաքանդ շենքի առաջին հարկը: «Թո՛ւ,- հերսոտում է Մելսիկը,- կարտերը կուղացալ են, մինակ բլոտի տետրակն են թողալ, ա՜ սա էլ ա տըրանց շատ, բայց եթե մեհետ էլ կաս, թե կարաս՝ մի շաշկի պեր»:

Համբարձումը

Սվարանցցի Համբարձում Հարությունյանի խոսքով, եթե խոշորացումը կօգնի, որ իրենց հանդի ճամփան սարքեն, արժե, որ կողմ քվեարկեն, բայց ինքը համոզված է, որ մատը մատին չեն խփելու: Նրան անհանգստացնում են նաեւ ոռոգման, խմելու ջրի հետ կապված հարցերը:

Նույն մտահոգությունն է հայտնում նաեւ համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանը, նշելով, որ տարբեր առիթներով իր տագնապն է հայտնել այն մասին, որ Սվարանցում տեխնիկական ջուր են օգտագործում խմելու նպատակով: Այդ են հաստատել նաեւ ջրից վերցրված լաբորատոր քննության արդյունքները, սակայն հարցի լուծման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Համայնքապետի կարծիքով՝ խմելու ջրի պատճառով գյուղում քաղցկեղով հիվանդների թիվը մեծ է: Համայնքի ղեկավարը, սակայն հանդիմանում է գյուղամիջում կանգնած մարդկանց, ովքեր փորձում են խոսել համայնքի խնդիրների մասին, միանգամից ընդհատում է նրանց. «Հի՞նչ եք ավել-պակաս խոսում, վեր բողոքում եք, կարող ա՞ տըրանից պան կփոխվի»,- բարկությունը չի զսպում նա:

Արդյո՞ք խոշորացումը կարող է նպաստել գյուղում ջրամատակարարման հարցի լուծմանը կամ, օրինակ, արտագաղթի կանխմանը, մեր հարցին, համայնքի ղեկավարը երկիմաստ պատասխան է տալիս: «Մենք հիմա նման ենք էն  հարսանքավորներին, ովքեր «սինիները», ձեռքներին գնում են աղջիկ ուզելու, բայց անորոշ է, թե ինչ հարս դուրս կգա»: Նա նշում է, որ ինքը մտավախություն չունի, թե կարող է իշխանությունը կորցնել կամ Սվարանցում ինքը չի նշանակվի խոշորացված համայնքի ներկայացուցիչը, կարեւորը, ըստ նրա, այն է, որ համայնքային խնդիրները կրճատվեն:

Եթե անգամ հավատանք համայնքապետի անկեղծությանը, միեւնույն է, այսօր արդեն Սվարանցում համայնքային իշխանություն չկա, հակառակ դեպքում, քարուքանդ եղած համայնքապետարանում գոնե մեկ բարեկարգ սենյակ կլիներ կամ որեւէ աշխատակից: Որքան էլ, որ համայնքապետը փորձում էր հավաստիացնել, թե գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, մարդիկ իրենց այգիներում են, միեւնույն է, վստահություն չներշնչեցին նրա խոսքերը: Ըստ տեղեկությունների՝ գրադարանավարը վաղուց գյուղում չի ապրում, ինչպես նաեւ տեղացի չեն համայնքային իշխանության աշխատակազմի ղեկավարն ու հաշվապահը: Այս պարագայում, գործող համայնքապետն, իսկապես, կորցնելու ոչինչ չունի, բացի 6,5 մլն դրամ բյուջեն: Մի հարմարեցված տեղում արդեն կախված էին հանրաքվեին մասնակցող մարդկանց անուն ազգանունները, որոնց թիվը, պաշտոնական տվյալներով, հասնում է 224-ի:

Սվարանցի գյուղապետարան

Ի տարբերություն Սվարանցի, Տանձատափի համայնքային իշխանության նստավայրն ավելի շուտ քաղաքապետարանի շենք է հիշեցնում. գեղեցիկ, ճաշակով կահավորված շենքը վերանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Համայնքի ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի կարծիքով՝ առաջին հայացքից խոշորացումից դրական արդյունք ակնկալելը դժվար կլինի, քանի որ գյուղում չեն մոռացել, թե ինչ եղավ, երբ 1972թ. Տանձատափն ու Տաթեւը միավորվեցին, ստեղծելով Տաթեւի խորհրդային տնտեսություն: Մինչեւ 1991թ· Տանձատափում «քարը քարին չդրվեց», ընդհակառակը, շատերը հեռացան գյուղից: Մյուս կողմից՝ համայնքապետը դրական է տրամադրված, ակնկալում է, որ որպես մեկնարկային ծրագիր, առաջին փուլում խոշորացված համայնքներն ավելի շահեկան պայմաններում կհայտնվեն այն առումով, որ ապացուցելու համար բարեփոխման առավելությունները, միջազգային կառույցները լուրջ ներդրումներ կկատարեն այդ համայնքներում:

Համայնքի ղեկավարի ասելով՝ խոշորացումը Տանձատափի հիմնական խնդիրը չի կարող լուծել: Վերջին անգամ գյուղում 2013թ·-ին է ծնունդ գրանցվել, ինչը նշանակում է, որ մի քանի տարի դեռ գյուղն առաջին դասարանցի չի ունենա, երիտասարդներ, բնականաբար, այլեւս գյուղ չեն վերադառնա: Գյուղի կարեւոր խնդիրներից մեկը գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումն է, դա էլ հույս ունի, որ մինչեւ հանրաքվե կլուծվի, արդեն դիմել է մարզպետին եւ դրական պատասխան ստացել: Նրա կարծիքով՝ հանրաքվեի ցուցակներում նշվածների 60%-ը երեւի կողմ կքվերակի խոշորացմանը, ինքը չի փորձի համոզել մյուսներին, որովհետեւ շատ պատասխանատու քայլ է:

Ռոբերտ Մուշեղյանը

«Ես կողմ եմ քվեարկելու եւ բաց եմ քվեարկելու»,- ոչ թե նրա համար, որ իշխանություններն են առաջարկում, այլ, որ պարզ թվաբանական հաշվարկ եմ անում. տարեկան 1-2 մլն դրամ ուղղվում է երկու աշխատողի աշխատավարձ, հարկեր վճարելուն: Ամսական մի քանի հազար դրամն այդ ընտանիքների համար հարց չի լուծում, բայց խնայողությունները գումարելով, երեւի հնարավոր կլինի համայնքի համար որեւէ նշանակալից հարց լուծել: Խոսքը, իհարկե, ընդհանրապես համայնքների խոշորացմանն է վերաբերում, ոչ թե Տանձատափին: Տանձատափն  ապագա չունի, խոշորացած, թե՝ առանձին»,- ասում է Ռոբերտ Մուշեղյանը: 

Մեկնաբանություններ (1)

Մամո
Վայ կլոխնիտ տանձի տափին կպնի թա հանդի ճամփա սարքելուն եք հավատում: Տո ձեր հանդն էլ են քյանդելու ծր կրեզմանն էլ, հենց տրա հմար էլ անտերնոց են շինում վոր վոնց օզին ընենց անին, թոհ ձեզ խելք պժանողին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter